Թոմ Բարաք. Թրամփի ընկերը, «օտար գործակալը» եւ PSG-ի նախկին տերը - Mediamax.am

exclusive
763 դիտում

Թոմ Բարաք. Թրամփի ընկերը, «օտար գործակալը» եւ PSG-ի նախկին տերը


Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին
Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին

Լուսանկարը` REUTERS/Jane Rosenberg

Թոմ Բարաքը 2016 թվականին
Թոմ Բարաքը 2016 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին
Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին

Լուսանկարը` REUTERS/Jane Rosenberg


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Պատմում ենք Թոմ Բարաքի մասին, որը 40 տարվա ընթացքում տարբեր գործարքներ է կյանքի կոչել Դոնալդ Թրամփի համար:

 

1.    Ո՞վ է Թոմ Բարաքը:

 

Թոմաս Ջոզեֆ Բարաք-կրտսերը ծնվել է 1947 թվականի ապրիլի 28-ին Կալիֆոռնիայի Կալվեր Սիթի քաղաքում քրիստոնյա լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում:

 

1969 թվականին նա բակալավրի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանից (USC): Ուսման տարիներին խաղացել է համալսարանի ռեգբիի թիմում:

 

Նրա առաջին աշխատանքը Հերբերտ Կալմբախի իրավաբանական գրասենյակում էր, որը ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի անձնական իրավաբանն էր:

 

2.    Երբ է սկսվել Թոմ Բարաքի ներգրավումը Միջին Արեւելքում:

 

1972 թվականին նա մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ դարձավ սաուդյան արքայազնի սկվոշ խաղի զուգընկերը: Այս ծանոթության շնորհիվ Բարաքը սկսեց կապեր հաստատել Մերձավոր Արեւելքում:

 

3.    Արդյո՞ք Թոմ Բարաքն առաջին անգամ է պետական պաշտոն զբաղեցնում:

 

Ոչ՝ 1982 թվականին նշանակվել էր ԱՄՆ ներքին գործերի փոխնախարար Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում:

 

4.    Ե՞րբ է Թոմ Բարաքը ծանոթացել Դոնալդ Թրամփի հետ:

 

Նա առաջին անգամ Դոնալդ Թրամփի հետ գործ է ունեցել 1985 թվականին՝ վերջինիս վաճառելով Alexander's խանութների ցանցի բաժնետոմսերի 20 տոկոսը:

 

1988 թվականին Թրամփը Բարաքին 410 միլիոն դոլար վճարեց Նյու Յորքի հռչակավոր Plaza հյուրանոցի համար: Թրամփը հետագայում խոստովանել էր, որ գինը չափազանց բարձր էր, սակայն ինքը շատ էր ցանկանում դառնալ Plaza-ի սեփականատերը:

 

Իսկ Բարաքն այդ գործարքի ընթացքն այսպես էր նկարագրել. «Ես երիտասարդ շնիկ էի, իսկ նա այն ժամանակ արդեն մեծ տղա էր Նյու Յորքում»: 

 

«Այդ գործարքից հետո մենք հիանալի անձնական բարեկամություն ստեղծեցինք: Մեր կյանքերը կարծես նույն ճանապարհով էին ընթանում: Երկուսս էլ ամուսնալուծվեցինք, երկուսս էլ նույն տարիքի երեխաներ ունեցանք, հետո երկուսս էլ նորից ամուսնացանք եւ տարբեր գործարքներ արեցինք միասին», - պատմել էր գործարարը:

 

2022 թվականի դատավարության ժամանակ պատասխանելով Թրամփի հետ իր հարաբերությունների մասին հարցին՝ Բարաքն ասել էր. 

 

«Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է, ուստի հիմա ակտիվ ընկերական կապեր պահպանելը որոշակիորեն ավելի բարդ է դարձել: Բայց ես նրան մոտ ընկեր եմ համարում»:

 

5.    Ինչպես է Բարաքը օգնել Թրամփին եւ նրա փեսային:

 

1994 թվականին, երբ Թրամփը ֆինանսական դժվարություններ ուներ, Chase Manhattan Bank-ը Բարաքին հրավիրեց օգնելու համար, որովհետեւ նա «միակ մարդն էր, որը երբեւէ կարողացել էր լիարժեք գործ ունենալ Դոնալդի հետ»: 

 

Բարաքը օգնեց կանխել Թրամփի ունեցվածքի բռնագանձումը եւ ապահովեց սաուդյան թագավորական ընտանիքի աջակցությունը, սակայն Թրամփն ի վերջո ներդրողներ ներգրավվեց Հոնկոնգից:

 

2010 թվականին Թոմ Բարաքը գնեց Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների 70 միլիոն դոլարի պարտքը՝ օգնելով նրան խուսափել սնանկացումից:

 

6.    Ի՞նչպես են Բարաքը ու Թրամփը առնչվել քաղաքական գործընթացներում:

 

Թոմ Բարաքը Թրամփի 2016 թվականի նախագահական ընտրարշավի ավագ խորհրդատուն էր նրա ինագուրացիոն հանձնաժողովի նախագահը՝ հավաքագրելով ռեկորդային 107 միլիոն դոլար:

Թոմ Բարաքը 2016 թվականին Թոմ Բարաքը 2016 թվականին

Լուսանկարը` REUTERS

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Թոմ Բարաքին առաջադրեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածությունը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվեց 60 «կողմ», 36 «դեմ» հարաբերակցությամբ 2025 թվականի ապրիլի 29-ին:

 

2025 թվականի մայիսի 23-ին Թոմ Բարաքը նշանակվեց նաեւ ԱՄՆ հատուկ բանագնաց Սիրիայի հարցերով:

 

7.    Ի՞նչի համար էր մեղադրվում Թոմ Բարաքը:

 

2021 թվականի հուլիսին Թոմ Բարաքին մեղադրանք ներկայացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների ԱՄՆ-ում չգրանցված օտար գործակալի գործունեություն վարելու, արդարադատության խարխլման եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյին սուտ տեղեկություններ հաղորդելու համար: 

Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին Թոմ Բարաքի գծանկարը դատարանի դահլիճում 2022 թվականին

Լուսանկարը` REUTERS/Jane Rosenberg

Նա բանտից ազատ արձակվեց ռեկորդային 250 միլիոն դոլար գրավի դիմաց՝ GPS վերահսկողությամբ եւ ճանապարհորդելու արգելանքով: 

 

2022 թվականի նոյեմբերի 4-ին՝ 7 շաբաթ տեւած դատական գործընթացից հետո, Թոմ Բարաքն արդարացվեց ատենակալների կողմից:

 

8.    Արտասահմանյան ի՞նչ պետական պարգեւ ունի Բարաքը:

 

2010 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհեց Պատվո լեգիոնի ասպետի կոչում՝ ֆրանսիական բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում ներդրման համար:

 

9.    Ի՞նչ առնչություն ունի Բարաքը Մայքլ Ջեքսոնի եւ PSG-ի հետ:

 

2008 թվականին Բարաքի Colony Capital ընկերությունը գնեց Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոյի 22,5 միլիոն դոլարի ժամկետանց վարկը՝ փրկելով գույքը բռնագանձումից:

 

2012 թվականին Բարաքը «Պարի Սեն Ժերմեն» (PSG) ֆուտբոլային ակումբը վաճառեց Քատարի ներդրումային հիմնարկությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին