Վատ գործարքի արվեստն ու «կախվածության միջանցքը» - Mediamax.am

Հունվար 30, 2026
103 դիտում

Վատ գործարքի արվեստն ու «կախվածության միջանցքը»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Newsweek պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված The Art of a Bad Deal հոդվածի հայերեն թարգմանությունը: Հեղինակ Ստեֆան Պեչդիմալջին Սան Ֆրանցիսկոյում բնակվող ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ է:

Ստեֆան Պեչդիմալջի 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության վերջին ռազմավարությունը, որի նպատակն է առաջիկա տասնամյակի համար ամրագրել նրա «Ամերիկան՝ ամենից առաջ» ռեալիզմը, ամերիկյան ուժի դրսեւորման ծրագիր չէ։ 

Դա նահանջ է համաշխարհային առաջնորդությունից։ Ժողովրդավարական արժեքներից վեր դասելով նեղ ազգայնականությունն ու գործարքային տնտեսությունը՝ վարչակազմը վտանգում է աշխարհը դարձնել ավելի անկայուն՝ ինչպես ամերիկացիների, այնպես էլ մեր դաշնակիցների համար։

Այս «գործարքայնությունը» առավել վտանգավոր դրսեւորում ունի Հարավային Կովկասում։ Անցյալ տարի նախագահը միջնորդեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը՝ նպատակ ունենալով վերջ դնել 35-ամյա հակամարտությանը։ Թեեւ ավելի քան 30,000 կյանք խլած պատերազմի լուծման փորձերը գովելի են, առաջարկված գործարքի շրջանակը խորապես թերի է։ 


Քաջալերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտոկրատական ռեժիմն ու անտեսելով ժողովրդավարական նորմերը՝ Թրամփը Հայաստանը՝ ազատության փխրուն փարոսը, թողել է մեկուսացված եւ խոցելի։ 

Հայաստանի համար այս գործարքը խաղաղության ճանապարհ չէ։ Դա կապիտուլյացիա է՝ քողարկված դիվանագիտության անվան տակ, որտեղ ամերիկյան աշխարհաքաղաքական հավակնություններն ու տարանցիկ ուղիները գերադասվում են հայ ժողովրդի անվտանգությունից եւ մարդու հիմնարար իրավունքներից։ 

«Կախվածության միջանցքը»

Գործարքի առանցքային բաղադրիչը՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP), ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վերանվանված «Զանգեզուրի միջանցք»՝ ամերիկյան կառավարման բարակ շղարշով։ Համաձայնագրի շրջանակում մասնավոր ամերիկյան ընկերությանը տրամադրվում է 99 տարվա վարձակալության իրավունք Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տարանցիկ երթուղու նկատմամբ, որը կապում է Ադրբեջանը նրա Նախիջեւանի էքսկլավի հետ։


Թեեւ Թրամփի վարչակազմը պնդում է, թե Հայաստանը կպահպանի իր ինքնիշխանությունը, իրականությունը «կախվածության միջանցքն» է։ Գործարքը նախատեսում է նաեւ երրորդ կողմի անձնակազմի ներգրավվում եւ անարգել տարանցիկ տեղաշարժ։ Հայաստանի նման փոքր երկրի համար հարավային սահմանի նկատմամբ գործառնական վերահսկողության կորուստը պարզապես լոգիստիկ խնդիր չէ, այլ ճակատագրական հարված նրա տարածքային ամբողջականությանը։ Պարզ ասած, այս գործարքը վտանգում է Հայաստանը վերածել վասալ պետության՝ նպաստելով կասպյան նավթի հոսքին դեպի եվրոպական շուկաներ՝ սեփական անկախության հաշվին։ 

Մարդու իրավունքների վերաբերյալ լռություն

Այս գործարքի ամենաաղաղակող ձախողումը 2023 թվականին իրենց նախնիների հայրենիքից՝ Արցախից ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտման վերաբերյալ լռությունն է։ Սա հայերի ամենախոշոր տեղահանումն էր 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, սակայն խաղաղություն առաջարկվող շրջանակում այն արժանանում է սոսկ ծանոթագրության ճակատագրին։

Լուսանկարը` REUTERS


Անկլավը գրավելուց հետո Ադրբեջանը խաղաղության որեւէ անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել։ Բաքուն շարունակում է պահել հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին՝ կեղծ դատավարություններով։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանը սկսել է մշակութային ոչնչացման արշավ՝ վերացնելով հայկական կրոնական եւ պատմական հուշարձանները՝ տարածաշրջանից հայկական ինքնության ցանկացած հետք ջնջելու նպատակով։ 

Ճնշելով Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործընթացներից կարգավորման դիմաց, Թրամփի գործարքը փաստացիորեն սրբացնում է այս պատերազմական հանցագործությունները։ Խաղաղությունը, որը անտեսում է փախստականների անվտանգ վերադարձը, ինչպես նաեւ քաղբանտարկյալների ճակատագիրը, խաղաղություն չէ։ Դա մահապատժի հետաձգում է։ Այն ազդանշան է տարածաշրջանային բռնապետերին, որ ռազմական ագրեսիան կարող է ջնջվել պատմության էջերից, եթե վճարված գինը ճիշտ լինի։ 

Փոխելով խաղի կանոնները

Չնայած այս հսկայական զիջումներին՝ Ադրբեջանը շարունակում է փոխել խաղի կանոնները։ Նախագահ Իլհամ Ալիեւը ցանկացած վերջնական ստորագրություն պայմանավորում է Հայաստանի սահմանադրական փոփոխություններով՝ պահանջելով հեռացնել Արցախի մասին հղումները. պահանջ, որը  հարվածում է հայկական ինքնության սրտին։

Լուսանկարը` REUTERS


Նախագահ Թրամփի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ «արագ լուծման» ձգտումը խթանում է ներքին անկայունությունը։ Տրավմայի ենթարկված հասարակությանը պարտադրելով ընտրություն կատարել ազգային կանոնադրության եւ պարտադրված համաձայնագրի միջեւ՝ ԱՄՆ վարչակազմը կայունություն չի կառուցում, այլ պարզապես հետապնդում է Նոբելյան խաղաղության մրցանակի թեման։

Շատ առումներով այս համաձայնագիրը կառուցված է Թրամփի «Գործարքի արվեստի» փիլիսոփայության վրա՝ այն համոզմամբ, որ բոլորը եւ ամեն ինչը գին ունեն։ Սակայն եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունը, նա պետք է անսասան անվտանգության երաշխիքներ տրամադրի Հայաստանին եւ պահանջի բոլոր գերիների անվերապահ ազատ արձակումը։ 

Փոխարենը Հայաստանին հանձնվել է տնտեսական պայմանագիր, որը սպասարկում է Ադրբեջանի շահերը՝ Հայաստանին թողնելով իր իսկ մասնատված տարածքի ավելի փոքր հատվածը։ Ահա թե ինչու պետք է դադարել սա խաղաղության համաձայնագիր անվանել։ Սա Հայաստանի ապագայի վրա դրված տնտեսական գրավ է, որի տոկոսադրույքները սահմանվում են նրա թշնամիների կողմից։ 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին