Ներկայացնում ենք The Washington Post-ի մեկնաբան Դէյվիդ Իգնեշիուսի Tehran gets a taste of Trump the dealmaker հոդվածի հայերեն թարգմանությունը:
Դէյվիդ Իգնեշիուս
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջուկային գործարք կնքելու փորձը սկսեց իր սովորական մարտավարությամբ. նա աղմկոտ մամուլի ասուլիս անցկացրեց Օվալաձեւ գրասենյակում եւ ներկայացրեց իր բանակցային ծրագիրը, մինչդեռ անհանգստացած դաշնակիցը անհարմար նստած էր նրա կողքին:
Այս անգամ Թրամփի կողքին էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա չկրկնեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սխալը, որը փետրվարի վերջին ընդհատեց Թրամփի ելույթը՝ հակափաստարկներ բերելու համար։ Նեթանյահուն հիմնականում լռում էր Իսրայելի գլխավոր թշնամու հետ Թրամփի դիվանագիտական գամբիտի մասին՝ չնայած իր երկրում առկա մտահոգություններին։
Թրամփը սիրում է հռետորական ռումբեր նետել, անգամ երբ համոզված չէ, թե դրանք որտեղ կընկնեն։ Դա վերաբերում է Ուկրաինայում նրա խաղաղության նախաձեռնությանը, որը, կարծես, միայն ուժեղացրեց մարտական գործողությունները, նրա հայտարարությանը սակագների մասին, որը ցնցեց համաշխարհային ֆինանսական շուկաները, եւ հիմա՝ Իրանի հետ բանակցությունների ձգտմանը՝ ռազմական գործողությունների սպառնալիքով, եթե դիվանագիտությունը ձախողվի։
Թրամփի անսպասելի հայտարարությունը «բարձրաստիճան» իրանական պաշտոնյայի հետ «ուղիղ» բանակցությունների մասին արագորեն հերքվեց Իրանի արտաքին գործերի նախարար Սայեդ Աբբաս Արաղչիի կողմից, որը հայտարարեց, որ Թեհրանը միայն անուղղակի բանակցությունների համաձայնություն է տվել։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտնեց ինձ, որ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի թիմը ուղերձներ է ուղարկել՝ ուղիղ բանակցություններ առաջարկելով Օմանի միջոցով, որտեղ ապրիլի 12-ին նախատեսված էր հանդիպումը։ Եթե բանակցությունները ուղիղ չլինեն, Ուիթքոֆը կարող է Օման չմեկնել, ասաց պաշտոնյան։
«Մենք թույլ չենք տա, որ մեզ հիմարի տեղ դնեն», - հավելեց նա՝ պնդելով, որ երկու կողմերի խորը անվստահությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է «լիարժեք քննարկում» եւ «ուղեղների հանդիպում»։ Ուիթքոֆը, հավանաբար, կգնար Թեհրան, եթե հրավեր ստանար, ինձ ասացին վարչակազմի երկու ներկայացուցիչներ։
Թվում է, որ Իրանը միաժամանակ հետաքրքրված եւ անհանգստացած է։ Արաղչին ապրիլի 8-ին The Post-ում հրապարակված հոդվածում նշել էր, որ Իրանը Թրամփի նախաձեռնությունը դիտարկում է «որպես անկեղծ փորձ՝ պարզաբանելու դիրքորոշումները եւ բացելու դիվանագիտության պատուհան»։ Խաղալով Թրամփի հաճախ կրկնվող ցանկության վրա՝ դադարեցնել «անվերջ պատերազմները», նա գրել է. «Մենք չենք կարող պատկերացնել, որ նախագահ Թրամփը ցանկանում է եւս մեկ ամերիկյան նախագահ դառնալ, որը կխրվի աղետալի պատերազմի մեջ Մերձավոր Արեւելքում»։
Արաղչին կողմ էր անուղղակի բանակցություններին որպես մեկնարկային կետ՝ պնդելով.
«Մենք պատրաստ ենք պարզաբանել մեր խաղաղ մտադրությունները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ցանկացած հնարավոր մտահոգություն փարատելու համար։ Միացյալ Նահանգներն էլ կարող են ցույց տալ, որ լուրջ են վերաբերվում դիվանագիտությանը՝ ցույց տալով, որ հավատարիմ կմնան ցանկացած գործարքին, որը կկնքեն։ Եթե մեզ հարգալից վերաբերվեն, մենք նույնը կանենք»։
Թրամփն ակնհայտորեն հասկանում է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություններում Իսրայելը անտեսանելի երրորդ կողմն է լինելու։ Հետեւաբար, նշանակալի էր, որ ուղիղ բանակցություններ վարելու իր ցանկության նա խոսեց Նեթանյահուի ներկայությամբ։ Թեեւ Թրամփը զգույշ էր, վարչակազմի մի ներկայացուցիչ ենթադրել է, որ Օվալաձեւ գրասենյակի տեսարանը Նեթանյահուին վերահսկողության տակ պահելու եւ Իսրայելի կողմից քննադատությունը կանխելու միջոց էր։
Թրամփը սկսեց՝ ասելով Նեթանյահուին. «Ես, անկասկած, լավագույն նախագահն եմ, որն Իսրայելը երբեւէ կարող էր պատկերացնել»։ Ինչպես Թրամփը հաճախ է անում, նա իր բանակցային առաջարկը ուղեկցեց ուժի սպառնալիքով։ «Եթե Իրանի հետ բանակցությունները հաջող չլինեն, կարծում եմ, Իրանը մեծ վտանգի մեջ կլինի», - ասաց նա։ «Սա բարդ բանաձեւ չէ։ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք՝ ահա ամբողջը»։

Լուսանկարը` REUTERS
Օվալաձեւ գրասենյակի տեսարանը Թրամփին հնարավորություն տվեց ցուցադրելու այն, ինչը դժվար էր իր նախորդների Ջո Բայդենի եւ Բարաք Օբամայի համար: Այն է՝ ցույց տալ Նեթանյահուին, թե ով է գլխավորը։ Թրամփը ոչ միայն հայտարարեց Իսրայելի ամենամեծ թշնամու հետ լայնածավալ բանակցություններ անցկացնելու իր մտադրության մասին, այլեւ հիշատակեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը, հավանաբար, կարեւորությամբ երկրորդ մտահոգությունն է Իսրայելի համար. «Այնպես է ստացվել, որ նա ինձ հավանում է, եւ ես գիտեմ, որ ես էլ նրան եմ դուր եմ գալիս»։
Միգուցե մտածելով, որ Նեթանյահուն կարող է իր ակնարկը չհասկանալ, Թրամփը ավելացրեց. «Ցանկացած խնդիր, որ դուք ունեք Թուրքիայի հետ, ես կարող եմ լուծել։ Ի նկատի ունեմ, քանի դեռ դուք բանական եք»։ Սա ոչ տիպիկ ուղերձ էր Սպիտակ տնից Նեթանյահուի համար։
Ապրիլի 7-ի հանդիպման տոնը խիստ տարբերվում էր Նեթանյահուի՝ փետրվարի սկզբին Սպիտակ տուն կատարած այցից։ Այն ժամանակ քննարկումները կենտրոնացած էին Իսրայելի հույսերի վրա, որ Թրամփը կաջակցի Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Բայց Թրամփն ավելի շատ հետաքրքրված էր դիվանագիտությամբ, քան ռմբակոծումներով, ինչպես ավելի ուշ ինձ հայտնեցին պաշտոնյաները։ Իսկ մարտին Թրամփը նամակ ուղարկեց Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ բանակցություններ առաջարկելով, բայց զգուշացնելով, որ Իրանը դիվանագիտության համար ունի միայն երկամսյա պատուհան։
Իսրայելի պատասխանն այն էր, որ Իրանի հետ ցանկացած նոր գործարք պետք է լինի «լիբիական ոճով», ինչը նշանակում է միջուկային զենքի պոտենցիալ սարքավորումների լիակատար ապամոնտաժում։ Իրանը համաձայնել էր իր միջուկային ծրագրի ավելի սահմանափակ վերահսկողությանը 2015 թվականի համաձայնագրում, որը Թրամփը չեղյալ հայտարարեց 2018 թվականին։
Իրանի միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցները կվերադառնան այս տարվա ընթացքում՝ 2015 թվականի համաձայնագրի «պատժամիջոցների վերադարձի» դրույթներին համաձայն։ Համարվում է, որ Իրանն ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան, որպեսզի մի քանի շաբաթվա ընթացքում հասցնի այն մի քանի մարտագլխիկների համար անհրաժեշտ մակարդակի, բայց վերլուծաբանները կարծում են, որ մեկ տարի կամ ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ փաստացի միջուկային մարտագլխիկը բալիստիկ հրթիռի վրա տեղակայելու համար։
Թրամփի ներգրավվածությունը Մերձավոր Արեւելքում կուժեղանա, երբ նա առաջիկայում այցելի Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա դժվար թե Թեհրանը ավելացնի այս ցուցակում, նույնիսկ եթե Ուիթքոֆի եւ Արաղչիի միջեւ նախնական բանակցությունները արդյունավետ լինեն։ Բայց հաշվի առնելով Թրամփի սերը դրամատիկ ճեղքումների հանդեպ, միգուցե նա չդիմանա՞ գայթակղությանը։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: