Ներկայացնում ենք The Foreign Affairs պարբերականում հրապարակված The End of Erdogan հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հոդվածի հեղինակ Հենրի Ջ. Բարկին Լեհայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է եւ ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ավագ գիտաշխաող:
Հենրի Ջ. Բարքի
Թուրքիայի ամբոխահաճ անձնիշխան առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է իր քաղաքական գոյատեւման համար: Նա սեփական մեղքով է հայտնվել ծանր իրավիճակում. մարտի 19-ի վաղ առավոտյան Էրդողանը 200 ոստիկանների մասնակցությամբ շուրջկալեց ժողովրդականություն վայելող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի տունը: Իմամօղլուն՝ քաղաքական մրցակիցը, որին շատերը համարում են նախագահի թեկնածու, ձերբակալվեց խիստ կասկածելի կոռուպցիայի եւ ահաբեկչության մեղադրանքներով: Չնայած հանրային հավաքների արգելքին՝ ձերբակալությունը հանգեցրեց վերջին տասնամյակում Թուրքիայի ամենամեծ հակակառավարական ցույցերին, որոնք տարածվեցին երկրի նահանգներով: Ստամբուլում որոշ ցույցերի մասնակիցների թիվը մեկ միլիոնից ավելի էր, եւ շատերը երիտասարդներ էին:
Խարիզմատիկ եւ իրազեկ Իմամօղլուն կարող է բացառիկ սպառնալից մրցակից լինել: Բայց իրականում Իմամօղլուին ձերբակալելու որոշումը չէ, որ ստեղծեց այս ճգնաժամը: Ձերբակալությունն արտացոլում էր Էրդողանի աճող թուլությունը: Հանրությունը հոգնել է նրա նախագահությունից: Նրա ինքնավստահությունն ու գերիշխող ղեկավարման ոճը քայքայել են նրա կառավարման նկատմամբ նախկին ոգեւորությունը, եւ նա ավելի ու ավելի հուսահատորեն փորձում է զսպել անդիմադրելի դժգոհությունը: 2024 թվականի մարտին Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքը վկայեց, որ հարցված չափահաս թուրքերի 55 տոկոսը բացասական կարծիք ունի Էրդողանի մասին։ 2024 թվականի քաղաքային ընտրություններում նրա կուսակցությունը պարտվեց։

Լուսանկարը` REUTERS
Վերջին բողոքի ցույցերի խորությունը, ծավալն ու տեւողությունը աննախադեպ են. ցուցարարները իրենց փողոցային երթերին ավելացրին էրդողանամետ բիզնեսների բոյկոտը, առցանց ակտիվիզմն ու քաղաքացիական անհնազանդությունը: Իմամօղլուի ձերբակալությունը նաեւ նոր հարված հասցրեց Թուրքիայի առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությանը: Էրդողանը պատասխանեց՝ կրկնապատկելով հալածանքները եւ պարբերաբար ձերբակալելով Իմամօղլուի հարյուրավոր համախոհներին, այդ թվում՝ պաշտոնակիցներին, ընկերներին, նախկին գործընկերներին, թուրքական բիզնես համայնքի եւ ընտանիքի անդամներին: Սակայն այս բռնաճնշումներն այժմ ոչ թե հզոր անձնիշխանի գործողություններ են, այլ անվստահ մարդու անիմաստ շարժումներ։ Թուրքական ընդդիմությունը համարձակ է դարձել. երկար տարիներ անց առաջին անգամ նոր, եռանդուն ղեկավար ունենալով՝ նրանք ցույցեր են կազմակերպում իշխող կուսակցության հենակետերում եւ նախաձեռնություն ստանձնում, ոչ թե զիջում կառավարությանը։
Չնայած Իմամօղլուն մնում է բանտում, թակարդում հենց Էրդողանն է։ Էրդողանի ամենակարեւոր նպատակն է երկարաձգել իր նախագահական ժամկետը, քանի որ սահմանադրորեն նա սահմանափակված է երկուսով, իսկ նրա մանդատը լրանում է 2028 թվականին։ Սակայն ժողովրդականության կորուստը նրան թույլ չի տա սահմանադրությունը փոխել կամ վաղաժամկետ ընտրություններ պարտադրել։ Չորս տարի անց Էրդողանը գրեթե անկասկած այլեւս Թուրքիայի նախագահ չի լինի։ Այն փաստը, որ այդքան շատ երիտասարդ թուրքեր համարձակվել են ցույցեր անցկացնել նրա դեմ, խորհրդանշում է նրա ժողովրդականության անդառնալի անկումը։ Այս երիտասարդները գիտեին նրան որպես միակ առաջնորդ, նա կարծես հավերժ լիներ ։ Բայց այլեւս այդպես չէ. սխալ քայլերը նրան ձախողման դատապարտեցին։ Հարցումները ցույց են տալիս, որ եթե վաղը Թուրքիայում ընտրություններ անցկացվեն, նա չի հաղթի։ Անկախ ապագա զարգացումներից՝ Էրդողանի ժառանգությունը, հավանաբար, կսահմանվի իր գլխավոր հակառակորդին բանտարկելու որոշմամբ եւ օրինակ կծառայի, թե ինչպես նույնիսկ ամենաուժեղ ավտորիտար առաջնորդները կարող են կորցնել չափի զգացումը ։
Սեղմվող բռունցքը
Իմամօղլուն առաջին ականավոր քաղաքական մրցակիցը չէ, որին Էրդողանը բանտարկում է: Հայտնի քուրդ ընդդիմադիր առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը բանտարկված է 2016 թվականից՝ «պետական միասնությունը խաթարելու» համար դատապարտվելով 42 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ եւս երեք տարով՝ «Էրդողանին վիրավորելու» համար: Նրա միակ իրական «հանցանքը» քրդական բնակչության շրջանում մեծ աջակցություն վայելելն էր, որը սպառնալիք էր Էրդողանի՝ թուրքական քաղաքական դաշտը վերաձեւավորելու նկրտումների համար:
Սակայն մինչեւ Իմամօղլուի հայտնվելը Էրդողանին հաջողվել էր հանրային ընդդիմության բռնկումները կամ մրցակիցների ի հայտ գալը վերածել իր իշխանությունն ավելի ամրապնդելու պատրվակների: 2003 թվականին իշխանությունը ստանձնելուց հետո Էրդողանը խոստացավ ժողովրդավարացնել երկիրը, որի հզոր բանակը մշտապես միջամտում էր քաղաքականությանը: Սակայն երբ թուրքական բանակը մի կողմ քաշվեց, ոչինչ չէր խանգարում Էրդողանին համախմբելու իր իշխանությունը: Նրա բարեփոխական տեսլականը աստիճանաբար տեղը զիջեց ավտորիտարիզմին, եւ Էրդողանը սկսեց վերահսկել կառավարման եւ հասարակության բոլոր բաղադրիչները: Անձնիշխան առաջնորդների մեծ մասի պես՝ Էրդողանը նույնպես օգտագործել է անկանխատեսելիությունը, որպեսզի կարողանա մանիպուլացնել ինստիտուտները եւ պետությունը։ Նա աջակցել է համեմատաբար ազատ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ ընդունելով դրանց արդյունքները, երբ դրանք հարմար էին, եւ անտեսելով, երբ հարմար չէին։
2013 թվականին ցուցարարները դեմ էին կառավարության ծրագրին՝ քանդելու Ստամբուլի Գեզի այգին՝ քաղաքի վերջին կանաչ տարածքներից մեկը: Զգուշանալով, որ Թուրքիայում կարող է «արաբական գարնան» տիպի բողոքի շարժում սկսվել, Էրդողանը բռնաճշնումների դիմեց: Նա օգտագործեց բողոքի ցույցերին մասնակցելու (հաճախ կեղծ) մեղադրանքները՝ թիրախավորելու իրական եւ երեւակայական հակառակորդներին, ինչպիսին էր քաղաքացիական հասարակության առաջնորդ Օսման Քավալան, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ այլ համախոհների հետ միասին ցույցերը կազմակերպելու եւ ֆինանսավորելու համար: Տասից ավելի տարի անց Էրդողանը դեռեւս օգտագործում է Գեզի այգու ցույցերը մարդկանց հետապնդելու համար: Հունվարին ձերբակալվեց տաղանդների գործակալության սեփականատեր Այշե Բարիմը եւ մեղադրվեց բողոքի ցույցի ժամանակ կառավարությունը տապալելու ծրագրման մեջ, թեեւ որոշ մարդիկ կարծում են, որ իշխանությունները նրան թիրախավորել են դրա հետ կապ չունեցող պատճառներով։
Այնուհետեւ՝ 2016 թվականին, թուրքական բանակի մի խմբակցության կողմից ձախողված հեղաշրջումը Էրդողանին հնարավորություն տվեց արտակարգ դրություն հայտարարել, լիազորեց շրջանցել խորհրդարանն ու դատարանները եւ կառավարությունը «մաքրել» անհավատարմության մեջ կասկածվող ավելի քան 125,000 պետական ծառայողներից, զինվորական սպաներից, ուսուցիչներից, դատավորներից եւ դատախազներից: Շատերը հեռացվեցին հեղաշրջման փորձից հետո ընդամենը մեկ շաբաթում, ինչը ենթադրում է, որ Էրդողանը նախապես ուներ թշնամիների ցուցակները: Ձախողված հեղաշրջումից հետո ժողովրդականության ալիքի վրա Էրդողանը 2017-ին սահմանադրական հանրաքվե անցկացրեց: Այն Թուրքիայի խորհրդարանական համակարգը վերածեց կենտրոնացված նախագահականի՝ վերացնելով իշխանությունների տարանջատումն ու օրենքի գերակայությունը եւ խորհրդարանը օրենք դակող մեքենայի վերածելով:
Էրդողանի կառավարությունը ազատեց եւ փոխարինեց բազմաթիվ ընտրված քաղաքապետերի, հատկապես քուրդ մեծամասնություն ունեցող քաղաքներում: Նա անտեսեց Սահմանադրական դատարանի որոշումները՝ միակ պետական հաստատության, որը որոշ անկախություն ունի: Թեեւ ամենակարողության եւ անսխալականության իր կերպարին՝ Էրդողանը չափազանց զգայուն է: Թուրքական բանտերը լեփ-լեցուն են քաղաքական գործիչներով, լրագրողներով, գիտնականներով եւ քաղաքացիներով, որոնց խոսքերն ու գործողությունները մեկնաբանվել են որպես վիրավորական կամ ընդդիմադիր: Մարդիկ հաճախ ամիսներով մնում են կալանքի տակ ու սպասում դատավարության այնպիսի աննշան հանցանքների համար, ինչպիսին է սոցցանցերում նախագահի հասցեին վիրավորական համարվող հին գրառումը: 2014-2020 թվականներին Էրդողանի կառավարությունը հետաքննել է մոտ 160,000 հոգու՝ նախագահին վիրավորելու համար, եւ դատական հետապնդման է ենթարկել 35,000-ի:
Կրակի վրա յուղ լցնել
Իշխանությունը ամրապնդելու եւ ընդդիմությունը թուլացնելու գործում Էրդողանի ակնհայտ հաջողությունը թաքցնում էր նրա անզորությունը: Իմամօղլուի ձերբակալությունը թույլ վարչակազմի առաջին ցուցիչը չէր: Այս տարվա սկզբին հզոր Թուրքական արդյունաբերության եւ բիզնեսի ասոցիացիայի նախագահն ու խորհրդի նախագահը քննադատեցին պետությունը, որը բռնագրավել էր այն անձանց ընկերություններն ու ակտիվները, որոնք մեղադրվում են քրեական հանցագործությունների մեջ, բայց չեն դատապարտվել: Էրդողանի արձագանքն արագ էր. նա քրեական հետաքննություն սկսեց ասոցիացիայի ղեկավարների դեմ, իր խոսքերով, «այն բանի համար, որ մեկնաբանել են այն, ինչի մասին լավ տեղյակ չէին, եւ այդպիսով ապատեղեկատվություն տարածելու համար»:

Լուսանկարը` REUTERS
Երբ Իմամօղլուն մարտին ձերբակալվեց, նա արդեն առանձնահատուկ եւ, հնարավոր է, գոյութենական սպառնալիք էր: Էրդողանի հետագիծը կրկնելով՝ Իմամօղլուն հայտնի դարձավ որպես Թուրքիայի ամենամեծ քաղաքի շնորհալի եւ ժողովրդականություն վայելող քաղաքապետ՝ հաղթելով 2019 թվականի ընտրություններում ի հեճուկս Էրդողանին, որը փորձեց ընտրությունը չեղյալ հայտարարել եւ վերստին անցկացնել: Կենտրոնանալով ծառայությունների արդյունավետ մատուցման վրա, ընտրողների հետ բարեկամական կապեր ստեղծելով եւ Էրդողանի անտարբեր եւ անձնիշխան մոտեցման դեմոկրատական այլընտրանք ներկայանալով՝ Իմամօղլուն հաջողությամբ գրավիչ կերպար կերտեց եւ դարձավ առաջին քաղաքական թեկնածուն, որը լուրջ վտանգ էր ներկայացնում Էրդողանի իշխանության համար։ Նա բացահայտորեն մարտահրավեր նետեց Էրդողանի ավտորիտարիզմին, ինչն արձագանք գտավ շատերի մոտ։ Որպես հաջող քաղաքապետ՝ նա աչքի ընկավ ընդդիմադիր կուսակցության շարքերում, որը երկար ժամանակ չէր կարողանում ոգեշնչող թեկնածուներ գտնել կամ պատշաճ քաղաքական ռազմավարություններ իրականացնել։
2022 թվականին Իմամօղլուն դատվեց երկրի ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու համար, դատապարտվեց ազատազրկման, եւ նրան արգելվեց մասնակցել քաղաքականությանը։ Այս գործողություններին զուգընթաց կառավարամետ լրատվամիջոցները անողոք զրպարտչական արշավներ կազմակերպեցին։ Սակայն ի հեճուկս Էրդողանի ջանքերի՝ Իմամօղլուի ազդեցությունը միայն աճեց։ Նա բողոքարկեց իր դատավճիռը, որի արդյունքում դատական գործընթացը կասեցվեց մինչեւ միջնորդության արդյունքը։
Էրդողանը սկսեց օգտագործել իր բոլոր լծակները։ Իմամօղլուի ձերբակալությունից մեկ օր առաջ Ստամբուլի համալսարանը պետության կամայականության պատճառով չեղյալ հայտարարեց նրա բակալավրի աստիճանը (որը նա ստացել էր 31 տարի առաջ)՝ ձեւական պատճառով: Թուրքիայի սահմանադրությունը պարտադրում է, որ նախագահի թեկնածուները համալսարանական կրթություն ունենան, ուստի Իմամօղլուի աստիճանի անվավեր ճանաչելը թույլ չի տալիս նրան հանդես գալ որպես թեկնածու: Իմամօղլուի ձերբակալությունը չորս օրով նախորդեց իր կուսակցության կողմից նախատեսված նախնական նախագահական ընտրություններին: Թուրքական կուսակցությունները սովորաբար նախնական ընտրություններ չեն անցկացնում, իսկ Իմամօղլուն իր կուսակցության քվեաթերթիկում միակ թեկնածուն էր: Հանրային ուշադրությունը այլոց հետ կիսելուն անսովոր Էրդողանը հասկացավ, որ Իմամօղլուի ընտրությունը կբարձրացնի քաղաքապետին իրեն հավասար դիրքի մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք կարող են տեղի ունենալ միայն 2028-ին։

Լուսանկարը` REUTERS
Էրդողանը ցանկանում է վերապրել այս ճգնաժամը՝ ապավինելով բիրտ ուժի, ինչպես արեց 2013-ի Գեզի այգու ցույցերի ժամանակ: Սակայն նրա գերջանքը ակամա միավորեց եւ աշխուժացրեց ընդդիմությանը: Բողոքի ցույցերն ու տնտեսական բոյկոտները ահաբեկչություն կամ դավաճանություն անվանելը, երթերն արգելելը այսօր այնքան էլ հաջող քայլ չէ, քանի որ ընդդիմությունն ի դեմս Իմամօղլուի գրավիչ առաջնորդ ունի, ինչպես նաեւ միավորող գաղափար, այն է՝ որ Թուրքիան արժանի է ժողովրդավարություն կառուցելու շանս ունենալ։
Տարիների հիասթափեցնող արդյունքներից հետո ընդդիմությունը սկսել է վերափոխվել՝ նոր ղեկավարության ներքո ավելի կազմակերպված եւ ավելի նորարար դառնալով։ Երբ Իմամօղլուի ձերբակալությունից հետո մոլեգնում էին համազգային ցույցերը, ընդդիմադիր կուսակցությունը հրավիրեց բոլոր քաղաքացիներին մասնակցելու մարտի 23-ի նախնական նախագահական ընտրություններին՝ որպես աջակցության դրսեւորում։ Իրենց դժգոհությունը ցույց տալով՝ ավելի քան 15 միլիոն թուրք ժամերով սպասեց հերթում՝ քվեարկելու բանտում գտնվող թեկնածուի օգտին։
Էրդողանի հետապնդումների արդյունքում Իմամօղլուն դարձավ ընդդիմության անվիճելի առաջնորդ։ Բանտից Իմամօղլուն պահպանեց կապը հասարակության լայն շրջանակների հետ՝ տպավորություն ստեղծելով, որ Էրդողանը կորցրել է վերահսկողությունը։ Թուրքական KONDA ընկերության կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքում հարցվածների 67 տոկոսը համաձայն է, որ Էրդողանի վերընտրությունը «վատ» կլինի երկրի համար՝ 2023-ի հարցման 49 տոկոսի համեմատ։ Նույն հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը չի հավատում Իմամօղլուին առաջադրված մեղադրանքներին: Որքան երկար է Իմամօղլուն մնում բանտում, այնքան ավելի է աճում նրա հեղինակությունը: Ժամանակի հարց է, թե երբ նրան կսկսեն համեմատել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը կամ չեխ դրամատուրգ Վացլավ Հավելը:
Կրկնակի ընտրություն
Էրդողանի այս վարքագիծը ընդգծում է, որ Թուրքիան վերածվում է տիպիկ ավտորիտար պետության, որտեղ ընտրություններն ընդամենը ամրապնդում են գործող նախագահի իշխանական դիրքը: Սակայն Էրդողանը, կարծես, ինքն էլ է կորցրել վստահությունը իր դիրքի եւ հենակետերի անսասան աջակցության հանդեպ: Իմամօղլուի դեմ քրեական գործը պաշտպանելու եւ արդարացնելու վրա ծախսած ժամանակն ու ջանքերը բացահայտում են Էրդողանի հիասթափությունն ու անհանգստությունը: Նրա նախորդ քաղաքական ձերբակալությունները հաճախ պայմանավորված էին վրեժխնդրությամբ, բայց Իմամօղլուի կալանքն ակնհայտորեն բխում է վախից: Հեգնական է, որ Իմամօղլուի հետապնդման պատմությունը նման է Էրդողանի փորձին. երբ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ էր, նա նույնպես անարդարացիորեն բանտարկվեց, ինչը բարձրացրեց նրա հեղինակությունը եւ ապահովեց քաղաքական ապագան:

Լուսանկարը` REUTERS
Ստամբուլի քաղաքապետի բանտարկությունը, այլ պաշտոնյաների ձերբակալությունները եւ ընկերությունների ակտիվների առգրավումը ցնցեցին Թուրքիայի ֆինանսական շուկաները՝ խաթարելով վստահությունը երկամյա կայունացման միջոցառումների նկատմամբ, որոնք ուղղված էին արտարժույթի բալանսի բարելավմանը եւ գնաճի նվազեցմանը: Կայունացման ծրագրի հաջողությունը կախված է օտարերկրյա ներդրումներից, սակայն Էրդողանի կողմից օրենքի գերակայության հետագա քայքայմանն ուղղված քայլերը խոչընդոտում են նման ներդրումներին: Իմամօղլուի ձերբակալությունից երկու օր անց թուրքական լիրան հասավ ռեկորդային ցածրակետի, եւ կենտրոնական բանկը ստիպված եղավ պահուստներից 46 միլիարդ դոլար ծախսել՝ հետագա արժեզրկումը կանխելու համար: Թուրքիայի ֆոնդային շուկայի փլուզումը կանխելու համար անհրաժեշտ եղավ մի քանի անգամ կանգնեցնել դրա աշխատանքը:
Էրդողանը բախտը բերեց, որ Սպիտակ տունն այժմ զբաղեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ի տարբերություն նախագահ Ջո Բայդենի, Թրամփը խանդավառված գովաբանել է Էրդողանին եւ ազդարարել ԱՄՆ նոր քաղաքականությունը. Թրամփի վարչակազմը լռեց Իմամօղլուի ձերբակալության մասին: Սակայն Էրդողանի եւ Թրամփի սերտ հարաբերությունները կարող են իրենց գինն ունենալ. Էրդողանը պարբերաբար ամրապնդում էր իր ընտրազանգվածի աջակցությունը՝ Միացյալ Նահանգները ներկայացնելով որպես Թուրքիայի թշնամի եւ իր թերությունների համար մեղադրելով ԱՄՆ քաղաքականությունը: Այժմ նա այլեւս չի կարող մեղադրել ամերիկացիներին:
Թուրքիայի համար ողջունելի իրադարձությունը՝ երկրի քրդական փոքրամասնության հետ հնարավոր խաղաղ գործընթացի մեկնարկը, կարող է Իմամօղլուի ճգնաժամի հետ համատեղ ջախջախել Էրդողանի իշխանությունը։
2024-ի հոկտեմբերին Էրդողանի կոալիցիոն գործընկերը՝ Թուրքիայի հայտնի գերազգայնական Դեւլեթ Բահչելին, ի զարմանս շատերի, երկխոսություն սկսեց խորհրդարանում Թուրքիայի քրդաբնակ շրջանները ներկայացնող կուսակցության եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Մայիսին սա հանգեցրեց նրան, որ ՔԱԿ-ն պաշտոնապես հրաժարվեց իր 40-ամյա զինված պայքարից եւ լուծարվեց։ Նույնիսկ եթե Էրդողանն էր կանաչ լույս տվել Բահչելիին, նա ոգեւորված չէր ո՛չ գործընթացով, ո՛չ էլ դրա արդյունքներով. նրա ելույթը չափազանց կենտրոնացած էր անվտանգության հարցերի վրա, պատժիչ երանգ ուներ եւ խուսափեց ճանապարհային քարտեզի քննարկումից։
Գիտակցելով, որ ՔԱԿ-ի զինված պայքարը հասել է իր սահմանին, քուրդ առաջնորդները մեկ ռազմավարական պահանջ ձեւակերպեցին. սկսել ժողովրդավարացման գործընթաց։ Նրանք հասկանում էին, որ ժողովրդավարական պետությունն ու հասարակությունը, որտեղ կա իշխանությունների իրական տարանջատում եւ օրենքի գերակայություն, ավելի լավ կկարողանա հաղթահարել Թուրքիայի առջեւ ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ իրենց լեզվական իրավունքներ տրամադրելը։ Այսպիսով, Էրդողանը կանգնած է երկընտրանքի առաջ. նման ժողովրդավարացման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ բարեփոխումներն ու փոխզիջումները նրան կստիպեն քանդել իր կողմից մանրակրկիտ կերպով կառուցված անձնիշխան պետական կառուցվածքը։ Իմամօղլուին եւ նրա համախոհներին բանտում պահելու նրա ջանքերը ենթադրում են, որ իր ուզածը դա չէ։ Սակայն եթե Էրդողանը խափանի խաղաղության գործընթացը, կարող է օտարել Բահչելիին, որի կուսակցությունը Էրդողանին անհրաժեշտ է իր կոալիցիայում՝ ընտրական մեծամասնությունը պահպանելու համար։
Իշխանությունը պահպանելու համար Էրդողանը պետք է կա՛մ փոխի Թուրքիայի սահմանադրությունը, կամ, ինչն ավելի հավանական է, համոզի խորհրդարանին անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք թույլ կտան իրեն կրկին առաջադրվել։ Սակայն նույնիսկ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, հասարակական տրամադրությունների շեշտակի փոփոխությունը նշանակում է, որ նրա հաղթանակը ամենեւին երաշխավորված չէ։ Ավելի ու ավելի մեկուսացած, շողոքորթներով շրջապատված Էրդողանը, հավանաբար, կպահպանի իր գործելաոճը եւ ցանկացած մարտահրավերի դեպքում կօգտագործի պետության պատժիչ ուժը։ Սակայն արգելքների, ձերբակալությունների եւ ընտրված տեղական պաշտոնյաների կամայական հեռացման սահման կա, որից հետո Թուրքիան կարող է վերածվել միակուսակցական պետության։

Լուսանկարը` REUTERS
Փաստն այն է, որ անսասան թվացող Էրդողանն այլեւս մանեւրելու տարածք չունի։ Ընտրելով իր հեռանալու ժամանակն ու եղանակը՝ նա կարող է հեշտացնել իշխանության փոխանցումը նոր առաջնորդին եւ ապահովել, որ Թուրքիան խաղաղ լինի։ Նա դեռ կարող է թողնել իր հետքը պատմության մեջ։ Սակայն նրա անհատականությունից ելնելով՝ նման փոփոխություն հավանաբար չի լինելու։ Եթե Էրդողանը հավատարիմ մնա իրեն բնորոշ մոտեցմանը, վտանգ կա, որ թուրք հանրությունը վճռականորեն կշրջվի նրա դեմ, եւ նրա երկարատեւ, իրադարձություններով լի պաշտոնավարումը պարզապես կհիշվի որպես անձնիշխանության դարաշրջան։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: