Ներկայացնում ենք Իսրայելի նախկին արտգործնախարար Շլոմո Բեն-Ամիի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Շլոմո Բեն-Ամի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտություն ու պատմություն չի հարգում։ COVID-19-ի չապացուցված բուժումները խթանելուց մինչեւ Ամերիկայի անցյալի ամոթալի իրադարձությունների քննարկումը «պառակտող» համարելը՝ նա նախընտրում է շահարկել գիտությունը քաղաքական նպատակների համար: Հետաքրքիր է՝ արդյոք նա գիտակցո՞ւմ է, երբ կարոտով հիշում է Ամերիկայի պատմական «մեծությունը», որ սովորաբար ակնարկում է այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը աշխարհաքաղաքական առումով թույլ պետություն էր:
Թրամփի կողմից Մոնրոյի հայեցակարգի վկայակոչումը նման մի օրինակ է: Երբ նախագահ Ջեյմս Մոնրոն 1823 թվականին հայտարարեց, որ Արեւմտյան կիսագունդը բացառապես ԱՄՆ-ի տիրույթն է, Ամերիկան հեռու էր համաշխարհային տերություն լինելուց: Ու թեեւ այդ ժամանակվանից հայեցակարգն օգտագործվել է ԱՄՆ միջամտությունն ու իմպերիալիզմը հիմնավորելու համար, Մոնրոյի սկզբնական տեսլականն էր զսպել եվրոպական գաղութատիրությունը: Այն, անշուշտ, չէր արդարացնի Կանադայի, Գրենլանդիայի եւ Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը հաստատելու Թրամփի հավակնությունները, նույնիսկ եթե նրա աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ոլորտներն օրինականացնում են այլ տերությունների (Սիրիայում՝ Իսրայելի եւ Թուրքիայի, Ուկրաինայում՝ Ռուսաստանի) ուժով տարածք գրավելու ջանքերը:
Նմանապես Թրամփը հիմնավորում է բարձր մաքսատուրքերը՝ նշելով, որ դրանք Ոսկեդարի առանձնահատկությունն էին, երբ արագ ինդուստրալիզացիան նպաստեց ԱՄՆ-ի բարգավաճմանը: Բայց նա կրկին հիշեցնում է մի ժամանակաշրջանի մասին (1870-ականների վերջից մինչեւ 1900-ականների սկիզբը), երբ Ամերիկայի համաշխարհային ազդեցությունը համեմատաբար համեստ էր: Թեեւ ԱՄՆ-ն արդեն զարգացող տնտեսական տերություն էր, այն դեռ ամենեւին «ամենահարուստը» չէր: Գնաճով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այսօր մոտ վեց անգամ բարձր է, քան 1890-ականներին, որոնք նաեւ տնտեսական ամենամեծ անհավասարության տարիներն էին:

Լուսանկարը` REUTERS
Ավելին, 1890 թվականի ՄըքՔինլիի մաքսատուրքերից հետո (դրանք ներմուծած հանրապետական, Ներկայացուցիչների պալատի անդամ Վիլյամ ՄըքՔինլիի անունով), երբ բոլոր ներմուծումների միջին մաքսատուրքերը ավելացան 38%-49,5%-ով, կուսակցությունը այդ տարվա միջանկյալ ընտրություններում խոշոր պարտություն կրեց, ինչը ԱՄՆ-ի պատմության ամենամեծ կուսակցական ցնցումներից մեկն էր: Մաքսատուրքերը նաեւ անուղղակիորեն նպաստեցին 1890 եւ 1893 թվականների տնտեսական խուճապին:
Վկայակոչելով 1913-ին նախորդող դարաշրջանը, երբ ներմուծվեց դաշնային եկամտահարկը, Թրամփը նաեւ առաջ քաշեց մաքսատուրքերով ԱՄՆ կառավարության ողջ բյուջեն ֆինանսավորելու գաղափարը: Սա ոչ միայն կոպիտ թյուրըմբռնում է, թե ինչպես են գործում մաքսատուրքերը (առեւտրի նախարար Հովարդ Լութնիկն ասում է, որ դա նշանակում է «թույլ տալ, որ դրսի մարդիկ վճարեն», թեեւ սակագները վճարում են ներկրողները), այլեւ պատմական փորձի եւ մաթեմատիկական իրականության լիակատար անտեսում:
Մաքսատուրքերից ստացված եկամուտները չէին կարող փակել ԱՄՆ կառավարության ծախսերը 1900-ականների սկզբին, եւ անշուշտ չեն կարող դա անել այսօր՝ անկախ նրանից, թե քանի պետական ծառայող է աշխատանքից ազատում չընտրված միլիարդատեր Իլոն Մասքը եւ նրա Կառավարության արդյունավետության դեպարտամենտը, քանի գործակալություն են փորոտում կամ քանի ծրագիր են զրկում ֆինանսավորումից: Ի վերջո Ամերիկայի ամենամեծ բյուջետային հոդվածներն են Սոցիալական ապահովությունը (ընդունվել է 1935 թվականին) եւ Medicare-ը (ստեղծվել է 1965 թվականին), որոնք ամերիկացիները չեն ուզում կորցնել:

Լուսանկարը` REUTERS
Օտարերկրյա օգնության պարտավորությունները, ՆԱՏՕ-ի եւ այլ դաշնակիցների հանդեպ պարտականությունները եւ գիտական հետազոտություններում ներդրումները, որոնք պախարակում է Թրամփի վարչակազմը, ԱՄՆ պետբյուջեի շատ ավելի փոքր մասն են: Ավելի կարեւոր է, որ դրանք բերում են հսկայական օգուտներ՝ ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության, կայունության եւ բարգավաճման համար:
Իրականում, Pax Americana-ն, որն արտացոլում եւ հավերժացնում էր ամերիկյան «մեծությունը», միշտ հիմնված է եղել տնտեսական, ռազմական եւ մշակութային ազդեցության՝ բոլորի համար շահավետ, բայց հիմնականում շահադիտական համակարգի վրա. այն համակարգի, որը Թրամփը հիմա ոչնչացնում է:
Թրամփի վարչակազմը «որսի սեզոն» է հայտարարել գիտական հաստատությունների համար, որոնք ԱՄՆ-ն դարձրել են աշխարհի առաջատար նորարարության հզոր կենտրոնը: Նա ճնշել է Բաղեղի լիգայի համալսարանները, զտել Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների վարչությունը եւ կրճատել համաշխարհային ճանաչում ունեցող գիտահետազոտական հաստատությունների, այդ թվում Ազգային գիտական հիմնադրամի, Առողջապահության ազգային ինստիտուտի, Էներգետիկայի դեպարտամենտի եւ Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային վարչության ֆինանսավորումը: Մինչ ԱՄՆ-ն կրճատում է հետազոտությունների եւ զարգացման ֆինանսավորումը, Չինաստանը մեծ գումարներ է հատկացնում՝ անցյալ տարի 52 միլիարդ դոլարի ներդրում կատարելով հետազոտության եւ զարգացման ոլորտում, ինչը 10%-ով ավելի է 2023 թվականի համեմատ:
Ավելին, Թրամփի վարչակազմը ապամոնտաժում է ԱՄՆ արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որը ԱՄՆ-ի «փափուկ ուժի» առաջատար գործիքն էր: Թրամփը նաեւ դուրս է բերել ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ Փարիզի կլիմայի համաձայնագրից՝ միաժամանակ հարկադրելով երկկողմ գործարքներ, ինչպես օրինակ Ուկրաինայի օգտակար հանածոները վերահսկելու ջանքերը:
ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, ցանկանում է թշնամացնել նույնիսկ Եվրոպային՝ իր ամենամոտ գործընկերոջը՝ նրան Չինաստանի հետ ավելի խոր հարաբերությունների մղելով: Եվրամիությունը ծրագրում է մեծ պարտքեր վերցնել իր պաշտպանական ծախսերը ֆինանսավորելու համար, այդ պատճառով կարող է նույնիսկ կիսել Չինաստանի ցանկությունը՝ տապալելու դոլարը՝ որպես համաշխարհային առաջատար պահուստային արժույթ: Եթե դոլարն իրոք անկում ապրի, ապա մեղավոր կլինի Թրամփի վարչակազմը, ոչ թե Եվրոպան կամ Չինաստանը: Թրամփի մաքսատուրքերն արդեն ստեղծում են դոլարի նկատմամբ վստահության ճգնաժամ, որն արտացոլվում է ԱՄՆ գանձապետարանների եկամտաբերության աճով:
Տարիներ շարունակ մեկնաբանները անհանգստանում են, այսպես կոչված, Թուկիդիդեսի ծուղակից. երբ գործող հեգեմոնը (ԱՄՆ) երկյուղում է նոր մրցակցից (Չինաստանից), պատերազմն անխուսափելի է դառնում: Սակայն Թրամփը հիմա գլխիվայր շրջել է այդ հայեցակարգը: Իր ղեկավարած համակարգը պաշտպանելու փոխարեն՝ ԱՄՆ-ն նրան ջախջախիչ հարված է հասցնում:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Project Syndicate, 2025
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: