Ներկայացնում ենք Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Чужая сделка. Чего хочет Россия от ядерного соглашения США и Ирана հոդվածի թարգմանությունը՝ կրճատումներով:
Նիկիտա Սմագին
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր միջուկային գործարքի հեռանկարները դեռեւս աղոտ են, սակայն կողմերն արդեն շատ ավելին են արել, քան շատերը սպասում էին։ Չնայած Դոնալդ Թրամփը ժամանակին չեղյալ էր հայտարարել համաձայնագրի նախորդ տարբերակը, այս անգամ, կարծես, նա լրջորեն մտադիր է այն ստորագրման հասցնել։
Սա դժվարին ընտրության առաջ է դնում Ռուսաստանին, որը Արեւմուտքի հետ հակամարտության հողի վրա մտերմացել է Իրանի հետ. սաբոտաժի ենթարկել բանակցությունները՝ իր դաշնակցին պատժամիջոցային մեկուսացման մեջ պահելու համար, թե փորձել կարեւոր միջնորդ դառնալ, ինչպես դա եղավ նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագրի նախորդ տարբերակի դեպքում։
Ընդհանուր առմամբ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Կրեմլի շահերից չի բխում։ Մոսկվան բավականին գոհ է այն իրավիճակից, երբ Իսլամական Հանրապետությունը՝ Արեւմուտքից մեկուսացված լինելու պատճառով, ստիպված է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա Իրանին հուսալի գործընկեր է դարձնում՝ այն ուշադրություն չի դարձնում պատժամիջոցներին եւ նրա հետ հնարավոր է երկարաժամկետ նախագծեր իրագործել։ Եթե պատժամիջոցները վերացվեն, Թեհրանի դիրքորոշումը կարող է փոխվել։
Պետք է ի նկատի ունենալ նաեւ իրանական նավթի լրացուցիչ ծավալների հնարավոր մուտքը համաշխարհային շուկաներ։ Այս հեռանկարը միշտ անհանգստացրել է ռուսական կողմին, որը Իրանին դիտարկում է որպես խոշոր մրցակից համաշխարհային ածխաջրածնային շուկայում։ Այսպիսով, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նոր միջուկային գործարքի կնքումը Կրեմլի համար լավագույն սցենարը չէ։

Լուսանկարը` Kremlin.ru
Սակայն բանակցությունների լիակատար ձախողումը նույնպես վտանգավոր է. այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է վերադառնալ ռազմական սցենարին: Ամերիկյան ռմբակոծությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Իրանի անկայունացմանը՝ ընդհուպ մինչեւ երկրի փլուզման վտանգը: Դա Ռուսաստանի համար հղի է փախստականների հոսքի եւ իր հարեւանությամբ հնարավոր քաղաքացիական պատերազմի վտանգներով: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ սցենարի դեպքում հոդս կցնդեն Իրանում բազմաթիվ ռուսական նախագծերը, որտեղ Մոսկվան վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ է արել։
Ռուսաստանի համար կատարյալ կլինեին Թեհրանի եւ Վաշինգտոնի անվերջ բանակցությունները՝ առանց իրական համաձայնության: Որոշ իմաստով, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում հիմա, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել այս կամ այն ուղղությամբ։
Անգամ եթե Ռուսաստանը ցանկանար սաբոտաժի ենթարկել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը, այն բանակցային գործընթացի վրա ազդելու այնքան էլ շատ հնարավորություններ չունի: Եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան, դա կանխել հնարավոր չի լինի: Հետեւաբար, եթե գործարքը անխուսափելի թվա, Կրեմլն ավելի շուտ կփորձի զբաղեցնել դրա կարեւոր մասնակցի տեղը՝ գործընթացի վրա լծակներ ձեռք բերելու համար։
Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն հիմա նույնպես հետաքրքրված են Ռուսաստանի մասնակցությամբ։ Թեհրանին միջնորդներ են անհրաժեշտ՝ համաձայնագրի իրականացման հնարավորությունները մեծացնելու եւ Թրամփի կամ ԱՄՆ հաջորդ նախագահի օրոք այն կրկին չեղարկելու հնարավորությունը բացառելու համար։ Ուստի, Իրանի կցանկանա հնարավորինս շատ կողմեր ներգրավել՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաեւ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան։
Թեհրանին միջնորդներն անհրաժեշտ են նաեւ որպես դիտորդներ։ Եթե գործարքին մասնակցեն միայն ամերիկացիները, ապա Իրանի միջուկային օբյեկտները դիտարկելու համար հասանելիությունը պետք է տրվի միայն նրանց։

Լուսանկարը` Kremlin.ru
ԱՄՆ-ին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է տեխնիկական հարցերը լուծելու համար։ Նախորդ գործարքում հենց Ռուսաստանն էր համաձայնել Իրանից ընդունել օգտագործված միջուկային վառելիքը, ինչը մյուս մասնակիցները պատրաստ չէին անել։ Այդ իրավիճակը կարող է կրկնվել նաեւ հիմա։
Ամեն դեպքում Իրանին պետք է լինելու ուտիլիզացնել ուրանի ավելցուկը։ Եվ, ըստ երեւույթին, Ռուսաստանը դիտարկվում որպես մի կողմ, որը պատրաստ է ստանձնել այս գործառույթը։ Նախ՝ այն ունի այս ընդունելու եւ մշակելու տեխնիկական հնարավորությունները։ Երկրորդը՝ սա այն տարբերակն է, որի վրա պնդում է Թեհրանը։ Ի վերջո, Իրանի համար շատ ավելի հեշտ կլինի Ռուսաստանից հետ ստանալ հարստացված ուրանը, եթե ԱՄՆ-ն կրկին դուրս գա գործարքից։
Կրեմլի համար նման զարգացումը ընդունելի փոխզիջում կլինի: Չնայած Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման դեպքում Ռուսաստանի համար առաջացող բոլոր ռիսկերին, Մոսկվայի վերածումը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անփոխարինելի միջնորդի մեկուսացումից դուրս գալու զգացողություն է ստեղծում: Բացի այդ, դա ռուսական կողմին ամերիկա-իրանական հարաբերությունների վրա ազդելու իրական լծակներ է տալիս:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: