Ներկայացնում ենք գերմանական Nordkurier պարբերականի Geheime Geschäfte mit Aserbaidschan: Wie sich eine Politikerin aus MV an ein Regime verkaufte հոդվածի հայերեն թարգմանությունը:
Կարին Շտրենցը հանկարծամահ եղավ, երբ նրա նկատմամբ հետաքննությունը ընթացքի մեջ էր։ Այժմ բազում մանրամասներ են ի հայտ գալիս Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի հետ նրա կապերի մասին։
Գաղտնի փոխանցումներ, հյուրանոցի մահճակալներում թաքցված կանխիկ գումար, շքեղ նվերներ. Վեստմեկլենբուրգից Բունդեսթագի հանգուցյալ պատգամավոր Կարին Շտրենցի դեմ կաշառակերության գործով բացահայտվածը հիշեցնում է տեսարաններ կլիշե դարձած քաղաքական թրիլերից։ Մեր խմբագրական թիմը ստացել է Մյունխենի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացությունը:
Շտրենցի ամուսինը ներգրավված է ընթացիկ դատավարության մեջ
2021 թվականին մահացած քաղաքական գործիչը կենդանության օրոք կասկածվում էր կոռուպցիայի մեջ, Բունդեսթագի կողմից պատժամիջոցների էր ենթարկվել, իսկ Եվրախորհրդից, որի անդամ էր 8 տարի, ցմահ արգելք ստացել՝ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի հետ իր կապերի պատճառով։
Այժմ դատավարության մեջ են Շտրենցի նախկին աջակիցները՝ Բունդեսթագի երկու նախկին անդամները. Բավարիայից Էդուարդ Լինտները եւ Բադեն-Վյուրտեմբերգից Աքսել Ֆիշերը մեղադրվում են կոռուպցիայի կամ ընտրված պաշտոնյաներից կաշառք ստանալու մեջ։ Նախկին երկու քաղաքական գործիչները անցյալում բազմիցս հերքել են մեղադրանքները։
Սակայն Գերմանական մամուլի գործակալությունը հաղորդում է, որ ըստ դատարանի խոսնակի՝ Էդուարդ Լինտները խոստովանություն է արել, բայց այլ կերպ է մեկնաբանել փաստերը։ Հաղորդագրության համաձայն, Լինտներն ասել է, որ մեղադրական եզրակացության մեջ նկարագրվածը ճիշտ է, բայց սա խոստովանություն չէ։ «Իմ կարծիքով, դա կաշառք չէր», - մեջբերում են նրա խոսքերը։ Անմեղության կանխավարկածը վերաբերում է բոլոր մեղադրյալներին։
Մեղադրանքի իրավական ձեւակերպումների տակ թաքնվածը աննախադեպ եւ պայթյունավտանգ է. եթե համապատասխան դատավճիռ կայացվի, դա կլինի Գերմանիայի դաշնային քաղաքականության պատմության մեջ առաջին դեպքը, երբ խորհրդարանի անդամները մեղավոր են ճանաչվում օտարերկրյա պետությունից գումար ստանալու համար՝ իրենց քաղաքական դիրքը նվիրատուների օգտին չարաշահելու համար։
Կաշառքի մասին հայտարարություն եւ 149,900 եվրո կաշառք
Շտրենց ազգանունը կենտրոնական դեր ունի գործընթացում։ Նախ որովհետեւ գործում ներգրավված է Կարին Շտրենցի ամուսինը։ Երկրորդը՝ քանի որ հենց Կարին Շտրենցի շնորհիվ քննիչներին հաջողվեց բացահայտել գերմանա-ադրբեջանական կոռուպցիոն ցանցի մեծ մասը։
Փաստերը վկայում են, որ հանգուցյալը Ադրբեջանից ստացել է 149 900 եվրո գումար եւ տարբեր նվերներ։

Հետաքննիչները նաեւ բացատրում են, թե երբ, որտեղ եւ ինչ ուղիներով է Շտրենցը նվիրատվություններ ստացել՝ Ադրբեջանի օգտին հայտարարություններ անելու եւ քվեարկելու դիմաց։
Շտրենցը նույնիսկ « նամակ-դիմում» է գրել
Հաղորդագրության համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին Շտրենցի, Բունդեսթագի նախկին պատգամավոր, մեղադրյալ Էդուարդ Լինտների եւ Ադրբեջանից մի քաղաքական գործչի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ Շտրենցը «որպես ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի) եւ Բունդեսթագի անդամ ստանալու է գումար, որպեսզի Ադրբեջանի համար կարեւոր գրավոր կամ բանավոր հայտարարությունների, առաջարկությունների ներկայացման կամ քվեարկության ժամանակ գործի համաձայն Ադրբեջանի պահանջների»։
Ասում են՝ Շտրենցը նույնիսկ « նամակ-դիմում» է գրել, որում առաջարկել է «գործել հօգուտ Ադրբեջանի, մասնավորապես՝ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ, ԵԽԽՎ անդամ եւ Բունդեսթագի սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ»։ Շտրենցն առաջարկել էր իր «անխոնջ եւ անվերապահ աջակցությունը»։
Ինչպես է Շտրենցը ստացել առաջին կաշառքը
Նշվում է, որ կաշառքը թաքցնելու համար սկզբնապես բանակցվել է «նախնական խորհրդատվական պայմանագիր», ըստ որի Շտրենցը «պետք է ամսական 7,497 եվրո վարձատրություն ստանար՝ առանց պայմանագրով համաձայնեցված որեւէ ծառայություն մատուցելու»։ Հետաքննիչների տվյալներով՝ այս կերպ Շտրենցի հաշվին է փոխանցվել 22,500 եվրո։ Այնուհետեւ՝ 2015 թվականի մարտի 31-ին նա խզել է խորհրդատվական պայմանագիրը, եւ այդ պահից հետագա վճարումները ստանում էր այլ եղանակով։
Վարձատրությունը կատարվել է Extent GmbH ընկերության միջոցով, որը Շտրենցը հիմնադրել է հանցակցի հետ միասին, որը նույնպես մեղադրվում է կաշառակերության համար։ Կենդանության օրոք Շտրենցը նշել էր, որ խորհրդատուի իր փորձի հիման վրա իր մոտ ծագել է «ընկերություն հիմնադրելու գաղափար, որը կզբաղվի խորհրդատվական գործունեությամբ եւ կաջակցի տնտեսական բնույթի ազգային եւ միջազգային նախագծերին»։

Սակայն Շտրենցը շուտով հրաժարվել է նորաստեղծ ընկերությունում իր բաժնեմասերից՝ ենթադրաբար այն պատճառով, որ սկսել էր կասկածել՝ «արդյո՞ք այս գործունեությունը համատեղելի է Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի նախագահի դերի հետ»։ Նոր համասեփականատերը… Շտրենցի ամուսինն էր։
Խորհրդարանական նստաշրջանների ընթացքում կանխիկի ստացում
Մինչ այդ Կարին Շտրենցը՝ որպես Extent GmbH-ի կառավարիչ տնօրեն, կեղծ հաշիվ-ապրանքագիր էր տրամադրել «ռադիո եւ ռադարային համակարգերի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ» խորհրդատվության համար եւ ստացել 11,900 եվրո, որը փոխանցվել էր ընկերության հաշվին։ Հետաքննության համաձայն՝ 2015-2017 թվականներին նա «ԵԽԽՎ-ում եւ Բունդեսթագում իր աշխատանքի համար» կանխիկ գումար է ստացել «Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանների ընթացքում»։
Ենթադրվում է, որ Շտրենցը այս ընթացքում ստացել է 115,500 եվրո։ Մեղադրական եզրակացության համաձայն, խորհրդատվական վարձատրության հետ մեկտեղ նա ստացել է ընդհանուր առմամբ «149,900 եվրո կաշառք»։ Այս գումարը դատախազությունը ակնկալում է վերադարձնել Շտրենցի ամուսնուց՝ մեղադրական դատավճռի կայացման դեպքում։
Հյուրանոցային սենյակի մահճակալում թաքցված կանխիկ գումար
2016 թվականի հունվարին Ստրասբուրգում մեկշաբաթյա հանդիպումների ժամանակ Շտրենցին կանխիկ գումար փոխանցելու դեպքերից մեկի վերաբերյալ քննիչները նշում են, որ նա գումարը «պահելու համար» տվել էր Extent GmbH-ի իր կարճաժամկետ գործընկերուհուն եւ ներկա դատավարության համամեղադրյալին, որը, ըստ երեւույթին, այդ ժամանակ Շտրենցի մշտական ուղեկիցն էր։ Կինը վերցրել էր փողը «եւ թաքցրել իր հյուրանոցի մահճակալում։ Նա գիտեր, որ դա կաշառք է»։
Երբ Շտրենցին հարցնում էին իր կասկածելի լրացուցիչ եկամտի մասին, նա մշտապես պնդում էր, որ չգիտի, թե որտեղից է սկզբնապես եկել այդ գումարը։ Մեր լրատվամիջոցի հարցին նա տվեց անհեթեթ բացատրություն. իր համար կարեւոր չէր, թե ում հետ է գործարքներ անում։ Նա «ո՛չ կարող է, ո՛չ էլ ցանկանում է կասկածի տակ դնել գործընկերուհու կենսապայմանները կամ ֆինանսական իրավիճակը»։

Մեղադրական եզրակացության մեջ թվարկված է հինգ դեպք, երբ Կարին Շտրենցը ստացած գումարի դիմաց ԵԽԽՎ-ում գործել է հօգուտ Ադրբեջանի։ Օրինակ՝ նա քվեարկել է վարչակարգի օգտին, երբ քվեարկության է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւը, ինչպես նաեւ քվեարկել է Ադրբեջանի օգտին, երբ քննարկվել է երկրի ժողովրդավարական ինստիտուտները քննադատող զեկույցը։
Շտրենցը խավիար է ստանում որպես ընտրությունների դիտորդ
Նյութերի թվում է Շտրենցի եւ Եվրոպայի խորհրդի այլ անդամների կողմից ստորագրված նամակը, որը մեղադրում է Խորհրդի մյուս անդամներին խախտումների մեջ։ Նրանք նախկինում զեկույց էին ներկայացրել, որում քննադատում էին 2015 թվականի նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Շտրենցն այդ ժամանակ Ադրբեջանում էր որպես ընտրությունների դիտորդ, եւ նրան ուղեկցում էր Extent GmbH-ից իր կարճաժամկետ գործընկերուհին:
Մեղադրական եզրակացության համաձայն, ուղեկցուհին հանդիպում էր կազմակերպել ադրբեջանցի քաղաքական գործչի հետ, որից, նա գիտեր նախապես, Շտրենցը նվերներ էր ստանալու։ Մասնավորապես ասվում է, որ նա «հանդիպման ժամանակ ստացավ ադրբեջանական խավիարի տուփ եւ սառցով դույլ»։ Բացի այդ, Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը, որը նույնպես Բաքվում էր որպես Եվրոպայի խորհրդի ընտրադիտորդ, արդեն հայտնել էր, որ տեսել է Շտրենցին «ընտրությունների դիտարկման օրը՝ երկու ձեռքերը գնումների պայուսակներով բեռնված»։ Հաջորդ օրը, սակայն, Շտրենցը վստահ էր, որ Ադրբեջանը «եւս մեկ կարեւոր քայլ է կատարել ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհին»։
Հետաքննության սկսվելուց կարճ ժամանակ անց Կարին Շտրենցը մահացավ
Այս եւ այլ բացահայտումները 2021 թվականին հանգեցրին գլխավոր դատախազի կողմից Շտրենցի դեմ կաշառակերության մեղադրանքով հետաքննության, որը կարճ ժամանակ անց կտրուկ ավարտվեց նրա մահով։ 2021 թվականի մարտի 21-ին՝ հիսուներեք տարեկան հասակում նա կորցրեց գիտակցությունը Կուբայից վերադառնալիս եւ մահացած ճանաչվեց Իռլանդիայում արտակարգ վայրէջք կատարելուց հետո։ Այդպիսով Կարին Շտրենցն այլեւս չի կարող պաշտպանվել առաջադրված մեղադրանքներից։
Մեր խմբագրական թիմը մեկնաբանություն է խնդրել մեղադրյալներից՝ իրենց փաստաբանների միջոցով, սակայն մեկնաբանություն չի ստացել։
Եթե Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանում ընթացող դատավարությունը մեղադրական դատավճռի հանգեցնի, դատախազությունը մտադիր է այրիացած Շտրենցից բռնագրավել «կաշառքի տեսքով ստացված գումարները»: Դատավարությունը սկսվել է այս տարվա հունվարի կեսին եւ, ինչպես սպասվում է, կտեւի առնվազն մինչեւ օգոստոսի վերջ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: