Ներկայացնում ենք «Չեթեմ հաուս» բրիտանական թագավորական ինստիտուտի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսի Old habits die hard: The Strategic Ambiguity of Armenian-Azerbaijani Peace հոդվածի թարգմանությունը, որը լույս է տեսել Agos պարբերականում:
Լորենս Բրոերս
Խաղաղության դարաշրջա՞ն
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը հասել է պարադոքսալ պահի, որը բնութագրվում է զուգահեռ, բայց հակասական դինամիկայով։
Մի կողմից, կարծես, ամեն շաբաթ նոր առաջընթաց է գրանցվում տարբեր տեսակի փոխազդեցության եւ համագործակցության ձեւով, ինչը մինչեւ վերջերս անհավանական էր։ 2025 թվականի վերջին ամիսներին Հայաստան ժամանեցին առաջին ապրանքները, որոնք տարանցիկ կերպով տեղափոխվեցին Ադրբեջանով, եւ երկրների միջեւ տեղի ունեցավ երեք տասնամյակում առաջին առեւտուրը, երբ Հայաստանը գնեց ադրբեջանական բենզինը։ Տեղի ունեցան միջսահմանային փորձագետների երկու այցելություններ, որոնց նմանը տեղի չէր ունեցել մոտ 20 տարի։
Երկու երկրների առաջնորդների միջեւ կա անհետեւողական, ընդհատվող եւ անուղղակի, բայց ուշագրավ դատողական համաձայնեցում, որը մինչեւ վերջերս անհնար էր պատկերացնել։
Այս նոր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ բռնության կտրուկ նվազման վրա. գրեթե երկու տարի պետությունների միջեւ առաջնագծում միջադեպեր կամ զոհեր չեն եղել, եւ սա այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ լրջորեն քննարկվում էր Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման սցենարը։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նոր հարաբերություններ են հաստատվում նաեւ 2025 թվականի օգոստոսին նախաստորագրված եւ հրապարակված կարգավորման պայմանագրի տեքստում, որը բանակցվել է երկրների կողմից եւ երկրների համար՝ ինքնուրույն, առանց միջնորդության: Այլ գործընթացներ, օրինակ՝ սահմանազատումը, որտեղ արտաքին գործիչները ժամանակին դեր են խաղացել, այժմ իրականացվում են առանց նրանց:
Գործընթացը, ըստ երեւույթին, դեռեւս արտաքին ներգրավվածության կարիք ունի, ինչպես ցույց տվեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը հրավիրված հանդիպումը 2025 թվականի օգոստոսին՝ նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Երկու պետություններն էլ հույս ունեն, որ ԱՄՆ-ն կօգնի իրականացնել «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղի» (TRIPP) կարեւորագույն հարավային տարանցիկ երթուղին, որն Ադրբեջանում եւ Թուրքիայում հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»:
Այնուամենայնիվ, հատկանշական է նաեւ, որ որոշ ժամանակ ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երեւանը մրցակցային պայքարում չեն օգտագործել Ռուսաստանի հետ հարաբերություններում իրենց խնդիրները, որոնք տարիներ շարունակ օգնել են Կրեմլին ղեկավարել իրավիճակը:
Ընդհանուր առմամբ սրանք աննախադեպ եւ, կարծես, վճռական քայլեր են երկու պետությունների միջեւ նոր, խաղաղ հարաբերությունների ուղղությամբ:
Հորիզոնականից դեպի ուղղահայաց լարվածություն
Վաղաժամ կլիներ, սակայն, հայտարարել տարածաշրջանային նոր կարգի կամ ճարտարապետության մասին: Ներկայիս պահը խորապես սահմանային է, սաղմնային եւ անկանխատեսելի:
Անհրաժեշտ է ընդգծել, որ միջպետական համաձայնագիրը պարզապես նախաստորագրված է, ոչ թե ստորագրված, եւ դեռ շատ բան կարող է տեղի ունենալ մինչեւ ստորագրությունները հայտնվեն թղթի վրա: Պայմանագրի ստորագրումը շարունակում է կախված մնալ Ադրբեջանի պահանջից, որ Հայաստանը վերանայի իր սահմանադրությունը, եւ, հետեւաբար, կախված է սահմանադրական հանրաքվեի անկանխատեսելի գործընթացից:
Սակայն այս նոր իրավիճակում ամենացնցողն այն անհամապատասխանությունն է, որն առկա է հակամարտության երկու կողմերի վերնախավի կոնսենսուսի եւ վերնախավի ու հասարակության միջեւ հարաբերությունների միջեւ:
Խաղաղության նոր դարաշրջանը համընկավ ներքին քաղաքականության մեջ լարվածության սրման հետ եւ անբաժան է դրանից: Այս լարվածությունը տարբեր տեսք ունի՝ պայմանավորված վարչակարգերի բնույթով:
Ադրբեջանում խաղաղության պատումների ընդունումը ուղեկցվել է բռնաճնշումների, ձերբակալությունների եւ քրեականացման ուժգնացող ալիքով՝ լրագրողների, գիտնականների, ակտիվիստների, ընդդիմության առաջնորդների, աքսորում ապրող քաղաքացիական հասարակության գործիչների նկատմամբ։ Ինչպես եղել է երկար տարիներ, հայերի հետ շփումները դեռեւս օգտագործվում են այլախոհությունը լռեցնելու համար, ինչպես օրինակ՝ երիտասարդ գիտնական Բահրուզ Սամեդովի դեպքում, որը բանտարկվել է 15 տարով պետական դավաճանության կեղծ մեղադրանքով, որը կապված է հայերի հետ շփումների հետ։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հայաստանում ակնհայտ է այլ դինամիկա. նախ՝ հաշվի առնելով երկրի անկայուն եւ անկատար ժողովրդավարությունը, երկրորդը՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունը։ Պարտությունը հնարավորություն տվեց երկրի ղեկավարությանը առաջ մղել ազգային ինքնության՝ «Իրական Հայաստանի» հավակնոտ վերաձեւակերպումը՝ լռեցնելով նրանց, ովքեր դուրս են մնում այս նոր հայեցակարգից կամ կասկածի տակ են առնում այն։ Որոշ տեղական ակտիվիստներ մտահոգություն են հայտնում նաեւ պետության եւ իշխող կուսակցության միջեւ սահմանների վերացման եւ անհատականացված իշխանության աճող վտանգի վերաբերյալ։
Փոփոխության երկընտրանքը
Զարմանալի չէ, որ հակամարտության մեղմացումը ուշադրության կենտրոն վերադարձրեց ներքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով ինչպես խաղաղության հետ կապված փոփոխության ակնկալիքները, այնպես էլ տասնամյակներ շարունակ հակամարտությունը հայ եւ ադրբեջանցի քաղաքացիներին զսպելու համար օգտագործելը: Փոփոխության հեռանկարը շատ տարբեր է ընկալվում հայ-ադրբեջանական բաժանարար գոտու երկու կողմերում:
2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության գալուց ի վեր վարչապետ Փաշինյանի կերպարը մեծապես հիմնված է փոփոխությունների վրա: Ի հեճուկս (իրականում՝ շնորհիվ) Հայաստանի աղետալի պարտության՝ նա կարողացավ առաջ մղել հայկական ինքնության վերաիմաստավորումը, որն իր հակառակորդներն ընկալում են որպես պարտության եւ տարածքների զիջման նվաստացուցիչ ընդունում: Նրա քաղաքական լեգիտիմությունը սերտորեն կապված է խաղաղության եւ առօրյա կյանքում դրա ընկալելիության հետ:
1990-ականների սկզբից Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանը միայն օգուտ է քաղելու առեւտրի վերականգնումից, եւ հայ պաշտոնյաները չեն թաքցնում, որ ուզում են ստորագրել պայմանագիրը:
Պայմանագրի պայմաններին, օրինակ՝ պատերազմական հանցագործությունների հետապնդմանն ուղղված դատական գործերի կասեցմանը, երկիմաստ են վերաբերվում մեծ մասամբ փախստականները Ղարաբաղից եւ քաղհասարակության պաշտպանները։
Ադրբեջանի համատեքստը շատ առումներով սրա հակառակն է։ Չնայած հասարակական հարցումների տվյալներ չկան, 2014-2023 թվականների միջեւ առաջնագծում տեւած տասնամյա բռնությունից հետո հասարակության շրջանում պատերազմից հոգնածության զգացողություն կա։ Զգոնության եւ ռազմականացման կոչեր շարունակում են հնչեցնել վերնախավերը եւ նրանց աջակցությունը վայելողները։
Սա վերաբերում է նաեւ «Արեւմտյան Ադրբեջանի» մշտական տեսլականին՝ ռետրո-իրեդենտիստական խոսույթին, որը միջազգային լսարանին ներկայացնում է Խորհրդային Հայաստանի ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքը, իսկ ներքին լսարանին՝ դեռեւս անավարտ տարածքային կարգավորման գաղափարը՝ վերասահմանելով Հայաստանն ինքնին որպես եւս մեկ կորսված ադրբեջանական հայրենիք՝ «Արեւմտյան Ադրբեջան»։
«Կորսված հողերի» մասին մշտապես խոսելը այն համատեքստում, երբ Ադրբեջանը վերջապես եւ վճռականորեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, ասես ռեֆլեքս է, որը խորհրդանշում է մտավոր եւ քաղաքական սովորություններ, որոնք պահպանում են հակամարտությունից բխող ծանոթ եւ կառավարելի քաղաքականությունը: Քննարկել «Արեւմտյան Ադրբեջան» կարգախոսի ներքո նախատեսվածը կամ ծրագրվածը, ըստ էության, նշանակում է շեղել ուշադրությունը ավելի խոր երկընտրանքից, որի առջեւ կանգնած է ադրբեջանական ղեկավարությունը։
Որպեսզի խաղաղությունն արմատավորվի, անհրաժեշտ է այն «ժողովրդականացնել», այսինքն` խաղաղությունը դարձնել այնպիսի մի բան, որը ողջունելի է եւ այլեւս չի դիտվում որպես սպառնալիք եւ ընկալելի է բնակչության կողմից: Ադրբեջանի ավտորիտար միջավայրում հարց է առաջանում, թե ինչպես կարելի է ժողովրդականացնել խաղաղությունը՝ չժողովրդականացնելով քաղաքականությունը։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այս հարցի պատասխանների հիմքում կապակվածությունն է, որը գերիշխում է Հայաստանու եւ Ադրբեջանում խաղաղության թեմայի քննարկումներում: Այն իրոք դրական խաղաղության միակ տեսլականն է, եւ պատահական չէ, որ այն մատնանշում է հորիզոնական, մակրոենթակառուցվածքային եւ ապրանքային կապերը: Կապակվածությունը կապը չի դիտարկվում որպես սոցիալական տարածքների եւ գործող անձանց միջեւ ցրված, ցանցային փոխազդեցություն:
Խաղաղության ռազմավարական երկիմաստությունը
Արդյունքում ունենք մի բան, որը կարելի է հայ-ադրբեջանական խաղաղության ռազմավարական երկիմաստություն անվանել: Կա մանրամասն մշակված, հրապարակված եւ վերնախավի կողմից կառավարվող գործընթաց, որը խթանում է պետության կողմից մենաշնորհված աստիճանական, ֆունկցիոնալ փոխազդեցությունները: Ռազմավարական պատումները շեշտում են ճանապարհային կապը, հանգուցային կառուցվածքները եւ առեւտուրը կապիտալիստական խաղաղության համար, որին մասնակից են տեղական, տարածաշրջանային եւ գլոբալ պետական ու բազմակողմանի դերակատարները:
Զուգահեռաբար, սակայն, հակամարտությունը շարունակում է կենտրոնական դեր խաղալ վերնախավերի իշխանության ամրապնդման գործում՝ ապահովելով մեխանիզմ՝ Հայաստանում հակառակորդներին վարկաբեկելու եւ Ադրբեջանում այլախոհությունը սանձելու համար:
Քանի դեռ Հայաստանի գլխավոր ընդդիմությունը կապված է նախկին իշխող կուսակցության եւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտությունը կառավարելու ձախողված ռազմավարության հետ, վարչապետ Փաշինյանը կարող է պնդել, որ իր կառավարումն այլընտրանք չունի: Հաշվի առնելով ռազմական արդյունքները եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ուժերի անհավասարությունը՝ նա կարող է համոզիչ կերպով պնդել, որ «իրական Հայաստանին» այլընտրանք չկա:
Այս գաղափարը կասկածի տակ դնող դերակատարները առայժմ մեծ մասամբ անզոր են, եւ նույնիսկ եթե շատերը հիասթափված են այդ գաղափարի ձեւակերպումից, դրան իրատեսական այլընտրանք չեն տեսնում:
Իրական հարցն այն է, թե արդյոք կա՞ այլընտրանք«Արեւմտյան Ադրբեջանին»՝ Ադրբեջանում լեգիտիմացման նոր ռազմավարության առումով, եւ որն է այդ այլընտրանքը։ Նախագահի անձի շուրջ կենտրոնացած հաղթանակի առասպելի եւ խաղաղության՝ որպես համընդհանուր բարիքի ակնկալիքի միջեւ անհամապատասխանություն կա։ Հավանական չի թվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է վերանայել իր օգտին վճռականորեն լուծված տարածքային կարգավորումը կամ վերսկսել հակամարտությունը։ Փոխարենը, «Արեւմտյան Ադրբեջանի» ստվերն ապացուցում է, որ վերնախավը զրկվել է հասարակությունը սանձելու իր ավանդական միջոցից՝ ակտիվ եւ շարունակական հակամարտությունից։
Երկարաժամկետ հեռանկարում հատվածավորված, փուլային մեթոդը կհանգեցնի «թույլ» խաղաղության, որը դրսեւորվում է պետության կողմից միջնորդավորված փոխանակումներով, առեւտրով եւ ֆունկցիոնալ փոխազդեցություններով, սակայն որին չի աջակցում տարբեր ոլորտների, հատվածների եւ սոցիալական գործիչների միջեւ ցանցային կապերի «ավելի ամուր» խաղաղությունը։
«Թույլ խաղաղության» փորձություններից մեկը կլինի երկրների ներքին ճգնաժամը. 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած ներքին ճգնաժամը (երբ ընտրություններից հետո բողոքի ցույցերը բռնի կերպով ցրվեցին՝ 10 մարդու մահվան պատճառ դառնալով) համընկավ հրադադարի լուրջ խախտման հետ այն ժամանակվա «շփման գծի» երկայնքով։ Այս առումով հայ-ադրբեջանական հակամարտությունն իսկապես կավարտվի միայն այն ժամանակ, երբ այն այլեւս չի օգտագործվի երկու կողմերի հասարակությունները սանձելու համար։
«Թույլ խաղաղության» ընթացքը վտանգված է նաեւ, եթե ինչ-որ բան պատահի այն բանակցող վերնախավերի հետ։ Եթե որեւէ պատճառով այս վերնախավերն այլեւս իշխանության մեջ չլինեն, նրանց ձեռք բերած խաղաղությունը չի տարածվի հասարակությունների վրա։ Եթե նրանք չիրականացնեն խաղաղությունը, անորոշ է, թե ով կանի դա։ Սա ընդգծում է, որ պահը նուրբ է, եւ գործընթացն անհրաժեշտ է ընդլայնել՝ ներգրավելով երկրների հասարակությունները։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:











Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: