Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Բաունովի Ни союзник, ни посредник. Почему Россия не может спасти Иран հոդվածի հայերեն թարգմանությունը՝ կրճատումներով:
Ալեքսանդր Բաունով
Իսրայելի եւ Իրանի պատերազմը, որին կարող է միանալ Թրամփի վարչակազմը, բարդ դրության մեջ է դրել Վլադիմիր Պուտինին: Հարձակման է ենթարկվել այն ռեժիմը, որը 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի համար մերձավոր դաշնակիցն էր դարձել: Նոր կարգավիճակը ձեւակերպվել էր ս.թ. հունվարին ստորագրված Ռազմավարական գործընկերության պայմանագրով:
Անցյալի հզորության մասին կոլեկտիվ հիշողությունը, որի վրա հիմնված է ռուսական ռեժիմի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, լի է առասպելացված պատմություններով այն մասին, թե ինչպես ժամանակին Մոսկվայի մեկ բացականչությունը բավարար էր, որպեսզի Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողությունները դադարեցվեին՝ լինի դա Անգլիայի եւ Ֆրանսիայի Սուեցի միջամտությունը, թե 60-70-ական թվականների արաբա-իսրայելական պատերազմները:
Սակայն այժմ Ուկրաինայում խրված Ռուսաստանը նման վերջնագրային բանավոր միջամտություն իրեն թույլ տալ չի կարող: Բանավոր միջուկային շանտաժի գործիքն արդեն օգտագործվել է ուկրաինական պատերազմի ընթացքում: Ոչ ոք չի հավատա, որ Մոսկվան, որն իր իսկ շահերի համար անգամ խորհրդանշորեն չի անցնել միջուկային շեմը, ավելին կանի Իրանի համար:
Բացի այդ, Իրանի դեպքում Ռուսաստանը հայտնվել է այնպիսի դրության մեջ, որում սովոր է տեսել իր հակառակորդներին Ուկրաինայի համար պայքարում: Պուտինը միշտ պնդել է, որ Ուկրաինան Ռուսաստանին պետք է ավելի, քան Արեւմուտքին, հետեւաբար, ռուսները պատրաստ են Ուկրաինայի համար ավելի շատ զոհաբերել եւ կհասնեն իրենց նպատակին: Այժմ Կրեմլում գիտակցում են, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ը պատրաստ են ավելի հեռուն գնալ իրանական ռեժիմը ոչնչացնելու համար, քան Կրեմլը՝ այն փրկելու համար:
Մոսկվայի համար ընտրությունը բարդանում է նաեւ այն պատճառով, որ Իրանի հակառակորդները ներկայում Ռուսաստանի չարագույն թշնամիներ չեն հանդիսանում: Սա վերաբերում է եւ՛ Իսրայելին, եւ՛ Ծոցի արաբական միապետություններին, եւ՛ Թրամփի վարչակազմին, որի հետ Պուտինը դեռ «մեծ գործարք» կնքելու հույս ունի:

Լուսանկարը` Kremlin.ru
Միեւնույն ժամանակ, իրանական ռեժիմը Ռուսաստանի համար այն ռեժիմների թվում է, որոնք չափազանց կարեւոր են, որպեսզի ոչնչանան: Ինչպես Չինաստանը չի կարող թույլ տալ Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում, այնպես էլ Իրանը ռուսական ռեժիմի պատկերացմամբ չպետք է պարտվի այս պատերազմում: Նրան ռազմական միջոցներով օգնելու Ռուսաստանը ո՛չ մտադրություն, ո՛չ էլ միջոցներ ունի, բայց ամեն գնով փորձում է «վաճառել» իր միջնորդական ծառայությունները:
Չափից դուրս դաշնակից
Իսրայելի հարձակումը Իրանի վրա Ռուսաստանի համար կարճաժամկետ դրական կողմեր ունի: Նավթի գինը 65-70 դոլարից բարձրացել է հարմարավետ 78 դոլարի եւ կարող է ավելի բարձրանալ: Աշխարհում ցանկացած ուժի կիրառումը, մանավանդ՝ կանխարգելիչ բնույթի, քողարկում է Ռուսաստանի գործողությունները, օգնում է ուշադրությունը շեղել Ուկրաինայում կատարվողից, բազմապատկում է երկակի չափանիշների օրինակները՝ Մոսկվան վճռականորեն օգտագործում է ուրիշների արարքները` սեփական մեղքերը կոծկելու համար:
Նույնիսկ գնային եւ քողարկիչ առավելություններն հաշվի առնելով, Իրանի դեմ տարբող պատերազմի վնասները Մոսկվայի համար ավելի մեծ են: Ուկրաինայում պատերազմից մեկնարկից ի վեր Իրանը ընդհանուր թշնամու թշնամուց վերածվել է գրեթե լիարժեք դաշնակցի: Երբ Ռուսաստանին պետք էին հարվածային դրոններ՝ Իրանը տվեց իր «Շահեդներ»-ը եւ շարունակում է մատակարարել դրանք: Իրանը կիսվեց պատժամիջոցները շրջանցելու փորձառությամբ եւ ներկրման փոխարինման սեփական արդյունքներով, միջազգային առեւտրի շրջանցիկ ուղի դարձավ, գնեց ռուսական էներգակիրների մի մասը եւ նույնիսկ վերավաճառեց դրանք միջազգային շուկայում իր էներգակիրների հետ միասին: Արդեն 2022-ից հետո Իրանը միացել է BRICS-ին եւ ՇՀԿ-ին եւ ստեղծել է ազատ առեւտրի գոտի ԵԱՏՄ ընդհանուր շուկայի հետ:
Իրանը նաեւ կարեւոր գաղափարական դաշնակից է: Արեւմուտքի նկատմամբ նրա թշնամությունը հիմնված է Ռուսաստանի հետ նման հեղափոխական ավանդականության հիմքի վրա, որը ենթադրում է կրոնական արժեքների ագրեսիվ պաշտպանություն:
Վերջապես, Իրանը, որը երկար ժամանակ այս կամ այն չափով մեկուսացված է եղել Արեւմուտքից, լիակատար ինքնիշխանության եւ բազմաբեւեռության ռուսական տարբերակի կենդանի օրինակ է հանդիսանում՝ այնպիսին, որում պետության իրավունքները բարձր են մարդու իրավունքներից, իսկ կառավարությունը լիակատար իշխանություն ունի բնակիչների նկատմամբ: Նման «լիովին ինքնիշխան» պետության պարտության հնարավորությունը դժվար ընդունելի է Մոսկվայի համար:

Լուսանկարը` Kremlin.ru
Սակայն մի շարք հանգամանքներ բարդացնում են այս պարզ, հասկանալի պատկերը: Ի տարբերություն խորհրդային ժամանակների, Իսրայելն այսօրվա Ռուսաստանի թշնամիների թվում չէ, ընդհակառակը՝ արեւմտյան ճամբարի գրեթե վերջին ոչ թշնամական պետությունն է: Թշնամիների շարքից ժամանակավորապես հանված է նաեւ Դոնալդ Թրամփի Ամերիկան: Այս ամենը խանգարում է զարգացնել ռուսական ռեժիմի համար իրադարձությունների ստանդարտ գնահատականը: Արեւմուտքի նկատմամբ անհաշտ տրամադրված Պուտինի սեփական շրջապատի
մի մասի համար նա հայտնվել է նմանատիպ իրավիճակում, որում այսօր Թրամփն է՝ Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով: Երկուսն էլ քննադատներին ասում են, որ պետք է խոսել նույնիսկ չարագույն թշնամու հետ, եթե ցանկանում ես, որ պատերազմը դադարի: Բայց այն շարունակվում է:
Սմոլենսկի հին ճանապարհը
Ավելի քան տասը տարի առաջ, Ղրիմի բռնակցումից եւ Դոնբաս առաջին ներխուժումից հետո, Ռուսաստանը հայտնվեց լայնամասշտաб պատժամիջոցների ներքո եւ դիվանագիտական մեկուսացման մեջ: Այս մեկուսացումից դուրս գալուն սիրիական պատերազմում հաջող միջամտությունը օգնեց: Այն ժամանակ Ռուսաստանը դադարեց լինել այն երկիրը, որի հետ քննարկում են Ուկրաինան, եւ վերադարձավ այն դերակատարի կարգավիճակին, ում հետ խոսում են աշխարհային գործերի մասին:
Այժմ իրավիճակը կրկնվում է: Ռուսաստանն էլ ավելի լայնամասշտաբ պատժամիջոցների ներքո է եւ ավելի մեծ մեկուսացման մեջ, իսկ Կրեմլում կրկին կենդանություն է առնում այս պատերազմը Ռուսաստանի միջազգային հարաբերությունների ծայրամաս մղելու գաղափարը` Մերձավոր Արեւելքում հերթական հակամարտության մեջ միջամտելու հաշվին: 2015 թվականին Մոսկվան, զորք ուղարկելով Սիրիա, բոլորին փաստի առջեւ կանգնեցրեց՝ ստիպելով տարածաշրջանին եւ աշխարհին ճանաչել իրեն որպես ոչ թե միայն հետխորհրդային, այլ գլոբալ տարածքի դերակատար:

Լուսանկարը` Kremlin.ru
Բայց հիմա Ռուսաստանը իրեն դա թույլ տալ չի կարող: Նրա դաշնակցի թշնամիները տեղական պարտիզաններ չեն, թեկուզ՝ արտաքին ազդեցիկ ուժերի աջակցությունը վայելող, այլ Իսրայելն է, որին կարող են միանալ ԱՄՆ-ը: Իսկ միջնորդի դերը ստանձնելու համար անհրաժեշտ է մարտնչող կողմերի համաձայնությունը, իսկ Իսրայելի դեպքում՝ նաեւ Վաշինգտոնինը:
Վերջին չորս ամիսների հայտարարությունները վերընթերցելու դեպքում նկատելի է, թե ինչպես էր Մոսկվան Վաշինգտոնին խնդրում իրեն միջնորդ դարձնել իրանական միջուկային հարցը լուծելու համար: Թրամփի եւ Պուտինի փետրվարի 12-ի առաջին հեռախոսազանգի մասին հաղորդագրության մեջ Կրեմլը փորձել էր հնարավորինս ընդլայնել քննարկված հարցերի շրջանակը եւ քննարկումն հնարավորինս հեռու տանել ուկրաինական թեմայից:
Ակնհայտ է, որ Կրեմլը պատրաստվում էր ոչ թե ուկրաինական թեմայից «մեծ աշխարհ» անցնելու սիրիական, այլ 2015 թվականին այն լրացրած իրանական տարբերակին: Այն ժամանակ Ռուսաստանը, հազիվ ավարտելով Դոնբասում լայնամասշտաբ մարտական գործողությունները, դարձավ իրանական միջուկային ծրագրի մասնակիցներից եւ միջազգային երաշխավորներից մեկը եւ գործարքի շրջանակներում իրանական միջուկային վառելիքի գլխավոր օպերատորը:
Իսրայելի օդային հարվածների սկսվելուց հետո Պուտինը փորձեց նոր պայմաններում արագացված տարբերակով իրականացնել իր միջնորդական ներուժը, որը պատրաստված էր նորացված միջուկային գործարքի բանակցությունների համար: Նա զանգել էր վարչապետ Նեթանյահուին եւ նախագահ Պեզեշկիանին, ապա՝ Թրամփին եւ առաջարկել էր իր միջնորդական ծառայությունները: Սկզբում Թրամփն ասում էր, որ բաց է ռուսական առաջարկների համար: Բայց հունիսի 14-ի Պուտինի հետ հերթական զրույցից հետո նա ասաց. «Ես նրան պատասխանեցի. ինձ ծառայություն մատուցի՝ միջնորդ եղիր քո մոտ: Արի նախ Ռուսաստանով զբաղվենք, լավ՞»:
Փոփոխական Թրամփը կարող է վաղը կրկին հանդես գալ հակառակ կարծիքով, եւ, հնարավոր է, այս պատճառով Ռուսաստանի ներսում որոշ ԶԼՄ-ներ նրա պատասխանը մեջբերում են ամբողջությամբ: Սակայն ռուսական հնարավոր միջնորդական դերի մասին կասկածներ կան ոչ միայն Վաշինգտոնում:
Պուտինի եւ Նեթանյահուի անձնական հարաբերությունները չեն վատացել, բայց իսրայելական հանրային կարծիքը հոկտեմբերի 7-ից հետո սկսել է ավելի վատ վերաբերվել Ռուսաստանին՝ ՀԱՄԱՍ-ի հետ բացահայտ բարեկամական շփումների պատճառով: Դրան ավելացել են զրույցներն այն մասին, որ իրանական հրթիռների մի մասը հաղթահարում է իսրայելական ՀՕՊ-ը՝ ռուսական արդիականացման շնորհիվ:
Իրանական քաղաքական դասակարգը եւս հնարավոր ռուսական միջնորդությանը վերաբերվում է կասկածանքով: Պաշտոնական Իրանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին՝ օրինակ, արտգործնախարար Աբբաս Արաղչիի Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում:
Ավելի հանելուկային է թվում Ռուսաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, որն ասել է, որ «սիոնիստական ռեժիմի եւ ամերիկյան զենքերի» կողմից հարձակման ենթարկված Իրանը «չի մոռանա, թե ո՛ր երկրներն են մեզ աջակցել»: Մոսկվայում դիվանագիտական առաքելության ղեկավարից ավելի հասցեական շնորհակալություն էին ակնկալում: Բայց դիվանագետի հայտարարությունը ասես ավելի ակտիվ աջակցելու կոչ լիներ:
Միջնորդության արժույթը
Պուտինն իշխանության գալու առաջին տարիներից փորձում էր միջնորդ լինել Արեւմուտքի եւ Հյուսիսային Կորեայի, Սիրիայի ու Իրանի միջեւ հարաբերություններում:
Հաջող խաղաղապահությունը հիմա էլ կարող էր վերականգնել Ռուսաստանի տեղը ազդեցիկ աշխարհային տերությունների շարքում՝ չնայած սեփական ագրեսիվ պատերազմին: Բայց ռուսական առաջարկը հստակ պահանջարկ չունի: Արեւմուտքի եւ նրա հակառակորդների միջեւ միջնորդելու նախկին փորձերը ավարտվում էին «աքսորված» երկրների ճամբար Մոսկվայի անցմամբ: Այս դիրքից միջնորդելը բարդ է: Իսկ սեփական պատերազմը զրկում է Ռուսաստանին խաղաղապահի համբավի մնացորդներից:

Լուսանկարը` Kremlin.ru
Առանց իրանական դաշնակցին փրկելու իրական կարողության Ռուսաստանը ոչ մի բանով չի առանձնանում այլ հնարավոր միջնորդների շարքից, ինչպիսիք են Թուրքիան կամ Կատարը: Այն կորցրել է հենց այն արժույթը, որով մտադիր էր վճարել Վաշինգտոնին համաշխարհային էլիտա վերադառնալու համար: Ուստի Վլադիմիր Պուտինին մնում է դիտել, թե ինչպես են կործանում իր պատկերացրած լիովին ինքնիշխան երկրներից մեկը, եւ հղում անել նրան, որ Ռուսաստանի եւ Իրանի պայմանագրերում ռազմական պարտավորություններ չկան:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: