«Քանի Ալիեւն իշխանության է, միշտ պատերազմ է լինելու» - Mediamax.am

Հունվար 30, 2026
1942 դիտում

«Քանի Ալիեւն իշխանության է, միշտ պատերազմ է լինելու»


Լուսանկարը` REUTERS

Լորենս Բրոերսը
Լորենս Բրոերսը
Ալթայ Գոյուշեւը
Ալթայ Գոյուշեւը
Էլչին Ամիրբեկովը
Էլչին Ամիրբեկովը
Շուջաթ Ահմադզադան
Շուջաթ Ահմադզադան

Ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարարկված Ջոշուա Կուչերայի After Winning Back Nagorno-Karabakh, What Will Azerbaijan's Authoritarian Leader Do Next? հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ջոշուա Կուչերա

 

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կանգնած էր Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի նվաճված մայրաքաղաքի գլխավոր հրապարակում: Նա բարձրացրել էր Ադրբեջանի դրոշը՝ որպես հայկական օկուպացիայի դեմ երկար սպասված հաղթանակի խորհրդանշական ավարտ:

 

Ալիեւին նկարահանում էին, բայց կադրում նա բոլորովին մենակ էր։ «Վերջին 20 տարվա ընթացքում իմ տված բոլոր խոստումները եւ իմ առջեւ դրված բոլոր առաջադրանքները կատարվել են»,- ասաց նա տեսախցիկի առջեւ։

 

Հարց է առաջանում. եթե բոլոր առաջադրանքները կատարվել են, ի՞նչ է լինելու հիմա։

 

1990-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղը հայկական ուժերից ետ գրավելու ձգտումը Ալիեւի ողջ նախագահության ուղեցույց աստղն էր. այդ խնդրին էին ստորադասվում մյուս բոլոր առաջնահերթությունները։

Էլչին Ամիրբեկովը Էլչին Ամիրբեկովը

 

«Անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման համար պայքարը հիմնական շարժիչ ուժն էր վերջին 20 տարիներին», - ասում է Ալիեւի հատուկ հանձնարարականներով ավագ բանագնաց Էլչին Ամիրբեկովը։ «Այժմ հարցն ավարտված է, մենք վերականգնեցինք մեր հպարտությունը եւ պատմական արդարությունը»։

 

Բայց դիտորդներից շատերը վստահ չեն, որ հարցն ավարտված է։ Տասնամյակներ շարունակ ազգը հայ թշնամու եւ անարդար օկուպացիայի դեմ համախմբելը բնակչությանը մոբիլիզացնելու վստահելի մեթոդ էր նույնիսկ այն ժամանակ, երբ աճում էր տնտեսական եւ սոցիալական դժգոհությունը: Շատերի կարծիքով՝ դրանից հրաժարվելը դժվար կլինի:

 

Իր ելույթներում Ալիեւը դեռեւս շատ տեղ է հատկացնում հայերի չարագործություններին։ Հոկտեմբերին դրոշի բարձրացման արարողության ժամանակ նա խոսեց «հայերի վայրենության» մասին եւ չարախնդաց նախկին դե ֆակտո առաջնորդների ճակատագրերի կապակցությամբ, որոնք այժմ Բաքվում բանտում են։

 

«Երկրում համախմբող, մոբիլիզացնող միակ գաղափարախոսությունն այն է, որ հայերը թշնամի են: Մարդիկ մոբիլիզացված են եւ նրանց «զորացրելու» որեւէ նշան չկա: Այդ պատճառով գայթակղիչ է պարզապես շարունակել ճնշումը», - ասում է Carnegie Europe-ի վերլուծաբան Թոմ դե Վաալը: «Սա լուրջ խնդիր է», - ավելացնում է նա:

 

Բազում լծակներ կան, որոնց միջոցով կարելի է ճնշում իրականացնել: Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կսահմանազատի իրենց ընդհանուր սահմանը եւ երկու երկրները կապող տրանսպորտային ուղիներ կստեղծի: Ադրբեջանը նաեւ բարձրացնում է էթնիկ ադրբեջանցիների հարցը, որոնք նախկինում ապրել են Հայաստանի տարածքում՝ պնդելով, որ նրանց պետք է թույլ տրվի վերադառնալ: Բոլոր այս հարցերը կենտրոնացած են հայկական Սյունիք մարզի վրա, որին ադրբեջանցիները Զանգեզուր են ասում, եւ տեղի հայերին մտահոգում է, որ Բաքուն իրենց տարածքի վերաբերյալ ծրագրեր ունի:

 

«Ասում են «խաղաղություն», բայց ամբողջ օրը հեռուստատեսությամբ, խորհրդարանում խոսում են Զանգեզուրի մասին», - ասում է «Բաքվի վերլուծական կենտրոն»-ի ղեկավար Ալթայ Գոյուշեւը։ «Հայերի նկատմամբ այս ատելությունը կարող էր գոնե մի քիչ թուլանալ, բայց ես դա չեմ տեսնում, այն շարունակվում է»։

Ալթայ Գոյուշեւը Ալթայ Գոյուշեւը

 

Դիվանագիտական գործընթացն «ավարտված չէ, քանի որ Ալիեւը չի ցանկանում, որ այն ավարտվի, նա ցանկանում է այդ տրամադրությունները պահպանվեն», - ասում է Գոյուշեւը։ «Քանի դեռ Ալիեւն իշխանության է, միշտ պատերազմ է լինելու, որովհետեւ նա հասկանում է, որ պատերազմական հռետորաբանությունը միակ բանն է, որ իրեն հանրային աջակցություն է պարգեւում»։

 

Ալիեւը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ հայերին զգուշացնում են «ռեւանշիզմի» մասին, որը 2020 թվականից հետո մոդայիկ բառ է դարձել Բաքվում: Թեեւ այս ռեւանշիստական տրամադրությունն ամենից ուժեղ է Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես դրանից չի խորշում, պնդում է Ամիրբեկովը:

 

Եվրոպայում Հայաստանի ամենամոտ դաշնակից Ֆրանսիան բանաձեւ է պատրաստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար։ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ղարաբաղի հայերի «արտաքսումը» «լուրջ հանցագործություն է, որը չպետք է անպատասխան մնա»: Ալիեւի բանագնաց Ամիրբայովն ասում է, որ Փաշինյանը «չարաշահում է» Ֆրանսիայի՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամի աթոռը։ «Նրանք ճիշտ ուղղությամբ չեն գնում»,- վստահեցնում է նա։

 

«Առաջին քայլը, որը մեզ համար ազդանշան կլիներ [որ Հայաստանը հրաժարվել է ռեւանշիզմից], Փաշինյանի հստակ դիրքորոշումն է ոչ միայն հայտարարություններով, այլեւ գործողություններով, որ նա անվիճարկելի է համարում վերջին ռազմական առճակատման արդյունքը»,- ասում է Ամիրբեկովը։

 

Նոր գաղափարախոսական վակուում

 

Ղարաբաղյան հաղթանակից հետո առաջացած վակուումում կառավարության համար գայթակղիչ է շարունակել ապավինել ազգայնականությանը, ասում է  Բաքվում գործող «Թոփչուբաշով կենտրոն»-ի հրավիրյալ գիտաշխատող Շուջաթ Ահմադզադան:

 

«Չկա հստակ պատասխան, թե ինչպես կարելի է վերակերտել ազգային ինքնությունը, որը հիմնված էր (երբեմնի ուտոպիստական) երազանքի վրա, որ կգա «այն օրը, երբ Ղարաբաղն ազատ կլինի», - ասել է Ահմադզադան։ «Հիմա Ղարաբաղն «ազատ» է, իսկ ինքնությունը շոկի/իրականության ժխտման, ինչպես նաեւ ուրախության ինչ-որ անհասկանալի խառնուրդ է»։

 

Ադրբեջանական ազգայնականությունը կարող է անդրադառնալ էթնիկ ադրբեջանցիների Սյունիք եւ Հայաստանի այլ վայրեր վերադառնալու խնդրին, կամ էլ քարոզել Իրանի էթնիկ ադրբեջանցի զգալի փոքրամասնության իրավունքների համար, ասաց Ահմադզադան: Բայց դրանցից ոչ մեկը ունակ չէ մոբիլիզացնել նույն մակարդակի հանրային աջակցություն, ինչ Ղարաբաղը, որն ադրբեջանցիների մեծամասնության համար սուր խնդիր էր, ասաց նա:

Շուջաթ Ահմադզադան Շուջաթ Ահմադզադան

 

Փոխարենը, ըստ Ահմադզադայի, առավել հավանական է, որ Բաքուն կորդեգրի մի մոտեցում, որը համատեղում է «[Ղարաբաղի] հաղթանակի շարունակական հիշատակումն ու տոնումը, պետական իշխանության աճը (Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետությունների պես) եւ հայ-ադրբեջանական հակամարտության վերածումը երկարատեւ (բայց ցածր ինտենսիվության) մրցակցության, որը նման կլինի գրեթե երբեք չավարտվող Հնդկաստան-Պակիստան մրցակցությանը»,- ասել է Ահմադզադան։

 

Սակայն անհասկանալի է մնում, թե արդյոք այդ խառնուրդը հուսալի մոբիլիզացնող գործոն կլինի մշտական տնտեսական եւ սոցիալական դժգոհության պայմաններում: Այդ դժգոհությունն աճում էր, բայց 2020-ի պատերազմը ճնշեց այն՝ համախմբելով հանրությանը եւ վերականգնելով Ալիեւի ժողովրդականությունը, ասում է բաքվաբնակ վերլուծաբան Գոյուշեւը։

 

Հաղթանակի գինն, այնուամենայնիվ, արագորեն արժեզրկվում է, եւ 2020-ի էյֆորիան «երկար չտեւեց», - ասաց Գոյուշեւը: Արդեն այս տարի հանրային ուշադրությունը կրկին կենտրոնացած էր սոցիալական խնդիրների վրա, ինչպիսիք են Սոյուդլու գյուղում շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ բողոքի ցույցերը, որոնք դաժանորեն ճնշվեցին են անվտանգության ուժերի կողմից:

 

Ադրբեջանցիներից շատերին սկսել են անհանգստացնել Հայաստանի վրա Ադրբեջանի շարունակական ճնշումները, որոնք, հատելով սահմանը օկուպացված տարածքներից այժմ հենց Հայաստանին են վերաբերում: 2022-ի սեպտեմբերի հարձակումը Հայաստանի տարածքի թիրախների վրա հանգեցրեց հանրային բողոքների, որ Ադրբեջանը «մի երկրից, որը փորձում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, դառնում է մի երկիր, որը զավթիչ է, օկուպանտ», - ասում է Գոյուշեւը։

 

Այս սեպտեմբերի հարձակման եւ Ղարաբաղի ղեկավարների կապիտուլյացիայի նկատմամբ հանրային արձագանքը շատ ավելի զուսպ էր, քան երեք տարի առաջ, նկատեց Գոյուշեւը: 2020 թվականը «բեկումնային էր, իսկ մնացածը սպասելի էր»։

 

Քաղաքագիտությունը ցույց է տալիս, թե ինչպես են ավտորիտար առաջնորդները պահպանում իշխանությունը՝ հավասարակշռելով երեք «սյուներ»՝ բռնաճնշումներ, կոոպտացիա եւ լեգիտիմություն, ասում է Լոնդոնում գործող «Chatham House»-ի Ռուսաստան եւ Եվրասիա ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը:

 

Ադրբեջանի հարուստ բնական ռեսուրսները առաջին պլան են մղել կոոպտացիան՝ որպես հիմնական հենասյուն, բայց ռեսուրսները սահմանափակ են, իսկ 2003 թվականին տոհմային իրավահաջորդությունը (երբ Իլհամ Ալիեւը փոխարինեց իր հանգուցյալ հորը՝ նախագահ Հեյդար Ալիեւին), միշտ կասկածներ է առաջացնում լեգիտիմություն առումով, ասում է նա:

 

2020-ի պատերազմը «վերահավասարակշռեց համակարգը՝ բնակչության զանգվածային աջակցություն ապահովելով երկրի համընդհանուր կոնսենսուսի հարցում», - ասաց Բրոերսը: «Այսպիսով մենք տեսնում ենք վերնախավի լեգիտիմության բանաձեւի վերաիմաստավորումը, ավելի ճիշտ՝ Ալիեւի «ռեբրենդինգը», քանի որ խոսքը մեծ հաշվով իր մասին է»:

Լորենս Բրոերսը Լորենս Բրոերսը

 

«Բայց այժմ հարցն այն է, թե արդյոք նա կհրաժարվի սրանից, թե Ադրբեջանի քաղաքացիները ստիպված կլինեն տարիներ շարունակ տոնել հաղթանակը, այլ ոչ խաղաղությունը», - շարունակում է Բրոերսը: «Եթե Ադրբեջանն իրոք ընտրի այդ ուղին, ապա շատ դժվար է տեսնել Հայաստանի հետ համաձայնագրի հնարավորություն, քանի որ այն կպահանջի Հայաստանի հետ նոր հավասարակշռություն, որն անհամատեղելի է հաղթանակի պատումի մեջ հաղթողի եւ պարտվողի հիերարխիայի հետ»:

 

Չորրորդ հանրապետություն

 

Ազգային նոր գաղափարի սակավաթիվ պաշտոնական արտահայտություններից մեկն առաջ է քաշել կառավարամետ պատգամավոր Զահիդ Օրուջը: Ստեփանակերտում դրոշը բարձրացնելով՝ Ադրբեջանը թեւակոխում է «Չորրորդ հանրապետության» շրջան, գրել է նա։

 

«Ողբերգության ու կորստի դարաշրջանն ավարտվել է»,- պնդում է նա։ Ադրբեջանի նոր դարաշրջանի տեսլականը, ըստ Օրուջի, հիմնականում ձեւավորվում է արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության շուրջ:

 

«Կիրագործվի Մեծ եվրասիական նախագիծը՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի նոր դաշինքը, աշխարհը կվերակազմավորվի Ռուսաստան-Ուկրաինա եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների հետեւանքով, տեղի է ունենում անցում բազմաբեւեռ (իրականում արեւմտակենտրոն) աշխարհից դեպի նոր կառուցվածք»,- գրել է նա։ «Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանն ինքն է տնօրինում իր ճակատագիրը, այլ ոչ թե պառակտվում բանակցային սեղանի շուրջ»։

 

Համախմբման մյուս կետը կարող է լինել ադրբեջանական բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

 

Առաջին պատերազմի ժամանակ ավելի քան 600 000 էթնիկ ադրբեջանցիներ տեղահանվեցին հայերի գրաված տարածքներից: Ադրբեջանի կառավարությունն այժմ միլիարդներ է ծախսում այդ տարածքների ականազերծման եւ վերակառուցման վրա, որպեսզի դրանք պատրաստ լինեն իրենց նախկին բնակիչների վերադարձին: Դա պետք է ծառայի որպես ադրբեջանցիների միավորող ուժ, ասում է Ամիրբեկովը։

 

«Կարծում եմ, որ հիմա Ադրբեջանի ազգային գաղափարը, որն իրականացնելու է կառավարությունը, կլինի փորձել ամրապնդել խաղաղությունը, փորձել ապրել որպես անկախ երկիր, որը երբեք հնարավորություն չի ունեցել ամբողջովին տիրապետել իր տարածքներին»,- ասում է նա։ «Գալիք տասնամյակների ամենակարեւոր մարտահրավերն է այդ ազատագրված տարածքներում նորմալ կյանք վերսկսելը»:

 

Նախագահ Ալիեւը նույնատիպ բառերով է արտահայտվել։ Սեպտեմբերի 29-ին՝ հարձակմանը հետեւած մեկ այլ ելույթում Ալիեւը տեղահանվածների վերադարձը որակեց որպես «մեր թիվ մեկ խնդիրը»: Երեք տարվա ընթացքում, նրա խոսքով, նրանցից 100 000 հազարը կվերաբնակեցվի:

 

Բայց այդ ելույթի կեսից ավելին Ալիեւը երկարաշունչ ճառախոսեց տարածքում հայերի նախկին հանցագործությունների մասին եւ ռեւանշիզմի դեմ նախազգուշացում ավելացրեց: «Հայաստանի ղեկավարությանը, նրանց թիկունքում կանգնածներին եւ նրանց, ովքեր Ադրբեջանի դեմ ինչ-որ անընդունելի ծրագրեր են կազմում, իմ խորհուրդն է՝ կրկին չփորձել մեր համբերությունը», - ասաց նա։

 

Տեղահանվածների վերադարձի վրա կենտրոնանալը ոչ միայն ներուժ ունի, այլեւ ռիսկեր: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը վերջերս գրել էր, որ Ղարաբաղի Լաչինի շրջանի 1200 նախկին բնակիչներից, որոնց կառավարությունը մեծ շուքով վերադարձրել էր, մոտ կեսը հեռացել է վատ պայմանների պատճառով: Այս պատմությունը լայնորեն քննարկվել է ադրբեջանական սոցցանցերում, ասում է Գոյուշեւը, ինչը վկայում է, որ հանրությունը թերահավատորեն է մոտենում Ղարաբաղ լայնածավալ վերադարձի հեռանկարներին:

 

«Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունը հիմա մեծ խնդրի առաջ է կանգնած, քանի որ վերագրավված տարածքներում ո՛չ ենթակառուցվածք կա, ո՛չ մի բան»,- նկատում է նա։

 

Հաղթանակի մասին խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, կմնան մարդկանց համախմբելու ամենահուսալի միջոցը, կարծում է Գոյուշեւը:

 

«Ուստի ես կարծում եմ, որ մենք ավելի շատ քննադատություն ենք տեսնելու կառավարության հասցեին՝ կապված սոցիալական, տնտեսական խնդիրների հետ»,- ավելացնում է փորձագետը։ «Իսկ իշխանությունը փորձելու է շեղել հանրությանը: Չգիտեմ՝ կհարձակվի Հայաստանի վրա, թե ոչ: Բայց գիտեմ, որ շարունակելու է այս ռազմական հռետորաբանությունը»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին