Ներկայացնում ենք Reuters-ի 'Little Marco' gets Trump's big jobs հոդվածի հայերեն թարգմանությունը:
Բարձրաստիճան դիվանագետ, արտաքին օգնության բաժնի ղեկավար, ազգային արխիվավար, հիմա էլ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Պաշտոնյաների կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ընդլայնվող ռեզյումեն ապացուցում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը Ֆլորիդայի նախկին սենատորի նկատմամբ աճում է։
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կստանձնի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նրա փոխարեն Թրամփը ժամանակավորապես նշանակեց Ռուբիոյին, որին ժամանակին արհամարհանքով «Փոքրիկ Մարկո» ու խաբեբա էր անվանում։
Վերադասավորումները տեղի են ունենում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, Գազայում ձախողված հրադադարը վերականգնելու, Իրանի հետ բարդ միջուկային բանակցություններ վարելու, Չինաստանի հետ առեւտրային պատերազմի դիվանագիտական հետեւանքները չեզոքացնելու ջանքերի ֆոնին։
ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա ասում է, որ Ռուբիոն արժանացել է Թրամփի վստահությանը, որովհետեւ կատարում է նրա բոլոր առաջադրանքները։ «Նա արել է այն ամենը, ինչ Թրամփը հանձնարարել է, - ասում է պաշտոնյան, որը խնդրել չհրապարակել իր անունը, - ինչո՞ւ չվստահել նրան»։
ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին պատմել է, որ Թրամփը համաձայն է անորոշ ժամանակով պահպանել այս նոր դասավորությունը. Ռուբիոն կլինի ե՛ւ պետքարտուղար, ե՛ւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական։
«Նա հարցեր է լուծում»
Սկզբում Ռուբիոյին ուղարկեցին Պանամա, որպեսզի Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» Թրամփի խոստումն ավելի դիվանագիտական պայմաններով քննարկի: Մարտին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Օվալաձեւ սենյակում տեղի ունեցած վեճից հետո, Թրամփը Ռուբիոյին ուղարկեց Սաուդյան Արաբիա, որտեղ նա օգնեց վերականգնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հասնելու ջանքերը:
Ռուբիոն նաեւ առաջատար դեր խաղաց Թրամփի վիճահարույց հակամիգրացիոն պայքարում՝ համաձայնության հասնելով անօրինական խմբավորման ենթադրյալ անդամներին Սալվադորի բանտ ուղարկելու մասին եւ չեղյալ հայտարարելով հազարավոր ուսանողական վիզաներ, շատ դեպքերում՝ այն բանից հետո, երբ ուսանողները մասնակցեցին Իսրայելի դեմ բողոքի ցույցերին:
Ամենակարեւորը՝ Ռուբիոն բարձրաձայն պաշտպանեց Թրամփի օրակարգը, նույնիսկ երբ այն հակասում էր իր նախկին դիրքորոշումներին: Որպես սենատոր Ռուբիոն պաշտպանում էր ԱՄՆ արտաքին օգնությունը ամբողջ աշխարհում: Թրամփի օրոք Ռուբիոն վերահսկում է Վաշինգտոնի գլխավոր օգնության գործակալության ապամոնտաժումը եւ հպարտորեն պաշտպանում է այդ որոշումը:

Լուսանկարը` REUTERS
Վերջերս Թրամփը շնորհակալություն հայտնեց Ռուբիոյին իր «աներեւակայելի» աշխատանքի համար: «Երբ խնդիր եմ ունենում, զանգահարում եմ Մարկոյին, - ասաց Թրամփը, - նա ամեն ինչ լուծում է»:
Աննախադեպ երեւույթ չէ, որ մեկ պաշտոնյան միաժամանակ մի քանի պաշտոն է զբաղեցնում: Հենրի Քիսինջերը 1970-ականներին եւ՛ պետքարտուղար էր, եւ՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Սակայն Ռուբիոյի ներկա աշխատանքային ծանրաբեռնվածությունը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչպես է նա կատարելու բազմաթիվ առաջադրանքներ։ ԱՄՆ բարձրագույն դիվանագետի պաշտոնից բացի, Ռուբիոն ծառայում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր եւ ԱՄՆ արխիվավարի պաշտոնակատար, որը վերահսկում է կառավարական գրառումների պահպանումը:
«Այս գործերից ամեն մեկը, եթե ճիշտ է կատարվում, գերմարդկային նվիրում, կենտրոնացում եւ էներգիա է պահանջում, - ասում է Պետդեպարտամենտի մի պաշտոնյա: - Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է միաժամանակ կատարել այս բոլոր գործերը՝ առանց անտեսելու որոշ պարտականություններ»:
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն ասում է, որ Ռուբիոյի շուրջը կան մարդիկ, որոնք օգնում են կատարել բոլոր աշխատանքները: «Եթե աշխարհում կա մեկը, ով կարող է դա անել... դա Մարկո Ռուբիոն է»։
Թրամփն ու Ռուբիոն ժամանակին իրար միս են կերել
Ռուբիոն եւ Թրամփը բախվել էին 2016 թվականի Հանրապետական նախագահական թեկնածուի համար դժվարին քարոզարշավի ժամանակ։ Նրանք լուտանքներ են թափել միմյան հասցեին բանավեճի ժամանակ՝ Թրամփը Ռուբիոյին տվել էր «Փոքրիկ Մարկո» մականունը եւ «խաբեբա» անվանել՝ Սենատում ձայներ չհավաքելու համար։ Ռուբիոն իր հերթին մեղադրել էր Թրամփին «խաբեբա» լինելու մեջ ու ծաղրել նրան փոքր ձեռքեր ունենալու համար։
Ռուբիոն հետագայում ասել է, որ այդ մեկնաբանությունները արվել են մրցակցային նախնական ընտրությունների համատեքստում՝ իրեն համեմատելով բռնցքամարտիկի հետ, որը ռինգում հարվածում է մրցակցին։ «Դա չի նշանակում, որ ատում ենք իրար, պարզապես մրցակցության մեջ էինք նույն աշխատանքի համար», - CNN-ին ասել է Ռուբիոն։

Լուսանկարը` REUTERS
2017 թվականին, երբ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, լարվածությունը մեղմացավ, քանի որ ծագումով կուբացի Ռուբիոն կարեւոր դեր խաղաց՝ Վենեսուելայի եւ Կուբայի քաղաքականության մասին խորհրդատվություն տրամադրելով։ Կուլիսներում Ռուբիոն էր այն շարժիչ ուժը, որն օգնեց Թրամփին «առավելագույն ճնշում» գործադրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա, ինչպես նաեւ կտրուկ շրջադարձ կատարել նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբայի հետ մերձեցման ծրագրերում։
Թեեւ Ռուբիոն վաղուց պաշտպանում էր Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության ավանդական դիրքորոշումները, այդ թվում՝ աջակցությունը Ուկրաինային, հավատարմությունը ՆԱՏՕ-ին եւ Չինաստանի ու մարդու իրավունքների վիճակի նկատմամբ ռազմատենչ տեսակետը՝ այսօր նա հավատարիմ է Թրամփի «Առաջինը Ամերիկան» մոտեցմանը։
Պետդեպարտամենտում Ռուբիոն փակեց այն գրասենյակը, որը զբաղվում էր ռուսական եւ չինական ապատեղեկատվության դեմ պայքարով՝ մեղադրելով այն պահպանողականներին թիրախավորելու մեջ։
Նա համագործակցել է Իլոն Մասքի կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հետ՝ կրճատելու օգնությունն ու այլ ծրագրերը, որոնց աջակցել էր որպես սենատոր, եւ նախաձեռնել է վերադասավորում, որի արդյունքում կփակվեն մարդու իրավունքներով եւ ռազմական հանցագործություններով զբաղվող գրասենյակները։
Թրամփի աճող կախվածությունը Ռուբիոյից Պետդեպարտամենտի բարձրաստիճան անանուն մի պաշտոնյա վերագրում է «համագործակցային աշխատանքի, մասնագիտական եւ անձնական հարաբերություններ կառուցելու» վերջինիս փորձին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: