Ներկայացնում ենք Boston Magazine ամսագրում հրապարակված Moderna Cofounder Noubar Afeyan Is Afraid of Everything-And That’s His Genius հարցազրույցի հայերեն թարգմանությունը
Ջոնաթան Սորոֆ
Նուբար Աֆեյանն գաղտնի զենք ունի. նա վախենում է գրեթե ամեն ինչից, եւ դա նրան անհավանական հաջողություն է բերել: Moderna-ի համահիմնադիրը եւ Flagship Pioneering ընկերության հիմնադիրը ռազմավարական պարանոյան վերածել է նորարարական գիտության․ յուրաքանչյուր առաջընթացին մոտենում է՝ նախ պատկերացնելով, թե ինչը կարող է աղետալիորեն սխալ ընթանալ: «Ես տեսնում եմ գրեթե ամեն ինչի վախենալու կողմը, քանզի մի բանի հասնելու համար, պետք է հստակ պատկերացում ունենաս դրա մասին», - ասում է նա: Եվ հենց այդպիսի ռազմավարական անհանգստությունը հանգեցրեց նրան, որ ստեղծվեց mRNA պատվաստանյութի տեխնոլոգիան, որը օգնեց հաղթահարել COVID-ը, եւ որն այժմ մշակվում է քաղցկեղի եւ այլ հիվանդությունների բուժման համար:
Ավելի քան 100 արտոնագրերի եւ 100-ից ավելի գիտական նախագծերի մեջ ներդրում ունենալով՝ Աֆեյանը խոսել է քաղցկեղի բուժման մեթոդների եւ պատվաստանյութերի նկատմամբ թերահավատության եւ այն մասին, թե ինչու է գիտության ապագան կախված արհեստական բանականությունից, որովհետեւ, ինչպես պարզվում է, լավատեսությունը շատ հզոր բան է, երբ այդքան լավ ես անհանգստանում:
- Ինչպե՞ս եք զգում ձեզ՝ գիտակցելով, որ այն մարդկանցից մեկն էք, ով վերջ դրեց COVID-ի համավարակին։
- Նախ, օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ շատ շատերը բավականին մեծ ջանքեր են ներդրել համավարակը հաղթահարելու համար, այդ թվում՝ Moderna-ում։ Դրա համար իսկապես հսկայական թիմային ջանքեր պահանջվեցին։ Բայց եթե հարցնում եք, թե ինչպես եմ զգում՝ լինելով այդ սակավաթիվ կազմակերպություններից մեկի մաս՝ որպես հիմնադիր եւ նախագահ, կասեի, որ դա մեծ պատիվ է։ Մեծ հաջողություն է, երբ հնարավորություն է տրվում գիտությունը կիրառել նման խնդիր լուծելու համար։ Վերջին 38 տարիների ընթացքում աշխատել եմ ՝ ստեղծելով նորարարություններ եւ կառուցելով ընկերություններ, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ, բայց կարող էի եւս 38 տարի աշխատել եւ այդ ազդեցությունը չունենալ։ Սակայն դեպքերն ու հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մեր գիտությունն ու մեր մոտեցումը թույլ տվեցին ստեղծել արդյունավետ պատվաստանյութ, ինչը մեծապես օգնեց՝ ոչ ամբողջությամբ, բայց էականորեն, վերջ դնել համավարակին ։
- Ի՞նչից եք ամենաշատը վախենում գոյաբանական առումով։
- Մասնագիտակա՞ն առումով։ Մենք մեր ողջ ժամանակն անցկացնում ենք կյանքի մասին մտորելով, կարծես դրա ներսում գտնվող մոլեկուլներ լինենք, եւ պատկերացնում կամ հորինում ենք տարբեր հիվանդություններ եւ դրանց դեմ պայքարի տարբեր եղանակներ։ Բոլորն էլ սարսափելի են, քանի որ մենք դրանց վրա աշխատում ենք միայն այն ժամանակ, երբ դրանք իսկապես տկարություն են առաջացնում՝ լինի դա Ալցհայմերի հիվանդությունը, քաղցկեղի տարբեր ձեւերը, կամ COVID-ի նման վարակիչ հիվանդությունը։
- Իսկ անձնական առումով ինչի՞ց եք վախենում։
- Ծնողներս քաղցկեղից են մահացել։ Ինձ շարունակում է տանջել այն զգացողությունը, որ բջիջների բնույթը, այսինքն՝ դրանց մուտացիայի ենթարկվելու էվոլյուցիոն հակումը, ինքնին կարող է շրջվել այն մարմնի դեմ, որտեղ դրանք գտնվում են: Քաղցկեղը մաքուր էվոլյուցիայի հիվանդություն է: Երևի, կասեմ, որ քաղցկեղը իմ վախերի ցանկում բարձր տեղ է զբաղեցնում այն առումով, որ մենք դեռ չենք գտել այն վաղ փուլերում հայտնաբերելու եղանակները։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ բավականին խոստումնալից կերպով կիրառելով մեր mRNA տեխնոլոգիան։ Սակայն դեռ պետք են շարունակական հետազոտություններ, նորարարություններ եւ հնարամտություն:
- Այսինքն՝ կարծում եք, որ ապագայում հնարավոր կլինի՞ ստեղծել քաղցկեղի դեմ պատվաստանյութ։
- Թույլ տվեք մի փոքր այլ կերպ ձեւակերպել միտքս, քանի որ մարդիկ սխալ պատկերացում ունեն պատվաստանյութերի մասին։ Կան պրոֆիլակտիկ պատվաստանյութեր, որոնք կանխում են վարակը։ Կան պատվաստանյութեր, որոնք մեղմացնում են հիվանդության ընթացքը եւ դրա ամենածանր ձեւերի զարգացումը, ինչը հաճախ պատահում է գրիպի, COVID-ի եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Եվ կան ձեւեր, որոնք նախապատրաստում են իմունային համակարգը, որպեսզի այն կարողանա հայտնաբերել ոչ վարակային հիվանդությունը։ Մեր աշխատանքը mRNA-ի հետ դիտարկում ենք որպես իմունաթերապիայի մի ձեւ, որը հակամարմիններ մատակարարելու փոխարեն մատակարարում է ազդանշանների մի շարք, որոնք մեր T բջիջներին դրդում են «հարձակվել» քաղցկեղի վրա։ Սա հիմնարար կերպով տարբերվում է պատվաստանյութերի գաղափարից, քանի որ դուք արդեն պետք է ունենաք հիվանդությունը, որպեսզի դրանից «օգուտ քաղեք»։

Լուսանկարը` Owen Billcliffe
Պարզապես կասեմ, որ այո, ես հաստատ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, որոշ դեպքերում՝ ավելի շուտ, որոշ դեպքերում՝ գուցե ավելի ուշ, մենք կկարողանանք մեր իմունային համակարգին ազդանշան տալ, որ նա կատարի իր աշխատանքը եւ պայքարի քաղցկեղի դեմ։
- Ո՞վ է այն մարդը, ով ձեզ հիացնում է։
- Գիտական տեսանկյունից՝ հավանաբար, Չարլզ Դարվինը։ Ես մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց ողջ կյանքում զբաղվել եմ գիտությամբ, եւ այն, որ գոյություն ունի նորարարական մի մոդել, որը տեղի է ունենում բնության մեջ, մարդկային մտածողության մեջ, շուկաներում, բավականին խորը գաղափար է։ Flagship Pioneering-ի ամբողջ մեխանիզմը հիմնված է այդ դիտարկման վրա։
- Դուք ձեզ համարում եք գիտնական, գյուտարար, գործադիր տնօրեն, թե՞ ձեռնարկատեր։
- Ես ինձ համարում եմ այս ամենի միաձուլումը, եւ դա այն հիմքն է, որի վրա կարող եմ գաղափարից անցնել դեպի արդյունք։ Մենք փորձել ենք լինել գյուտարարներ, որոնք կարող են գաղափարը հասցնել գործնական իրականության, իսկ դրա համար պետք է միաժամանակ լինել ե՛ւ գիտնական, ե՛ւ գյուտարար, ե՛ւ ձեռնարկատեր, ե՛ւ տնօրեն։ Ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի եթե ոչ գերազանց, ապա գոնե բավականաչափ լավը լինեմ ասպարեզներից յուրաքանչյուրում։
- Դուք 100-ից ավելի գրանցված արտոնագիր ունեք։ Ո՞ր արտոնագրով եք ամենաշատը հպարտանում։
- Վաղ արտոնագրերից մի քանիսը, որոնք հանգեցրել են Moderna-ի ստեղծմանը, նշանակալի են իրենց ազդեցության տեսանկյունից։ Ինչպես վերջերս իմացա, իմ առաջին արտոնագրերը, որոնց վրա աշխատել եմ 38 տարի առաջ, այժմ հասել են վաճառքի գագաթնակետին՝ մոտ 4-5 միլիարդ դոլարի, ինչի մասին տեղյակ չէի, քանի որ այդ ընկերությունը վաճառել եմ 1998 թվականին։ Ես հպարտ եմ դրանով։ Մեկ գյուտ, որը, ցավոք, դեռեւս առեւտրայնացված չէ, ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների մոդիֆիկացիան է, ինչը մեզ թույլ է տալիս օդից եւ արեւի լույսից վերցնել ածխաթթու գազ եւ այն վերածել դիզելային վառելիքի։ Սա շատ խոստումնալից գյուտ է։
- Ո՞րն է ձեր ամենամեծ քմահաճույքը։
- Ամենամեծ երջանկությունը ինձ պարգեւում է բասկետբոլը։ Խաղացել եմ հինգ կամ վեց տարեկանից։ Գիտեմ, որ կիրքը պետք է շռայլություն լինի, այնպես որ, կարծում եմ, ինձ վրա մեկ հայացքը բավական է հասկանալու համար, որ ես բավականին շատ գաստրոնոմիկ քմահաճույքներ ունեմ։ Ես Մերձավոր Արեւելքից եմ, եւ կան բազմաթիվ ուտեստներ, որոնք ես՝ որպես հայ, շատ եմ սիրում։
- Բոստոնում որտե՞ղ կարելի է համտեսել լավագույն հայկական ուտեստները։
- Բախտավոր եմ, որ ունեմ շատ հայ ընկերներ, ովքեր հրաշալի խոհարարներ են, եւ դա, հավանաբար, ամենակարեւորն է։ Իսկ եթե ռեստորանների մասին խոսենք, կառանձնացնեմ «Անուշելլա»-ն, որը պատկանում է ընկերոջս եւ նրա կնոջը։ Այն պարզապես հիանալի է։
- Կա՞ վերնագիր, որը ամենից շատ կցանկանայիք կարդալ։
- Այնքան շատ են։ Ես շատ եմ երազում։ Կցանկանայի կարդալ վերնագիր մթնոլորտում CՕ2 մակարդակի նվազման մասին, կամ որ 20-րդ տարին անընդմեջ զգալիորեն նվազել է աղքատության մակարդակը, որ մարդիկ պատասխանատվության են ենթարկել ցեղասպան ռեժիմներին, ինչը ինձ իսկապես շատ է հուզում, կամ որ սովը վերացել է։
Դժբախտաբար, կա մի ասացվածք, որը իմ հանգուցյալ ընկեր Վարդան Գրեգորյանն էր ասում. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոսի կարիք ունի», այնպես որ այդպիսի վերնագրերից յուրաքանչյուրն էլ ինձ համար բավարար կլիներ։
- Կուզեի՞ք Նոբելյան մրցանակ ստանալ։
- Ոչ մի ցանկություն չունեմ Նոբելյան մրցանակ ստանալու։
- Դուք այս գործով զբաղվում եք արդեն 25 տարի։ Ինչպիսի՞ն են լինելու հաջորդ 25 տարիները։
- 25 տարվա ընթացքում սովորել եմ, որ ապագան հնարավոր չէ կանխատեսել։ Կարող ես միայն որոշել, թե ինչպիսի ապագա ես ուզում ունենալ եւ անել հնարավորինս ամեն ինչ՝ այն կառուցելու համար։ Այժմ, կարծում եմ, մեր ամենամեծ հնարավորությունը արհեստական բանականության օգտագործումն է՝ գիտությունը արագացնելու համար։ Երկար ժամանակ մարդիկ սեփական բանականությունը համարում էին միակը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ գոյություն ունի մեքենայական բանականություն, եւ դա պետք է մեզ համար հիմք հանդիսանա նաեւ ճանաչելու այն, ինչը ես համարում եմ բնության բանականություն կամ բնական աշխարհի տրամաբանություն։
Երբ համատեղում ենք այս երեք բանականությունները, ստանում ենք այն, ինչ ես անվանում եմ «բազմաբանականություն», եւ այդ փոխազդեցությունը հեղափոխելու է մեր գիտությունը այնպիսի ձեւերով, որոնք մենք դեռ չենք էլ կարող պատկերացնել։ Այն կօգնի մեզ շատ ավելի արագ եւ արդյունավետ լուծումներ գտնել մարդկության առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրների համար՝ հիվանդությունների, սովի, կլիմայի փոփոխության։ Ահա թե ինչու եմ ես հավատում, որ ապագան պայծառ է։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: