Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենի The perpetual horizon: Armenia, Azerbaijan and prospects for peace հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մարի Դյումուլեն
Մայիսի 9-ի իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նուրբ կարգավիճակի մասին. «Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքներին […] խաղաղություն լինելու է»։ 1980-ականների վերջից ի վեր այդ խաղաղությունը այսքան մոտ չի թվացել։ Սակայն նոր պատերազմի ուրվականը նույնպես ավելի մոտ է, քան երբեւէ։
Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնին ստիպեց Երեւանին նոր եռանդ հաղորդել Բաքվի հետ երկկողմ քննարկումներին։ Արդյունքում մարտին կառավարությունները համաձայնության եկան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Թեեւ տեքստը ներառում է Հայաստանի կողմից մի քանի կարեւոր զիջումներ, այն նույնիսկ չի անդրադառնում երկու երկրների միջեւ ամենաբարդ հարցերին։ Բաքուն նաեւ նոր պայմաններ է ներկայացրել, որոնք նշանակում են, որ համաձայնագիրը, հավանաբար, շուտով չի ստորագրվի։
Ոչ պակաս բարդ աշխարհաքաղաքական պահը ավելի մեծ վտանգներ է ստեղծում՝ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ԵՄ-ի համար։ Երկու երկրները, կարծես, ավելի ու ավելի են ներգրավվում Մերձավոր Արեւելքի թնջուկում, եւ սա կարող է ավելի հավանական դարձնել լարվածության սրումը, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել: Եթե ԵՄ-ն չկարողանա կանխել նման լարվածությունը, ԵՄ հարեւանությունը (եւ տարածաշրջանը, որը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ կապի նախագծերի համար) կարող է դուրս չգալ բռնության ցիկլից կամ նույնիսկ դառնալ արտաքին ուժերի միջեւ միջնորդավորված բախման նոր խաղահրապարակ:
Այսքան մոտ, բայց այսքան հեռու
Թրամփի օրոք ամերիկյան աջակցությունը Հայաստանին երեւի կնվազի: Սա պայմանավորված է ԱՄՆ արտաքին օգնության կրճատումով, բայց նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքը սերտ կապեր չունի «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»/MAGA շարժման հետ: Թրամփը նախկինում գործարար կապեր է ունեցել Ադրբեջանի հետ, եւ Բաքվում, կարծես, ակնկալում են, որ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Վաշինգտոնի հետ հարաբերությունները կծաղկեն: Այդ պատճառով Հայաստանի կառավարությունը փորձեց արագ համաձայնության գալ Ադրբեջանի հետ՝ ընդունելով վերջինիս երկու հիմնական պայմանները:
Նախ, համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ սահմանային մոնիտորինգի առաքելությունը պետք է հեռանա: 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն փորձեց ակտիվ դեր խաղալ կարգավորման միջնորդության գործում՝ սահմանի հայկական կողմում տեղակայելով իր առաքելությունը 2023-ի փետրվարին (ընդամենը մի քանի ամիս հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելու համար): Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց քննադատում էր առաքելությունը: Սակայն հայերը համարում են, որ առաքելությունը չեղարկելով՝ իրենք կկորցնեն սադրանքներից կամ լայնածավալ հարձակումից ապահովագրությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագիրը չխախտելու միակ մեխանիզմը: Հետեւաբար, սա նշանակալի զիջում է, որը հիմնված է Բաքվի կողմից համաձայնագիրը պահպանելու բարի կամքի վրա։

Լուսանկարը` REUTERS
Երկրորդը, Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից։ Այս քայլն էլ Հայաստանում ժողովրդականություն չի վայելում։ Երեւանի իրավական պահանջները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը եւ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները, որոնք, ըստ Հայաստանի, Ադրբեջանը գործել է 2020-ի պատերազմի ժամանակ։ Հայերից շատերը համարում են, որ այս հայցերից հրաժարվելով՝ Երեւանը վավերացնում է ադրբեջանական պատումը եւ զիջում Բաքվի դեմ իրենց միակ խաղաքարտը։ Սա իրոք նշանակալի զիջում է եւ վտանգավոր խաղադրույք։
Սակայն Բաքուն համաձայնագրի ստորագրման երկու նոր նախապայման է առաջ քաշել։ Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարումն է, որը 1992 թվականից ի վեր ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի բանակցությունները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Հայաստանի կառավարությունը տեքստի շուրջ բանակցությունների ժամանակ ազդակ է տվել, որ պատրաստ է այս քայլին, քանի որ Մինսկի խումբը կորցրել է արդիականությունը 2020-ի պատերազմից հետո (իսկ հետո փաստացի դադարեցրել գործունեությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո): Երկրորդ պայմանը ՀՀ սահմանադրության վերանայումն է, որպեսզի այն բացառի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած հղում։ Փաշինյանը չի բացառել, որ նման վերանայումը կարող է քննարկվել։ Սակայն, եթե ընտրողները այս քայլը համարեն դրսից պարտադրված, այն կարող է երկրի ներսում ավելի մեծ դժվարություններ ստեղծել վարչապետի համար։
Եվ իրոք, երկու պահանջներն էլ խփում են Փաշինյանի ներքին քաղաքականության թույլ տեղին. Լեռնային Ղարաբաղի փոխարեն նա գիտակցաբար ընտրում է Հայաստանը։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ պակաս։ Այս նոր պայմաններով Բաքուն կարող է երկընտրանք ստեղծել Փաշինյանի համար. ընդունել Ադրբեջանի պահանջները՝ չնայած ներքին ռիսկերին (եւ առանց որեւէ երաշխիքի, որ համաձայնագիրը կստորագրվի) կամ մերժել դրանք եւ ընդհանրապես կորցնել խաղաղության համաձայնագրի հեռանկարը։
Չմոռանանք այն դժվար հարցերը, որոնք տեքստը լիովին անտեսում է։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը, որն այլեւս բանակցությունների առարկա չէ։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման շուրջ բանակցությունները ընթանում են զուգահեռ գործընթացով։ Փաշինյանն արդեն ընդունել է ծանր փոխզիջումները այդ գործընթացի շրջանակներում։ Բայց վերջնական որոշում կայացնելու համար կարող են տարիներ պահանջվել։ Եվ վերջապես՝ ցամաքային հաղորդակցության (մասնավորապես՝ ավտոմոբիլային եւ երկաթուղային կապերի) բացման ամենախրթին հարցը թողնվել է ապագա քննարկումների համար։
Խոսքը Ադրբեջանի եւ նրա Նախիջեւան էքսկլավի միջեւ կապի մասին է, որը գտնվում է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանի միջեւ։ Հայաստանը շարունակում է առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նախատեսում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների փոխադարձ բացումը՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը իր սահմանների եւ ենթակառուցվածքների նկատմամբ։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է միջանցքը Հայաստան-Իրան սահմանի երկայնքով։ Այդ միջանցքը Բաքվին անարգել հաղորդակցություն կպարգեւի Նախիջեւանի հետ եւ թույլ կտա խուսափել հայկական վերահսկողությունից։ Եթե Ադրբեջանը չկարողանա հասնել այս նպատակին դիվանագիտական ճնշման միջոցով, կարող է ուժ կիրառել։
Իր խոցելիությունը հաղթահարելու համար Հայաստանը վերջին տարիներին նոր պաշտպանական գործընկերներ է ձեռք բերել։ Դրանց թվում են Իրանը, ինչպես նաեւ Հնդկաստանը եւ Ֆրանսիան։ Այս համագործակցությունը կարող է փոխել Բաքվի հաշվարկը ապագա ռազմական գործողությունների արժեքի վերաբերյալ եւ ստիպել ավելի վաղ հարձակում սկսել, եթե քաղաքական միջոցները անբավարար թվան։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հնդկաստանը դարձել է պաշտպանական ոլորտում Երեւանի ամենախոշոր մատակարարը։ Հնդկաստանի տեսանկյունից այս հարաբերությունների զարգացումը անմիջական արձագանք է Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ աճող կապերին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Քաշմիրի հարցում Ադրբեջանի աջակցությունը Պակիստանին եւ Հայաստանի աջակցությունը Հնդկաստանին արտացոլվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իսլամաբադի եւ Նյու Դելիի համապատասխան դիրքորոշումներում։
Երկու երկրները ավելի ու ավելի են ներգրավվում նաեւ Մերձավոր Արեւելքի խնդիրներում։ Ադրբեջանը խորացնում է կապերը Իսրայելի հետ եւ քննարկում է Աբրահամի համաձայնագրերին միանալը։ Բաքուն ակտիվացրել է Իսրայելի հետ համագործակցությունը ոչ միայն էներգետիկայի, այլեւ պաշտպանության եւ հետախուզության ոլորտներում. 2016-2020 թվականներին Ադրբեջանի զենքի գնումների 69%-ի աղբյուրը Իսրայելն էր, եւ հենց Իսրայելի աջակցությունը, հավանաբար, մեծ դեր է խաղացել 2020 եւ 2023 թվականների պատերազմներում։ Ադրբեջանը ակտիվ միջնորդական դեր է խաղում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, ինչը մտահոգություն է առաջացրել Երեւանում եւ Թեհրանում: Հայաստանն իր հերթին 2024 թվականի հուլիսին Իրանի հետ կնքել է 500 մլն դոլարի պայմանագիր՝ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: 2025 թվականի ապրիլին Հայաստանը համատեղ զորավարժություններ անցկացրեց Իրանի հետ:
Արեւելքում լարվածության աճը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սրացման հանգեցնել: Օրինակ, հայաստանյան փորձագետները մտահոգված են, որ Իսրայելին եւ ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում օգնելու դիմաց Բաքուն կարող է աջակցություն ստանալ Հայաստանից տարածքային զիջումներ կորզելու հարցում կամ կարող է ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ Իրանի դեմ ռազմական սրման դեպքում:

Լուսանկարը` REUTERS
Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն՝ վերջ դնելու երեք տասնամյակից ավելի տեւած պատերազմին. հակամարտություն, որը մեծացրել է նրանց կախվածությունը արտաքին դերակատարներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Հայերը կասկածում են Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մտադրությունների անկեղծությանը։ Դրա պատճառը նոր պայմաններն են, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները եւ շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը։ Սակայն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը Ալիեւին հնարավորություն կտա վերափոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարը եւ հաստատել իր երկրի դերը՝ որպես տարածաշրջանային տերություն։ Եվրոպացիները պետք է պնդեն այս պատմական հնարավորությունը՝ օգտագործելով իրենց լծակները։ Դրանց թվում են ԵՄ-ի ներկայությունը սահմանին, ինչպես նաեւ կապի նախագծերը եւ երկու երկրների հետ համագործակցությունը։ Այս ամենը կարող է օգնել եվրոպացիներին խթանել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրումը եւ տարածաշրջանում հաղորդակցության կարգավորումը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: