Հարավային Կովկասում Թուրքիան կարեւոր գործընկեր է Եվրամիության համար - Mediamax.am

749 դիտում

Հարավային Կովկասում Թուրքիան կարեւոր գործընկեր է Եվրամիության համար


Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսյիայի նախագահ Էմանյուել Մակրոնը
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսյիայի նախագահ Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի հրավիրված գիտաշխատող Զաուր Շիրիեւի Why the EU Needs Turkey in the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

Զաուր Շիրիեւ

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը փորձում է կրկին վերաիմաստավորել միության մոտեցումը Հարավային Կովկասին, որպեսզի տարածաշրջանը Եվրոպայի ռազմավարական ուղեծրում մնա։

Մինչ այժմ ԵՄ-ի մոտեցումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ հիմնականում եղել է իրավիճակային՝ առանց հետեւողական տարածաշրջանային ռազմավարության, որի վրա հնարավոր կլիներ երկարաժամկետ ներգրավվածություն կառուցել։ Թեեւ դաշինքը երեք երկրների հետ տարբեր ոլորտներում զարգացրել է երկկողմ հարաբերություններ, ավելի լայն տարածաշրջանային դիրքորոշումը միասնական չէ։

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա 2022 թվականին ժամանակավորապես խթանեց ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, ինչը պայմանավորված էր ոչ միայն Մոսկվայի ազդեցությունը սահմանափակելու ցանկությամբ, այլեւ հարավկովկասյան երկրներին աջակցելու ձգտումով, որպեսզի նրանք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն տարածաշրջանային մարտահրավերներին առերեսվելիս։ Այդ պահը, սակայն, անցնում է, քանի որ Վաշինգտոնը նահանջում է տարածաշրջանից, եւ Հարավային Կովկասը այլեւս չի սահմանվում Ռուսաստան-Արեւմուտք պարզ երկվությամբ։

Իրան-Իսրայել աճող լարվածությունը եւ Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Սեւ ծովում տնտեսական կապերի ընդլայնումը մեծացնում են այնպիսի դերակատարների կարեւորությունը, ինչպիսին է Թուրքիան։

ԵՄ-ն չի կարող իրեն թույլ տալ շրջանցել Թուրքիային տարածաշրջանում։ Այն դեպի Եվրոպա Կասպից ծովի էներգիայի տարանցիկ հանգույց է եւ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւմուտքի միջեւ կարեւոր կամուրջ՝ ռազմավարական էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի շնորհիվ։ Անտեսել Անկարան՝ կնշանակի ավելորդ տարաձայնություններ ստեղծել եւ նվազեցնել ԵՄ ազդեցությունը։

Թուրքիան կրկին դարձել է եվրոպական անվտանգության մասին բանավեճերի հիմնական մասնակից։ Նրա դերը ՆԱՏՕ-ում, ներգրավվածությունը Սեւ ծովում, Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերում ընդգծել են Անկարայի ռազմավարական կշիռը։ ԵՄ-Թուրքիա համագործակցությունը հաճախ լարված է, բայց թափ է հավաքում մի քանի ճակատներում։ Միեւնույն ժամանակ, Անկարայի երկարատեւ կապերը եւ կայուն ազդեցությունը Հարավային Կովկասում (որոնք ժամանակին անտեսում էին կամ կասկածանքով էին նայում Բրյուսելում) այժմ ավելի մեծ գնահատանքի են արժանանում։

Բրյուսելում եւ Անկարայում կարծում են, որ տարածաշրջանում կարելի է ընդհանուր լեզու գտնել: Այնուամենայնիվ, նման համագործակցությունը քիչ հավանական է, եթե Բրյուսելը չհրաժարվի Անկարայի տարածաշրջանային դիրքորոշման վերաբերյալ վաղեմի ենթադրություններից եւ թույլ տա, որ բաժանված Կիպրոսի կղզու հարցը խաթարի ԵՄ ռազմավարական շահերը։

Ամենահամառ թյուրըմբռնումներից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Բաքուն եւ Երեւանը մարտին համաձայնեցրին խաղաղության համաձայնագրի տեքստը, բայց դրա ստորագրումը առայժմ սառեցված է: Թուրքիայի համար այս ճակատում առաջընթացը սերտորեն կապված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, ինչը վաղուց համարվում է Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմավարության բացակայող օղակը։

Լուսանկարը` REUTERS


Եվրոպական մայրաքաղաքները հաճախ տեսնում են Անկարան պոտենցիալ միջնորդի դերում, որը կօգտագործի Բաքվի վրա իր լծակները եւ կնպաստի համաձայնագրին։ Մյուսները կարծում են, որ Բաքու-Անկարա հարաբերություններում գերիշխող դիրքը զբաղեցնում է Ադրբեջանը, ոչ թե Թուրքիան: Երկու տեսակետներն էլ չափազանց պարզեցնում են բարդ ռազմավարական դաշինքը: Թուրքիան վարանում է Բաքվի վրա ճնշում գործադրելուց ոչ այնքան էներգետիկ կախվածության կամ գործարքային շահերի պատճառով, որքան չի ցանկանում վտանգել իր կապերը մտերիմ գործընկերոջ հետ՝ արտաքին ակնկալիքները բավարարելու կամ իր ազդեցությունը ցուցադրելու համար:

Թուրքիայի լուռ, բայց հետեւողական դիվանագիտությունը կարծես անտեսվում է։ Անկարան խրախուսել է ավելի կառուցողական դիրքորոշում Հայաստանի նկատմամբ, հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում։ Այս դերը մեծ մասամբ չի ճանաչվել ԵՄ հանրային քննարկումներում, չնայած Բրյուսելի քաղաքական գործիչները գիտեն դրա մասին։ Նույն կերպ, Անկարան Բաքվին ոչ հրապարակային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ հետ պահելով հետագա ռազմական գործողություններից։

Երեւանում նույնպես ռազմավարական փոփոխություն է տեղի ունենում։ Անկարայի հետ մերձեցումը միայն պատմական խնդիրների հաշտեցման մասին չէ. այն ավելի ու ավելի հաճախ դիտվում է որպես ԵՄ-ի հետ ավելի խոր համագործակցության եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու միջոց։ Այնուամենայնիվ, ԵՄ բազմաթիվ մայրաքաղաքներում աջակցությունը Հայաստանին շարունակում է բխել ոչ թե երկրի ռազմավարական դիրքորոշման սթափ ընկալումից, այլ հայկական սփյուռքի այն տարրերի լոբբինգից, որոնք կառավարության համեմատ պակաս պրագմատիկ դիրքորոշում ունեն Թուրքիայի հանդեպ։

Այս դինամիկան հատկապես ցայտուն է Ֆրանսիայում, որը ԵՄ-ում Հայաստանի ամենաակտիվ կողմնակիցներից է։ Փարիզի լարված հարաբերությունները Անկարայի եւ Բաքվի հետ, որոնք Հարավային Կովկասից բացի պայմանավորված են նաեւ այլ պատճառներով, լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Տարածաշրջանում ԵՄ-Թուրքիա իմաստալից գործընկերության համար պետք է զգուշորեն կողմնորոշվել այս եռանկյունում։
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսյիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսյիայի նախագահ Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Հարավային Կովկասում համագործակցությունը հատկապես խոստումնալից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու իմաստով։ Ամենազգայուն, բայց կարեւորագույն հարցերից մեկը տրանսպորտային եւ տարանցիկ ճանապարհների վերաբացումն է։ Սա կենտրոնական դեր ունի տարածաշրջանային ավելի լայն կարգավորման մեջ՝ ոչ միայն Բաքվի եւ Երեւանի, այլեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր այս կապը վերականգնելու վերաբերյալ քննարկումները կանգ են առել։ Մինչդեռ Ռուսաստանը ձգտում է դեր ունենալ վերաբացված ուղիների վերահսկողության գործում։ Այս համատեքստում ԵՄ-ն եւս կարող է ավանդ ունենալ՝ ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ խթանելով միջսահմանային տրանսպորտի առանձին համաձայնագիրը։ Թուրքիայի ներգրավվածությունը կարող է մեծացնել վստահությունը Բաքվում, որտեղ հակված են կասկածանքով վերաբերվել երրորդ կողմի մասնակցությանը։

Ռազմավարական կապը հստակ հնարավորություն է ընձեռում ԵՄ-Թուրքիա մերձեցման համար, մասնավորապես, այսպես կոչված Միջին միջանցքի միջոցով, որը Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը կապում է Եվրոպայի հետ: Ե՛վ Բրյուսելը, եւ՛ Անկարան այս միջանցքը տեսնում են որպես կարեւոր այլընտրանք Ռուսաստանի կողմից վերահսկվող ենթակառուցվածքներին, հատկապես Ուկրաինայում պատերազմից հետո։

Վերջապես, ԵՄ-ն եւ Թուրքիան շահագրգռված են աջակցել Հարավային Կովկասի երեք պետությունների ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրմանը: Անկարան եւ Բրյուսելը կարող են համատեղ վստահության ամրապնդման միջոցառումներ առաջարկել եւ աջակցել տարածաշրջանային երկխոսությանը՝ համատեղելով Թուրքիայի միավորող ունակությունը ԵՄ քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսների հետ: Բրյուսելի համար սա կարող է նաեւ հնարավորություն լինել կրկին կապ հաստատել Վրաստանի հետ, որի հետ հարաբերությունները վատթարացել են ժողովրդավարական հետընթացի եւ ԵՄ անդամակցության ուղուց շեղվելու պատճառով։

Հարավային Կովկասում ԵՄ-Թուրքիա համագործակցությունը ինքնաբերաբար չի ստացվի, բայց ընդհանուր շահերն այժմ ավելի տեսանելի են, քան երբեւէ, եւ այդ գործընկերությունը մնում է եւ՛ հնարավոր, եւ՛ գնալով ավելի անհրաժեշտ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին