Ներկայացնում ենք ամերիկահայ վերլուծաբան Ջեք Դուլգարյանի The Case for a New Armenian Armed Forces Doctrine հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջեք Դուլգարյան
Հայերի համար ամենակարեւոր սկզբունքը գոյատեւումն է։ Չնայած ցեղասպանությանը, էթնիկ զտումներին եւ թշնամական հարեւաններով շրջապատված աշխարհաքաղաքական դիրքին, հայկական քաղաքակրթությունը գոյատեւել է ավելի քան երկու հազար տարի, ինչը չափազանց տպավորիչ է։ 2016 թվականի Քառօրյա պատերազմից ի վեր բազմաթիվ հարցեր են առաջացել՝ կապված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության, ռազմական պատրաստվածության եւ սպառազինության ձեռքբերման հետ։ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի համար 2022 թվականի գրված հոդվածում գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում (2020 թ.) հայկական ուժերի պարտության հիմնական պատճառը Խորհրդային Միությունից ժառանգած թերի ռազմական դոկտրինն էր»։
Գնդապետ Ամիրխանյանը, որը ներկայում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնականն է, երեք կարեւոր փաստարկ է ձեւակերպել։ Նախ, նա վերլուծել է, թե ինչպես է Ադրբեջանը կարողացել հաղթել Հայաստանի զինված ուժերին։ Երկրորդը՝ քննադատել է խորհրդային դոկտրինը որպես պատերազմ վարելու անկենսունակ մեթոդ, եւ երրորդը՝ ուրվագծել է մի քանի դասեր, որոնք Երեւանը չքաղեց 30 տարվա ընթացքում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմից մինչեւ Երկրորդ պատերազմի ավարտը: Սույն վերլուծության հիմքում գնդապետ Ամիրխանյանի քննադատությունն է՝ ուղղված Հայաստանի կախվածությանը պատերազմ վարելու խորհրդային մեթոդից: Այն նաեւ մանեւրի եւ գոյատեւման նոր գաղափարներ է առաջարկում:
Խորհրդային «հյուծման պատերազմը» կիրառելի է որոշ երկրներում, բայց ոչ Հայաստանում
Խորհրդային ռազմական ուսմունքն ուներ յուրահատուկ՝ վերեւից ներքեւ հիերարխիկ համակարգ, որը թշնամուն գերազանցում եւ հյուծում էր իր մեծ, ճնշող զանգվածով: «Հյուծել» նշանակում է ջախջախել շարունակական հարձակման եւ ճնշման միջոցով՝ հակառակորդին ստիպելով ծախսել բոլոր ռեսուրսները: Եթե մի կողմը չի կարող (կամ չի ցանկանում) օգտագործել անհրաժեշտ մարդկային եւ սպառազինության ուժը, տնտեսությունը կամ պետական իշխանության այլ մեթոդները, պարտվող կողմը ստիպված է լինում հաղթող կողմին զիջել իր իշխանության մեծ մասը կամ ամբողջը: Խորհրդային այս մոդելը լայնորեն օգտագործել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երկու կողմերը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ժամանակակից Ռուսաստանի ամենակարկառուն ռազմավարներից մեկը՝ Վալերի Գերասիմովը, գովաբանում է խորհրդային ռազմական դոկտրինի նախահայր Ալեքսանդր Սվեչինին եւ այլոց: Մոսկվան կիրառում է հյուծման նմանատիպ մեթոդ, որը կարող է հաջողության բերել Ուկրաինայում, թեեւ ավելի մեծ զոհերի է հանգեցնում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարող է կիրառել խորհրդային մարտական մոդելը, իսկ Հայաստանը՝ ոչ:
Հայաստանի զինված ուժերի (ԶՈւ) կախվածությունը խորհրդային ռազմական ուսմունքից բխում է նախկին խորհրդային հանրապետության ժառանգությունից, իսկ ԶՈւ ղեկավարությունը կրթված է խորհրդային մտածողությամբ։ Սակայն ժամանակակից Հայաստանի անվտանգության դիրքը դժվար է համեմատել Խորհրդային Միության, Ռուսաստանի Դաշնության կամ Ուկրաինայի հետ։

Լուսանկարը` Ֆոտոլուր
Հայաստանը զգալիորեն փոքր է տարածքով եւ բնակչությամբ։ Հաշվի առնենք, թե քանի զոհ է կրել ԽՍՀՄ Կարմիր բանակը միայն Ստալինգրադում, կամ ինչ հսկա տարածքներ գրավեց նացիստական Գերմանիան ԽՍՀՄ-ում՝ նախքան Արեւելյան ճակատի փլուզումը։ Արդյո՞ք նույն խորհրդային մարտական մեթոդը կաշխատի ադրբեջանական հարձակման դեպքում՝ Թուրքիայի հնարավոր աջակցությամբ։ Ոչ։
«Մանեւրելու» եւ «գոյատեւման» ուսմունք ներդնելու կոչ
Եթե Հայաստանը չի կարող օգտագործել խորհրդային «հյուծման մարտավարությունը», ինչո՞վ պետք է այն փոխարինել։ Գնդապետ Ամիրխանյանը առաջարկում է «մանեւրային պատերազմ»։ Նա գրել է. «Խորհրդային ժառանգության օպերատիվ հայեցակարգերը թույլ չտվեցին հայկական ուժերին պատերազմի ժամանակ մանեւրային ռազմական գործողություններ կիրառել պատշաճ եւ նախորոշված հրահանգներով… հակամարտության թեժ փուլից շատ առաջ»։ Այլ կերպ ասած՝ գնդապետ Ամիրխանյանը ցանկանում է փոխել Երեւանի ռազմական դոկտրինը խորհրդային հյուծող պատերազմից դեպի «մանեւր», որը ժամանակակից արեւմտյան մտածողություն է։ Երբ Ադրբեջանը արագ հարձակվում է համակցված զենքերով, ներառյալ ճշգրիտ ծանր հրազենը եւ անօդաչու թռչող սարքերը, Հայաստանը պարզապես չի կարող հաղթել հյուծման մարտավարությամբ։ Երեւանը սահմանափակ հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի, որոնք թույլ չեն տալիս զինված ուժերին կռվել այնպես, ինչպես Ռուսաստանն ու Ուկրաինան։
Մանեւրային ուսմունքին զուգահեռ ԶՈւ-ն պետք է նաեւ առաջնահերթություն տա մարտական գործողությունների շարունակությանը, այլ ոչ այն մարտերին, որտեղ հաղթանակը կասկածելի է։ Օրինակ՝ տարածքը, որը կենսական նշանակություն չունի ազգային պաշտպանության ընդհանուր նպատակների համար, կարող է զոհաբերվել, եթե արդյունքում գործողությունները կարող են շարունակվել հանուն այլ կարեւոր առաջնահերթությունների: ԶՈւ-ն պետք է հնարավորինս շատ զինվորական եւ քաղաքացիական կյանքեր փրկի: Նպատակը պետք է լինի հնարավորինս երկար պայքարել եւ վատագույն դեպքում կանխել լիակատար կապիտուլյացիան, որի դեպքում հակառակորդը կարող է հանձնման անսահմանափակ պայմաններ թելադրել: ԶՈւ-ի երկրորդ նպատակն է ժամանակ շահել Երեւանի դիվանագիտության եւ երրորդ կողմի միջամտության համար, որոնք կդադարեցնեն ադրբեջանական եւ/կամ թուրքական հարձակումները:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
Գոյատեւման ունակությունը լրացնում է մանեւրային մտածողությունը: Արդյո՞ք այս հայեցակարգերը իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը պետք է գումար փոխառի եւ զոհաբերի հարկատուների փողը՝ նորագույն տեխնոլոգիաներ գնելու համար: Ոչ, որովհետեւ միայն տեխնոլոգիան պատերազմներում հաղթանակ չի բերում:
Ցավոք, երբ երկրները ձգտում են արագ արեւմտականացնել իրենց զինված ուժերը, նրանք կարող են ձեռք բերել գերժամանակակից զենքեր, որոնք ոչ միայն թանկ են, այլեւ չափազանց բարդ են զորքերում լայնածավալ կիրառման համար: ԶՈւ-ն պետք է լավ գիտակցի իր ուժեղ եւ թույլ կողմերը, որպեսզի խնայողաբար ձեռք բերի նոր սպառազինություն: Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում չափազանց էժան PFV հարվածային ԱԹՍ-ները ապացուցեցին, որ փոխում են մարտի արդյունքը հօգուտ հարձակվողի: Պետք է լրջորեն հաշվի առնել այդ դասերը, ոչ թե գումարներ վատնել։ Միեւնույն ժամանակ Երեւանը պետք է հասկանա, որ առկա մեծ թերությունների վրա պետք է ավելի շատ բյուջե նախատեսել, օրինակ՝ առաջադեմ ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգեր ստեղծել:
Բարեփոխումների իրականացման մի քանի նկատառումներ
Հայկական հետախուզությունը պետք է կարողանա նախապես ճշգրիտ գնահատել Հայաստանի ազգային անվտանգության ուժեղ եւ թույլ կողմերը, հակառակորդի կարողությունները եւ մտադրությունները: Երեւանը երբեք չպետք է անակնկալի գա հարձակումից կամ անպատրաստ լինի դրան: Պատշաճ նախազգուշացնող հետախուզությունը պետք է տեղեկացնի որոշում կայացնողներին հարձակումից առնվազն մի քանի օր առաջ, որպեսզի զինվորականները, քաղծառայողները անձինք եւ դիվանագետները խոչընդոտեն եւ զսպեն ագրեսորին:
Եթե սկսվի հակամարտությունը, ԶՈւ-ի որոշում կայացնողները պետք է պատրաստ լինեն հարձակման օպերատիվ պլան իրականացնել՝ հակառակորդի «ծանրության կենտրոնը» վերացնելու համար: Օրինակ, եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը պետք է թիրախավորի այն, ինչը Բաքվին տալիս է բարոյական եւ/կամ ֆիզիկական ուժ, գործողությունների ազատություն կամ գործելու կամք: Եթե այդ կենտրոնը թիրախավորվի եւ վնասվի կամ ոչնչացվի, այն զգալիորեն կթուլացնի կամ պարտության կմատնի Բաքվին:
Պետք է հարցեր բարձրացվեն եւ դրանց պատասխաններ տրվեն: Օրինակ՝ «Ինչպե՞ս կարող են ՀՀ Զինված ուժերը վերացնել թշնամու կարեւորագույն շարժիչ ուժերը մարտադաշտում առավելություն ստանալու համար»։

Լուսանկարը` Ֆոտոլուր
Կարելի է պնդել, որ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի տարածքը գրավելու վերջնական նպատակի «ծանրության կենտրոնը» Արցախի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը կտրելն էր։ Ըստ ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ Ջոն Անթալի «Մեռնելու համար յոթ վայրկյան. Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմական վերլուծություն» գրքի՝ մանեւրային պատերազմի միջոցով Ադրբեջանը առաջնահերթություն տվեց Հադրութի շրջանի հարավային եւ հարթավայրային տարածքների գրավմանը, ապա օգտագործեց իր օդային ուժը՝ լեռնային հյուսիսում գտնվող Արցախի եւ Հայաստանի օդային պաշտպանությունը թիրախավորելու համար։ Երբ Ադրբեջանը օդում առավելություն ստացավ, Արցախի եւ Հայաստանի զինվորական անձնակազմը, դրանք կապող լոգիստիկ եւ ռազմավարական դիրքերը չափազանց խոցելի դարձան։ Բաքուն հաջողության հասավ՝ օդային մշտական կրակի միջոցով Հայաստանը կտրելով Արցախից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից (2020) եւ պաշարումից (2022–2023) հետո Արցախի անկումը (2023) ընդամենը ժամանակի հարց էր։
Վերջապես պետք է անդադար տեղեկատվական պատերազմ մղել։ Ինչպես գրում է Դեյվիդ Պատրիկարակոսը իր «Պատերազմը 140 նշաններով» գրքում՝ Իսրայելը 2014 թվականի Գազայի պատերազմում հաջողության հասավ իր ռազմական գործողություններով, բայց տեղեկատվական պատերազմի պատճառով ձախողեց ռազմավարական նպատակները: Ըստ նրա վերլուծության՝ Իսրայելի անկազմակերպ եւ աննպատակային ներկայությունը սոցիալական մեդիայում աշխարհի հասարակական կարծիքի ձեւավորման գլխավոր սխալը դարձավ:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
Հետաքրքիր է նրա եզրակացությունը, որ հասարակ աղջկա քարոզչությունը վերափոխեց ժամանակակից պատերազմը, եւ Արեւմուտքի մարդիկ սկսեցին ավելի կասկածամտորեն վերաբերվել Իսրայելին, քան երբեւէ: Պատրիկարակոսի խոսքով՝ դեռահաս պաղեստինցի Ֆարահ Բեյքերը հայտնի դարձավ որպես «homo digitalis»՝ ժամանակակից տեղեկատվական մարտիկ: Պատրիկարակոսը հիշատակում է Բեյքերի անգլերեն լեզվի հմտությունները եւ ուղիղ եթերում «թվիթները», որոնց շնորհիվ նա մեծ թվով հետեւորդներ ձեռք բերեց: Ի վերջո Բեյքերը արժանացավ արեւմտյան լրատվամիջոցների ուշադրությանը:
Պատրիկարակոսը նշում է, որ Իսրայելի զինված ուժերը այդ ժամանակվանից ի վեր բարեփոխվել են, այդ թվում՝ Բեյքերի շնորհիվ: 2014 թվականից եւ «Պատերազմը 140 կերպարներով» գրքից հետո պատերազմի համաշխարհային ընկալումը էքսպոնենցիալ կերպով ձեւավորվել է սոցիալական մեդիայի միջոցով։
Տեղեկատվության ընկալման արշավների մասին սովորելուց պետք է հարցնել՝ արդյո՞ք Հայաստանն ունի հաջողակ սփյուռք։ Արդյո՞ք Հայաստանն ունի հզոր տեխնոլոգիական ոլորտ։ Արդյո՞ք սփյուռքահայերը լայնորեն ներկայացված են իրենց համապատասխան երկրների լրատվամիջոցներում, քաղաքականության, բիզնեսի եւ մշակույթի ոլորտներում։ Եթե սրանցից որեւէ մեկը ճիշտ է, ապա հայրենիքի եւ սփյուռքի համար չպետք է դժվար լինի համագործակցել ԶՈւ-ի հետ՝ լրատվամիջոցների ընկալման պաշտոնական եւ ոչ պաշտոնական արշավներ մշակելու համար։ Ցանկացած շարունակական հակամարտությունից կարելի է բազմաթիվ դասեր քաղել։ Վերջնական նպատակը պետք է լինի համոզել գերտերություններին գործել եւ դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները։ Եթե զինված ուժերը պայքարում են ժամանակ շահելու համար, ապա տեղական լրատվամիջոցները եւ համաշխարհային սփյուռքը պետք է պայքարեն միջազգային հանրության միջամտության եւ հարձակմանը վերջ դնելու համար։
Եզրակացություն
Հայաստանը պետք է շարունակի մարտահրավեր նետել հին խորհրդային պատերազմական մեթոդներին եւ էական բարեփոխումներ իրականացնի պատերազմի ռազմավարական (ազգային, երկարաժամկետ), գործառնական (ռազմական թատերաբեմին հատուկ) եւ մարտավարական մակարդակներում: Հայկական նոր ռազմական դոկտրինը՝ հիմնված մանեւրելու վրա՝ «հյուծման» փոխարեն, չպետք է միատեսակ լինի բոլորի դեպքերի համար: Այն եւ՛ գիտություն է, եւ՛ արվեստ: Այն տեսլական է, որը կոնկրետ նպատակներ է հետապնդում, բայց իրականացման ձեւով ճկուն է եւ օգտագործում է ուժեղ կողմերը՝ հաշվի առնելով թուլությունները: Դրա համար անհրաժեշտ են մանրակրկիտ ուսումնասիրություններ եւ անսասան նվիրվածություն նախապատրաստությանն ու զգոնությանը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
Հայաստանը գուցե չունի բացահայտ նվիրված դաշնակից, բայց ունի զգալի առավելություն իր տարածքը պաշտպանելու հարցում՝ շնորհիվ իր դինամիկ եւ լավ կրթված բնակչության, որն այժմ զգալի տեխնոլոգիական եւ տնտեսական առաջընթաց է գրանցում: Ավելին՝ ժողովրդավարական արժեքների ներքո Հայաստանի միասնությունն ինքնին առավելություն է իր խորապես անազատ հակառակորդների նկատմամբ, քանի որ խոսքի ազատությունն ու բանականությունը կարող են դրական ազդել զինված ուժերի բարեփոխումների վրա, ըստ արժանիքների խրախուսել անձնակազմի առաջխաղացումը եւ տնտեսապես շահավետ պայմաններ առաջարկել: Հայաստանը կարող է գոյատեւել:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: