Ներկայացնում ենք The Foreign Affairs պարբերականում հրապարակված Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի հրավիրված գիտաշխատող Զաուր Շիրիեւի The Precarious Power of Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:
Զաուր Շիրիեւ
Վերջին հինգ տարիներին քիչ երկրներ են եղել, որոնց ճակատագիրը փոխվել է այնքան, որքան Ադրբեջանինը: Դեռ 2020 թվականին փոքր, նավթով եւ բնական գազով հարուստ երկիրը խրված էր հարեւան Հայաստանի հետ տասնամյակներ տեւող հակամարտության մեջ եւ լիովին չէր վերահսկում իր տարածքը: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի անջատվողական շրջանը՝ էթնիկ հայ բնակչություն ունեցող լեռնային տարածքը, որը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում էր, կառավարում էր Հայաստանի կողմից աջակցվող ինքնահռչակ իշխանությունը: Չլուծված հակամարտությունը սահմանափակում էր Ադրբեջանի դիվանագիտությունը եւ արտաքին ներգրավվածությունը: Այն նաեւ երկիրը դրել էր ռազմավարական կախվածության մեջ, մասնավորապես՝ Ռուսաստանից, որն իրեն հռչակել էր տարածաշրջանի անփոխարինելի միջնորդ եւ օգտագործում էր փակուղին, որպեսզի Հայաստանը կախյալ մնա իր անվտանգության երաշխիքներից, եւ պահպանի Ադրբեջանի վրա իր լծակները:
Այսօր այդ իրավիճակը կտրուկ փոխված է: 2020 եւ 2023 թվականների հաջող պատերազմներից հետո, Ադրբեջանը վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ յոթ հարակից շրջանները, որոնք 1990-ականներից ի վեր օկուպացված էին հայկական ուժերի կողմից: Ադրբեջանը նաեւ վճռական առավելություն է ստացել Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինայի պատերազմով զբաղված Ռուսաստանը իր նախկին տարածաշրջանային ազդեցության մեծ մասը զիջեց Ադրբեջանին։ Քանի որ Մոսկվան կտրված է արեւմտյան շուկաներից, Ադրբեջանի կարեւորությունը որպես գլոբալ էներգամատակարար մեծացավ, այդ թվում՝ Եվրոպայի համար։ Միեւնույն ժամանակ Բաքուն ամրապնդեց կապերը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ, ընդլայնեց իր դիվանագիտական եւ տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում եւ մեծացրեց իր դերակատարությունը Մերձավոր Արեւելքում՝ ավելի լայն տարածաշրջանային հավակնություններով։ Ադրբեջանի կառավարությունը, կարծես, լավ հարաբերություններ ունի նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը գործարար կապեր ունի Բաքվի հետ դեռեւս նախագահական առաջին ժամկետից։
Այս նշանակալի հաջողությունների ֆոնին Ադրբեջանը կանգնած է կարեւոր ընտրության առաջ։ Երեսունվեց ամիս տեւած բանակցություններից հետո այն հազվագյուտ հնարավորություն ունի՝ երկարատեւ խաղաղության հասնելու Հայաստանի հետ։ Մարտի կեսերին Բաքվի եւ Երեւանի պաշտոնյաները հայտարարեցին, որ ավարտել են աշխատանքը երկար սպասված խաղաղության համաձայնագրի վրա։ Պաշտոնական դառնալու դեպքում այն վերջ կդնի անլուծելի հակամարտությանը եւ կամրագրի Հարավային Կովկասի նոր կարգը՝ տարածաշրջանի երրորդ երկրի՝ Վրաստանի հետ միասին։ Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Ադրբեջանը կօգտվի այս հնարավորությունից։ Ուժեղ դիրքից օգտվելով՝ Բաքուն Հայաստանից հետագա զիջումներ է պահանջել եւ կարծես չի շտապում կնքել գործարքը։ Միեւնույն ժամանակ, չնայած նավթի եւ գազի վրա հիմնված տնտեսությունը վերջին տարիներին բարգավաճում է բերել, այդ ձեռքբերումները փխրուն են, իսկ դիվերսիֆիկացման համար քիչ ջանքեր են գործադրվել։ Էներգակիրների գների անկումը, որն սկսվել է 2025-ին, կարող է ապակայունացնել պետական ֆինանսները եւ բացահայտել ավելի խոր խոցելի տեղեր, այդ թվում՝ սոցիալական անհավասարության աճ եւ հանրային դժգոհություն։ Ավելի քան 20 տարի իշխանության ղեկին գտնվող Իլհամ Ալիեւը շարունակ խստացնում է իր քաղաքական վերահսկողությունը եւ ճնշում այլախոհությունը՝ բնակչությանը գոհ պահելով տնտեսական աճի եւ ազգային հզորության պատումի օգնությամբ։

Լուսանկարը` Kremlin.ru
Այս թույլ կողմերը, զուգորդված աշխարհաքաղաքական անորոշության հետ, Ադրբեջանի վերելքը դարձնում են անվստահելի։ Եթե Ուկրաինայում պատերազմը սկսի մեղմանալ, Ռուսաստանը կարող է կրկին սեւեռվել տարածաշրջանի վրա, որտեղ դեռ կարող է վերահսկողություն ունենալ, այդ թվում՝ իր վաղեմի դաշնակից Հայաստանի վրա։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, Մոսկվան կարող է բացասական դեր խաղալ, հատկապես, եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապերը փակ մնան։ Այդ դեպքում Կրեմլը կարող է վերստին պարտադրել իրեն որպես տարածաշրջանային կապի հիմնական երաշխավոր՝ իր պայմաններով։ Առանց խաղաղության համաձայնագրի Ադրբեջանը կարող է տնտեսապես խոցելի եւ քաղաքականապես գերծանրաբեռնված դառնալ եւ հայտնվել ռազմավարական լճացման վտանգի ներքո։ Խաղաղության մեծ դիվիդենտներից, այդ թվում՝ արտասահմանյան ներդրումներից եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումից զրկված՝ Ադրբեջանը կարող է նաեւ կորցնել կայուն քաղաքական կարգ կառուցելու հնարավորությունը։ Արդյունքում Հարավային Կովկասը կմնա մրցակցության թակարդում, իսկ տարածաշրջանի երեք պետությունները կզրկվեն իմաստալից համագործակցություն ստեղծելու հնարավորությունից։
Ռուսաստանի նահանջը
Որոշ առումով ուշագրավ է, որ տասնամյակներ շարունակ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնագրի նախագիծ են մշակել։ Եթե չլիներ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, քիչ հավանական է, որ խաղաղության գործընթացը նույնիսկ սկսվեր։ Պատմությունը սկսվեց 2020-ին, երբ Ադրբեջանը հաղթեց վեցշաբաթյա պատերազմում՝ վերադարձնելով 1990-ականների սկզբին կորցրած տարածքների մեծ մասը։ Հաղթանակին նպաստեց իսրայելական անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիան եւ 40 միլիարդ դոլարի, տասնամյակների վերապատրաստման, Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ու համակարգման շնորհիվ վերափոխված ադրբեջանական բանակը։ Սակայն հենց այն պահին, երբ ադրբեջանական ուժերը պատրաստվում էին վերադարձնել հայերի կողմից վերահսկվող վերջին տարածքները, միջամտեց Ռուսաստանը՝ դադարեցնելով հարձակումը եւ խաղաղապահներ տեղակայելով ադրբեջանական հողում։ Բաքվի տեսանկյունից՝ Մոսկվան խլեց իր օրինական հաղթանակը։ Ադրբեջանի, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանի համար ռուսական ռազմական ներկայությունը նշանակում էր վերադարձ դեպի անցյալ։
Ադրբեջանը կախված էր Ռուսաստանից, որն օգտագործում էր իրավիճակը սեփական շահերի համար։ Մինչդեռ Հայաստանը փաստացիորեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը վստահել էր Մոսկվային՝ ենթադրելով, որ ավանդական դաշնակիցը երբեք թույլ չի տա Բաքվին լիովին վերականգնել ինքնիշխանությունը: Ուկրաինա ներխուժման նախօրեին Կրեմլը պնդում էր իր խաղաղապահների համար պաշտոնական կանոններ մշակելու անհրաժեշտությունը, որոնք թույլ կտային գործել որպես փաստացի օկուպացիոն ուժ: Ադրբեջանն ընդդիմացավ ու երբ Ռուսաստանը խրվեց Ուկրաինայում, հարցն աննկատ դուրս մնաց օրակարգից: Քանի որ խաղաղապահները պաշտոնական մանդատ կամ Մոսկվայից ուժեղ խթան չունեին, համարձակություն ձեռք բերած Ադրբեջանը սկսեց փորձարկել ռուսական ներկայությունը՝ սահմանափակ ռազմական ներխուժումներով եւ առաջ տանելով իր դիրքերը հայաբնակ տարածքներում:
2022-ից սկզբից այս քայլերը աստիճանաբար նսեմացրին Ռուսաստանի անվտանգության երաշխիքները՝ հստակ ուղերձ հղելով Հայաստանի կառավարությանը եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը, որ խաղաղապահներն այլեւս չեն միջամտելու նրանց պաշտպանելու համար: Այդ ուղերձը հաստատվեց 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց, որի արդյունքում մի քանի ժամվա ընթացքում գրավեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ առանց Ռուսաստանի դիմադրության: Զգալով, որ իրեն գերազանցում են, Հայաստանը չմիջամտեց՝ թույլ տալով Ադրբեջանին ջախջախիչ հաղթանակ տանել։ Արդյունքում ղարաբաղցի հայերը զանգվածաբար գաղթեցին դեպի Հայաստան։
Ալիեւի կառավարությունը օգտագործում էր աշխարհաքաղաքական տեղաշարժերը՝ տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու համար։ Պատժամիջոցների պատճառով Արեւմուտքից կտրված Մոսկվան սկսել էր ապավինել այլընտրանքային առեւտրային ուղիներին, մասնավորապես՝ այսպես կոչված Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին, որը Մոսկվան Ադրբեջանի եւ Իրանի միջով կապում է Պարսից ծոցի նավահանգիստներին։ Չնայած այս երթուղու ենթակառուցվածքները դեռեւս զարգանում են, այն կենսական ուղի դարձավ մեկուսացված Ռուսաստանի համար եւ ամրապնդեց Ադրբեջանի դիրքը Կրեմլի նկատմամբ։ Ռուսաստանի թուլացման հետ մեկտեղ Ադրբեջանը խորացրեց ռազմավարական կապերը Թուրքիայի հետ։ 2021 թվականի Շուշիի հռչակագրով երկրները ընդլայնեցին ռազմական համագործակցությունը եւ իրենց դաշինքը ներկայացրին որպես արտաքին միջամտության դեմ զսպող միջոց։ Մոսկվան հասկացավ, որ Բաքվի հետ բախումը կարող է սրել Թուրքիայի հետ իր բարդ եւ ռազմավարական առումով կարեւոր հարաբերությունները։
2020-ի պատերազմից հետո Ռուսաստանը դեմ էր հայ-ադրբեջանական պաշտոնական խաղաղության համաձայնագրին՝ զգալով, որ դա կթուլացնի իր դիրքերը տարածաշրջանում։ Սակայն Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիությունը՝ Վաշինգտոնի աջակցությամբ (որը նաեւ միջնորդեց գործընթացում), նախաձեռնեց բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ Բաքվի եւ Երեւանի միջեւ եւ օգնեց ստեղծել նոր բանակցային շրջանակ։ Այս ջանքերի շնորհիվ 2022-ի վերջում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. քայլ, որը գրեթե անհնար էր մեկ տարի առաջ։ Բաքուն իր հերթին դիրքավորվեց որպես ինքնուրույն խաղացող, որը կարող էր համագործակցել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ իր պայմաններով։ 2024 թվականին Բաքուն նույնիսկ կարողացավ ստիպել ռուս խաղաղապահներին հեռանալ նախատեսվածից շուտ՝ ճանապարհ հարթելով երկարատեւ երկկողմ խաղաղության համար։
Իրանի գործոնը
Հայաստանի հետ խաղաղությունը Ադրբեջանի համար Ուկրաինայում պատերազմի պատճառով բացված մի քանի հնարավորություններից միայն մեկն էր։ Երբ Եվրոպան փորձում էր նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգիայից, Բաքուն ի հայտ եկավ որպես մասնակի այլընտրանք։ Թեեւ ադրբեջանական գազի մատակարարումները չէին կարող մրցակցել ռուսական արտահանման ծավալների հետ, դրանք բավարար էին Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը ամրապնդելու համար, մասնավորապես՝ համեստ կարիքներ ունեցող հարավային Եվրոպայի երկրներում։ Հարավային գազային միջանցքի միջոցով, որն ադրբեջանական գազը Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով Եվրոպա է մատակարարում, Բաքուն ամրապնդեց իր դերը որպես հիմնական էներգետիկ գործընկեր՝ 2021-2024 թվականներին ԵՄ արտահանելով ավելի քան 44 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Սակայն շահույթն ավելի համեստ էր, քան ոմանք կանխատեսում էին Բաքվում։ Չնայած համաշխարհային էներգակիրների գների բարձրացմանը, գազի արտահանումն այդ չորս տարիների ընթացքում բերեց մոտ 12 միլիարդ դոլար. ավելի քիչ, քան Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում վաստակեց նավթից, երբ գների աճը անսպասելիորեն մեծ եկամուտ բերեց։ Հեռանկարը ավելի է մթագնում այն, որ Եվրոպան չի ցանկանում ընդլայնել էներգամատակարարման ենթակառուցվածքները, որպեսզի ավելի շատ ադրբեջանական գազ ներկրի. որոշ անդամ պետությունների կարծիքով՝ դա հակասում է դաշինքի կլիմայական հավակնոտ նպատակներին։
Երբ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի տարածքով անցնող Եվրոպա-Ասիա ավանդական առեւտրային ուղիները փլուզվեցին, Ադրբեջանը նոր տնտեսական հնարավորություններ ստացավ։ Ռուսաստանը շրջվեց դեպի Հարավային Կովկաս՝ որպես Հյուսիս-Հարավ այլընտրանքային առեւտրային ուղիների կարեւոր օղակ, եւ Ադրբեջանը օգտվեց Արեւելք-Արեւմուտք այլընտրանքային միջանցքների տարանցիկ կետի իր դիրքից, ինչին աջակցեցին Արեւմուտքի ջանքերը՝ Ասիայից առեւտրային հոսքերը ռուսական Կասպից ծովից վերաուղղորդելու դեպի այսպես կոչված Միջին միջանցք։ Չնայած այս երթուղով բեռնափոխադրումների ծավալն աճել է, այն սահմանափակ է թերի ենթակառուցվածքի ու խոչընդոտների պատճառով եւ դեռեւս կազմում է Եվրասիայի ընդհանուր առեւտրի ընդամենը 3-5 տոկոսը։ Այնուամենայնիվ այս երթուղիները արժե զարգացնել Կենտրոնական Ասիայի աճող տնտեսական կարեւորության տեսանկյունից՝ որպես կարեւորագույն հումքի, էներգիայի դիվերսիֆիկացման եւ Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ ռազմավարական հավասարակշռության աղբյուր։ Նույնիսկ եթե Միջին միջանցքը երբեք չարդարացնի իր ջատագովների մեծ սպասելիքները, Ադրբեջանի ռազմավարական դիրքը ապահովում է դրա արդիականությունը։

Լուսանկարը` REUTERS
Այս նոր աշխարհաքաղաքական ազդեցությունը չպաշտպանեց Ադրբեջանը տարածաշրջանային լարվածությունից, հատկապես հարեւան Իրանի հետ։ Թեեւ Ադրբեջանը նույնպես շիա մեծամասնությամբ երկիր է, Իրանի ազդեցությունն այստեղ կայուն նվազում է։ Հարաբերությունները կտրուկ վատթարացան 2020-ի պատերազմից հետո, որը վերականգնեց Ադրբեջանի վերահսկողությունը Իրանի հետ սահմանի մեծ հատվածի վրա եւ ամրապնդեց Բաքվի կապերը Թեհրանի մրցակիցների՝ Թուրքիայի եւ Իսրայելի հետ: 2023-ի սկզբին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը, որը Բաքվում ընկալվեց որպես Իրանի իշխանությունների կողմից հանդուրժված, եթե ոչ կազմակերպված գործողություն, նշանավորեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների ամենացածր կետը։
Չնայած լարվածությունը մեղմացել է, Իրանը կորցնում է Բաքվի նկատմամբ իր երկարամյա լծակները, այդ թվում՝ Նախիջեւանի՝ Իրանի սահմանին ադրբեջանական էքսկլավի հետ իր պատմական հարաբերությունները: 2025-ի մարտին Թուրքիան եւ Ադրբեջանը բացեցին Նախիջեւանը Թուրքիայի գազի ցանցին միացնող նոր գազատարը՝ նվազեցնելով Նախիջեւանի երկարատեւ կախվածությունը իրանական էներգիայից: Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը բացի Ադրբեջանից դեպի էքսկլավ ուղիղ ցամաքային միջանցքը Հայաստանի հարավով, Իրանը կկորցնի ազդեցության եւս մեկ կետ: Նման տեղաշարժը կնվազեցնի Իրանի դերը ոչ միայն էներգետիկ տարանցման, այլեւ տարածաշրջանային առեւտրի մեջ, որտեղ այն երկար ժամանակ ծառայել է որպես միջանցք Կենտրոնական Ասիա տեղափոխվող թուրքական ապրանքների համար: Եվ դա է՛լ ավելի կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությանը։
Իրանը ավելի խոր մտահոգություն ունի Ադրբեջանի հետ կապված. իր միջուկային ծրագրի շուրջ ապագա հակամարտության դեպքում Բաքուն կարող է Իսրայելի ռազմական գործողությունների ցատկահարթակ դառնալ։ Բացի այդ, Իրանն ունի 20 միլիոն էթնիկ ազերիներից բաղկացած անհանգիստ բնակչություն, որոնք կազմում են իրանցիների մոտ մեկ քառորդը։ Երկրի հյուսիս-արեւմուտքում բնակվող այս փոքրամասնության համար ավելի վճռական Բաքուն եւ ընդհանուր էթնիկ եւ պատմական կապերը կարող են էթնիկ համախմբում կամ նույնիսկ անջատողական ձգտումներ ոգեշնչել։
Ջրհորի հատակը
Ադրբեջանի միջազգային հեղինակության աճը չի ապահովագրել երկիրը ներքին թուլություններից: Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից հետո նախագահ Ալիեւը վայելել է ավելի մեծ ժողովրդական աջակցություն, քան երկրի հետխորհրդային պատմության որեւէ այլ ժամանակ: Տեսականորեն սա պետք է հազվագյուտ հնարավորություն ընձեռի մեծ քաղաքական փոփոխության համար. տարիներ շարունակ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների բացակայությունը եւ ռազմական ոլորտում գերներդրումները արդարացվում էին չլուծված հակամարտությամբ, եւ ադրբեջանցիներից շատերը հույս ունեին, որ հաղթանակից հետո երկիրը վերջապես կբացվի եւ կկերտվի նոր «հետղարաբաղյան» ազգային ինքնություն:

Լուսանկարը` Kremlin.ru
Սակայն այդ հույսերը արագ մարում են: 2023-ից ի վեր կառավարությունը խստացրել է իր վերահսկողությունը՝ բանտարկելով լրագրողներին, ակտիվիստներին եւ ընդդիմադիր գործիչներին՝ միաժամանակ սահմանափակելով արտասահմանյան ԶԼՄ-ների մուտքը եւ ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների եւ մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը: Կառավարությունը շարունակեց Հայաստանը ներկայացնել որպես սպառնալիք՝ հիմնվելով պատերազմի, տարածքային կորստի եւ զանգվածային տեղահանության փորձի վրա: Սակայն օկուպացված տարածքների վերադարձի եւ նոր հակամարտության նկատմամբ հանրային պահանջի բացակայության պայմաններում այս մոտեցումը նախկինի պես արձագանք չի գտնում: Կառավարությունը ցանկություն չունի փոխել հին պատումը՝ ոչ միայն այն պատճառով, որ այն օգնում է օրինականացնել ներքին վերահսկողությունը, այլեւ որովհետեւ որեւէ հստակ այլընտրանքային ազգային պատում ի հայտ չի եկել: Եվ քանի որ կառավարության պատումը թուլանում է, դժվար է անտեսել կառուցվածքային մարտահրավերները, որոնք այն ժամանակին օգնում էր թաքցնել, ներառյալ հանրային հիասթափությունը սահմանափակ տնտեսական հնարավորություններից եւ անթափանցիկ կառավարումից։
Իրականում տնտեսական խոցելիություններն աճում են: Ադրբեջանը մեծապես կախված է Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարներից ստացված անկայուն եկամուտներից: Նավթի արտադրությունը կտրուկ նվազել է 2010 թվականի օրական 823,000 բարելի գագաթնակետից մինչեւ 566,000-ը 2025 թվականի սկզբին, քանի որ արդյունահանումը դժվարացել է: Նոր պաշարների մշակումը կարող է տարիներ տեւել եւ խոշոր արտասահմանյան ներդրումներ պահանջել, ինչը դժվար խնդիր է վերականգնվող էներգիային անցնող աշխարհում: Նույնիսկ նավթի գների այս տարվա չափավոր անկումը (2025-ի սկզբին մեկ բարելի համար մոտ 80 դոլարից մինչեւ 64 դոլար մայիսի վերջին) շարունակվելու դեպքում կարող է վերացնել պետական եկամուտների ավելի քան 20 տոկոսը։

Լուսանկարը` REUTERS
Այս կառուցվածքային ռիսկերը բարդացնում են Ադրբեջանի մեծ նկրտումները: Միայն Բաքվի աշխարհագրությունը բավարար չէ Արեւելք-Արեւմուտք կարեւորագույն էներգետիկ եւ առեւտրային կենտրոն դառնալու համար։ Երկրները, որոնք հաջողությամբ օգտագործել են դիրքը՝ լինի Եվրոպայում, Պարսից ծոցում, թե Կենտրոնական Ասիայում, զուգորդել են դա ինստիտուցիոնալ հուսալիության, կարգավորման թափանցիկության եւ քաղաքական կայունության հետ։ Արտասահմանյան ներդրողները գուցե ժողովրդավարություն չպահանջեն, բայց նրանց անհրաժեշտ են կանոնների վրա հիմնված համակարգեր, որտեղ որոշումները կանխատեսելի են, ինստիտուտները գործում են հետեւողականորեն, իսկ քաղաքական միջամտությունն ու կոռուպցիան չափավոր են։ Առանց դրանց ոչ մի ուղի՝ անկախ նրանից, թե որքան ռազմավարական է, չի կարող իրացնել իր ներուժը։
Պակասող խաղաղությունը
Պատերազմը Ուկրաինայում անհավանական ձեւով փոխակերպեց Ադրբեջանի դիրքը։ Սակայն այս կարճաժամկետ ձեռքբերումները երկարատեւ կայունություն չեն երաշխավորում, եւ կառավարության չափազանց մեծ վստահությունը երկրի վերելքի նկատմամբ կարող է հակառակ արդյունք տալ։ Օրինակ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ռուսական հրթիռը սխալմամբ խոցեց ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը, Ալիեւը հրապարակավ հանդիմանեց Կրեմլին։ Բաքվի պատասխանը՝ բաց եւ հանդուգն, նոր մոտեցում ազդարարեց. Բաքուն այլեւս չի վախենում Մոսկվայից։ Սակայն իրավիճակը կփոխվի, եթե Ռուսաստանը վերահաստատվի Կովկասում։
Նմանապես Ադրբեջանի պաշտոնյաները ենթադրում են, որ իրենց երկրի դիվանագիտական մտերմությունը Իսրայելին եւ աշխարհագրական մոտիկությունը Իրանին անփոխարինելի կդարձնի Բաքուն ԱՄՆ երկարաժամկետ շահերի համար՝ անկախ նրանից, թե ով է նստած Սպիտակ տանը։ Կառավարությունը նույնիսկ ազդարարեց, որ նախընտրում է Թրամփի երկրորդ վարչակազմը՝ հաշվարկելով, որ նա ավելի կոշտ կլինի Իրանի նկատմամբ։ Սակայն այս մոտեցումն էլ վտանգներ ունի։ Եթե Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունն աճի, Թեհրանը կարող է ռազմական հարված հասցնել Ադրբեջանին կամ, օգտագործելով ազդեցությունը շիա հոգեւորականների վրա, ներքին անկարգություններ հրահրել, հատկապես եթե Բաքուն աջակցի Իսրայելին։
Ադրբեջանը կանգնեցրել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության պատմական հնարավորությունը։ Հայաստանի հետ գործարքը հետաձգելով՝ Բաքուն ներկայացրել է երկու հիմնական պահանջ. փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ՝ ենթադրյալ տարածքային պահանջները վերացնելու համար, եւ ապահովել անխափան ցամաքային միջանցք, որը կապում է մայրցամաքային Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ։ Ադրբեջանցի պաշտոնյաները լռելյայն ենթադրում են նաեւ, որ կարող են Եվրամիությունից եւ Արեւմտյան զարգացման հաստատություններից խոշոր ներդրումների երաշխիք պահանջել՝ նախկինում հայերի կողմից վերահսկվող տարածքների վերականգնման համար։ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները այժմ աստիճանաբար վերաբնակեցվում են, բայց առաջընթացը դանդաղ է. ցայսօր վերադարձել է ընդամենը մոտ 13,000 հոգի։ Շատ քաղաքներ ավերվել են, գրեթե ամեն ինչ՝ ենթակառուցվածքներից մինչեւ բնակարաններ, պետք է վերակառուցվի զրոյից՝ ականազերծման ջանքերին զուգընթաց։ Սակայն նման արեւմտյան ներդրումները կարող են եւ չլինել։
Ստեղծագործական մոտեցման, համբերատարության եւ վստահության շնորհիվ այս խնդիրներից շատերը կարելի է լուծել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի կողմնակից է, եւ եթե նրան հաջողվի համոզել հայերին, որ սահմանադրական բարեփոխումը պարզապես երկկողմանի վստահության ամրապնդման քայլ է, որը մեծ երկարաժամկետ տնտեսական օգուտներ կբերի, նա, ի վերջո, կարող է հաջողության հասնել: Սակայն եթե նա նման վիճահարույց քայլ ձեռնարկի 2026-ի կարեւորագույն խորհրդարանական ընտրություններից առաջ, ներքին քննադատները կարող են նրան մեղադրել դավաճանության մեջ, եւ խաղաղության գործընթացը կխափանվի:

Լուսանկարը` Kremlin.ru
Հատկանշական է, որ Փաշինյանը միակ խոշոր քաղաքական գործիչն է, որը ցանկանում է մշտական կարգավորում, իսկ ընդդիմադիրները առաջարկվող սահմանադրական բարեփոխումը անվանել են ազգային շահերի դավաճանություն: Եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, կարող է առաջ գալ բոլորովին այլ ղեկավարություն՝ ռեւանշիստ եւ ռուսամետ գործիչների գլխավորությամբ, որը գուցե քաղաքականապես շահավետ համարի Ադրբեջանի հետ նոր առճակատումը:
Ավելին՝ շատ հայերի համար առեւտրային ճանապարհների եւ սահմանների վերաբացումը (մի քանիսը փակ են ավելի քան երեք տասնամյակ) մնում է քաղաքական հարց, մասնավորապես՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող առաջարկվող երթուղին: Եվրամիությունը, որը երկու կողմերն էլ դեռեւս համարում են խաղաղության վստահելի միջնորդ, կարող է առաջարկել գործնական պայմանավորվածություններ, որոնք կբավարարեն կողմերի ակնկալիքները մուտքի եւ վերահսկողության վերաբերյալ՝ միաժամանակ առաջարկելով ֆինանսական օգնություն, ենթակառուցվածքային ներդրումներ եւ տեխնիկական աջակցություն: Եվրոպան նույնպես կշահի. հաջող գործարքը կօգնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռությունից մշտապես հանել Ռուսաստանը։
Թուրքիայի դերը նույնպես կարեւոր կլինի: Անկարան Հարավային Կովկասը համարում է իր ռազմավարական ներքին տարածքի մի մասը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համարում է հետկոնֆլիկտային կարգը ձեւավորելու, այլ ոչ թե գերիշխելու միջոց: Այն ամեն քայլափոխի զիջումների է գնում Բաքվին՝ խոստանալով բացել իր սահմանը Հայաստանի հետ միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Խաղաղության համաձայնագիրը Անկարային կանաչ լույս կտա եւ կօգնի զարգացնել նոր տարածաշրջանային կարգ, որտեղ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ԵՄ դիվանագիտության աջակցությամբ, կարող է Հայաստանին առաջարկել ռազմավարական կենսական ուղի եւ սահմանափակել Ռուսաստանի վերադարձը: Թուրքիայի ավելի ուժեղ տարածաշրջանային դերը կօգնի նաեւ Ադրբեջանին, որը, վերջին հաշվով, հույսը դնում է Թուրքիայի վրա՝ հակակշռելու Ռուսաստանի նոր ճնշումը: Հարցն այն չէ՝ արդյոք խաղաղության պայմանագիրը ցանկալի է, այլ այն, թե արդյոք այն կստորագրվի՝ նախքան կփակվի այն հնարավոր դարձրած պատուհանը։

Լուսանկարը` Kremlin.ru
Որքան երկար հետաձգվի կարգավորումը, այնքան ավելի խոցելի կդառնա գործընթացը փոփոխվող քաղաքական հոսանքների եւ արտաքին միջամտության նկատմամբ։ Հայաստանի ներքին անկայունությունը, համաշխարհային ուշադրության նվազումը եւ Ռուսաստանի հետաքրքրության վերականգնումը կարող են խաթարել վերջին երեք տարիների դրական քայլերը։ Ուկրաինայում Մոսկվային շեղող հանգամանքներով ստեղծված ռազմավարական բացը անվերջ չի տեւի։ Եթե հետագա աշխարհաքաղաքական տեղաշարժեր լինեն առանց կայուն կարգավորման, Ռուսաստանը դեռ կարող է գտնել իրեն վերահաստատելու ուղիներ՝ գուցե ոչ թե իր նախկին գերիշխանությունը վերականգնելու, այլ առաջընթացը խոչընդոտելու, անորոշությունը երկարաձգելու եւ իր շահերը պահպանելու համար։ Նման արդյունքը օգուտ չի բերի Ռուսաստանի ներկայությունից անմիջականորեն տուժած որեւէ կողմին՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ լայն տարածաշրջանին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: