Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Financial Times-ում հրապարակված US and Iran showing flexibility on nuclear deal, says Fidan հոդվածի թարգմանությունը։
Թուրքիայի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, հավանաբար, պատրաստ են փոխզիջման գնալ միջուկային համաձայնագրի կնքման համար, սակայն զգուշացրել է, որ բանակցություններում իրանական բալիստիկ հրթիռների թեմայի ներառումը «ռիսկի է ենթարկում գործընթացը եւ կարող է նոր պատերազմի հանգեցնել»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով առանցքային դեր էր խաղացել հակամարտության կանխմանն ուղղված միջնորդական ջանքերում, FT-ին հայտնել է, որ Վաշինգտոնն ազդակներ է հղել Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ հիմնական պահանջում ճկունություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Այս պայմանը երկար ժամանակ հիմնական խոչընդոտ էր հանդիսանում, քանի որ Իրանը պնդում է ուրանի հարստացման իր իրավունքը։
Ֆիդանը կարծիք է հայտնել, որ Թեհրանը «անկեղծորեն ցանկանում է իրական համաձայնության հասնել» եւ պատրաստ է ընդունել հարստացման մակարդակների սահմանափակումներն ու տեսչական ստուգումների խիստ ռեժիմը։
«Դրականն այն է, որ ամերիկացիները, կարծես, պատրաստ են թույլ տալ ուրանի հարստացումը Իրանում՝ հստակ սահմանված շրջանակներում», - ասել է Ֆիդանը։
«Իրանցիներն այժմ գիտակցում են, որ անհրաժեշտ է համաձայնության գալ ամերիկացիների հետ, իսկ ամերիկացիներն էլ հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Անիմաստ է փորձել նրանց հարկադրել»։
Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն «պնդի բոլոր հարցերի միաժամանակյա լուծման վրա»՝ նկատի ունենալով իրանական բալիստիկ հրթիռների զինանոցը եւ տարածաշրջանում զինյալներին ցուցաբերվող աջակցությունը, «ապա վախենում եմ, որ նույնիսկ միջուկային հարցը տեղից չշարժվի, ինչի հետեւանքը կարող է լինել նոր պատերազմը տարածաշրջանում»։
Ֆիդանը նշել է, որ Անկարան եւ տարածաշրջանի այլ կառավարություններ «փորձում են ստեղծագործական գաղափարներ մշակել» իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի եւ զինյալներին աջակցության խնդիրների լուծման համար՝ հավելելով, որ իրենք կարող են «կառուցողական և արդյունավետ դեր» խաղալ։
Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կփորձի ազդել Թրամփի վրա Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում։
«Իսրայելի համար տարածաշրջանում ռազմական գերակայության դիրքի պահպանումը կենտրոնական առաջնահերթություն է, իսկ իրանական հրթիռների առկայությունը բարդացնում է այդ խնդիրը»,- նշել է նա։
Ֆիդանն ասել է, որ Թեհրանը գիտակցում է վտանգը, որի առջեւ կանգնած է անցյալ տարի Իսրայելի հետ պատերազմից, ինչպես նաեւ զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից հետո։
«Նրանք [իրանական առաջնորդները] հասկանում են, որ հասարակական հուզումները զգալի չափով պայմանավորված էին տնտեսական դժվարություններով», - ասել է նա։ «Հետեւաբար, նրանք գիտեն, որ անհրաժեշտ է լուծել պատժամիջոցների հարցը»։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: