Դարոն Աճեմօղլու. ԱԲ գործակալները կարող են աշխարհն ավելի անհավասար դարձնել - Mediamax.am

exclusive
675 դիտում

Դարոն Աճեմօղլու. ԱԲ գործակալները կարող են աշխարհն ավելի անհավասար դարձնել


Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS

Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր, 2024 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Դարոն Աճեմօղլու

Արհեստական բանականության (ԱԲ) «գործակալները» գալիս են՝ անկախ նրանից, պատրաստ ենք, թե ոչ։ Թեեւ չափազանց անորոշ է, թե երբ ԱԲ մոդելները կկարողանան ինքնուրույն փոխազդել թվային հարթակների, այլ արհեստական բանականության գործիքների եւ նույնիսկ մարդկանց հետ, կասկած չկա, որ այս զարգացումը փոխակերպող կլինի՝ լավ կամ վատ իմաստով: Այնուամենայնիվ, չնայած գործակալական ԱԲ-ի շուրջ բոլոր մեկնաբանություններին (եւ աղմուկին), կարեւորագույն հարցերը անպատասխան են մնում: Ամենամեծն այն է, թե ի՞նչ տեսակի ԱԲ գործակալ է ցանկանում ստեղծել տեխնոլոգիական արդյունաբերությունը:  

Տարբեր մոդելներ շատ տարբեր հետեւանքներ կունենան: «ԱԲ-ն որպես խորհրդատու» մոտեցմամբ՝ ԱԲ գործակալները անհատապես չափորոշված առաջարկություններ կանեն որոշում կայացնողներին՝ վերջին խոսքը թողնելով մարդկանց: Սակայն «ինքնավար ԱԲ» մոդելի դեպքում գործակալներն են որոշում ընդունելու մարդկանց անունից: Դա խոր եւ հեռուն գնացող հետեւանքներ կունենա:

Մարդիկ ամեն օր հարյուրավոր որոշումներ են կայացնում, որոնցից մի քանիսը կարող են լուրջ հետեւանքներ են ունենալ նրանց կարիերայի, բարեկեցության կամ երջանկության վրա: Այս որոշումներից շատերը հիմնված են անկատար կամ թերի տեղեկատվության վրա, կայացվում են ավելի շատ զգացմունքների, ինտուիցիայի, բնազդների կամ ազդակների հիման վրա: Ինչպես ասել է Դեյվիդ Հյումը՝ «բանականությունը կրքերի ստրուկն է միայն եւ պետք է այդպիսին լինի»: Մարդիկ կարող են որոշումների մեծ մասը կայացնել առանց համակարգված պատճառաբանության կամ հետեւանքների նկատմամբ պատշաճ ուշադրության, բայց, ինչպես Հյումը նշել «պետք է» բառով, դա այդքան էլ վատ բան չէ: Դա է մեզ մարդ դարձնում: Կիրքը արտացոլում է նպատակը եւ կարող է նաեւ առանցքային դեր խաղալ բարդ աշխարհում կողմնորոշվելու մեջ:

ԱԲ խորհրդատուների օգնությամբ, որոնք տրամադրում են անհատականացված, հուսալի, համատեքստային, օգտակար տեղեկատվություն, շատ կարեւոր որոշումներ կարող են բարելավվել, բայց մարդկային շարժառիթները գերիշխող կմնան: Բայց ի՞նչ վատ բան կլինի, եթե ինքնավար ԱԲ-ները մեր անունից որոշումներ կայացնեն: Արդյո՞ք չեն օգնի բարելավել որոշումների կայացումը, խնայել ժամանակն ու կանխել սխալները:

Այս հեռանկարը մի քանի խնդիր ունի։ Նախ, մարդկային գործոնը կարեւոր է մարդու ուսման եւ բարգավաճման համար: Որոշումներ կայացնելու եւ արդյունքների մասին մտածելու բուն գործողությունը (նույնիսկ եթե տվյալներն ու խորհուրդները տալիս են ոչ մարդկային գործակալները) հաստատում է մեր սեփական կամքի եւ նպատակի զգացումը: Մարդկանց գործի մեծ մասը գործողության օպտիմալ ընթացքը որոշող հաշվարկները կամ տվյալներ հավաքելը չէ. խոսքն ավելի շատ բացահայտման մասին է՝ մի երեւույթի, որը գնալով ավելի հազվադեպ է դառնալու, եթե բոլոր որոշումները փոխանցվեն ԱԲ գործակալին:

Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS


Ավելին, եթե տեխնոլոգիական արդյունաբերությունը հիմնականում զբաղվի ինքնավար ԱԲ գործակալներով, մարդկային աշխատատեղերի ավտոմատացման հավանականությունը զգալիորեն կմեծանա: Սակայն եթե ԱԲ-ն ավտոմատացման արագացման միջոց դառնա, համընդհանուր բարգավաճման հույսերը կկործանվեն:

Ամենակարեւորը՝ սկզբունքային տարբերություն կա ԱԲ գործակալների միջեւ, որոնք գործում են մարդկանց անունից, եւ մարդկանց, որոնք գործում են իրենց անունից: Շատ միջավայրեր, որտեղ մարդիկ փոխազդում են, ունեն եւ՛ համագործակցային, եւ՛ կոնֆլիկտային տարրեր: Դիտարկենք այն դեպքը, երբ մի ընկերություն ապրանք է տրամադրում մյուսին: Եթե այս ապրանքը բավականաչափ արժեքավոր է գնորդի համար, ապա ընկերությունների միջեւ առեւտուրը փոխշահավետ է (եւ սովորաբար օգուտ է բերում նաեւ հասարակությանը):

Բայց որպեսզի որեւէ փոխանակում տեղի ունենա, ապրանքի գինը պետք է որոշվի ըստ էության կոնֆլիկտային գործընթացով: Որքան բարձր է գինը, այնքան ավելի շատ կշահի վաճառողը գնորդի համեմատ: Նման սակարկությունների արդյունքը հաճախ որոշվում է նորմերի (օրինակ՝ արդարություն), հաստատությունների (օրինակ՝ պայմանագրեր, որոնց խախտումը ծախսատար է) եւ շուկայական ուժերի (օրինակ՝ արդյո՞ք վաճառողը կարող է վաճառել ապրանքը մեկ ուրիշին) համակցությամբ։ Բայց պատկերացրեք, որ գնորդը անզիջում լինելու համբավ ունի եւ համաձայն է միայն ամենացածր գնին: Եթե այլ գնորդներ չլինեն, վաճառողը ստիպված կլինի ընդունել ցածր գնի առաջարկը:


Բարեբախտաբար, մեր առօրյա գործարքներում նման անզիջում դիրքորոշումը հազվադեպ է՝ մասամբ այն պատճառով, որ չարժե վատ համբավ ունենալ եւ, որ ավելի կարեւոր է, մարդկանց մեծամասնությունը նման ագրեսիվ ձեւով գործելու  ո՛չ նյարդեր ունի, ո՛չ էլ ցանկություն: Իսկ հիմա պատկերացրեք, որ գնորդն ունի ինքնավար ԱԲ գործակալ, որը չի մտածում մարդկային նուրբ հարաբերությունների մասին եւ ունի ոչ մարդկային պողպատե նյարդեր: ԱԲ-ին կարելի է սովորեցնել որդեգրել այս անզիջում դիրքորոշումը, եւ հակառակորդը հույս չի ունենա նրան ավելի փոխշահավետ արդյունքի համոզելու: Ի հակադրություն դրա՝ ԱԲ-ն որպես խորհրդատու մոդելը կարող է առաջարկել անզիջում դիրքորոշում, բայց մարդն է ի վերջո որոշելու՝ արդյո՞ք արժե գնալ այդ ճանապարհով:

Այդպիսով՝ մոտ ապագայում ինքնավար ԱԲ գործակալները կարող են ստեղծել ավելի անհավասար աշխարհ, որտեղ միայն որոշ ընկերություններ կամ անհատներ կարող են ընդունակ, վստահելի, անդրդվելի ԱԲ մոդելներ ունենալ: Բայց նույնիսկ եթե բոլորը ի վերջո նույն գործիքներն ունենան, իրավիճակը չի բարելավվի: Մեր հասարակությունը կենթարկվի «հյուծող պատերազմի», երբ ԱԲ գործակալները ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ կհասցնեն ծայրահեղ աստիճանի:

Նման առճակատումները իրենց էությամբ ռիսկային են: Ինչպես այն վտանգավոր խաղում, երբ երկու մեքենաները սլանում են միմյանց ընդառաջ, եւ պարտվում է նա, ով առաջինը կշեղվի՝ միշտ էլ հնարավոր է, որ կողմերից ոչ մեկը չհանձնվի: Այդ դեպքում երկու վարորդներն էլ «հաղթում» են․․․ ու երկուսն էլ զոհվում են:

ԱԲ-ն, որը մարզվել է այս խաղում հաղթելու համար, երբեք չի շեղվի: Թեեւ ԱԲ-ն կարող է լավ խորհրդատու լինել մարդկանց համար՝ իրական ժամանակում տրամադրելով օգտակար, հուսալի եւ համապատասխան տեղեկատվություն, ինքնավար ԱԲ գործակալների աշխարհը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի բազմաթիվ նոր խնդիրներ՝ ոչնչացնելով տեխնոլոգիայի բազմաթիվ ձեռքբերումները:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին