Վերազինվող Եվրոպան պետք է հետեւի Իսրայելի օրինակին - Mediamax.am

exclusive
209 դիտում

Վերազինվող Եվրոպան պետք է հետեւի Իսրայելի օրինակին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի հրավիրված պրոֆեսոր Պիրոշկա Նագի Մոհաչիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Պիրոշկա Նագի Մոհաչի

Եվրոպան վերջապես արձագանքում է իր թույլ պաշտպանության եւ դանդաղ աճի հետեւանքով առաջացած երկակի սպառնալիքներին։ Այժմ մայրցամաքը պետք է շաղկապի իր անվտանգության եւ տնտեսական նպատակները եւ այնպիսի մոտեցում կիրառի, որ արագությունը ավելի կարեւոր լինի, քան կատարելությունը։

Վերազինվող Եվրոպան պետք է հետեւի Իսրայելի օրինակին, որտեղ զինված ուժերը խթանել են բարձր տեխնոլոգիական նորարարությունն ու մարդկային կապիտալի զարգացումը։ Իսկ եթե Ռուսաստանի հետ հակամարտության սպառնալիքն աճի, Եվրոպական կենտրոնական բանկը պետք է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրի՝ որոշ կարեւոր սահմանափակումների առկայությամբ։

Այս հսկայական քաղաքական փոփոխությունը պայմանավորված է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձով։ Նոր վարչակազմի ակնհայտ պատրաստակամությունը՝ զրկելու Եվրոպան ԱՄՆ անվտանգության հովանոցից, մեծացրեց Վլադիմիր Պուտինի նեոկայսերական Ռուսաստանի սպառնալիքը՝ նախկին խորհրդային հանրապետություններում բազմաթիվ սառեցված հակամարտություններով եւ Ուկրաինայում շարունակվող ագրեսիվ պատերազմով։ Ավելին, «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգը խթան հանդիսացավ Եվրոպական Միության համար՝ զբաղվելու իր մրցունակության խնդրով, որի մասին Մարիո Դրագին խոսել էր իր 2024 թվականի զեկույցում: Իր եզրակացությունները ներկայացնելիս Դրագին զգուշացրել էր, որ եթե դաշինքը չփակի իր արտադրողականության եւ նորարարության բացերը ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ համեմատ, կսկսվի «դանդաղ հոգեվարքը»:

Չնայած եվրոպացի առաջնորդները ընդունում են այս երկու սպառնալիքների գոյությունը, նրանք, կարծես, ավելի հրատապ են համարում անվտանգության պակասը: Սակայն Եվրոպայի գոյատեւման համար անհրաժեշտ է նույն վճռականությամբ կանխել տնտեսական անկումը եւ, ամենակարեւորը, այս երկու ջանքերը պետք է միատեղել: Այլ կերպ ասած՝ պաշտպանական ոլորտը պետք է խթանի Եվրոպայի տնտեսական աճը:

Ռազմական եւ տնտեսական զարգացումը շաղկապելու բազմաթիվ փորձերի շարքում, որոնցից մի քանիսն ավելի հաջող էին, քան մյուսները, Իսրայելը թերեւս ամենաուսուցողական օրինակն է։ 1948 թվականին հիմնադրվելուց ի վեր, Իսրայելը իր աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով ստիպված է եղել տնտեսական քաղաքականությունը կենտրոնացնել պաշտպանության վրա՝ պաշտպանության եւ զարգացման միջեւ հիանալի կապ ստեղծելով։ Առաջին շրջանում պետությունը արագ կառուցեց ռազմական արդյունաբերություն եւ ենթակառուցվածքներ, որից հետո Իսրայելը դարձավ «ստարտափ ազգ», որտեղ ռազմական նախագծերի եւ հաստատությունների ազդեցությունը խթանում է բարձր տեխնոլոգիական նորարարությունները եւ մարդկային կապիտալի զարգացումը ամբողջ տնտեսությունում։

Իսրայելի կառավարության ռազմավարությունը նախատեսում է հսկայական ծախսեր պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետազոտությունների եւ զարգացման համար նախատեսված մեծ սուբսիդիաներ, ինչպես նաեւ զգալի ներդրումներ կրկնակի օգտագործման (ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական) ապրանքների արտադրության մեջ։ Պաշտպանության ոլորտում գնումների կանոնները պահանջում են ներքին բաղադրիչների զգալի մասնաբաժին. պետական ծրագրերը կամուրջ են հանդիսանում պաշտպանական եւ տեխնոլոգիական ոլորտների միջեւ, իսկ առեւտրային քաղաքականությունը պաշտպանական արդյունաբերությունը արտահանման վրա հիմնված աճի շարժիչ ուժ է դարձնում։

Լուսանկարը` REUTERS


Նույնքան կարեւոր է, որ երկրի զինվորական ծառայությունը (որը պարտադիր է հրեա իսրայելցիների մեծ մասի համար) նպաստել է բարձր տեխնոլոգիական նորարարությունների ներմուծմանը քաղաքացիական կյանք։ Իսրայելի բարձր տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների մոտ 90%-ը վետերաններ են. շատ բարձր տոկոս՝ հաշվի առնելով, որ զորակոչի մակարդակը տատանվում է մոտ 50%-ի սահմաններում: Այսպիսով արագացել է ռազմական գիտելիքների փոխանցումը քաղաքացիականի եւ միաժամանակ ամրապնդվել է թիմային աշխատանքը տեխնոլոգիական ոլորտում։

Անկասկած, պայմանները Եվրոպայում եւ Իսրայելում տարբեր են: Նախ, բազմաթիվ ԵՄ երկրներում պարտադիր զորակոչ չկա: Սակայն ռուսական սպառնալիքը ուժեղանում է, ուստի զինվորական ծառայության պահանջները կարող են վերանայվել (օրինակ՝ Լեհաստանը ծրագրում է, որ յուրաքանչյուր չափահաս տղամարդ ռազմական պատրաստություն անցնի):

Իսրայելը մեծապես օգտվել է իր ռազմական ծախսերի զգալի արտաքին ֆինանսավորումից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից: Չնայած Եվրոպան չի կարող ակնկալել պաշտպանության (կամ որեւէ այլ բանի) արտաքին ֆինանսավորում, դրա կարիքը չկա: ԵՄ-ում ներքին խնայողությունները համեմատաբար բարձր են, մասնավորապես՝ ամենախոշոր անդամ պետություններում:

ԵՄ-ն պետք է վերահսկի մայրցամաքի անհապաղ վերազինումը՝ ազգային գնումների կողմնակալությունից խուսափելու համար: Սա նաեւ կխորացնի Եվրոպայի միասնական շուկան: Սակայն արագ, նշանակալի ազդեցություն ապահովելու համար սկզբում պետք է հանդուրժել որոշ ազգային նախապատվություններ կամ տարբերություններ: Բացի այդ, յուրաքանչյուր անդամ պետությունից «հավասար» ներդրումների պահանջը նախկինում խոչընդոտել է սպառնալիքներին դիմակայելուն ԵՄ-ի ջանքերը, եւ դրանից պետք է խուսափել: Պարզ ասած՝ որոշ երկրներ մեծ հարկաբյուջետային տարածք կամ կարողություններ ունեն արտադրություն սկսելու համար:

Հաշվի առնելով սա, Գերմանիան՝ ԵՄ ամենամեծ տնտեսությունը, պետք է Եվրոպայի պաշտպանական ուղղվածության նոր տնտեսական ռազմավարության կենտրոնում լինի: Գերմանիան էական է մայրցամաքի մատակարարման շղթաների մեծ մասի համար, ունի ցածր պետական պարտք եւ բարձր ներքին խնայողություններ: Ամեն դեպքում Եվրոպայի տնտեսական ճակատագիրը մեծապես կորոշի Գերմանիայի տնտեսության ունակությունը՝ ազատվելու ավտոարդյունաբերության եւ ռուսական էներգիայի ներկայիս կախվածությունից։  

Բարեբախտաբար, Գերմանիան արդեն պատասխանում է մարտահրավերին: Այն մեղմացրել է սահմանադրորեն ամրագրված պարտքի արգելքը, ըստ որի պաշտպանական ծախսերը չպետք է գերազանցեին ՀՆԱ-ի 1%-ը: Սակայն Գերմանիան թվայնացման եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների լուրջ պակաս ունի, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է ավելի հավակնոտ քաղաքականություն մշակել։

Անշուշտ, Եվրոպայի վերազինման հույսերը միայն Գերմանիայի հետ չեն կապված: Ֆրանսիան, Իտալիան եւ Լեհաստանը համեմատական առավելություններ ունեն պաշտպանության կարեւորագույն ենթաճյուղերում: Որոշ ոչ ԵՄ անդամներ, օրինակ՝ Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան, նույնպես կարող են կարեւոր ներդրում ունենալ։

Եվրոպական Կենտրոնական բանկը թերեւս պետք է աջակցի մայրցամաքի ռազմական ուղղվածության զարգացմանը (հատկապես, եթե պատերազմ սկսվի)՝ գնելով պետական պարտատոմսեր ինչպես ազգային, այնպես էլ ԵՄ մակարդակներում, ինչպես նաեւ ոչ անդամ պետություններին առաջարկելով մշտական արժույթային սվոփեր: Նման որոշում պետք չէ թեթեւամտորեն ընդունել, քանի որ այն տարբեր ազդեցություն կունենա եվրոպական երկրների վրա եւ կարող է ազդել տոկոսադրույքների վրա։

Այնուամենայնիվ, կենտրոնական բանկերը ստեղծվել են պատերազմները ֆինանսավորելու համար եւ այդպես են արել ցայսօր: Հետեւաբար, ԵԿԲ-ն պետք է պատրաստ լինի դրան հստակ սահմանված ընթացակարգերով՝ ներառյալ ներգրավվածության հստակ կանոնները եւ սահմանափակումները։

Տնտեսական եւ աշխարհաքաղաքական ցնցումների միաձուլումը սթափեցրեց Եվրոպան եւ ակնհայտ դարձրեց, որ անհրաժեշտ է վերականգնել պաշտպանությունը եւ բարձրացնել մրցունակությունը: Այժմ մայրցամաքը պետք է հասկանա, որ երկու հարցերի համատեղ լուծումը լավագույն հնարավորությունն է երկու նպատակներին հասնելու համար։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին