«Վաշինգտոնյան շրջանակի» օգուտներն ու վնասները Հայաստանի համար - Mediamax.am

87 դիտում

«Վաշինգտոնյան շրջանակի» օգուտներն ու վնասները Հայաստանի համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք Օտտավայի համալսարանի դասախոս Ժան-Ֆրանսուա Ռատելի The Outlook for Peace in the South Caucasus Following the Washington Framework հոդվածի հայերեն թարգմանությունը: 

Ժան-Ֆրանսուա Ռատել

Օգոստոսին Հայաստանը, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ն եռակողմ համաձայնագիր կնքեցին՝ Հարավային Կովկասի երկու պետությունների միջեւ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությանը վերջ դնելու համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավանություն տվեցին խաղաղությանը, որը ներառում է Զանգեզուրի միջանցքին եւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող կարեւորագույն դրույթները: Այն ուրվագծում է խաղաղության ուղին եւ անդրադառնում հիմնական չլուծված խնդիրներին:

Համաձայնագիրը, մասնավորապես, ենթադրում է Զանգեզուրի տարածաշրջանով անցնող «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղու» (TRIPP) ստեղծումը եւ կառավարումը: Ըստ համաձայնագրի՝ դադարեցվելու են բոլոր տարածքային պահանջները, դատական գործերը հետ են կանչվելու միջազգային դատարաններից, Մինսկի խումբը լուծարվելու է եւ ստեղծվելու է Հարավային Կովկասում ապագա համագործակցության շրջանակ:

TRIPP

TRIPP-ը ստեղծում է 99-ամյա գործընկերություն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ եւ վերջինիս տալիս է Զանգեզուրի միջանցքի ստեղծման բացառիկ հատուկ իրավունքներ՝ երկաթուղային, ճանապարհային, կապի եւ էներգետիկ ենթակառուցվածքների առումով: Գործելով Հայաստանի օրենսդրության համաձայն՝ այս երթուղին պետք է բարելավի տարածաշրջանային կապը, խթանի տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում եւ, ի վերջո, գործի որպես տարանցիկ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ՝ շրջանցելով Ռուսաստանը, նրա Հյուսիսային միջանցքը եւ Իրանը:

TRIPP-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարամյա բանակցությունների արդյունքն է: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո երկու կողմերը համաձայնեցին ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժը երկու ուղղություններով. Լաչինի միջանցքով (որը կապում էր Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը) եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ: Հայաստանը վաղուց էր առաջ մղում իր «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագիծը, ըստ որի Սյունիքի մարզում միջանցք է ստեղծվելու, որը կվերահսկվի եւ կկառավարվի Հայաստանի օրենսդրության համաձայն: Այս ծրագիրը ստեղծվել է Ադրբեջանի եւ այլ տարածաշրջանային գործընկերների, օրինակ՝ Թուրքիայի կողմից փոխադարձ քայլերի ակնկալիքով: Անորոշությունն սրվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի մնացած մասը, ինչի արդյունքում 120,000 հայեր զանգվածաբար արտագաղթեցին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հայաստանի հույսերը հիմնականում կապված են Անկարայի հետ։ Նպաստելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ այս համաձայնագիրը Հայաստանին եզակի հնարավորություն է տալիս մասնակցելու Միջին միջանցքին, որը հայտնի է նաեւ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի։ Այդպիսով Հայաստանը կհասնի եվրոպական շուկա եւ կօգտվի Ասիայի եւ Եվրոպայի հետ ընդլայնված կապերից։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ Հայաստանը դառնում է նեոգաղութատիրական որակներ ունեցող այս համաձայնագրի հիմնական շահառուն։ Ամերիկյան ընկերությունները զգալիորեն կշահեն Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների եւ էներգիայի տարանցումից, բայց հայերի համար ամերիկյան ներդրումներից ստացվող ուղղակի տնտեսական օգուտները, հավանաբար, շատ ավելի սահմանափակ կլինեն։

Վաշինգտոնյան շրջանակը

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի հիմքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտին ձեռք բերված նախնական համաձայնագիրն էր: Թրամփի վարչակազմը կարողացավ համոզել Բաքվին հրաժարվել նախապայմաններից՝ գնալով զիջումների, մասնավորապես՝ չեղարկեց ԱՄՆ-ի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ մասը, որն արգելում էր ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին 2022 եւ 2023 թվականներին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո:

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը Հայաստանին առաջարկում է շոշափելի օգուտներ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներից եւ միջազգային արդարադատությունից հրաժարվելու դիմաց: Այն ամրապնդում է Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք եւ աշխարհաքաղաքական անջատումը Ռուսաստանից՝ միաժամանակ խթանելով ԱՄՆ-ին ակտիվորեն կանխել Հարավային Կովկասում խոշոր ռազմական սրացումները: Համաձայնագրում Հայաստանի համար հստակ անվտանգության երաշխիքներ չկան, բայց այն սահմանափակում է խաղաղության գործընթացում պահանջները ավելացնելու Ադրբեջանի կարողությունը:

2020 թվականից ի վեր Հայաստանը դիվանագիտական բանակցություններում տեղի է տվել Ադրբեջանի պահանջների մեծ մասին եւ այժմ պատրաստ է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքից եւ տարածաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանությունից: Սա դժվար, բայց ընդունելի փոխզիջում է մի երկրի համար, որը մեկուսացված է եւ մշտական սպառնալիքների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։

ԱՄՆ միջնորդության դերը կարելի է մեկնաբանել որպես փորձ օգտվելու Հայաստանի խոցելիությունից՝ սեփական շահերից ելնելով, այլ ոչ որպես Ադրբեջանին բարեխիղճ բանակցություններ պարտադրելու իրական ջանք։ Ի վերջո, քանի որ ԵՄ-ն մնում է խաղաղության գործընթացում հեռավոր եւ անվստահելի գործընկեր, Հայաստանը, հավանաբար, հասել է առավելագույնին, ինչը հնարավոր էր այս դժվարին պայմաններում։

Աշխարհաքաղաքական տեղաշարժեր Հարավային Կովկասում

ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը զգալի աշխարհաքաղաքական հետեւանքներ ունի, որոնց հիմնական շահառուները Թուրքիան եւ ԱՄՆ-ն են: Համաձայնագիրը թույլ է տալիս ԱՄՆ-ին հենարան ստեղծել Հարավային Կովկասում՝ անմիջական մարտահրավեր նետելով Ռուսաստանի ավանդական ազդեցության ոլորտին: Ի տարբերություն տարածաշրջանում նախկին գործողությունների, օրինակ՝ Վրաստանում, որոնք կախված էին քաղաքական վարչակարգից, TRIPP-ի հիմքում տնտեսական խթաններն են։ Այս խթանները խրախուսում են Բաքվի եւ Երեւանի միջեւ համագործակցությունը, որը կծառայի ԱՄՆ դիրքերի բարելավմանը: Այս համաձայնագիրը մեծ նվաճում է նաեւ Թուրքիայի նոր ռազմավարության համար Հարավային Կովկասում՝ հիմնականում իր մրցակիցների՝ Ռուսաստանի եւ Իրանի հաշվին: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից երկարատեւ հրադադար ապահովելու կամ իր դաշնակից Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու ձախողումը ընդգծում է Մոսկվայի վատթարացող աշխարհաքաղաքական դիրքը Հարավային Կովկասում: Վաշինգտոնյան շրջանակը է՛լ ավելի կմարգինալացնի Ռուսաստանը տարածաշրջանում: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լարվածությունը, այդ թվում՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ադրբեջանական սպառնալիքները, զուգորդված Մոսկվայի քաղաքական միջամտությամբ Հայաստանում գործող կառավարության դեմ, ընդգծում են Ռուսաստանի ազդեցության նվազումն եւ նոր մարտահրավերները: Հայաստանը կպահպանի Սյունիքի մարզի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը եւ կվայելի Վաշինգտոնի շրջանակային համաձայնագրի տնտեսական օգուտները, բայց կդառնա Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ որոշ չափով ԱՄՆ-ի միջեւ աշխարհաքաղաքական մարտերի կիզակետը։

Միջազգային իրավունքի քայքայումը եւ ԱՄՆ-ի միջնորդությունը

Այս գործընթացի ամենամեծ զոհը օրենքի գերակայությունն է եւ 40-ամյա հակամարտության նահատակները: Չնայած Թրամփն ու Փաշինյանը համառոտ քննարկեցին Ադրբեջանում դատվող հայ ռազմագերիների ճակատագիրը, խաղաղության համաձայնագիրը լռում է հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների դատական հետապնդման, Հարավային Կովկասում մշակութային ժառանգության պաշտպանության, փախստականների հարցի, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի եւ ընդհանրապես՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հաշտեցման վերաբերյալ:
Այս պատմական խաղաղության համաձայնագիրը թերեւս խրախուսում է Բաքվի կողմից միջազգային իրավունքի խախտումները՝ էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ այլ հանցագործություններից մինչեւ Հայաստանի ինքնիշխանության խախտումը: Հետեւաբար ԱՄՆ միջնորդական ջանքերը կարծես հաստատում են նորմերի վրա հիմնված միջազգային կարգի քայքայումը՝ հօգուտ ուժային քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ռազմական ուժի գործիքային կիրառման վրա հիմնված համակարգի:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Առանց հաշվետվողականության եւ արդարադատության, հակամարտության զոհերը, նրանց ընտանիքներն ու ընկերները չեն կարող մոռանալ իրենց ցավը, քանի որ կոլեկտիվ տրավման մնում է ապագա քաղաքական անկայունության եւ մանիպուլյացիայի աղբյուր:

Խաղաղության գործընթացներում ԱՄՆ շահերի առումով սա նախադեպ է այլ հակամարտությունների համար, ինչպիսիք են Ուկրաինան եւ Գազան: Սպիտակ տան միջնորդական ջանքերը, կարծես, հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական հաշվարկներով, ոչ թե արդարացի կարգավորման հանձնառությամբ: ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շահագործել թուլությունը մարտի դաշտում՝ ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական շահերը առաջ մղելու եւ ոչ թե անկողմնակալ միջնորդ հանդես գալու համար: Այս եսասիրական միջնորդությունը կարող է դիտվել որպես հափշտակողական, նեոգաղութատիրական եւ անհամատեղելի այնպիսի սկզբունքների հետ, ինչպիսիք են խաղաղությունն ու բարոյականությունը: Թրամփի վարչակազմի որոշումը՝ կրճատել USAID-ի ֆինանսավորումը, ազդանշան էր այն փոփոխության, որ միջազգային զարգացումն այժմ լիովին ենթարկվում է աշխարհաքաղաքական ռազմավարությանը, ոչ թե ծառայում է որպես համաշխարհային ճգնաժամերը լուծելու գործիք:

Իրական պայքար Հայաստանում խաղաղության համար 

Համաձայնագիրը մեծացնում է Արեւմուտքի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, կապում է ԱՄՆ շահերը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության հետ եւ համատեղ բարգավաճման ուղի առաջարկում: Դրա հաջողությունը կախված է այն բանից, թե արդյո՞ք այն կընդունի տեղի բնակչությունը եւ կզորացրվեն ծայրահեղական խմբավորումները, որոնք առճակատումը գերադասում են խաղաղությունից: Վերնախավերի կողմից բանակցված եւ հայ կամ ադրբեջանական բնակչության կողմից մինչ այժմ անմիջական ներգրավվածություն չունեցող այս համաձայնագիրը նման է 1993 թվականի Օսլոյի խաղաղության համաձայնագրին եւ դրա իրականացման մարտահրավերներին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Վաշինգտոնյան շրջանակային համաձայնագիրը ընդունելու ճանապարհին հայ բնակչությունը դեռ հաղթահարելու զգալի խոչընդոտներ ունի, հատկապես հաշվի առնելով 2026-ի խորհրդարանական ընտրությունները եւ հավանական սահմանադրական հանրաքվեն: Փոխշահավետ տնտեսական ձեռքբերումները հաճախ ունակ են նվազեցնելու էթնիկ լարվածությունը, սակայն տվյալ դեպքում այս օգուտները ստվերում է անցյալի հանցագործությունների պատժի բացակայությունը: Լեռնային Ղարաբաղի, նրա փախստականների եւ մշակութային ժառանգության վերաբերյալ Հայաստանի պահանջների զոհաբերումը՝ տարածաշրջանային բարգավաճման հեռավոր հեռանկարի դիմաց, դժվար զիջում է թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի հայերի համար: Շատերը զգում են, որ իրենց ստիպել են «խաղաղություն կնքել զենքի սպառնալիքի տակ»:

Վաշինգտոնյան շրջանակը եւ խաղաղությունն ապահովելու առաջիկա քայլերը հավանաբար կխորացնեն մեծ քաղաքական պառակտումը հայկական քաղաքական դաշտում։ Սա մոտ ապագայում խիստ բարենպաստ պայմաններ կստեղծի Ռուսաստանի քաղաքական միջամտության համար եւ կարող է է՛լ ավելի անկայունացնել Փաշինյանի դիրքերը, որի ժողովրդական աջակցությունն արդեն իսկ հեղհեղուկ է։
 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին