Մեծ Հաղթանակի օրը, «պատմության ազգայնացումը», Ստալինը, Նժդեհը եւ Դրոն - Mediamax.am

170 դիտում

Մեծ Հաղթանակի օրը, «պատմության ազգայնացումը», Ստալինը, Նժդեհը եւ Դրոն


Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում 2010թ. մայիսի 9-ին
Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում 2010թ. մայիսի 9-ին

Լուսանկարը` REUTERS

Մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Կարմիր հրապարակում 2005 թվականին
Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Կարմիր հրապարակում 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS

Միխեյիլ Սաակաշվիլին
Միխեյիլ Սաակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի կայքում հրապարակված ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի Память о Великой Победе: актуальная политика и история в странах Южного Кавказа հոդվածի հայերեն թարգմանությունը՝ կրճատումներով:

Սերգեյ Մարկեդոնով

Այսօրվա Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքները Հայրենական Մեծ  պատերազմի տարիներին մարտական գործողությունների թատերաբեմ չեն եղել: Միեւնույն ժամանակ, Կովկասի համար ճակատամարտը առավել կարեւոր ներից է համարվում եւ մեծապես կանխորոշել է պատերազմի ելքը:

Կովկասի համար ճակատամարտը սկսվեց 1942 թ. հուլիսի 25-ին եւ դարձավ Մեծ Հայրենական պատերազմի ամենածավալուն եւ երկարատեւ գործողություններից մեկը՝ տեւելով 442 օր: Ավելի երկար տեւեց միայն Լենինգրադի պաշտպանությունը: Համեմատության համար, Կուրսկի ճակատամարտը տեւեց 50 օր, Վոլգայի ճակատամարտը՝ 200 օր, Մոսկվայի պաշտպանությունը շարունակվեց 67 օր:

Բայց խնդիրը միայն եւ նույնիսկ ոչ այնքան այս կամ այն ճակատամարտի տեւողությունը չէ: Կովկասի համար պայքարում մեծ էին ռազմա-քաղաքական խաղադրույքները: Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելով, Գերմանիան հայտնվեց ռեսուրսային թակարդում: Մեծածավալ մարտական գործողությունները վառելիքի հսկայական պաշարներ էին պահանջում, իսկ «ռասայական մաքրության» մասին դեմագոգիայով այս պակասը փոխհատուցելն անհնար էր: Գերմանական ընկերությունները պատերազմի նախօրեին արդյունահանում էին տարեկան ընդամենը 0,55 միլիոն տոննա նավթ: «Սեւ ոսկու» ներմուծման ամերիկյան երթուղու դադարեցումից հետո, Երրորդ Ռայխը կարող էր ապավինել միայն ռումինական աղբյուրի վրա: 1938-1942 թթ. գերմանական ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Ֆրանց Հալդերն ասել էր. «Կովկասում գործողության համար պահանջվում են խոշոր ուժեր, բայց կովկասյան նավթի համար պետք է ցանկացած գին վճարել»: Արդյունքում Կովկասի ուղղությամբ ձեռնարկված գերմանական հարձակման ժամանակ Բաքուն «Բլաու» պլանի հիմնական առաջնահերթություններից մեկն էր:

Սակայն Կովկասի կարեւորությունը պայմանավորված չէր միայն Երրորդ Ռայխի եւ նրա արբանյակների ծրագրերով: 1941 թվականի օգոստոսի 23-ին ստեղծվել էր Անդրկովկասյան ռազմաճակատը՝ իրանական եւ թուրքական ուղղություններով պետական սահմանների պաշտպանության եւ Կովկասի Սեւծովյան ափերի պաշտպանությանը մասնակցելու նպատակով: «Պարսկական միջանցքը» դարձավ արեւմտյան դաշնակիցների՝ ԽՍՀՄ-ին ռազմական մատակարարումների կարեւոր երթուղիներից մեկը լենդ-լիզի շրջանակներում, իսկ Թուրքիան, պրոֆեսոր Սելիմ Դերինգիլի բնորոշմամբ, վարում էր «ակտիվ չեզոքության» քաղաքականություն՝ հավասարակշռություն պահպանելով Բեռլինի եւ Մոսկվայի միջեւ եւ միաժամանակ ակտիվ տնտեսական համագործակցություն ծավալելով նացիստական Գերմանիայի եւ ֆաշիստական Իտալիայի հետ: Ավելին, ԽՍՀՄ ղեկավարությունը դիտարկում էր սցենարներ, որոնցով հնարավոր էր Անկարայի ներքաշումը զինված հակամարտության մեջ «առանցքի» պետությունների կողմում:

Այսպիսով, Կովկասյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Հայրենական Մեծ (եւ ընդհանրապես Երկրորդ համաշխարհային) պատերազմի տարիներին այսօր էլ պայմանավորում է բարձր հետաքրքրությունը ընդհանուր հաղթանակում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովուրդների ներդրման վերաբերյալ: Այս երկրներում կարելի է տեսնել պարադոքսալ երեւույթներ, որոնք վատ են տեղավորվում Հարավային Կովկասում հասարակական-քաղաքական գործընթացների մասին «սեւ-սպիտակ» պատկերացումների մեջ:

Հարավային Կովկասը հետխորհրդային տարածքի ամենաանկայուն տարածաշրջաններից է: Նրա տարածքում եղել են ավելի շատ հակամարտություններ, քան նախկին ԽՍՀՄ-ի որեւէ այլ մասում, ինչպես նաեւ ձեւավորվել է դե-ֆակտո պետությունների ռեկորդային քանակ: Պատմությանը դիմելն այստեղ հաճախ ծառայում է ոչ թե որպես հակասությունները մեղմելու գործիք, այլ ընդհակառակը, էթնոքաղաքական էսկալացիայի խթան է դառնում: Սակայն Հայրենական Մեծ պատերազմի եւ նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հիշողության քաղաքականության մեջ:

Հայաստանում եւ Ադրբեջանում պահպանվում են Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, իսկ դպրոցական դասագրքերում այս իրադարձությունը գնահատվում է որպես ժողովուրդների վճռորոշ ներդրում Երրորդ Ռայխի եւ նրա դաշնակիցների նկատմամբ հաղթանակի գործում: Բաքվում եւ Երեւանում անցկացվել են «Անմահ գնդի» ակցիաները:

Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Կարմիր հրապարակում 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Կարմիր հրապարակում 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS


Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը մրցակցում են Ռուսաստանի վրա ազդեցության համար եւ շահագրգռված են (թեեւ յուրաքանչյուրն իր ձեւով) նրա հետ համագործակցությամբ, ապա Թբիլիսիում Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի բարդ եւ հակասական է: Այնուամենայնիվ, Վրաստանում մայիսի 9-ը պահպանվում է որպես պետական տոն եւ ոչ աշխատանքային օր, որը նշվում է որպես Հաղթանակի օր Ֆաշիզմի նկատմամբ: Երկրի ղեկավարները ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի գերեզմանին: 2019 թ. մայիսի 9-ին Վրաստանում առաջին անգամ անցկացվեց «Անմահ գնդի» ակցիան, որը լայն քննարկման առիթ դարձավ: Պարբերաբար կազմակերպվում են համերգներ եւ հանդիսավոր ընդունելություններ Մեծ Հայրենական պատերազմի վետերանների համար:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը կապող օղակ է մնում Հարավային Կովկասի ժողովուրդների, ինչպես նաև նրանց և Ռուսաստանի միջև, սակայն դա չպետք է պատրանքների առիթ դառնա: Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում տեղի է ունենում սերնդափոխություն: Ադրբեջանում 2025 թ. մարտի դրությամբ մնացել էր Հայրենական Մեծ պատերազմի 21 վետերան, Հայաստանում 2025 թ. ապրիլի դրությամբ՝ 32 վետերան (նրանցից ամենատարեցը 104 տարեկան է), իսկ Վրաստանում 2024 թ. մայիսի դրությամբ՝ 66 մարդ:

Մեծացել են նոր սերունդներ, որոնք խորհրդային փորձ չունեն, կարիերա են կերտել արդեն ազգային անկախության շրջանում և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի պետականությունից զատ այլ իրողություններ չգիտեն: Այսպիսով, ինչպես ընդհանուր խորհրդային անցյալի, այնպես էլ ընդհանուր հաղթանակի գնահատման մեջ ավելի ու ավելի հաճախ են դրսևորվում այլ առաջնահերթություններ, որոնք կոչված են ընդգծելու ոչ թե պատմական ճակատագրի ընդհանրությունը ԽՍՀՄ-ի շրջանակներում, այլ ադրբեջանցիների, հայերի և վրացիների հատուկ դերակատարությունը:

Վրացական համատեքստում Հաղթանակի հիշատակման մեջ հատուկ ուշադրության է արժանի Իոսիֆ Ստալինի կերպարը: Պատմաբան Յուրի Անչաբաձեի խոսքերով, «վրացական պատմական գիտակցության կողմից խորհրդային ամբողջատիրության խիստ բացասական ընկալումը զուգակցվում է հավատարիմ վերաբերմունքի հետ  դրա հիմնական ստեղծողներից մեկի նկատմամբ»: Նույնիսկ Արեւմուտքի հետ մերձեցման երկրպագու Միխեյիլ Սաակաշվիլին չէր համարձակվում ոտնձգություն կատարել առաջնորդի հուշարձանի նկատմամբ, որը տեղադրվել էր նրա հայրենի Գորիում 1952 թվականին: Քաղաքի կենտրոնական հրապարակից հուշարձանը հեռացվեց միայն 2010-ին, սակայն այսօր էլ Վրաստանում չեն դադարում քննարկումները այն վերականգնելու անհրաժեշտության մասին:
Միխեյիլ Սաակաշվիլին Միխեյիլ Սաակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Հայաստանում եւ Ադրբեջանում Հայրենական Մեծ պատերազմի հիշատակի համատեքստում կարող ենք պնդել զորավարներ Իվան Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Իվան Իսակովի եւ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի), Ազի Ասլանովի, Յաղուբ Գուլիեւի, Հուսեյնբալա Ալիեւի պետական եւ լայն հասարակական մեծարման մասին:

Միեւնույն ժամանակ, «պատմության ազգայնացումը» Կովկասում երբեմն հանգեցնում է թյուրըմբռնումների նույնիսկ ռազմավարական դաշնակիցների միջեւ: Բավական է հիշել վեճերը Գարեգին Նժդեհի կամ Դրոյի (Դրաստամատ Կանայան) կերպարների շուրջ, որոնց Հայաստանում ընկալում են որպես ազգային հերոսներ, իսկ Ռուսաստանում՝ որպես կոլաբորացիոնիստներ: Ադրբեջանում Երեւանի կողմից նրանց պաշտոնական հուշարձանացումը փորձում են գործիքային դարձնել Մոսկվայի հետ երկխոսության մեջ՝ որպես Մեծ Հաղթանակի մասին ընդհանուր հիշողությանը հավատարմության ապացույց՝ ի հակադրություն հայկական «ռեւիզիոնիզմի»: Միեւնույն ժամանակ, իշխանության կողմից Նժդեհի եւ Դրոյի հանդեպ հատուկ վերաբերմունքը չի հանգեցրել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների կամ հայկական ծագումով խորհրդային առաջնորդների դուրս մղմանը:

Տարածաշրջանի յուրաքանչյուր պետություն ընդգծում է Երրորդ Ռայխի նկատմամբ ԽՍՀՄ-ի Հաղթանակի մեջ իր հատուկ ներդրումն ու նշանակությունը: Ադրբեջանում ազգային պատումի մաս է դարձել հատուկ կենտրոնացումը «Բաքվի նավթի» գործոնի վրա: «Բաքվի նավթը բացառիկ դեր է խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի հասնելու գործում: 1941-1945 թվականների պատերազմի ընթացքում Խորհրդային Միության կողմից ծախսված նավթի ավելի քան 70 տոկոսը, բենզինի 80 տոկոսը, մեքենայական յուղերի 90 տոկոսը բաժին էր ընկնում Ադրբեջանին», - իր ելույթներից մեկում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հաղթանակի 70-ամյակի նախօրեին Բաքուն արժանացավ «քաղաք-հերոս» կոչմանը: Վրացական եւ հայկական պատումներում հատկապես ընդգծվում է «հատուկ զոհաբերության» դերը, որն այդ ժողովուրդները բերեցին Հաղթանակի զոհասեղանին (մանրամասն արձանագրվում է այդ հանրապետություններից զորակոչիկների քանակը, վրացիների եւ հայերի շրջանում անվերականգնելի կորուստների ծավալը):


Ընդ որում, վրացական դասագրքերում, ի տարբերություն հայկականի եւ ադրբեջանականի, «Հայրենական Մեծ պատերազմ» հասկացությունը քննադատական շեշտով է ներկայացվում՝ որպես «խորհրդային քարոզչական մեքենայի» հնարանք, եւ նախապատվությունը տրվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմ»-ին: Ակնհայտ են նաեւ Կարմիր բանակի ստորաբաժանումներում եւ Վերմախտի «արեւելյան ձեւավորումներում» էթնիկ վրացիների մասնակցությունը «հավասարակշռելու» փորձերը:

Այսպիսով, չնայած սուր հակասություններին, հակամարտություններին եւ պատմական անցյալի նկատմամբ մոտեցումների տարբերություններին, Հարավային Կովկասի երկրները եւ՛ պետական, եւ՛ հասարակական մակարդակում դեռեւս պահպանում են հարգալից վերաբերմունքը Մեծ Հայրենական պատերազմի պատմության եւ դրան մասնակցած իրենց հայրենակիցների հիշատակի նկատմամբ: Փոխվում են 1941-1945 թթ. իրադարձությունների գնահատականների շեշտադրումները, տեղի է ունենում նոր ազգային պետությունների համար անխուսափելի սեփական պատումի առաջ մղումը՝ ընդհանուր խորհրդային միասնությունը ընդգծող սյուժեների եզրայնացման հաշվին:

Առաջ են քաշվում նոր թեմաներ եւ առաջնահերթություններ հետազոտությունների համար: Ադրբեջանի դեպքում խոսքը «քաղաքատնտեսական սյուժեների» մասին է (Հաղթանակի նավթային գործոն, թիկունքային ենթակառուցվածք), Վրաստանի եւ Հայաստանի դեպքում՝ ժողովրդագրական կորուստների, ընդհանուր գործին իրենց ժողովրդի ականավոր ներկայացուցիչների եզակի ներդրման: Միեւնույն ժամանակ ուժեղանում է ազգայնական դիսկուրսը, որի շրջանակներում Իվան Բաղրամյանի եւ Գարեգին Նժդեհի, Իոսիֆ Ստալինի եւ Միխայիլ Ախմետելիի, Ազի Ասլանովի եւ Աբդուռահման Ֆաթալիբեյլիի կերպարները ներկայացվում են ոչ թե որպես «ազգային գործի» հակառակորդներ (ինչպիսին նրանք իրականում էին), այլ դրա նվիրյալներ: Պատմաբաններն արդեն առանց մերկացնող երանգների գրում են ազգայնականների մասին, որոնք 1940-ական թվականներին ընտրել էին նացիստական Գերմանիայի հետ կոլաբորացիոնիզմի ուղին:
Մարշալ Հովհաննես Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանը


Սակայն այս վերագնահատումները պատմության վերագրման եւ Խորհրդային Միության հաղթանակի նշանակության ժխտմանը չեն հանգեցրել: Այդ պատճառով այսօր Հայրենական Մեծ պատերազմում ընդհանուր Հաղթանակի օրը Հարավային Կովկասի երկրներում մնում է իսկապես եզակի ամսաթիվ եւ հատուկ խորհրդանիշ, որը թույլ է տալիս պնդել, որ ոչ բոլոր խորհրդային անցյալի արժեքներն են լիովին արժեզրկվել, վերագնահատվել եւ մոռացվել: Դրանք վերաիմաստավորվում են նոր պայմաններում, ոչ միշտ ճիշտ եւ որակյալ, բայց ամբողջական ժխտման օբյեկտ չեն դառնում:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին