Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Օլեսյա Վարդանյանի Цена промедления. Почему у Армении и Азербайджана не получается подписать мир հոդվածի հայերեն թարգմանությունը` որոշ կրճատումներով:
Օլեսյա Վարդանյան
Հայաստանը եւ Ադրբեջանը աշխարհում շատերին զարմացրեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին անսպասելի հայտարարությամբ։ Այն հույսերի նոր ալիք առաջացրեց, որ նրանց երկարատեւ, արդեն երեք ու կես տասնամյակ տեւող հակամարտությունը վերջապես հնարավոր կլինի կարգավորել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելով։
Սակայն շուտով պարզ դարձավ, որ հույսերը վաղաժամ էին։ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջադրել, եւ բոլորովին էլ հստակ չէ, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։
Մաքուր էջից
Վերջին ամիսներին հայկական փոքրիկ Մարգարա գյուղը գրավում է արեւմտյան դիվանագետներին եւ լրագրողներին։ Այս տարածքում գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող անցակետերից մեկը, որը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն այդպես էլ շահագործման չի հանձնվել։ Վերջերս հայկական իշխանությունները վերանորոգել են տեղի մաքսատան շենքը, իսկ հայ եւ թուրք մասնագետները ստուգել երկու երկրները միացնող կամրջի ամրությունը։
Վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրերի այցերը, տեղի են ունենում այն հույսով, որ շատ շուտով հայ-թուրքական սահմանը վերջապես կբացվի, եւ այս փոքրիկ գյուղը Հարավային Կովկասի համար նոր կարեւոր խաչմերուկ կդառնա։
Սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե վերջնական համաձայնություն ձեռք բերվի Հայաստանի եւ տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ։
Հայաստանը եւ Ադրբեջանը չորս տարի աշխատում են խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Այս ընթացքում փաստաթուղթը զգալիորեն կրճատվել է։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո փաստաթղթից անհետացել է ամենաբարդ մասը՝ վիճելի տարածաշրջանի կարգավիճակի հարցը։
Պետական սահմանների սահմանազատման թեման եւս առանձին բանակցությունների առարկա է դարձել. մասնագետներն առանց հավելյալ աղմուկի շարունակում են գործընթացը դանդաղ տանել դեպի ավարտական կետը։
Համաձայնագրի մեկ այլ բաժին՝ տրանսպորտային կապերի մասին, վերջնականապես դուրս եկավ փաստաթղթից անցյալ տարվա ամռանը, երբ Երեւանը եւ Բաքուն որոշեցին տնտեսական կապերի եւ ճանապարհների վերաբերյալ բանակցությունները տեղափոխել առանձին ձեւաչափ՝ այդպիսով փորձելով համաձայնության գալ ապագա ենթակառուցվածքային ծրագրերում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ։
Արդյունքում ներկա պահին խաղաղության համաձայնագրի բովանդակությունը սահմանափակվում է պարզապես դիվանագիտական կապերի մեկնարկով։ Դրա տեքստում 17 կետ կա, որոնց էությունը հանգում է կողմերի պատրաստակամությանը՝ սկսել հարաբերությունները մաքուր էջից։ Դա պետք է տեղի ունենա տարածքային հավակնություններից հրաժարվելու, դատական վարույթները դադարեցնելու եւ բոլոր օտարերկրյա խաղաղապահ առաքելությունները դուրս բերելու շնորհիվ։
Թույլ չտալ գողանալ հաղթանակը
Փաստաթղթի ներկայիս տեքստն այնքան ակնհայտ է, որ, ինչպես մի անգամ ասել է գործընթացի մասնակիցներից մեկը, երբ այն հրապարակային դառնա, բանակցողները ստիպված կլինեն բացատրել, թե ինչու այդքան պարզ փաստաթղթի համաձայնեցման համար այդքան շատ ժամանակ պահանջվեց։
Ուշացումների պատճառներից մեկն այն է, որ Երեւանը մինչեւ վերջ փորձում էր 2020 թվականի պատերազմում իր պարտությունից հետո ստեղծված իրավիճակը շտկելու միջոցներ գտնել։ Հայ պաշտոնյաները սովորաբար երկար բացատրություններով էին հանդես գալիս այն մասին, որ հաշտեցման գործընթացը պետք է աստիճանական լինի, որպեսզի քայլ առ քայլ կառուցվի վստահություն, որը ժամանակի ընթացքում հայերին եւ ադրբեջանցիներին կօգնի դուրս գալ խաղաղ համակեցության ճանապարհին։
Ադրբեջանը նման դատողություններն ընկալում էր որպես բացահայտ խաբեություն։ Նմանատիպ հռետորաբանությունը ուղեկցում էր 1990-ականների սկզբից խնդիրը լուծելու անհաջող փորձերը, եւ այժմ, 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակից հետո, Բաքուն մտադիր չէր կրկին լսել դրանք։
Ղարաբաղի հայերի իրավունքները քննարկելու կամ երկխոսությանը նոր միջնորդներ ներգրավելու Երեւանի ցանկացած փորձ Բաքուն ընկալում էր որպես գործընթացի ձգձգում։ Նման քայլերը հանգեցնում էին ոչ միայն բանակցությունների խափանմանը, այլեւ նոր սրացումների, Հայաստանի տարածքային կորուստների եւ Ադրբեջանի դիրքերի հետագա ամրապնդմանը։ Ինչպես ասել է արեւմտյան դիվանագետներից մեկը. «Բաքուն ոչ մեկին թույլ չի տա գողանալ իր հաղթանակը»։
Ուշացումների մեկ այլ պատճառը, կարծես, այն է, որ ներկա պահին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին առանձնապես պետք չէ։ Հարեւանի հետ հարաբերություններում ամենահրատապ խնդիրներն արդեն լուծված են. Լեռնային Ղարաբաղը գտնվում է Բաքվի լիակատար վերահսկողության ներքո: Ադրբեջանը նաեւ 2020 թվականից հետո կարողացել է իր ռազմական դիրքերը տեղակայել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ամենանպաստավոր ռազմավարական կետերում։
Զիջում զիջման հետեւից
Ադրբեջանը առաջ է քաշում ստորագրման նորանոր նախապայմաններ։ Բաքվի կենտրոնական պահանջը ներկայում շարունակում է մնալ ՀՀ սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու կոչ։

Լուսանկարը` REUTERS
Երեւանը, մեծ ընտրություն չունենալով, շարունակում է զիջել, աստիճանաբար կատարելով Բաքվի կողմից ներկայացվող նոր պահանջները։ Սակայն սահմանադրության վերաբերյալ պահանջները կարող են չափազանց բարդ խնդիր դառնալ, որը ներկայիս հայկական իշխանությունները ի վիճակի չեն լինի լուծել։ Երեւանը հայտարարում է, որ նախաբանը փոխել հնարավոր է միայն ամբողջ սահմանադրության վերանայման հետ միասին։ Իսկ դա նշանակում է փաստաթուղթը համաժողովրդական հանրաքվեի դնելը, որը միանգամայն կարող է ավարտվել «դեմ» քվեարկությամբ։
Չնայած հայկական իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են գնալ նաեւ այս ռիսկային քայլին, Երեւանի պարբերական զիջումները ավելի ու ավելի շատ կասկածներ են առաջացնում, որ Բաքուն իրոք մտադիր է ինչ-որ բան ստորագրել։ Ինչպես ասել է հայկական կառավարության նախկին պաշտոնյաներից մեկը, գուցե սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կպահանջի համաժողովրդական ներողություն խնդրել առանձին արյունալի դրվագների համար, որոնք քիչ չէին հակամարտության 35 տարիների ընթացքում։ Նրան երկրորդում է օտարերկրյա դիվանագետը, որը հանրաքվեն համեմատում է «Ղարաբաղի համար ապաշխարությամբ», որին Բաքուն փորձում է հարկադրել յուրաքանչյուր հայ քաղաքացու։
Սակայն, թվում է, որ Երեւանը այլ ելք չունի։ Նա խիստ շահագրգռված է, որպեսզի խաղաղ համաձայնագիրը կնքվի հնարավորինս շուտ։
Ժամանակը սպառվո՞ւմ է
Խաղաղության պայմանագիրը անհրաժեշտ է Հայաստանին ոչ միայն Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը նվազեցնելու, այլեւ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։ Փորձագետները խոստանում են հայկական տնտեսության արագացված աճ արեւմտյան հարեւանի հետ ուղղակի առեւտրի մեկնարկից անմիջապես հետո։ Բացի ուղղակի տնտեսական օգուտներից, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը երկարաժամկետ հեռանկարում կարող է Հայաստանին թույլ տալ ամրապնդել Եվրամիության հետ մերձեցման կուրսը եւ աստիճանաբար նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։
Վերջին երեք տարիների ընթացքում արեւմտյան մայրաքաղաքները զգալի ջանքեր են գործադրել նպաստելու հաշտեցմանը Հարավային Կովկասում։ Նրանց ուշադրության կենտրոնում Թուրքիան է, որի պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ ավելի քան պատրաստ են բացել սահմանը Հայաստանի հետ, եթե Բաքվից համապատասխան ազդանշան ստանան։
Այս քայլը Թուրքիային հնարավորություն կտար ոչ միայն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ հեռանկարում կընդլայներ թուրքական ազդեցությունը եւ ներկայությունը Հարավային Կովկասում, որտեղ նա արդեն ռազմավարական գործընկերություն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։
Բայց Անկարան պատրաստ չէ գնալ Բաքվի դեմ, եւ խնդիրն այստեղ միայն երկու երկրների առաջնորդների սերտ հարաբերությունները չեն։ Թուրքական ղեկավարությունը նաեւ կցանկանար պահպանել Ադրբեջանի նավթագազային ռեսուրսներին հասանելիությունը եւ խուսափել ներքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ Բաքվի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։
Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը կարող է սպառվել։ Մինչ այժմ կովկասյան խաղաղ դիվանագիտության հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան շեղվել էր Ուկրաինայի հետ պատերազմի վրա։ Բայց եթե մոտ ապագայում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հաջողվի ինչ-որ կերպ սառեցնել ռազմական գործողությունները ուկրաինական ճակատում, Մոսկվան կարող է ռեսուրսներ ազատել նաեւ Հարավային Կովկասի համար։

Լուսանկարը` REUTERS
Ռուսաստանին անհրաժեշտ չէ Թուրքիայի ուժեղացումը իր համար ավանդաբար կարեւոր տարածաշրջանում, եւ նրան նույնիսկ անհրաժեշտ չի լինի հատուկ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացին խանգարելու համար։ Հայաստանն այստեղ ամենաթույլ օղակն է, որը խոցելի է ռուսական ճնշման համար ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական իմաստով։
Եթե Հարավային Կովկասի խաղաղ ապագան անկեղծ կողմնակիցներ ունի, ապա հենց հիմա գործելու ժամանակն է։ Նոր խճանկարի բոլոր հիմնական տարրերն արդեն դասավորվել են։ Եթե Բաքուն եւ Երեւանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, դա կարող է դառնալ ամենամեծ բաց թողնված հնարավորություններից մեկը ոչ միայն նրանց 35-ամյա հակամարտության պատմության մեջ, այլեւ, հնարավոր է, ամբողջ տարածաշրջանի ապագայի համար։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: