Ներկայացնում ենք Peace in the Caucasus: Ensuring Europe plays a role after Trump's ceremony հոդվածի թարգմանությունը, որի հեղինակն է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հրավիրյալ գիտաշխատող, Ջոզեֆ Բայդենի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Նշենք, որ 2024թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն ասում էր, որ եթե ԱՄՆ-ն «կարողանա առեւտրային ուղի բացել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով, Կենտրոնական Ասիայի երկրները մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ եւ կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»:
Ջեյմս Օ'Բրայեն
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալեց Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելու շրջանակային համաձայնագրի մասին, որը հնարավորություն ունի վերջ դնելու երկու երկրների միջեւ հակամարտությանը։ Թեեւ գործարքի բազմաթիվ բաղադրիչներն համաձայնեցված էին գրեթե մեկ տարի առաջ, Սպիտակ տանը կայացած արարողությունն առաջադրում է համաձայնագրի իրականացման համար արագ գործողությունների անհրաժեշտությունը։ Եվրոպացիները կարող են ազդել այս գործընթացի վրա։
Համաձայնագրի կենտրոնական տարրն է Հայաստանի համաձայնությունը բացել իր տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը ԱՄՆ կառավարմամբ միջանցքի համար, որը կկապի Ադրբեջանն իր Նախիջեւան էքսկլավի հետ, որն սահմանակից է Իրանի եւ Թուրքիայի հետ։ Նպատակն այն է, որ «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման միջանցքը» (TRIPP) Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջոցով դեպի աշխարհի շուկաներ տանող խոշոր առեւտրական ճանապարհի մաս դառնա։
Թեեւ սա տոնելու արժանի կարեւոր քայլ է, խաղաղ բանակցություններ վարելու իմ տասնամյակների փորձը վկայում է, որ միջազգային դիտորդները լքում են արարողությունները՝ գոհ լինելով կատարված աշխատանքից, մինչդեռ շահագրգիռ կողմերը կենտրոնանում են նրա վրա, ինչ չեն ստացել։ Եվ հիմա առկա է ռիսկը, որ Սպիտակ տանը կայացած միջոցառումը կարող է գործարկել մի գործընթաց, որն իրականում կխաթարի խաղաղության հեռանկարը։

Նախ, վերջնական համաձայնագիր չի լինելու առնվազն մեկ տարի, քանի որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը իր Սահմանադրությունից հեռացնի բոլոր հղումներն այն ժամանակաշրջաններին, երբ Հայաստան վերահսկում էր Ադրբեջանի մասերը, ներառյալ այն տարածքներն, որոնք պատմականորեն բնակեցված էին հայերով։ Հայաստանի Սահմանադրության ցանկացած փոփոխություն տեղի չի ունենա մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները։
Համաձայնագրից դուրս են մնացել հիմնական կողմերը, որոնց աջակցությունը վճռական նշանակություն ունի միջանցքի հաջողության համար՝ Ռուսաստանը, Իրանը, որի սահմանը անցնում է դրա կողքով, եւ Թուրքիային՝ որի միջով պետք է անցնեն ապրանքները, որպեսզի միջանցքը գործունակ լինի։ Միջանցքի երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ անորոշությունը կարող է գրավել այն խաղացողներին, ովքեր ձգտում են արագ շահույթի, սնուցելով կոռուպցիան եւ նախագիծն անպաշտպան դարձնելով այն կողմերի ազդեցությունից, որոնք շահագրգռված են դրա ձախողմամբ։
ԵՄ-ն կարող է օգնել այս հարցում։ Եվրոպական կապիտալը կարող է դառնալ միջանցքի ապահովագրման եւ ֆինանսավորման ամենաէժան եւ հուսալի եղանակը՝ ապահովելով դրա հաջողությունը։ Բայց ԵՄ-ը պետք է ավելացնի Հայաստանին տրամադրվող օգնությունն ու ներդրումները։
Թրամփի անձնական շահագրգռվածությունը
Արարողությունը երկու ճշմարտություն բացահայտեց: Նախ, որ ԱՄՆ-ն գլխավոր խաղացողն է Հարավային Կովկասում, որը երկար ժամանակ Ռուսաստանի ետնաբակն էր: Երկրորդը՝ խաղաղությունը հասանելի է, նույնիսկ եթե երկու երկրների քաղաքական գործիչները (հատկապես Ադրբեջանում) իրենց ժողովուրդներին պահում են պատերազմական պատրաստության մեջ։ Սա նաեւ նշանակում է Թրամփի անձնական մասնակցություն կարեւոր տարածաշրջանում՝ մասշտաբային տնտեսական օգուտների համար հեռանկար ստեղծելով։ Իրականում, Թրամփի մասնակցությունը կարող էր այս համաձայնագրին հասնելու հիմնական գործոնը լինել։

Լուսանկարը` REUTERS
Բայդենի վարչակազմում մենք ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածություն չէինք առաջարկում՝ անհանգիստ լինելով տասնյակ հազարավոր հայերի ճակատագրի համար, ովքեր փախան Լեռնային Ղարաբաղից 2023-ին, ինչպես նաեւ քաղաքական հասարակության դեմ Ադրբեջանի ճնշումների պատճառով, ներառյալ՝ USAID-ին արտաքսելու սպառնալիքները։ Այժմ Թրամփի վարչակազմն ինքն է ֆինանսավորումից զրկել USAID-ին, եւ Սպիտակ տանը կայացած արարողությունը ազդանշանում է, որ Վաշինգտոնին այլեւս չի անհանգստացնում 2020 եւ 2023 թվականների Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Բայդենի մոտեցումը «գործնական խաղաղությունն» էր, որը կողմերը կսկսեին կյանքի կոչել համաձայնագրի կնքումից հետո։
Ադրբեջանի օգուտները
Նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի ամբողջական նահանջ չստացավ, ինչին ձգտում էր, բայց շատ բան շահեց։ Համաձայնագիրը խորացնում է նրա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ օգնություն ապահովելով Նախիջեւանի հետ անվտանգ կապի համար եւ ամերիկյան ներդրումների խոստում միջանցքում։ Բայդենի թիմի կողմից առաջարկվող «գործնական խաղաղության» հիմքերից մեկը ԱՄՆ-ի խոստումն էր պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների եւ ընկերությունների դեմ, որոնք կկառուցեին, կշահագործեին կամ կօգտագործեին միջանցքը առանց Հայաստանի համաձայնության։ Ալիեւի տեսանկյունից ԱՄՆ-ի խոստումը աջակցել միջանցքին հիմա, նախքան Հայաստանը վերջնական քայլը կանի՝ փոփոխելով իր Սահմանադրությունը, կարող է նշանակել, որ այս ճնշման լծակը կորսված է։ Կարճ ասած, ԱՄՆ-ն վճարել է նախապես, մինչդեռ Ալիեւը պարզապես կրկնել է խաղաղության խոստումները, որոնք նա բազմիցս տվել է նախկինում։
Հայաստանի խնդիրները
Հայաստանում հնարավոր բացասական արձագանքը խնդիր կդառնա։ Հայաստանի համար էական խաղաղ շահաբաժիններ չեն լինելու՝ ո՛չ բաց սահման Թուրքիայի հետ, ո՛չ լրացուցիչ ներդրումներ (բացի նրանից, ինչ խոստացել էր նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2024-ի ապրիլին եւ ինչ ամրագրված է օգոստոսի 8-ին ստորագրված ամերիկա-հայկական համաձայնագրում): Միայն միջանցք, որը կապում է Ադրբեջանի տարբեր մասերը։
Սահմանադրական փոփոխությունների պարտադրման թեման գերիշխելու է նախընտրական արշավում եւ դա ավելի կվնասի Փաշինյանին։
Սա ամոթալի է։ Փաշինյանը քաջ եւ հեռատես առաջնորդ է։ Թույլ եւ Մոսկվայից կախված, կամ հարեւան Վրաստանի պես բեւեռացված Հայաստանը գրեթե հաստատ չի կարողանա մարսել այն դժվար փոխզիջումները, որոնք անհրաժեշտ են խաղաղության համար։ Իսկ Հայաստանը, որն ունակ չի լինի պահպանել համաձայնագիրը, խոցելի կլինի Մոսկվայի կամ Բաքվի միջամտության համար։
Ռուսաստանի ուրվականը
Սպիտակ տանը կայացած արարողությունը իսկապես ուժեղ ուղերձ էր Մոսկվային, որը երկար ժամանակ Հարավային Կովկասը համարում էր իր ազդեցության գոտին, բայց այժմ թուլացած է Ուկրաինայի պատերազմի, պատժամիջոցների եւ ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով։
Սակայն, հնարավոր է, սա ժամանակավոր է։ Թրամփը, երեւում է, շտապում է համաձայնության գալ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատժամիջոցների թուլացումը, Ուկրաինայում հրադադարը կամ ցանկացած փոխըմբռնում ԱՄՆ նախագահի հետ Մոսկվային կտա գործողությունների ազատություն, փող եւ ռազմական ուժ՝ Կովկասում իր ազդեցությունը ուժեղացնելու համար: Հատկապես՝ Հայաստանում, որտեղ նրա արդեն ունի (թեպետ թույլ) վստահելի մարդիկ եւ ռազմական ներկայություն։
Թեեւ հակառուսական տրամադրությունները Հայաստանում այժմ գերիշխում են, Ռուսաստանը Մոլդովայում, Ռումինիայում եւ Վրաստանում սովորել է օգնել իր նախընտրելի թեկնածուներին՝ խուսափելով բացասական արձագանքից։ Նա գրեթե հաստատ կկիրառի այս փորձը Հայաստանի ընտրություններում։
Առանց Թուրքիայի բիզնես չկա
Միջանցքի հաջողությունը կախված է գլոբալ շուկաներին մատչելի երթուղիներից, եւ թուրքական նավահանգիստները միակ մասշտաբացվող տարբերակն են։ Այսպիսով, Թուրքիան է որոշելու միջանցքի կենսունակության հեռանկարը։ Բայց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է մնում եւ, հավանաբար, փակ կմնա նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Մինչեւ խոստացված տարածաշրջանային սուպեռմայրուղին չբացվի, այս կարճ միջանցքի միակ իրական շահառուն է Բաքուն է լինելու։ Այս անորոշությունը հաշվի առնելով՝ նախագծի վաղ մասնակիցները կարող են կարճաժամկետ շահույթի ակնկալիք ունենալ՝ արտոնյալ պայմաններով վարկերի ստացում, շինարարական պայմանագրերի օգտագործում շահագրգիռ բանկերից լրացուցիչ վարկեր ստանալու համար կամ անհայտ երրորդ կողմերին կոնցեսիայի արագ վաճառքը։ «Քամելու եւ փախնելու» սկզբունքով կապիտալիզմի յուրաքանչյուր քայլ նպաստելու է կոռուպցիային, անարդյունավետությանն եւ մանիպուլյացիաներին։
Եվրոպական փողերը կարող են միջանցքի հաջողությունն ապահովելու բանալին դառնալ։ Խնդիրներին ծանոթ լինելու եւ արդեն կատարած նախապատրաստական աշխատանքների շնորհիվ եվրոպացիները կարող են ապահովել այն թափանցիկությունը, որը կենսական կլինի գիշատիչ պետությունների կողմից միջանցքի գրավումը կանխելու համար։ Պարսից ծոցի եւ Կենտրոնական Ասիայի երկրները կարող են խորը գրպաններ ունենալ, բայց նրանք դժվար կարողանան դիմադրել Ռուսաստանին եւ Իրանին: Մինչդեռ կառավարությունում եւ մասնավոր հատվածում իմ աշխատանքային փորձից ելնելով, քիչ հավանական եմ համարում, որ Զարգացման ֆինանսավորման ամերիկյան կորպորացիան կկարողանա արագ բավարար միջոցներ հատկացնել այսպիսի մասշտաբի նախագծին աջակցելու համար։
Եթե միջանցքը կարճ ժամանակահատվածում չկարողանա գլոբալ ցանցի մաս դառնալ, այն հետաքրքրություն է ներկայացնելու բացառապես Ադրբեջանի համար։ Դա էլ կարող է Մոսկվայից կախված եւ արմատական դիրքեր ունեցող հայ գործիչներին դրդել օգտագործել դա որպես Ադրբեջանի վրա ճնշման լծակ։
Միջանցքի պաշտպանության համար պատասխանատվությունը կարող է անհետանալ բազմաթիվ խաղացողների միջեւ առկա ճեղքերում։ Հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ մասնավոր զրույցներում, ամերիկյան ուժերը կարող են տեղակայվել ամերիկյան առեւտրական շահերը պաշտպանելու համար, եթե դրանք այդ ժամանակ գոյություն ունենան։ Սակայն նման քայլը քիչ հավանական է թվում։ Դժվար թե բիզնեսը ենթադրի, որ արտաքին միջամտությունների դեմ հանդես եկող նախագահը ամերիկյան զորք կուղարկի այնտեղ, որտեղ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ արդեն կրկնակի հաղթանակած Ադրբեջանը կարող են արագ սրել իրավիճակը։
Եվրոպական մայրաքաղաքները
Չնայած Լոնդոնը, Բեռլինն ու Փարիզը ակտիվ են եղել կուլիսների հետեւում, կենտրոնական բեմում հիմա Վաշինգտոնն է։ Իրականությունն այն է, որ Բաքուն եւ Երեւանը Եվրոպայում Ռուսաստանին բավարար հակակշիռ չեն տեսնում։
Սա պետք է խթանի Եվրոպային վերանայել իր գործիքները՝ իր սահմաններին գտնվող հակամարտությունների հետ փոխգործակցելու համար։ Եվրոպական գազի գնումները եւ զենքի վաճառքը Ադրբեջանին զգալիորեն գերազանցում են Հայաստանին տրամադրվող օգնությանը, համագործակցության ընդլայնման զգուշավոր առաջարկները եւ զենքի վաճառքը։ Նույնիսկ Փարիզը, որն հաստատակամորեն աջակցում էր Հայաստանին, այս տարի ձգտում էր մեղմել իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։
Սակայն, եթե խաղաղությունը հաստատվի եւ միջանցքը բացվի, եվրոպական տնտեսական ինտեգրման փորձն ավելի արդիական կդառնա։
Վաշինգտոնում կայացած արարողությունն իրական քայլ է խաղաղության ուղղությամբ։ Այն հաստատում է ամերիկյան մասնակցությունը եւ ընդգծում է երկու երկրների ձգտումները խաղաղությանը։ Բայց հակամարտության հիմնական պատճառը լուծված չէ, այլ միայն հետաձգված է, իսկ միջոցառումը դուրս է թողել այն կողմերին, որոնք փորձելու են հասնել իրենց նպատակների իրականացմանը։

ԱՄՆ հատուկ բանագնացներ Թոմ Բարաքն եւ Սթիվ Վիտկոֆը պետք է արագ գործեն, իսկ Եվրոպան կարող է կենսական դեր խաղալ միջանցքի նախագծման եւ ֆինանսավորման մեջ՝ այս հոդվածում մատնանշված ռիսկերից մի քանիսը մեղմելու նպատակով։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: