Ալիեւը սովորել է օգտագործել Մոսկվայի շարժուն կարմիր գծերը - Mediamax.am

749 դիտում

Ալիեւը սովորել է օգտագործել Մոսկվայի շարժուն կարմիր գծերը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Ատասունցեւի До разрыва и обратно. Как в отношения России и Южного Кавказа возвращаются старые правила հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ալեքսանդր Ատասունցեւ

Ռուս-ուկրաինական պատերազմի երեք տարիները, թվում էր, Մոսկվայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների նոր ձեւաչափ էին առաջ բերել: Պատերազմում ներգրավված Ռուսաստանը ստիպված էր հաշտվել այն մտքի հետ, որ իր կովկասյան հարեւանները ձեռք են բերել ոչ միայն ավելի մեծ ազատություն արտաքին քաղաքական հարցերում, այլեւս ավելի վստահ տոն Կրեմլի հետ շփումներում:

Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ սկսեց օրենսդրական հիմք պատրաստել Եվրամիությանը ինտեգրվելու համար: Ադրբեջանը հասավ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերմանը, փակեց Բաքվում Ռոսոտրուդնիչեստվոյի գրասենյակը եւ հրաժարվեց հարթել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի աղետը՝ հրապարակավ Մոսկվայից պահանջելով ներողություն խնդրել եւ պատժել մեղավորներին:

Բայց թվում է, որ այս նոր իրականությունը երկար կյանք չի ունենա: Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունները եւ դրանցով պայմանավորված Ուկրաինայում պատերազմի ավարտի ակնկալիքները դրդում են Հարավային Կովկասում քաղաքականությանը վերադառնալ հին կանոններին:

Ինքնաթիռն ու հուշարձանը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց հարթել AZAL Բաքու-Գրոզնի չվերթի դեկտեմբերյան աղետը, որը, ամենայն հավանականությամբ, պատահաբար խոցել էր ռուսական հակաօդային պաշտպանությունը: Հրաժարվելով ոչ պաշտոնական կարգով կարգավորել տեղի ունեցածը, Ադրբեջանի առաջնորդը հրապարակավ եւ կոշտ կերպով պահանջեց Մոսկվայից ներողություն խնդրել, հետաքննության անցկացնել եւ պատժել մեղավորներին: Ալիեւը մի քանի անգամ կրկնեց այս պահանջները, որոնց հետեւեց Բաքվում Ռոսոտրուդնիչեստվոյի գրասենյակի եւ Sputnik-ի ներկայացուցչության փակումը:


Այս ամենը նման էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների խզման ժամանակագրությանը: Սակայն ընդամենը երեք ամիս անց, չնայած բարձրաձայն հայտարարություններին, կողմերը կարգավորեցին խնդիրը հին բարի փաթեթային եղանակով՝ քաղաքական ժեստերի եւ դրամական փոխհատուցման խառնուրդով:

Նախ փետրվարի վերջում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պարգեւատրեց AZAL ինքնաթիռի ողջ մնացած ուղեկցորդներին: Եվս մի քանի օր անց ռուսական ապահովագրական ընկերությունները, չսպասելով հետաքննության արդյունքներին, հայտարարեցին զոհերի հարազատներին փոխհատուցման վճարման մասին:

Մոսկվայում ադրբեջանական դեսպանատան մոտի պուրակում դրեցին Հեյդար Ալիեւի արձանի հիմնաքարը: Բաքվում գնահատեցին ռուսական քայլի խորհրդանշանությունը: «Հուշարձանային դիվանագիտությունը», որի նպատակը աշխարհում Հեյդար Ալիեւի հնարավորինս շատ արձանների տեղադրումն է, ադրբեջանական արտաքին քաղաքականության կարեւոր տարր է: Եվ այն, որ Ալիեւ-ավագի արձան ունեցող մայրաքաղաքների ցանկին կավելանա Մոսկվան, երկրների միջեւ բարեկամության եւ սերտ հարաբերությունների հաստատումն է:

Մոսկվան նաեւ Բարեկամության շքանշանով պարգեւատրեց ադրբեջանական խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային եւ կարողացավ վերջնականապես հաղթահարել տարաձայնությունները մարտի կեսերին, երբ Բաքու այցելեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որին ընդունեց Իլհամ Ալիեւը: Վերջերս էլ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքներով Կրեմլը հայտարարեց, որ սպասում է Ալիեւին մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում:

Լուսանկարը` REUTERS


Ռուսական կազմակերպությունների վտարումը Ադրբեջանից նույնպես մեծ նստվածք չթողեց: Օգնեց այն, որ Բաքուն նրանց խնդրեց հեռանալ առանց շեշտադրելու, որ կազմակերպությունները ռուսական են, այլ «ինքնիշխանացման քաղաքականության» շրջանակներում: Նույն օրերին Բաքվում փակվեցին ոչ միայն «Ռուսական տունը», այլեւ USAID-ի, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի գրասենյակները, տասնյակ ՀԿ-ներ եւ մի շարք արեւմտյան լրատվամիջոցների թղթակցակետեր, ներառյալ Bloomberg-ը եւ BBC-ն, չնայած որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի գլխավոր գործընկերն է Եվրոպայում:

Ռուսաստանի վերադարձը

Դժվար թե Բաքվի զայրույթը հանդարտեցրած լինեին միայն Մոսկվայի հաշտեցնող ժեստերը: Իր գլխավոր նպատակներին՝ պատասխանատվության ճանաչմանը եւ մեղավորների դատին, Իլհամ Ալիեւը չհասավ: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, կարծես, գնահատեց արագ փոփոխվող իրավիճակը եւ որոշեց, որ Ռուսաստանի հետ հակամարտության խորացումը կարող է նոր իրականության մեջ թանկ նստել իր վրա:

Գլխավոր գործոն դարձավ Ուկրաինայի շուրջ իրավիճակի արագ փոփոխությունը: Վերջին տարիներին Ալիեւը, ինչպես ոչ ոք, սովորել է օգտագործել ուկրաինական հարցում Պուտինի մոլեռանդությունը եւ ճիշտ գուշակել Մոսկվայի շարժուն կարմիր գծերը՝ իր նպատակներին հասնելու համար:


2020 թվականին նա որոշեց չչարաշահել իր առավելությունը մարտի դաշտում եւ Ռուսաստանին նվիրեց դիվանագիտական հաջողություն՝ դադարեցնելով հարձակումը Լեռնային Ղարաբաղում եւ համաձայնելով տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Երեք տարի անց, երբ Մոսկվան զբաղված էր 2023 թվականի ուկրաինական հակահարձակումով, Ալիեւը կրկին ճիշտ գնահատեց պահը եւ արագ ռազմական գործողություն անցկացրեց՝ լիակատար վերահսկողություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Անգամ ռուս խաղաղապահների զոհվելը նրա համար անպատիժ մնաց՝ Մոսկվան այնպիսի վիճակում չէր, որ կոնֆլիկտի գնար:

Բաքվի վրա ազդեց նաեւ այն, որ Երեւանն էլ է ակտիվորեն ճշգրտում իր քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական գերատեսչություններին վերականգնել կապերը Ռուսաստանի գործընկերների հետ եւ ակտիվորեն մասնակցել համատեղ միջոցառումներին՝ «վերջին աշխարհաքաղաքական փոփոխությունների» պատճառով:

Եթե ուկրաինական ռազմաճակատում մարտական գործողությունները դադարեն, Ռուսաստանն բավականաչափ տնտեսական եւ ռազմական ռեսուրսներ կունենա։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը կարող է վերադառնալ զինամթերքի ակտիվ արտահանմանը. հենց զենքի մատակարարման ուշացումները 2022 թվականին Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների սառեցման պատճառներից մեկը դարձան։

Իհարկե, մատակարարումները միանգամից չեն սկսվի՝ Ռուսաստանին ժամանակ կպահանջվի սեփական բանակի վերականգնման համար։ Բայց միայն ռուսական ռազմական օգնության վերսկսման հեռանկարը կարող է բավարար լինել Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար։ Վերջին տարիներին Երեւանը անտեսել էր ճնշման նման ռազմա-դիվանագիտական գործիքները, բայց այժմ դրանք կարող են գործի դրվել եւ օգտագործվել Բաքվի դեմ։

Երկրորդ շրջան

Հայաստանում պատրաստվում են ոչ միայն ավելի հաճախ շփվել Ռուսաստանի հետ, այլեւ ազդանշաններ են ուղարկում, որ պատրաստ են դադար վերցնել Եվրամիության հետ մերձեցման հարցում: Մարտի 26-ին խորհրդարանը ընդունեց «ԵՄ անդամակցության գործընթացի սկսման մասին» օրենքը, սակայն դա ներկայացվեց ոչ թե որպես կառավարության նախաձեռնություն, այլ որպես ժողովրդի ցանկություն:

Օրենքի ընդունումից անմիջապես հետո եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ Երեւանը չի պատրաստվում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել: Իսկ մի քանի ժամ անց հայկական լրատվամիջոցներում արտահոսքեր եղան այն մասին, որ Երեւանը պատրաստ է եվրաինտեգրման գործընթացը թղթի վրա թողնել եւ կոնկրետ գործողությունների չանցնել՝ միայն օգտագործելով այն որպես լծակ Մոսկվայի հետ հարաբերություններում:

Լուսանկարը` REUTERS


Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարը, ըստ երեւույթին, ավարտում է այն ժամանակաշրջանը, երբ Հարավային Կովկասի երկրները կարող էին Ռուսաստանից ավելի անկախ քաղաքականություն վարել՝ Մոսկվայի հետ կոնֆլիկտները հանրային դարձնել, արտաքին քաղաքական ուղղությունը 180 աստիճանով շրջել, միմյանց հետ առանց միջնորդների բանակցել, այլ տերությունների օգնությունը ներգրավել:

Ավելին, Եվրամիության անկարողությունը պաշտպանել Ուկրաինան ռուսական ագրեսիայից հզոր հարված հասցրեց եվրաինտեգրման նախագծերի գրավչությանը Հարավային Կովկասում։ Միտումների փոփոխությունը նկատելի է ոչ միայն Հայաստանում։ Նույնիսկ Վրաստանում, որտեղ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեռեւս կողմ է Եվրոպայի հետ մերձեցմանը, «Վրացական երազանքը» կարողացավ դադարեցնել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ առանց ճակատագրական ներքաղաքական հետեւանքների, քանի որ կուսակցությանը հաջողվեց համոզել հասարակության զգալի մասին Ռուսաստանի հետ նոր պատերազմի սպառնալիքի իրականության եւ նրա հետ կանխատեսելի հարաբերությունների օգուտների մեջ։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին