Ներկայացնում ենք Looking at the implications of India’s rising profile in the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հնդկաստանը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանին՝ լրացուցիչ գործոն ավելացնելով Հարավային Կովկասի արդեն իսկ բարդ անվտանգության հավասարմանը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը կնքել է մոտ 1.5 միլիարդ դոլարի գործարքներ՝ հնդկական զենք ձեռք բերելու համար, այդ թվում՝ զենիթային հրթիռներ, հրետանային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ զինամթերք։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի՝ Երեւանի նախկին ռազմավարական դաշնակցի կողմից զենքի վաճառքը գրեթե լիովին դադարել է։ Ֆրանսիան Երեւանի հետ կնքել է մոտ 250 միլիոն դոլարի զենքի պայմանագրեր, եւ աշխարհաքաղաքական առումով Հայաստանը սկսել է թեքվել դեպի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը։
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի վերլուծությունն ընդգծում է, որ Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը՝ թե՛ զենք գնելու, թե՛ քաղաքական ներգրավվածության առումով, մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։
«Մի քանի տարի առաջ կարելի էր համարձակորեն պնդել, որ Ռուսաստանի համար Հայաստանը ոչ միայն Հարավային Կովկասում հետաքրքրության հատուկ երկիր էր, այլեւ տարածաշրջանում ռուսական ներկայության գլխավոր հենակետը, - նշվում է զեկույցում։ - Այսօր [Ռուսաստանի] ներկայությունն ու ազդեցությունը հարցականի տակ են»։
«Հայաստանը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել տարածաշրջանից դուրս խաղացողների հետ, - հավելում է զեկույցը։ - Սա իր հերթին ավելի է նեղացնում մանեւրելու տարածքը, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Հարավային Կովկասում իր դիրքերը վերականգնելու համար»։

Հայաստանի կողմից վերջերս կատարված զենքի գնումներում գործնական բաղադրիչ կա, որը բարդացնում է Ռուսաստանի խնդիրը։ Օրինակ՝ Հայաստանի կողմից ձեռք բերված հրետանային համակարգերը նախատեսված են 155 մմ արկերի համար։ Ռուսական համակարգերն օգտագործում են 152 մմ արկեր։
Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին չի սահմանափակվում միայն զենքի վաճառքով։ Նյու Դելին որպես զենք է օգտագործում զբոսաշրջության ոլորտը՝ հնդիկներին խրախուսելով չայցելել Ադրբեջան եւ Թուրքիա։ Հնդկական հայտնի ճանապարհորդական հարթակներից մեկը հայտնել է, որ մայիսի սկզբին Ադրբեջան եւ Թուրքիա ուղեւորությունների նոր ամրագրումները կտրուկ նվազել են 60 տոկոսով, իսկ արդեն ծրագրված ուղեւորությունների չեղարկումները կրկնապատկվել են։
2024 թվականին Ադրբեջան այցելած հնդիկները կազմել են զբոսաշրջիկների համեմատաբար փոքր մասնաբաժինը (8 տոկոս), սակայն անցյալ տարի հնդիկ զբոսաշրջիկների թիվը (224 000) կրկնապատկվել էր 2023-ի ընդհանուր թվի համեմատ։
Հնդկաստանի աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային վերլուծաբանները համարում են Պակիստանի հետ երկարատեւ մրցակցության արդյունք։ Ոմանք կարծում են, որ Նյու Դելին ցանկանում է խաթարել Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ ամրապնդվող եռակողմ կապը եւ Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկում է որպես հակակշիռ։
Հնդկաստանը համարում է Հայաստանը նաեւ հիմնական օղակ, որը կօգնի առեւտրային ուղիներ զարգացնել Չինաստանի կողմից ֆինանսավորվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ապագա ճանապարհային ցանցից դուրս։ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ աճող տնտեսական մրցակցությունը Նյու Դելիի երկրորդ շարժիչ ուժն է՝ Հարավային Կովկասում իր հեղինակությունը բարձրացնելու համար։
«Խորացնելով հարաբերությունները Հայաստանի հետ՝ Հնդկաստանը ամրապնդում է իր դիրքը որպես Եվրասիայի խոշոր խաղացող եւ ընդգծում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարեւորությունը, որի նպատակն է Հնդկաստանը կապել Եվրոպայի հետ Հայաստանի եւ Իրանի միջոցով», - ասվում է Ատլանտյան խորհրդի կողմից 2025-ի սկզբին հրապարակված վերլուծության մեջ։

Ռուսաստանը միակ տարածաշրջանային խաղացողը չէ, որը վրդովված է նրանով, որ Հնդկաստանը մուտք է գործել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ութանկյուն։ Բաքվի կառավարությանը կից AzerMedia կայքում մայիսի 19-ին հրապարակված հոդվածը զգուշացնում էր, որ Կովկասը կարող է արտաքին ուժերի կողմից վարվող միջնորդավորված մարտերի «ասպարեզ» դառնալ։ Նման մտահոգությունները սրվել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերջերս տեղի ունեցած քառօրյա բախումից հետո։
«Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային դերակատարները կարող են մասնատել տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, - նշվում է հոդվածում։ - Տարածաշրջանի պետությունների համար հիմնական հարցն է՝ արդյո՞ք պետք է հաստատել ինքնիշխանությունը՝ հավասարակշռելով մեծ տերություններին, թե՞ դառնալ գլոբալ հակամարտությունների գործիք։ Պետք է ընտրել նաեւ՝ զարգանալ առեւտրի եւ լոգիստիկայի օգնությամբ, թե՞ ռազմականացման»։
«Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության աճի հետ մեկտեղ՝ Հնդկաստանի ռազմական ներգրվվածությունը Հարավային Կովկասում մեծացնում է պատերազմի ռիսկը», - հավելում է հոդվածագիրը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: