Ներկայացնում ենք The New Yorker ամսագրի գլխավոր խմբագիր Դեւվիդ Ռեմնիկի The Bloody Lesson the Ayatollah Took from the Shah հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
Դեւվիդ Ռեմնիկ
1978 թվականի նոյեմբերի 6-ին, երբ Թեհրանը փոթորկված էր, Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փեհլեւին հաշտեցնող ելույթով դիմեց ազգին։ «Ես լսել եմ ձեր հեղափոխության ձայնը», - ասել էր նա։ Շահը խոստացել էր ուղղել ռեժիմի սխալները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, խորհրդարականական ընտրություններ նշանակել, հետաքննել իր շրջապատի կոռուպցիան եւ մեղմացնել ընդդիմության դեմ ճնշումները։
Սակայն, ինչպես հաճախ պատահում է փխրուն ռեժիմների պատմության մեջ, բռնապետի հաշտեցնող ժեստը ընկալվեց որպես հուսահատության դրսեւորում։ Փարիզի մոտակայքում գյուղում ապրող Ռուհոլա Խոմեյնին ծաղրի էր ենթարկում շահին։ «Շահի բռնապետական ռեժիմը» թույլ է, ասում էր նա, եւ «վերջին շունչն է քաշում»։
Երկու ամիս անց քաղցկեղից տառապող շահը փախավ Իրանից եւ սկսեց ամոթալի ճանապարհորդություն մեկ երկրից մյուսը՝ աքսորի համար ընդունելի վայր փնտրելով։ Նա մահացավ էր 1980 թվականի հուլիսին Կահիրեում։
Իսլամական ռեժիմի ներկայիս առաջնորդ, Խոմեյնիի իրավահաջորդ այաթոլա Ալի Խամենեին 86 տարեկան է։ Նա մոլորակի ամենաերկար կառավարող բռնապետերից մեկն է։ Խամենեին լավատեղյալ է հին ռեժիմի անկման եւ տապալման պատմությանը: Եվ հիմա, երբ Իսլամական հանրապետությունը լայնածավալ բողողների է բախվել, Խամենեին կանգնած է շահի դիլեմայի նման դիլեմայի առջեւ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ այլ ուժայիններին որպես մահակ օգտագործելով, Խամենեին հաշտեցման փոխարեն նախընտրեց արյունահեղությունը։
Լուսանկարը` REUTERS
«Ցավոք, եթե այաթոլան որեւէ դաս է քաղել շահի ճակատագրից, ապա միայն այն, որ նա թույլ էր եւ հանձնվեց», - ինձ ասել է «Թագավորների թագավոր» գրքի հեղինակ Սքոթ Անդերսոնը։ Եթե շահը կոշտ լիներ եւ հրամայեր իր զինվորներին առանց վարանելու սպանել մարդկանց փողոցներում, նա կարող էր փրկվել։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք սովորական զինվորները ավելի ու ավելի շատ արյուն կթափեն։
Ռեժիմի առաջնորդները մռայլ դասեր քաղեցին ոչ միայն իրենց պատմական թշնամու կյանքից, այլեւ հետագա տարիների պատմությունից։ 80-ականների վերջում Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը փորձում էր արդիականացնել իր ռեժիմը, ժողովրդավարեցնելով քաղաքական համակարգը, վերացնելով գրաքննությունը, մեղմացնելով Միացյալ Նահանգների հետ Սառը պատերազմը, եւ տնտեսությունում շուկայական մեխանիզմներ ներդնելով։ Թեեւ Գորբաչովի շնորհիվ տարբեր բարելավումներ եղան, ի վերջո Խորհրդային Միությունը փլուզվեց, իսկ ԽՍՀՄ նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ։
Ալի Խամենեին 1989 թվականի հուլիսի 17-ինԼուսանկարը` REUTERS
Խամենեին իշխանության էր եկել 1989 թվականին՝ «գորբիմանիայի» գագաթնակետին։ Խորհրդային Միության փլուզման տեսարանը նրան եւ իրանական ռեժիմին ավելի կասկածամիտ դարձրեց Արեւմուտքի եւ ներքին բարեփոխումների ցանկացած փորձի նկատմամբ։ «Ես եկա այն եզրակացության, որ Միացյալ Նահանգները մշակել է Իսլամական Հանրապետության համակարգը խաթարելու համապարփակ ծրագիր», - ասել էր Խամենեին 2000 թվականի հուլիսին կառավարության պաշտոնյաների առջեւ ունեցած ելույթում։ «Այս ծրագիրը նման է նախկին Խորհրդային Միության փլուզմանը հանգեցրած ծրագրին։ Ամերիկացի պաշտոնյաները մտադիր են նույնը անել Իրանում, եւ դրա համար կան բազմաթիվ ապացույցներ», - ասել է նա:
Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, նախկինում եւս անցել է ներքին հուզումների միջով։ Այնուամենայնիվ, փորձագետների մեծ մասը համաձայն է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք այդքան վտանգված չէր, որքան հիմա։
Նախկինում տեղի ունեցող բողոքների պատճառների թվում էին մեծ թվով իրանցիների դիմադրությունը թեոկրատիայի կոշտ գաղափարախոսությանը, լրատվամիջոցների եւ կրթության նկատմամբ վերահսկողությանը։
Այս անգամ բողոքների հիմքում ժողովրդի աղքատացումն է։ Գնաճը գերազանցում է 50 տոկոսը, իսկ արժույթը ազատ անկում է ապրում։ Էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումներ են լինում, ջրի էական պակաս կա։ Սննդամթերքի գները բարձր են, իսկ որոշ հիմնական ապրանքներն անհետացել են։
Սրա հետ մեկտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարները հսկայական շահույթներ են կուտակում տարբեր ոլորտներում՝ նավթ, նավահանգիստներ, ցեմենտի արտադրություն եւ այլն: Շատ իրանցիներ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համարում են ռազմականացված մաֆիա։
Սակայն տնտեսությունը միակ գործոնը չէ: Այաթոլաների թեոկրատիան բացահայտվել է իր ողջ փխրունությամբ: Վերջին երկու տարվա ընթացքում արտասահմանում նրա ամենաուժեղ (եւ ամենաթանկ) դաշնակիցների՝ «Հըզբոլահը» Լիբանանում, ՀԱՄԱՍ-ը Գազայում, հուսիթները Եմենում, դիրքերը լրջորեն սասանվել են: Արդյունքում իրանցիներին ավելի բարձր, քան երբեւէ, հարցնում են. ինչո՞ւ էր ռեժիմը իր կապիտալը ծախսում արտասահմանյան դաշնակիցների վրա՝ սեփական ժողովրդի փոխարեն: Ռեժիմը պարծենում էր իր ուժով, սակայն հունիսին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համատեղ հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին՝ գրեթե առանց դիմադրության: Իսրայելցիները՝ խորը ներթափանցած լինելով Իրանի տարածք, կարողացան առանց խոչընդոտների սպանել բազմաթիվ բարձրաստիճան իրանցի զինվորականներին: Խամենեին ստիպված էր թաքնվել ռմբակոծությունների ժամանակ:
Լուսանկարը` REUTERS
1979 թվականը 2026-ից տարբերվում է նրանով, որ Խամենեիի ռեժիմը, հավանաբար, թաքնվելու տեղ չունի: Շահի գահակալության տարիներին իրանական էլիտայի մեծ թվով անդամներ կրթություն էին ստանում արտասահմանում եւ տիրապետում էին օտար լեզուների: Երբ 1979 թվականին նրանց ժամանակը եկավ, շատերը միջոցներ ունեին լքելու Իրանը եւ նոր կյանք սկսելու Լոնդոնում կամ Լոս Անջելեսում:
Իսլամական Հանրապետությունը կորցրեց իր լավագույն եւ խելացի մարդկանցից շատերին արտագաղթի պատճառով, իսկ մնացած էլիտան հիմնականում ավելի գավառական ծագում ուներ: «Ուստի, ռեժիմի ամենավատ ներկայացուցիչները պատին են դեմ տված», - ասել է ինձ Կարնեգի հիմնադրամի փորձագետ Քարիմ Սաջադփուրը: «Նրանց մտածելակերպն է՝ սպանել, կամ սպանվել»:
Մի քանի ամիս առաջ Սաջադփուրը Foreign Affairs-ում հրապարակել էր կարեւոր էսսե՝ «Այաթոլաների աշունը» վերնագրով, որում ենթադրություններ էր անում այն մասին, թե ինչ կարող է լինել Իրանում Խամենեիի մահվանից կամ նրա տապալվելու դեպքում: Կարո՞ղ է Իրանը Չինաստանի նման դառնալ եւ թեոկրատիայից անցնել տեխնոկրատիայի: Արդյո՞ք այն կնմանվի Պակիստանի՝ ԻՀՊԿ գեներալների գլխավորությամբ: Կարո՞ղ է այն նմանվել Հյուսիսային Կորեային, ձեռք բերել պուտինյան հետխորհրդային Ռուսաստանի կամ էրդողանական Թուրքիայի ռեակցիոն որակները: Սաջադփուրը մանրամասն վերլուծում է սցենարները, նմանությունները եւ տարբերությունները՝ խորը հասկանալով Իրանի պատմությունը եւ առանձնահատկությունները: Միեւնույն ժամանակ, նա ցուցաբերում է մտավոր համեստություն՝ ապագայի մասին վստահ կանխատեսումներ չանելով: Նա հիշատակում է մեկ այլ փորձագետի՝ Ջեյմս Ա. Բիլին, որը 1979 թվականին Foreign Affairs-ի համար գրել էր «Իրանը եւ 78-ի ճգնաժամը» հոդվածը։
Լուսանկարը` REUTERS
ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին «Արծիվն ու առյուծը» գրքի հեղինակ Բիլը գրել էր, որ շահի «ամենահավանական այլընտրանքը» կլինի «միջին օղակի բանակի սպաների ձախակողմյան, առաջադեմ խումբը»: Որպես այլ տարբերակներ նա նշում էր «աջակողմյան ռազմական խունտան, լիբերալ դեմոկրատական համակարգը եւ կոմունիստական կառավարությունը»: Սակայն պատմության ծրագրերը բոլորովին այլ էին:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: