Ներկայացնում ենք Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Journal of International Analytics գիտական հանդեսում հրապարակված Հայկական հետազոտական ինստիտուտի աշխատակիցներ Սերգեյ Մելքոնյանի եւ Քնարիկ Ջալաթյանի From Independence to “Revolution”: the Evolution of Armenia's Diplomatic Service հոդվածի հայերեն թարգմանությունը։
Սերգեյ Մելքոնյան, Քնարիկ Ջալաթյան
Տեսական շրջանակ
Հայաստանի դիվանագիտական ծառայության էվոլյուցիան կարելի է դիտարկել ինստիտուտների կառուցման եւ բյուրոկրատական որոշումների կայացման համադրությամբ: Այս երկու սյուները համապարփակ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես է զարգացել Հայաստանի արտաքին քաղաքական ապարատը անկախությունից ի վեր եւ ինչպես են ներքին ու արտաքին գործոններն ազդել դիվանագետների պատրաստման գործընթացի վրա։
Դիվանագիտության մեջ ինստիտուցիոնալ ձեւավորումը նշանակում է պաշտոնապես ստեղծել եւ հարմարեցնել դիվանագիտական կառույցները, որոնք հնարավորություն են տալիս պետություններին կառավարել իրենց արտաքին հարաբերությունները: Հայաստանի դեպքում 1990-ականների սկզբին արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), իսկ ավելի ուշ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցի ստեղծումը նշանակալի քայլեր էին մարդկային ռեսուրսների մասնագիտացման ուղղությամբ։
Ինչպես նշում է Ջերեմի Բլեքը «Դիվանագիտության պատմությունը» գրքում, դիվանագիտական ինստիտուտների զարգացումը հաճախ ընթանում է պետականաշինության լայն ջանքերին զուգահեռ: Հայաստանի ԱԳՆ-ն, որը ձեւավորվեց տնտեսական դժվարությունների եւ հակամարտությունների պայմաններում, սկզբում գործում էր սահմանափակ ռեսուրսներով, բայց վճռորոշ էր երկիրը համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում:
Քրիստեր Յոնսոնը եւ Մարթին Հոլը պնդում են, որ դիվանագիտականհաստատությունների ստեղծումը կարեւոր է արդյունավետ միջազգային հաղորդակցության եւ բանակցությունների համար: 2009 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոցի ստեղծումը կարեւոր ինստիտուցիոնալ քայլ էր, որը պատասխանում էր արհեստավարժ եւ լավ պատրաստված դիվանագիտականծառայության աճող կարիքներին: Դարոն Աճեմօղլուի եւ Ջեյմս Ռոբինսոնի ներառական ինստիտուտների տեսությանը համահունչ՝ Դպրոցը խորհրդանշում էր դիվանագետների պատրաստման առավել ներառական եւ արժանիքների վրա հիմնված համակարգ, որը բարելավելու էր Հայաստանի միջազգային վարկանիշը:
Դիվանագիտական հաստատություններում բյուրոկրատական որոշումների կայացումը նշանակալի դեր է խաղում արտաքին քաղաքականության ձեւավորման գործում: Հայաստանում դիվանագիտական ծառայության վերաբերյալ որոշումների վրա ազդել են ինչպես ինստիտուցիոնալ կարիքները, այնպես էլ իշխանության ներքին դինամիկան, որոնք լավագույնս ընկալվում են Բյուրոկրատական քաղաքականության մոդելի (ԲՔՄ) միջոցով:
ԲՔՄ-ն, որը նկարագրել է Գրեմ Էլիսոնը եւ հետագայում մշակել է Ֆիլիպ Զելիկովի հետ համահեղինակությամբ, բացատրում է, թե ինչպես են որոշումների վրա ազդում ներքին մրցակցությունը եւ իշխանության համար պայքարը տարբեր բյուրոկրատական դերակատարների միջեւ: Հայաստանի ԱԳՆ-ն ռեսուրսների եւ ազդեցության համար ներքին կառավարական մրցակցություն է ունեցել իշխանության այլ սյուների հետ, որոնք հաճախ ներկայացնում էր արտաքին քաղաքական որոշումները ձեւավորող նախագահի աշխատակազմը:
Այս մոդելը օգտակար է բացատրելու համար, թե ինչպես են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ տնտեսական գործընկերությունները, ձեւավորվել ԱԳՆ եւ այլ պետական մարմինների բյուրոկրատականբանակցությունների արդյունքում: ԱԳՆ-ում ռեսուրսների, ազդեցության եւ հեղինակության մրցակցությունը արտացոլում է դիվանագիտական որոշումների կայացման բարդությունները, որոնք հաճախ ենթադրում են փոխզիջումներ եւ ռազմավարական սակարկություններ բյուրոկրատների միջեւ:
«Վալդայ» քննարկման ակումբի զեկույցը դասակարգում է երկրները ըստ դիվանագիտական կրթության մոտեցումների՝ տարբերակելով գլոբալ իմացաբանություն ու ֆունկցիոնալ պատրաստվածություն ունեցող եւ ազգային իմացաբանություն ու հիմնարար պատրաստվածություն ունեցող երկրների միջեւ: Այս շրջանակն ընդգծում է այն կարեւոր դերը, որ դիվանագիտական ուսուցումը խաղում է ազգի ինքնիշխանության բարձրացման կամ նվազեցման եւ բազմաբեւեռ աշխարհակարգում նավարկելու գործում:
Հայաստանի նկատմամբ կիրառվելու դեպքում այս շրջանակը թույլ է տալիս վերլուծել, թե ինչպես է դիվանագիտական ուսուցման էվոլյուցիան ամրապնդել կամ խոչընդոտել արտաքին ճնշումների պայմաններում երկրի ինքնիշխանությունը հաստատելու կարողությունը: Վալդայի զեկույցի շեշտադրումը, որ դիվանագիտական կրթությունը պետք է համապատասխանի ազգային շահերին, հատկապես արդիական է հայկական համատեքստում, որտեղ խորհրդային վերապատրաստման ժառանգությունը, զուգորդված ժամանակակից ազդեցությունների հետ, մասամբ ձեւավորել է ԱԳՆ-ի կարողություններն ու սահմանափակումները:
Փոխազդեցություն ինստիտուտների կառուցման, բյուրոկրատական որոշումների կայացման եւ ինքնիշխանության միջեւ
Ինչպես ասվում է «Վալդայ» ակումբի զեկույցում, Հայաստանի դեպքում մենք դիտարկում ենք դիվանագիտական ինստիտուտների զարգացման, բյուրոկրատական որոշումների կայացման ներքին դինամիկայի եւ դիվանագիտական ուսուցման էվոլյուցիայի փոխկապակցությունը: Պաշտոնական կառույցների ստեղծումը, ինչպիսին է Հայաստանի դիվանագիտական դպրոցը, հիմք հանդիսացավ Հայաստանի արտգործնախարարության մասնագիտացման համար, թեեւ այդ ինստիտուտները ձեւավորվեցին ներքին բյուրոկրատականիշխանական պայքարի եւ Հայաստանի ինքնիշխանության վրա արտաքին ճնշումների պայմաններում:
«Ժամանակակից դիվանագիտության Օքսֆորդի ձեռնարկ»-ում (2013) ընդգծվում է, որ գլոբալացումը եւ բազմակողմ դիվանագիտության աճը նոր մարտահրավերներ են ստեղծել պետությունների համար: Հայաստանի դեպքում այս մարտահրավերներին գումարվում են տարածաշրջանային հակամարտությունները եւ սահմանափակ ռեսուրսները, որոնք պահանջում են, որ դիվանագիտական ծառայությունը կարողանա կողմնորոշվել տեղական եւ գլոբալ հարցերում:
Գրեմ Էլիսոնի ԲՔՄ-ն պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է ներքին բյուրոկրատական մրցակցությունն ազդել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման վրա, մինչդեռ «Վալդայ ակումբի» փաստաթուղթն ընդգծում է, որ դիվանագիտական ուսուցումը կարող է ազգային ինքնիշխանության գործիք լինել:
Խորհրդային ժառանգությունը եւ դրա ազդեցությունը
Հետանկախության շրջանում խորհրդային ժառանգությունը կարեւոր դրոշմ է թողել Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ արտաքին քաղաքականության զարգացման վրա։ Երբ Հայաստանը խորհրդային հանրապետությունից անցում կատարեց դեպի անկախ պետություն, այն խորհրդային դիվանագիտությունից ժառանգեց բյուրոկրատական ընթացակարգեր ու մշակութային նորմեր, ներառյալ որոշումների կայացման կենտրոնացված մոտեցումը եւ սերտ կապերը Ռուսաստանի հետ:
Այս ուսումնասիրության համար հարցված դիվանագետներից մեկի պատմած զվարճալի պատմությունը նկարագրում այս կախվածությունը: Երբ սփյուռքահայ դիվանագետն առաջին անգամ առաջադրանք է ստանում ԱԳՆ-ից, նրա թիմի սկզբնական արձագանքն է՝ «Արդյո՞ք սա համաձայնեցվե՞լ է Մոսկվայի հետ»: Այս հարցը արտացոլում է Մոսկվայի՝ որպես նախկին «կենտրոնի» հետ համակարգելու արմատացած ավանդույթը նույնիսկ անկախությունից հետո։
Թեեւ Մոսկվան խստորեն վերահսկում էր Խորհրդային Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սխալ է պատկերել Հայկական ԽՍՀ ԱԳՆ-ն որպես պարզապես Կրեմլի խամաճիկ։ Խորհրդային Միության շրջանակներում Հայաստանը պահպանում էր սահմանափակ, բայց զգալի գործունակություն, հատկապես մշակութային եւ պատմական կարեւորության հարցերում:

Ջոն Կիրակոսյանի նման նախարարներն իրենց դիրքն օգտագործում էին խորհրդային համակարգի սահմանափակումների շրջանակներում հայկական ազգային շահերն առաջ տանելու համար։ Կիրակոսյանը, մասնավորապես, մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման խթանման գործում՝ այն սահմանելով որպես պատմական եւ բարոյական կարեւորագույն խնդիր: Նրա ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը նախաձեռնեց արխիվային հետազոտություններ եւ միջազգային կոնֆերանսներ, որոնք ընդգծում էին ցեղասպանությունը որպես հայոց պատմության կենտրոնական թեմա: Նրա գիտական ներդրումը, օրինակ՝ «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությունը (1982), ոչ միայն խթանեցին ակադեմիական խոսույթը, այլեւ նրբորեն խթանեցին ցեղասպանության միջազգային ճանաչումը ԽՍՀՄ-ի հովանու ներքո:
Չնայած կախվածությանը, խորհրդային ժառանգությունը Հայաստանում ձեւավորեց նաեւ լավ պատրաստված եւ փորձառու դիվանագետների սերունդ, ինչը շատ կարեւոր էր, երբ երկիրը հաղթահարում էր հետխորհրդային միջազգային հարաբերությունների բարդությունները:
Այս ժառանգության երկակի բնույթը՝ թե՛ շահավետ, եւ՛ սահմանափակող, եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գծերից մեկը հետանկախության դարաշրջանում։
Պետականաշինությունը եւ Հայաստանի ԱԳՆ-ի էվոլյուցիան
Հայաստանի ԱԳՆ-ի զարգացումն արտացոլում է պետականաշինության լայն հետագիծը, որը ձեւավորվում էր նրա ղեկավարների ռազմավարական առաջնահերթություններով եւ քաղաքական դինամիկայով։ Հետխորհրդային ժամանակաշրջանում իր սկզբնական ձեւավորումից մինչեւ ներկայիս իշխանությունների վերջին մարտահրավերները՝ ԱԳՆ-ի դերն ու արդյունավետությունը զարգացել են ի պատասխան ներքին եւ միջազգային ճնշումների: Երբ Հայաստանը խորհրդային հանրապետությունից դարձավ անկախ պետություն, նա ժառանգեց խորհրդային պետական կառուցվածքի բյուրոկրատական շրջանակներն ու մշակութային նորմերը, ներառյալ որոշումների կայացման կենտրոնացված մոտեցումը: Կենտրոնացման աստիճանը տարբեր էր չորս կառավարություններում, սակայն շարունակում է արդիական ու կարեւոր խնդիր մնալ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունը (1991-1998 թթ.)
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունը հիմնարար շրջան էր Հայաստանի ԱԳՆ-ի համար, երբ նորանկախ երկիրը փորձում էր հաստատել իր ինքնիշխանությունը եւ միջազգային ճանաչում ձեռք բերել։ Նրա պաշտոնավարման օրոք ԱԳՆ-ն մեծ մասամբ զբաղվում էր արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի կառավարմամբ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը եւ առանցքային գլոբալ տերությունների հետ հարաբերությունների հաստատումը:
Այնուամենայնիվ, ԱԳՆ-ի ինքնավարությունը սահմանափակ էր համակարգի խիստ կենտրոնացված բնույթի պատճառով․ առանցքային որոշումները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ընդունվում էին ԱԳՆ-ից դուրս, հաճախ նախագահի եւ նրա մերձավոր խորհրդականների կողմից:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձեւավորում էին տարածաշրջանային եւ գլոբալ անհանգիստ միջավայրում գործող նորանկախ պետության հրատապ կարիքները: Այս ժամանակաշրջանը բնութագրում է արտաքին հարաբերությունների նկատմամբ իրատեսական եւ «հավասարակշռված» մոտեցումը։ Տեր-Պետրոսյանը ձգտում էր դիվանագիտական կապեր հաստատել եւ պահպանել ինչպես արեւմտյան տերությունների, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ խուսափելով որեւէ դաշինքին միանալուց: Այս մոտեցումն արտացոլում էր Հայաստանի անկայուն աշխարհաքաղաքական դիրքը եւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության ֆոնին պետականաշինությանը առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը։

Լուսանկարը` ՀՀ առաջին նախագահի գրասենյակ
Հավասարակշռված քաղաքականությունը բնութագրում էր Թուրքիայի հետ զգուշավոր ներգրավվածությունը։ Թեեւ հայ եւ թուրք պաշտոնյաների միջեւ բանակցություններ եղան, հարաբերությունները մնացին լարված, քանի որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում աջակցում էր Ադրբեջանին եւ չէր ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Տեր-Պետրոսյանի վարչակազմը կենտրոնացած էր լարվածության թուլացման եւ կարգավորման դիվանագիտական ուղիներ փնտրելու վրա՝ Ցեղասպանության ճանաչումը չդարձնելով արտաքին քաղաքականության կենտրոնական նպատակ։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գերակշռում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Տեր-Պետրոսյանի կառավարությունը հանդես էր գալիս փոխզիջումների վրա հիմնված բանակցային կարգավորման օգտին, որն ի վերջո հանգեցրեց 1998-ին նրա հրաժարականին, որը պայմանավորված էր նրա մոտեցմանը ներքին հակազդեցությամբ:
Ի տարբերություն իր հաջորդների, Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման ընթացքում հաճախ էր փոխում արտգործնախարարներին։ Առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որին հաջորդեց Վահան Փափազյանը, իսկ վերջում՝ Ալեքսանդր Արզումանյանը։ Այս պաշտոնում ղեկավարների հաճախակի փոփոխությունը արտացոլում էր արտաքին քաղաքականության կենտրոնացումը նախագահի գրասենյակում, ոչ թե ԱԳՆ-ում:

Լուսանկարը` Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
Հատկանշական է նաեւ, որ 1998 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմքում արտաքին քաղաքական խնդիրն էր՝ նրա դիրքորոշումը ԼՂ հարցում, եւ պարտադրված էր ոչ թե ԱԳՆ-ի, այլ վարչապետի, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի կողմից։
Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը (1998–2008 թթ.)
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ԱԳՆ-ի ինստիտուցիոնալ կարողությունները ամրապնդվեցին։ ԱԳՆ-ն ավելի ակտիվ դեր էր խաղում բազմակողմ դիվանագիտության մեջ, հատկապես ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ շրջանակներում: Այս ընթացքում ընդունվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը՝ իրավական հիմք հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ծառայության մասնագիտացման համար: ԱԳՆ-ում կայունության տասնամյակ էր․ սփյուռքահայ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնավարեց ճիշտ այնքան, որքան նրան նշանակած նախագահը: Նա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մտցրեց «կոմպլեմենտարություն» հասկացությունը, որը վերաբերում է ինչպես արեւելյան, այնպես էլ արեւմտյան տերությունների հետ հարաբերությունների հավասարակշռելուն։ Այս մոտեցման նպատակն էր խուսափել ավելորդ կախվածությունից որեւէ դաշինքից։ Օսկանյանը ձգտում էր ամուր կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները արեւմտյան կառույցների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Առանցքային տարբերությունը Տեր-Պետրոսյանի հավասարակշռված քաղաքականությունից այն էր, որ Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներառեց որպես պաշտոնական օրակարգային կետ։ Այս քայլը խոր արձագանք գտավ հայկական սփյուռքում: Դրա նպատակն էր նպաստել Ցեղասպանության ճանաչմանը՝ միջազգային մակարդակում Հայաստանի բարոյական եւ քաղաքական դիրքի ամրապնդման համար։ Թուրքիայի հետ հարաբերությունները մնացին լարված․ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց չեղավ՝ երկու կողմից առաջադրված նախապայմանների պատճառով։

Լուսանկարը` REUTERS
Լեռնային Ղարաբաղի հարցում Քոչարյանի վարչակազմն ավելի վճռական դիրքորոշում որդեգրեց։ Որպես Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար՝ Քոչարյանն ընդգծում էր տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշումը եւ ձգտում էր ամրապնդել կապերը Հայաստանի եւ Ստեփանակերտի դե ֆակտո իշխանությունների միջեւ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցավ բանակցային գործընթացի ինստիտուցիոնալացում․ Հայաստանի ԱԳՆ դիվանագետների հատուկ խումբը համագործակցում էր Արցախի արտգործնախարարության, պաշտպանության նախարարության եւ պետական այլ մարմինների հետ: Այս մոտեցումն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության լայն շրջանակին՝ միաժամանակ կենտրոնանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բազմակողմ բանակցությունների վրա։ Չնայած այս առաջընթացին, պետական կառուցվածքում որոշումների կայացման կենտրոնացումը զգալի մնաց։
Սերժ Սարգսյանի նախագահությունը (2008–2018 թթ.)
Սերժ Սարգսյանի նախագահությունը ԱԳՆ-ում նշանավորեց հետագա ինստիտուցիոնալացման շրջանը։ Այս ընթացքում նշանակալի իրադարձություն էր 2009 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոցի ստեղծումը։ Այս նախաձեռնությունը Հայաստանի արտաքին ծառայության արդիականացմանն ուղղված ավելի մեծ ջանքերի մի մասն էր եւ ապահովելու էր, որ դիվանագետները ունենան անհրաժեշտ հմտություններ՝ բարդացող միջազգային հարաբերություններում կողմնորոշվելու համար:
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արտաքին քաղաքականության առանցքնը «բազմավեկտոր քաղաքականությունն» էր։ Էդվարդ Նալբանդյանը այն որակել էր որպես «հարաբերությունների խորացում եւ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացում Արեւելքի ու Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի երկրների հետ, ինչը մեր արտաքին քաղաքականության հիմքում է»։ 2008–2009 թվականներին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհաջող փորձերից հետո բազմավեկտոր քաղաքականությունը մեծապես համահունչ էր նախկին կոմպլեմենտար ուսմունքին։ Այն շարունակեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ինստիտուցիոնալ մոտեցումը ԵԱՀԿ շրջանակներում:

Լուսանկարը` REUTERS
Այս ընթացքում ԱԳՆ ամենաուշագրավ ջանքերից մեկը Եվրամիության (ԵՄ) հետ Ասոցացման համաձայնագրի ապահովումն էր: Բանակցությունները նշանակալի քայլ էին ԱԳՆ-ի կողմից՝ Հայաստանը եվրոպական չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: Սակայն այս առաջընթացը կտրուկ շրջվեց 2013 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել ԵՄ Ասոցացման համաձայնագրից եւ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու մտադրության մասին․ որոշում, որն ընդունվել էր առանց ԱԳՆ-ի հետ նախնական խորհրդակցության։ Այս փոփոխությունը էական հարված էր ԱԳՆ ջանքերին եւ հեղինակությանը եւ ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական որոշում կայացնողը նախագահն է, ոչ թե նախարարությունը:
Հեղափոխական կառավարությունը (2018–ներկա)
Հայաստանի ԱԳՆ-ի ինստիտուցիոնալ առաջընթացը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք բախվեց զգալի մարտահրավերների։ Ի սկզբանե, 2018-ին Փաշինյանի կողմից վարչակարգի փոփոխությունը խոստանում էր անցում դեպի ավելի ապակենտրոնացված եւ թափանցիկ կառավարում, ներառյալ արտաքին քաղաքականությունը։ Սակայն, ինչպես վերլուծում է Արման Գրիգորյանը, հեղափոխական կառավարությունները, ինչպիսին Փաշինյանինն է, հաճախ բերում են պետականաշինության մեջ բավարար փորձ չունեցող առաջնորդների, ինչը հանգեցնում է անխոհեմ որոշումների։ Այս երեւույթը համահունչ է Գրիգորյանի կողմից նկարագրված հեղափոխական ճնշումներին, երբ արմատականացած, ընդհարումներին հակված առաջնորդները իշխանության գալով առաջնահերթություն են տալիս անզիջում, իդեալիստական նպատակներին, այլ ոչ իրատեսական պետականաշինական ջանքերին:
Փաշինյանի կառավարությունը դժվարությամբ էր հավասարակշռում ամբոխահաճ խոստումները պետականաշինության գործնական պահանջների հետ, հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում։ ԱԳՆ-ն՝ հաստատություն, որն առանց այն էլ սահմանափակ ռեսուրսներ ուներ, ավելի ու ավելի էր մի կողմ հրվում՝ հօգուտ վարչապետի գրասենյակում կենտրոնացված որոշումների կայացման: Արման Գրիգորյանի կողմից նկարագրված այս օրինաչափությունը բնորոշ է հետհեղափոխական կառավարություններին, որոնք հաճախ իշխանությունը կենտրոնացնում են մի քանի ձեռքերում՝ ինստիտուցիոնալ զսպումների եւ հակակշիռների բացակայության պատճառով: Հայ-թուրքական բանակցությունները, օրինակ, վարում էր Փաշինյանի կուսակցության պատգամավորը, ոչ թե ԱԳՆ-ն՝ ընդգծելով ինստիտուցիոնալ դերերի եւ քաղաքական ղեկավարության միջեւ լարվածությունը։

Ավելին, Արման Գրիգորյանը պնդում է, որ հեղափոխական կառավարությունները հակված են մերժելու փոխզիջումները եւ սակարկությունները, ինչը կոնֆլիկտային իրավիճակներում հաճախ աղետալի հետեւանքների է հանգեցնում: Դա ակնհայտ էր Փաշինյանի օրոք, հատկապես Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ, երբ Հայաստանի կառավարությունը կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ չցանկանալով բանակցել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այնպիսի հայտարարությունները, ինչպիսին 2019 թվականին Փաշինյանի պնդումն էր այն մասին, որ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» արտացոլում է Արման Գրիգորյանի նկարագրած դիվանագիտական կոշտ եւ անզիջում կեցվածքը, որը նպաստեց հակամարտության սրմանը։ Այս կոշտ դիվանագիտությունը, զուգորդված Փաշինյանի գրասենյակի ներքո արտաքին քաղաքականության կենտրոնացման եւ անփորձ ու որակավորում չունեցող անձանց նշանակումների հետ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը որպես ԱԳ նախարար, Վահան Կոստանյանը՝ փոխնախարար, եւ շատ այլոք, ցույց են տալիս, թե ինչպես հեղափոխական ղեկավարությունը կարող է խաթարել ինստիտուցիոնալ դիվանագիտությունը՝ փորձագիտությանը ստորադասելով քաղաքական հավատարմությունը:
2020-ի պատերազմում կործանիչ պարտությունից եւ 2021-ին Փաշինյանի վերընտրությունից հետո իշխանության կենտրոնացումը վարչապետի գրասենյակում միայն խորացավ։ Դիվանագիտական փորձ չունեցող Միրզոյանի նշանակվելը ԱԳ նախարարի պաշտոնում է՛լ ավելի խարխլեց ԱԳՆ ավանդական դերը, քանի որ արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի էր ուղղորդվում վարչապետի գրասենյակից։ Այս քայլը, ինչպես կարծում են Հովհաննես Նիկողոսյանը, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւ Արման Գրիգորյանը, ընդգծում է ինստիտուցիոնալ փորձագիտությունը քաղաքական հավատարմությունների օգտին շրջանցելու աճող միտումը, ինչը զգալի խնդիր է հայկական դիվանագիտության մասնագիտացմանն ու ինստիտուցիոնալացմանը:
Մեթոդաբանություն
Հայաստանում անկախությունից ի վեր դիվանագիտական գործունեության էվոլյուցիան ուսումնասիրող հետազոտությունը կիրառում է խառը մեթոդների մոտեցում: Մեթոդաբանությունը կառուցված է երկու առաջնային հետազոտականմեթոդների շուրջ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցի հետ կապված առաջնային տվյալների հավաքագրում եւ փորձագիտական հարցազրույցներ հայկական դիվանագիտության հիմնական գործիչների հետ:
Ժամանակի ընթացքում էվոլյուցիան արդյունավետ կերպով արտացոլելու համար տվյալների վերլուծությունը բաժանվում է հստակ ժամկետների՝ ըստ երկրի ղեկավարության փոփոխության.
– Առաջին փուլ. Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարում (1991–1998 թթ.);
– Երկրորդ փուլ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարում (1998–2008 թթ.);
– Երրորդ փուլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարում (2008–2018 թթ.);
– Չորրորդ փուլ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարում (2018–ներկա)։
Հարցազրույցներ
Հարցազրույցները հետազոտության կարեւոր բաղադրիչն են․ դրանցում ներգրավված են ԱԳՆ պաշտոնյաներ, որոնք բոլոր չորս փուլերում ակտիվորեն ներգրավված էին Հայաստանի դիվանագիտական գործընթացներում։
Հարցազրույցների մասնակիցներից են նախկին նախարարը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պրոֆեսիոնալ դիվանագետներ եւ գիտնականներ, որոնց աշխատանքային փորձը ընդգրկում է 1991-ից 2021 թվականները: Դիվանագետ ծառայելուց բացի նրանք եղել են ԱԳՆ-ի ինստիտուցիոնալացման եւ դիվանագետների պատրաստման կառուցվածքային մոտեցման ամենակարեւոր նախաձեռնությունների ակունքներում, օրինակ՝ Դիվանագիտական ծառայության մասին օրենքը կամ Դիվանագիտական դպրոցի ստեղծումը: Նրանց գաղափարները որակական հեռանկար են առաջարկում դիվանագիտական կրթության գործնական ասպեկտների եւ արտաքին քաղաքականության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Հատկանշական է, որ ԱԳՆ ներկայիս աշխատակիցներից ոչ մեկը հարցազրույցի չի մասնակցել, քանի որ չի պատասխանել հարցազրույցի խնդրանքին:
Հարցազրույցի կառուցվածքը
Հարցազրույցները բաժանված են երեք թեմատիկ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է դիվանագիտական մասնագիտության հատուկ հայեցակետերը ուսումնասիրելու համար։
1. Կրթություն
– Հարցեր այն մասին, թե որտե՞ղ են հարցվածները ստացել իրենց դիվանագիտական կրթությունը, որոնք են եղել վերապատրաստման առաջնահերթ առարկաները, կրթական գործընթացի ուժեղ եւ թույլ կողմերը:
– Լրացուցիչ ուշադրություն է դարձվել նրան, թե ինչպես են դիվանագետները բարձրացրել իրենց որակավորումը, ներառյալ ստաժավորումը եւ մասնագիտական զարգացման այլ հնարավորությունները:
2. Աշխատանքի ընդունելություն
– Ուսումնասիրվել է դիվանագիտական ծառայությանը ընտրելու եւ ընդունելու գործընթացը, ներառյալ աշխատանքի ընդունման առաջնահերթությունները, հարցազրույցների դերը եւ մենթորական ծրագրերը:
– Հետազոտությունն ուսումնասիրել է ստաժավորումը արտերկրում, բացահայտել հիմնական երկրները եւ այդ փորձառությունների ազդեցությունը դիվանագետների կարիերայի վրա:
3. Գնահատում
– Հարցազրույցների մասնակիցներին հարցրել են կարիերայի առաջխաղացման առանցքային կետերի, արտաքին քաղաքականության վրա ամենամեծ ազդեցություն ունեցող դիվանագետների տեսակների եւ կոնկրետ դեպքերի մասին, երբ դիվանագիտական պատրաստվածությունը էական ազդեցություն է թողել քաղաքական արդյունքների վրա:
Սկզբնական տվյալների հավաքագրում. Հայաստանի դիվանագիտական դպրոց
Բացի փորձագիտական հարցազրույցներից հետազոտությունը ներառում է անմիջական առաջնային տվյալների հավաքագրում Հայաստանի դիվանագիտական դպրոցի մասին: Հետազոտության այս մասն ընդգրկում է 2009-ից՝ դպրոցի հիմնադրումից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակաշրջանը:
Հիմնական թեմաներն են ընդունելությունն ու ուսումնական ծրագրերը, վերապատրաստման ծրագրերը եւ Դիվանագիտական դպրոցի ինստիտուցիոնալ դերը:
Այս մեթոդաբանությունը համապարփակ մոտեցում է առաջարկում հասկանալու համար, թե ինչպես է զարգացել Հայաստանում դիվանագետների պատրաստման գործընթացը՝ արտացոլելով ղեկավարության, կրթական պրակտիկայի եւ ինստիտուցիոնալ կառույցների փոփոխությունները:
Շարունակելի
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: