Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. չճանաչված պետության կյանքն ու վախճանը - Mediamax.am

Հունվար 30, 2026
7931 դիտում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. չճանաչված պետության կյանքն ու վախճանը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսի The Nagorno-Karabakh Republic: The life and death of an unrecognized state հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Լորենս Բրոերս

 

2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (ԼՂՀ) պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։ Ինքնահռչակ հանրապետության վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանը 2023-ի սեպտեմբերի 28-ի հրամանագրով լուծարեց այն. դա էր պայմանը հրադադարի, որով ավարտվեց սեպտեմբերի 19-20-ը ԼՂՀ-ն ջախջախելու Ադրբեջանի կայծակնային ռազմական գործողությանը։

 

Ինչպես սիոնիզմն է Պաղեստինի հետ հակամարտությունը վերածում արաբների հետ ավելի լայն հակամարտության, այնպես էլ Ադրբեջանը հետեւողականորեն ձգտել է իր հակամարտությունը Ղարաբաղի հայ բնակչության հետ տեսնել Հայաստանի հետ ավելի լայն իրեդենտիստական շրջանակում: Այս ընթերցմամբ Ղարաբաղում չկա եւ երբեք չի եղել իրական հակամարտություն, միայն արտաքին միջամտություն։ Ադրբեջանական տեսանկյունից ԼՂՀ-ն ոչ այլ ինչ էր, քան խամաճիկ ռեժիմ, անեքսիայի սքողում եւ ոչնչով չէր տարբերվում Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ստեղծած «ժողովրդական հանրապետություններից»:

 

Եվ հակառակը, Հայաստանը հետեւողականորեն ձգտում էր նսեմացնել իր դերը հակամարտությունում: Տարիներ շարունակ Հայաստանի ԱԳՆ այցելուներին ցուցադրվելու էր 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի ֆաքսիմիլեն, որը ստորագրել են երեք կողմեր՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն, դրանով իսկ հաստատելով վերջինիս դերը: Հայկական աղբյուրները հաճախ անդրադարձել են «Արցախ-Ադրբեջան հակամարտությանը»՝ վկայակոչելով տարածքի հնությունից եկող հայկական անվանումը, որն ընդգծում էր հայկական պահանջատիրության երկար պատմությունը՝ անկախ ժամանակակից պետական-տարածքային կարգից:

 

Այս հակադիր տեսլականների միջեւ ակադեմիական շրջանակներում փորձում էին ԼՂՀ-ն ընկալել որպես «դե ֆակտո պետության» օրինակ՝ մշտական բնակչությամբ եւ ֆիքսված սահմաններով անջատողական սուբյեկտ, որը, այնուամենայնիվ, չի ճանաչվում այլ պետությունների կողմից: Դե ֆակտո պետությունները կարելի է ընկալել որպես հենց այն համակարգի արդյունք, որը բացառում է դրանց գոյության հնարավորությունը. Երկրորդ համաշխարհային պատերազմին հետեւած հետգաղութային ինքնիշխան եւ իրավահավասար պետությունների համակարգ, որը ծածկում է երկրագնդի յուրաքանչյուր սանտիմետրը:

 

Այս գերիշխող համակարգն է, առնվազն մինչեւ վերջին տարիները, որ հնարավորություն էր տվել ստեղծել դե ֆակտո պետության՝ որպես դրանից դուրս գոյություն ունեցող անոմալիա կամ Ալեքսանդր Իսկանդարյանի հիշարժան արտահայտությամբ՝ որպես «միջազգային իրավահամակարգի ժամանակավոր տեխնիկական սխալ»։ ԽՍՀՄ եւ Հարավսլավիայի փլուզումները հանգեցրին բազմաթիվ նման միավորների առաջացմանը, որոնցից մի քանիսը, ներառյալ Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ ԼՂՀ-ն, տասնամյակներ շարունակ գոյատեւեցին միջազգային հարաբերությունների լուսանցքում, թեեւ մնացին չճանաչված:

 

Պատմական ավանդույթ

 

ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) եւ նրա հյուսիսում գտնվող Շահումյանի շրջանի տարածաշրջանային խորհուրդների համատեղ նիստում։ Դրանից երկու օր առաջ անկախություն հռչակեց Ադրբեջանը, ինչը պատասխան էր Մոսկվայում ձախողված հեղաշրջմանը եւ համընդհանուր գիտակցմանը, որ Խորհրդային Միություն շուտով այլեւս չի լինելու:

 

Ինքնիշխանությունը որպես առանձին պետություն, սակայն, երբեք չի եղել ղարաբաղյան շարժման նպատակը. փոխարենը Հայաստանի հետ միավորումն էր՝ «միացումը»։ Սա 1980-ականների վերջի նորույթ չէր, այլ վաղեմի փափագ, որը գալիս է Առաջին համաշխարհային պատերազմի եւ Ռուսական կայսրության փլուզումից հետո հայկական եւ ադրբեջանական նոր հանրապետությունների ձեւավորման ժամանակաշրջանից:

Լուսանկարը` REUTERS

1920-ին Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության դեմ լայնածավալ բռնություններից հետո բոլշեւիկները 1923-ին հիմնեցին ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ: ԼՂԻՄ-ը ճանաչեց այդ իրավիճակը (ադրբեջանական վերահսկողությունը), բայց փորձեց հավասարակշռել այն Ղարաբաղի հայ բնակչության ինքնավարությամբ:

 

Գործնականում այդպես չստացվեց։ Ադրբեջանը ինքնավար մարզը ընկալեց որպես խորհրդային ներխուժում իր քաղաքական մարմին եւ հետեւաբար որպես նորաստեղծ, գաղութային եւ ոչ լեգիտիմ: ԼՂՀ-ի անկախության հռչակումից մի քանի ամիս անց՝ 1991-ի նոյեմբերի 26-ին, Ադրբեջանը վերացրեց ԼՂԻՄ-ը:

 

Ադրբեջանում այսօր առանձին բարձրլեռնային տարածքի` լեռնային Ղարաբաղի հասկացությունը մերժվում է որպես աշխարհաքաղաքական հնարք, որը մասնատում է Ղարաբաղի ավելի լայն, նախքան քսաներորդ դարը գոյություն ունեցող պատկերացումը, որպես Քուռ եւ Արաքս գետերի միջեւ ընկած լեռներ ու ցածրադիր վայրեր:

 

1921-ի հուլիսին խորհրդային տարածքների սահմանազատման ակնհայտ անորոշությունը ղարաբաղցի հայերի մոտ առաջացրեց այն զգացումը, որ Հայաստանին միանալը իրական հնարավորություն էր: Ամեն անգամ, երբ Խորհրդային Միությունը անցնում էր ազատական փուլերով, սկսվում էին Հայաստանի հետ միավորվելու կոչերով նամակագրական արշավները: Խորհրդային Միության պաշտոնապես լուծարվելուց օրեր առաջ՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղական հայկական իշխանությունները հանրաքվե անցկացրեցին այդ տարածքում, որին չմասնակցեց նախկին ԼՂԻՄ-ի էթնիկ ադրբեջանցի փոքրամասնությունը, եւ ձայների 99 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:

 

Միավորման երկիմաստությունը

 

ԽՍՀՄ փլուզումը, սակայն, վերաիմաստավորեց միացումը, քանի որ այն ենթադրում էր երկու աշխարհաքաղաքական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միավորում, որոնք տարածքային առումով հարակից չէին: Թեեւ ԼՂԻՄ-ը երբեք բառիս բուն իմաստով անկլավ չի ընկալվել, այն ուներ անկլավային աշխարհագրություն՝ ամբողջությամբ շրջապատված անվիճելի ադրբեջանական տարածքով:

 

Այս աշխարհագրությունն այնքան անհաղթահարելի չէր, որքան կարող էր թվալ Խորհրդային Միության համատեքստում, որտեղ պետության կողմից իշխանության գերկենտրոնացումը նշանակում էր, որ կենտրոնի հետ կապերն ավելի կարեւոր էին, քան ծայրամասային միավորների միջեւ հորիզոնական կապերը (Ղրիմը հարակից չլինելով Ռուսաստանին՝ մինչեւ 1954 թվականը վերջինիս մարզ էր հանդիսանում)։

 

ԽՍՀՄ փլուզումը, սակայն, նշանակում էր, որ սահմանների եւ ինքնիշխանության կազմակերպման խորհրդային կարգը փոխարինվեց միջազգային համակարգով, որը (էլ ավելի) քիչ հանդուրժող էր սահմանների փոփոխության եւ նոր պետությունների ձեւավորման նկատմամբ՝ նեղ սահմանված պարամետրերից դուրս (եվրոպական ապագաղութացում):

 

Հայկական եւ ադրբեջանական անկախ հանրապետությունների համատեքստում տարածքով հարակից չլինելը Ղարաբաղի հայերին ներքաշեց աշխարհագրության եւ, մասնավորապես, շրջապատման, շրջափակման եւ պաշարման դեմ երկարատեւ պայքարի մեջ, որի նմանը ոչ մի հետխորհրդային դե ֆակտո պետություն չի ունեցել: Ադրբեջանական պաշարումից դուրս գալը Ղարաբաղի հայկական ղեկավարության սկզբնական պատերազմական նպատակն էր Առաջին Ղարաբաղյան պատերազմում, որն անմիջապես հաջորդեց 1991-ի դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզմանը:

 

Իր ծննդյան պահից ի վեր ԼՂՀ-ն բախվեց աշխարհառազմավարական գլուխկոտրուկի հետ, որը նրան շատ առումներով դարձրեց անհնարին հանրապետություն: Իրեդենտիզմի միջազգային դատապարտման պայմաններում ղարաբաղցի հայերը ընտրեցին երկրորդ լավագույն տարբերակը. ինքնիշխանություն, այլ ոչ թե միացում Հայաստանի հետ: Այդուհանդերձ, հենց տարածական իմաստով միավորումը միակ ճանապարհն էր լուծելու այդ խնդիրը, որը կարող էր հաղթահարվել միայն ադրբեջանական անհավանական համաձայնության կամ միջանկյալ տարածքների ռազմական նվաճման էթիկապես ծանր ռազմավարության շնորհիվ:

 

Հենց այս վերջին ճանապարհով էլ «լուծվեց» տարածքի անհարակից լինելու խնդիրը։ Հայկական ուժերը 1992-ի մայիսից մինչեւ 1994-ի մայիսը ամբողջությամբ կամ մասամբ գրավեցին Լաչինի, Քելբաջարի, Քուբաթլիի, Զանգիլանի, Ջեբրայիլի, Աղդամի եւ Ֆիզուլիի շրջանները՝ գծելով նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող եւ դրան գերազանցող տարածքների լայն գոտի։

 

Մինչ հակամարտությունը այս շրջանները գրեթե ամբողջությամբ բնակեցված էին էթնիկ ադրբեջանցիներով. նվաճման ժամանակ ավելի քան կես միլիոն մարդ ենթարկվեց էթնիկական զտման։ Սա մի իրողություն է, որը կա ցայսօր. հայ-ադրբեջանական հակամարտությունում տարածքի վերահսկողությունը էթնիկ զտման հոմանիշն է: 1992-ի ամռանը ադրբեջանական առաջխաղացումները հյուսիսային Ղարաբաղ նմանապես հանգեցրին էթնիկ հայերի զանգվածային բռնի տեղահանմանը, մինչդեռ 1988-1990-ին Ադրբեջանի այլ շրջաններից եւ 1991-92-ին Շահումյանից էթնիկակապես զտված հայերը նոր տներ հիմնեցին ԼՂՀ-ում: Այդպիսով ԼՂՀ-ն կրկնակի կազմավորվեց երկու ազգերի էթնիկ զտումների արդյունքում։

Լուսանկարը` REUTERS

Առաջնային վեճի սահմաններից դուրս տարածքի գրավումը բացառություն դարձրեց ԼՂՀ-ն դե ֆակտո պետությունների շարքում եւ ներքաշեց ԼՂՀ-ը (եւ Հայաստանը) տարածքների նկատմամբ իր վերահսկողությունն արդարացնելու քաղաքական ծանր գործի մեջ: Առաջին տարիներին գերակշռում էր «բուֆերային գոտի» բացատրությունը, ապա դրան հաջորդեց «ազատագրված տարածքներ» եզրույթը՝ նկարագրություն, որը նվեր էր նրանց, ովքեր համարում էին, որ հակամարտության հիմքում հայերի հողի պահանջն է, այլ ոչ թե Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները: Քարտեզները սկսեցին պատկերել միասնական էթնոտարածքային միավոր, որն իմ աշխատանքում բնութագրել եմ որպես «լրացված Հայաստան»։

 

Կառավարում եւ գոյատեւում

 

Միավորման երկիմաստությունը (ռազմավարական անհրաժեշտություն, բայց քաղաքական անիրագործելիություն) հանգեցրեց ինքնիշխան ԼՂՀ մարտավարական գործունեության երկիմաստությանը, որը Հայաստանից անջատված էր, բայց ռազմավարական առումով նրա հետ ինտեգրված: ԼՂՀ-ն ուներ պետությանը հատուկ բոլոր խորհրդանշական եւ բյուրոկրատական հատկանիշները՝ դրոշ, օրհներգ, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության մարմիններ, ոլորտային նախարարությունների եւ քաղաքական կուսակցությունների ամբողջություն, որոնք, բացառությամբ Դաշնակցության, Հայաստանում չէին գործում։

 

Ռազմավարական առումով, սակայն, ԼՂՀ կախվածությունը Հայաստանից ակնհայտ էր: 1998-ից մինչեւ 2018-ի Թավշյա հեղափոխությունը Հայաստանն ու ԼՂՀ-ն ղեկավարում էր ղարաբաղյան ծագումով փոխկապակցված վերնախավը։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ղարաբաղցիներ էին եւ ԼՂՀ-ի պատերազմական ղեկավարության կազմում էին։ Չունենալով ժողովրդավարական լեգիտիմություն կոռումպացված եւ օլիգարխիկ դարձող Հայաստանում՝ այս վերնախավը իր թալիսմանն ու լեգիտիմության հավակնությունը դարձրեց ԼՂՀ-ն 1992-1994 թվականների պատերազմից հետո ծավալուն տարածքով պահպանելը:

 

ԼՂՀ-ի մարտավարական ինքնիշխանության հիմքում ընկած էր ժողովրդավարացման մանրակրկիտ խորեոգրաֆիկ քաղաքականությունը, որը եւ՛ ընդգծում էր ղարաբաղյան շարժման ինքնընկալումը որպես համաժողովրդական, մասնակցային շարժում (ԼՂՀ-ն ի սկզբանե ստեղծվել էր որպես խորհրդարանական հանրապետություն), եւ՛ կոչված էր հավանության արժանանալու եվրատլանտյան «ազատության օրակարգին» մինչեւ 2000-ական թվականները:

 

Արդյունքում ի հայտ եկավ կատարողական բազմակարծության տարատեսակ, որը հիմնավորելու էր ԼՂՀ-ի դեմոկրատական լինելու պնդումները, բայց ապակայունացում կամ ներքին անկարգություններ չէր առաջացնելու: ԼՂՀ-ում ընտրությունները մեծ մասամբ անցնում էին բազմաթիվ թեկնածուներով, այլընտրանքային թեկնածուները երբեմն ձայների բարձր տոկոս էին ստանում (օրինակ՝ Վիտալի Բալասանյանի 31,5%-ը 2012-ի նախագահական ընտրություններում) եւ համեմատաբար ազատ քարոզարշավով, թեեւ վերջնական արդյունքը հազվադեպ էր անակնկալ լինում: Ընդդիմության ընտրական հաջողության բարձրակետը 2004-ի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն էին, որոնցում հաղթեց Էդուարդ Աղաբեկյանը:

 

Բայց մինչ ԼՂՀ ներքին քաղաքականությունը շարունակում էր կարեւոր լինել ներքին լեգիտիմության համար, այն ստվերվեց 2014-ից սկսված միջազգային իրադարձություններով: Առաջինը Ադրբեջանի հետ շփման գծում անվտանգության իրավիճակի վատթարացումն էր, որը 2014-ի ամռանից բնութագրվում էր հաճախակի եւ լայնամասշտաբ փոխհրաձգություններով եւ սրացումներով։ 2016 թվականի ապրիլյան «քառօրյա պատերազմի» արդյունքում ադրբեջանական ուժերն առաջին անգամ շփման գծի երկայնքով հետ վերցրեցին փոքր տարածքներ:

 

Երկրորդը Ռուսաստանի աջակցությունն էր արեւելյան Ուկրաինայում նոր դե ֆակտո պետություններին՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին, ինչն համատարած միջազգային դատապարտման արժանացավ: Ռուսաստանի գործողությունները վերածեցին դե ֆակտո պետության երեւույթը խամաճիկ ռեժիմների տեղադրման, որոնք նախկինում ինքնիշխանության համար ժողովրդական աջակցություն չունեին: Սա ԼՂՀ-ին եւ մյուս դե ֆակտո պետություններին ստիպեց մշտապես հիմնավորել, թե ինչու է իրենց դեպքը տարբեր:

 

Այս զարգացումներին զուգահեռ ԼՂՀ ժողովրդավարացումը անսպասելիորեն անկում ապրեց: Ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում սահմանափակվեց մի քանի տեղով: Քաղհասարակությունը, մեկուսացված միջազգային ծրագրերից, մնաց մարգինալ եւ ժամանակի ընթացքում անկում ապրեց, քանի որ հիմնական անձինք տեղափոխվեցին Երեւան: 2017 թվականին ԼՂՀ նոր Սահմանադրություն ընդունվեց՝ ամբողջությամբ նախագահական համակարգով։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-ի վճիռը (Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի, դիմում 13216/05) երկակի ճանաչեց ԼՂՀ-ի՝ ինքնիշխանության պահանջը: Դատարանը գտավ, որ Ղարաբաղի հարցում Հայաստանն իրականացրել է արտատարածքային իրավասություն, մերժեց Հայաստանի պնդումները հակառակի մասին եւ փաստորեն հաստատեց Հայաստանի՝ որպես օկուպացիոն տերության մասին Ադրբեջանի պատումը:

 

Բազմաբեւեռություն եւ խավարում

 

Հետսառըպատերազմյան միաբեւեռ աշխարհը, հավանաբար, Եվրասիայի չճանաչված սուբյեկտների բարձրակետն էր: Դա հանգամանքների զուգադիպություն էր, որը բնորոշվում էր կայսրությունների փլուզմամբ, տարածքային վերադասավորումներով եւ նորանկախ պետությունների թուլությամբ՝ զուգորդված լիբերալ-դեմոկրատական արժեքների գերիշխանության հետ, որոնք (գուցե անհետեւողականորեն ու երեսպաշտորեն) դժվարացնում էին պետական բռնություն իրականացնելը:

 

Փոխարենը բազմաբեւեռությունը մեծ տերությունների միջեւ ռազմավարական մրցակցություն է ստեղծում՝ ուժի կիրառման սահմանափակումների կրճատման համատեքստում: Այս միջավայրը կոնկրետ սպառնալիքներ էր ներկայացնում ԼՂՀ համար՝ որպես դե ֆակտո պետության, որին աջակցում էր ոչ թե տարածաշրջանային հեգեմոնը (նրանք, ում այն աջակցում էր, այլ վտանգի առաջ էին՝ բռնակցման), այլ Հայաստանը՝ փոքր պետություն, որն ուներ սահմանափակ ռեսուրսներ եւ կարողություններ Ադրբեջանի հետ ռազմավարական մրցակցություն պահպանելու համար: Ադրբեջանն ավելի մեծ էր, ավելի հարուստ, ավելի լավ զինված եւ կարող էր հույս դնել դաշնակիցների վրա, որոնք կաջակցեն հարցի ռազմական լուծմանը:

 

2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Ադրբեջանի մասնակի հաղթանակն էր, որի արդյունքում ԼՂՀ-ն ավելի շուտ բաժանվեց, ոչ թե լիակատար ոչնչացվեց։ Գրավյալ տարածքների վերականգնմանը զուգահեռ՝ պատերազմը հաջողությամբ վերացրեց Հայաստանի՝ որպես հովանավոր պետություն գործելու հնարավորությունը: Պատերազմի արդյունքները աշխարհագրորեն խիստ հաշվարկված էին. հայկական երկու աշխարհաքաղաքական մարմինները հերթական անգամ բաժանվեցին, իսկ միակ կապող օղակը` Լաչինի միջանցքը, անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ:

Լուսանկարը` REUTERS

Թվում էր, թե նոր ստատուս քվոն նման է հետխորհրդային այլ դե ֆակտո պետությունների ճակատագրին, քանի որ ԼՂՀ-ն փաստացի դարձավ ռուսական պրոտեկտորատ, որը գոյատեւում էր բացառապես այդ տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության շնորհիվ: Միայն ռուսական մոտեցումը` սառեցնել հակամարտությունը եւ կարգավիճակի հարցը տեղափոխել հեռավոր ապագա, ԼՂՀ-ին հեռանկար էր խոստանում՝ համեմատած եվրատլանտյան մոտեցման հետ, որի նպատակն էր բանակցային ճանապարհով վերաինտեգրել Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պետության կազմում՝ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության երաշխիքներով: Ռուսաստանին հավատարմության ցույցերից բացի ԼՂՀ ղեկավարությունը ողջունեց Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը եւ Դոնբաս օգնություն ուղարկեց:

Լուսանկարը` REUTERS

Սակայն, ի վերջո, ԼՂՀ ճակատագիրը կնքվեց Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի որոշմամբ եւ պատերազմի հետագա ընթացքով։ Ռուսաստանի ներխուժումը ստիպեց վերագնահատել Կրեմլի հարաբերություններն ու շահերը Ադրբեջանին ձեռնտու ձեւով: Այն դարձավ կապի նոր առանցքային հանգույց, ինչը կարեւորություն ձեռք բերեց պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար՝ որպես Թուրքիայի եւ Իրանի հետ համագործակցության ավելի լայն առանցքի գործընկեր եւ որպես գաղափարապես համախոհ ուժ, որը թերահավատ է միջազգային ազատական կարգի նկատմամբ։

 

Արդյունքում իրականացան հայերի վատագույն մտավախությունները. ինչպես ասում է նախկին հայ պաշտոնյան՝ ԼՂՀ-ն մեծ աշխարհաքաղաքական գործարքի մանրադրամ դարձավ: Ռուսաստանը համաձայնվեց 2022-ի դեկտեմբերից 10 ամսով Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ մի կողմ քաշվեց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ: ԼՂՀ-ի վերջին օրերին իրարանցում, հուսահատություն եւ ողբերգություն էր տիրում. մոտ 220 հայ սպանվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին վառելիքի պահեստի պայթյունից՝ բնակչության զանգվածային արտագաղթի քաոսային պատրաստությունների ֆոնին։ Սեպտեմբերի 24-ին հաջորդող շաբաթվա ընթացքում, բացառությամբ մի քանի տասնյակ անաշխատունակների եւ տարեցների, ողջ բնակչությունը՝ ավելի քան 102 000 մարդ, լքեց տարածքը՝ Հայաստանում փախստական դառնալով:

Լուսանկարը` REUTERS

Զանգվածային տեղահանումը հանգեցրեց երկու հայկական համայնքների միավորման նոր լարվածության։ Մի կողմից, չնայած հայկական անձնագրեր ունենալուն, Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերը պարզեցին, որ իրենք պակաս իրավունքներ ունեն, քան Հայաստանի քաղաքացիները: Նրանք պետք է դիմեն քաղաքացիություն ստանալու համար, ինչը անորոշ հետեւանքներ ունի իրենց վերադարձի իրավունքի (անհավանական հեռանկար) կամ փոխհատուցման համար:

 

Մյուս կողմից բանավեճեր են ծավալվում առաջնորդության հարցի շուրջ: Արդյո՞ք ԼՂՀ-ին պետք է փոխարինի վտարանդի կառավարությունը։ Նման կառույցը այնքան էլ ողջունելի չի լինի Երեւանում, իսկ Բաքվի կողմից անկասկած սադրանք կհամարվի: Այն, ենթադրաբար, կլինի դե ֆակտո իշխանություն՝ ճանաչման ոչ ավելի մեծ հույսով, քան երբ հայրենիքում էր: Այս նկատառումներից բացի, ցանկացած նման նախագիծ պետք է դիմակայի իր ենթադրյալ մասնակիցների վրդովմունքին: Ղարաբաղի հայերից շատերը կարծում են, որ չնայած տասնամյակներ տեւած պետական գործունեությանը, իրենց ղեկավարությունը սեպտեմբերի 20-ի զինադադարից հետո իրենց թողեց անիշխանության իրավիճակում, եւ համայնքը քաոսի մեջ դիմեց փախուստի:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/REUTERS

Որպես պետականության ձգտող նախագիծ՝ ԼՂՀ այլեւս չկա: Նրա ղեկավարության առանցքային դեմքերը՝ նախկին նախագահները եւ ականավոր նախարարները, Բաքվում սպասում են դատավարության: ԼՂՀ բռնի լուծարումը դեռ երկար տարիներ կարձագանքի մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ աշխարհի այլ հակամարտություններում: Այնուամենայնիվ, կասկածելի է մնում, թե արդյոք այն պատճառը, որն այսքան երկար ժամանակ խարսխել էր հայ ազգայնականությունը, փոխել էր հայերի պատմականորեն զոհ լինելու պատումը, տասնամյակներ շարունակ գրավել էր Հայաստանում եւ Սփյուռքում ապրող միլիոնավոր մարդկանց երեւակայությունը, որի բռնի տարրալուծումը արդարացրեց գոյատեւման սպառնալիքի պատումը եւ կոլեկտիվ տրավմայի նոր խառնարան դարձավ, պարզապես կվերանա: Տեղեկություններն այն մասին, որ Շահրամանյանը հետագայում չեղյալ է համարել ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիրը, ակնարկ է, որ հանրապետությունը հանգիստ չի վերանալու:

 

Հստակ կարելի է ասել միայն, որ ԼՂՀ ժառանգությունը վիճարկվելու է։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին