Թրամփը շնորհավորել է Էրդողանին «Սիրիան գրավելու» կապակցությամբ - Mediamax.am

1324 դիտում

Թրամփը շնորհավորել է Էրդողանին «Սիրիան գրավելու» կապակցությամբ


Լուսանկարը` cbsnewsstatic.com


Երեւան: Մեդիամաքս: Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն՝ Իսրայելի եւ Թուրքիայի հետ միասին կկարողանան համաձայնության գալ Սիրիայի հարցում։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփն ասել է՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։

 

«Ես վարչապետին ասացի, որ եթե դուք խնդիրներ ունեք Թուրքիայի հետ, կարծում եմ, կարող եմ լուծել դրանք։ Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի եւ նրա առաջնորդի հետ», - ասել է Թրամփը։

 

«Կարծում եմ՝ մենք կարող ենք լուծել հարցը։ Չեմ մտածում, որ դա խնդիր կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը։

 

Թրամփը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս «Սիրիան գրավելու կապակցությամբ»։

 

«Ես ասացի՝ շնորհավորում եմ, դուք արեցիք այն, ինչը ոչ ոք չի կարողացել անել վերջին 2000 տարվա ընթացքում։ Դուք գրավել եք Սիրիան։ Կարող եք դրան տարբեր անվանումներ տալ, սակայն էությունը նույնն է։ Նա ասում էր. «Ոչ, ոչ, ոչ։ Դա ես չեմ»։ Ես ասացի. «Դուք էիք: Բայց դա նորմալ է»,- ասել է Թրամփը։

 

ՏԱՍՍ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրաքյան UTV հեռուստաալիքին ասել է, որ Իսրայելը պետք է տարածաշրջանում իր արտաքին քաղաքականությունը վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ»։

 

«Իսրայելի ընտրած ռազմավարությունը երբեք նրան անվտանգություն չի բերի եւ բացասական հետեւանքներ կունենա։ Հնարավոր է, որ նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր լուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի», - նշել է Ֆիդանը` մեկնաբանելով իրավիճակը սիրիա-իսրայելական սահմանին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին