Սիրիայում Իսրայելի քայլերը կարող են վերածնել «Իսլամական պետությունը» - Mediamax.am

exclusive
225 դիտում

Սիրիայում Իսրայելի քայլերը կարող են վերածնել «Իսլամական պետությունը»


Իսրայելի եւ Սիրիայի դրուզների առաջնորդների հանդիպումը
Իսրայելի եւ Սիրիայի դրուզների առաջնորդների հանդիպումը

Լուսանկարը` REUTERS

Սիրիացի դրուզների ներկայացուցիչները այցելում են Իսրայել
Սիրիացի դրուզների ներկայացուցիչները այցելում են Իսրայել

Լուսանկարը` REUTERS

Սիրիացի դրուզները
Սիրիացի դրուզները

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք «Նյու Ամերիկա» վերլուծական կենտրոնի նախկին գիտաշխատող, Բրուքինգս ինստիտուտի նախկին հրավիրված գիտաշխատող Բարաք Բարֆիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Բարաք Բարֆի

Մի քանի ամիս տեւած կրոնական բռնություններից, առեւանգումներից եւ սահմանային բախումներից հետո Սիրիայի նորաստեղծ կառավարությանը ամենից քիչ լարվածություն հրահրող հարեւան էր պետք։ Բայց հենց դա է անում Իսրայելը՝ ռազմական բազաներ կառուցելով երկրների միջեւ ապառազմականացված «բուֆերային գոտում», հարվածելով ռազմական օբյեկտներին եւ սպանելով անվտանգության աշխատակիցներին։ Այս ամենը վաղեմի ռազմավարություն է. արաբական աշխարհում աջակցել փոքրամասնություններին ընդդեմ սուննի մեծամասնության։ Սակայն Սիրիայում այս գործելակերպով Իսրայելը կարող է ռազմավարական հակահարված ստանալ։

Հարեւան Լիբանանի հետ մեկտեղ՝ Սիրիան Մերձավոր Արեւելքի ամենաբազմազան բնակչությունն ունի։ Թեեւ սուննի արաբները կազմում են բնակչության 65%-ը, նրանց մեծամասնությունը զգալիորեն ավելի փոքր է, քան, օրինակ, Եգիպտոսում (մոտ 90%)։ Սիրիայի բնակչության մնացած 35%-ը կազմում են իսլամական աղանդավորական ճյուղերի անդամները, ինչպես նաեւ սուննի քրդերն ու քրիստոնյաները։

Այս բազմազանությունը կառավարելը բարդ խնդիր է Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) կազմակերպության համար, որը իշխանության եկավ 2024թ. դեկտեմբերին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո: ՀԹՇ անդամները հավաքագրված են Ալ-Քաիդայից, որը համարում է, որ իսլամական աշխարհում բոլոր իրավունքներն ու ողջ իշխանությունը պետք է պատկանի սուննի արաբներին: Ու չնայած ՀԹՇ-ի ղեկավարությունը մեղմացրել է իր կրոնական ավյունը, որոշ շարքային մարտիկներ այդպես չեն վարվել։

Մարտին ՀԹՇ-ի եւ Ասադի ալավիական համայնքի՝ Սիրիայի բնակչության մոտ 12%-ը կազմող շիա ճյուղի միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 1000 մարդ զոհվեց: Բռնությունը ցնցեց քրիստոնյաներին, որոնք մեծ մասամբ աջակցում էին տապալված կառավարությանը: Միեւնույն ժամանակ Թուրքիային հավատարիմ խմբերը հյուսիս-արեւելքում բախվեցին քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ:

Սակայն Սիրիայի նոր կառավարությանը ամենից շատ անհանգստացնում է լարվածությունը դրուզների՝ մեկ այլ այլադավան խմբի հետ։ Սոցիալական ցանցերում տարածվեց կեղծ աուդիոձայնագրություն, որում դրուզների առաջնորդը անարգում էր Մուհամադ մարգարեին, որից հետո դիմակավորված զինված անձինք հարձակվեցին Դամասկոսի արվարձան Ջարամանայի վրա։ Երբ բախումներում ներգրավվեցին ՀԹՇ-ի անվտանգության աշխատակիցները, Իսրայելը հայտարարեց, որ պաշտպանելու է այդ փոքրիկ համայնքը։ Դրանից հետո Իսրայելը թիրախավորել է դրուզների հետ բախված Սիրիայի անվտանգության ուժերի անդամներին եւ ավիահարվածներ է հասցրել նախագահական պալատի շրջակայքում։

Սիրիացի դրուզների ներկայացուցիչները այցելում են Իսրայել Սիրիացի դրուզների ներկայացուցիչները այցելում են Իսրայել

Լուսանկարը` REUTERS


Իսրայելի նմամօրինակ գործողությունները Սիրիայում նորություն չեն։ Իսրայելի ստեղծումից ընդամենը մի քանի ամիս անց արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մտածում էին Սիրիայում հեղաշրջում հովանավորելու մասին՝ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմում իրենց դիրքերը ամրապնդելու համար։

Իսրայելը հաճախ աջակցել է փոքրամասնություններին, որպեսզի քայքայի սուննի իշխանությունը։ Լիբանանում դրանք քրիստոնյաներն էին։ 1955 թվականին Իսրայելի բանակի շտաբի պետ Մոշե Դայանը առաջ քաշեց այն գաղափարը, որ մի քրիստոնյա սպայի պետք է համոզել՝ «իրեն մարոնիտ [քրիստոնյա] բնակչության փրկիչ հռչակել», հետո ներխուժել Լիբանան եւ քրիստոնեական վարչակարգ հաստատել, որը կդաշնակցի Իսրայելի հետ։

1970-ականներին վարչապետ Մենախեմ Բեգինը (պնդելով, որ Իսրայելը «պարտավոր է» թույլ չտալ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը (ՊԱԿ) «ցեղասպանություն» իրականացնել քրիստոնյաների դեմ) աջակցեց լիբանանցի ուխտադրուժ քրիստոնյա ավագ ենթասպային՝ հույս ունենալով բուֆերային գոտի ստեղծել Լիբանանի հարավային սահմանի երկայնքով, որտեղ կարող էր որոշակի վերահսկողություն իրականացնել։ 1982 թվականին Իսրայելը ներխուժեց Լիբանան, վտարեց ՊԱԿ-ին եւ քրիստոնյա նախագահ նշանակեց  Բաշիր Ժեմայելին, որը շուտով սպանվեց Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության անդամի կողմից։

Սուննի վարչակարգերը քայքայելուն ուղղված Իսրայելի ջանքերը նաեւ  գործընկերություն էին ենթադրում շիա երկրների հետ։ 1960-ականներից սկսած Իսրայելը համագործակցում էր Իրանի շահի հետ՝ աջակցելու պաշարված իրաքյան քրդերին կենտրոնական կառավարության դեմ պայքարում։ Դրան հաջորդած ապստամբությունն այնքան ավերիչ էր, որ այն ժամանակվա Իրաքի փոխնախագահ Սադամ Հուսեյնը զիջեց Շատ ալ-Արաբ ջրային ճանապարհը Իրանին՝ փոխարենը խոստում ստանալով, որ նրանք կդադարեն աջակցել քրդերին։
Սիրիացի դրուզները Սիրիացի դրուզները

Լուսանկարը` REUTERS


Այս պատմության լույսի ներքո զարմանալի չէ, որ Իսրայելի ղեկավարները այժմ ձգտում են դրուզների անկլավ ստեղծել Սիրիայի սահմանին՝ բուֆերային գոտի ստեղծելով Իսրայելի եւ սուննիների միջեւ: Զարմանալի չէ նաեւ, որ Իսրայելը գտավ հավակնոտ դրուզ գործիչների, որոնք ուզում են մարտահրավեր նետել ինչպես կենտրոնական կառավարությանը, այնպես էլ իրենց համայնքի ավանդական ղեկավարությանը։

Այս ջանքերը մեծ աջակցություն են վայելում իսրայելցի քաղաքական գործիչների շրջանում՝ վարչապետից մինչեւ ընդդիմության առաջնորդ: Նրանց կարծիքով՝ պառակտված Սիրիան, որը հուսահատորեն փորձում է մարել տարածաշրջանային եւ դավանանքային հրդեհները, Իսրայելին սպառնալու ռեսուրսներ եւ կարողություններ չի ունենա։

Սակայն սա անհեռատես գաղափար է: Ցնցումներն ու պառակտումները ի վերջո կարող են տապալել ՀԹՇ-ի կառավարությունը, բայց Իսրայելին դուր չի գա դրան փոխարինողը: Թուրքերին, որոնք աջակցում են խմբին եւ սատարում են Սիրիայի հյուսիսային սահմանին գտնվող խմբավորումներին, կարելի է համոզել զորք տեղակայել երկրի խորքում: Իրաքում եւ Սիրիայում վերածնված «Իսլամական պետությունը» կարող է օգտվել ՀԹՇ-ի անկումից հետո առաջացած քաոսից եւ ընդլայնել իր ազդեցությունը, ինչպես արեց 2011 թվականին, երբ սկսվեց Սիրիայի քաղաքացիական պատերազմը: 1982 թվականին Գեմայելի սպանությունից հետո Հեզբոլլահը մտավ Լիբանանի հարավի ճեղքվածքը: Մինչեւ 2000 թվականը Հեզբոլլահը վռնդել էր Իսրայելին Լիբանանի տարածքից, իսկ 2006-ին սկսել էր ավերիչ պատերազմ, որը փակուղով ավարտվեց։

Ասադի դինաստիայի անկումից հետո Իսրայելը համարյա գերիշխանության է հասել Մերձավոր Արեւելքում։ Անկայունացնել նորաստեղծ կառավարությունը, որը ցանկություն չունի խառնվել ավելի հզոր հարեւանի գործերին, ոչ մի կերպ չի ամրապնդի Իսրայելի դիրքը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին