Եվրոպայի հիմնարար ընտրանքների տարին - Mediamax.am

174 դիտում

Եվրոպայի հիմնարար ընտրանքների տարին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Համաշխարհային բանկի խմբի նախկին ավագ փոխնախագահ, Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ դասախոս Անա Պալասիոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Անա Պալասիո

Այս տարին ամեն դեպքում կարեւոր էր լինելու Եվրամիության համար՝ հաշվի առնելով ԵՄ հանձնաժողովի նոր մանդատի մեկնարկը, համեմատաբար նոր Եվրախորհրդարանը եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի փոփոխությունը:
Սակայն վերջին զարգացումները, այդ թվում՝ Գերմանիայի կառավարության փլուզումը, Ավստրիայում ծայրահեղ աջերի գլխավորած կոալիցիոն բանակցությունների սկիզբը, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի հոսքի ավարտը եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, զգալիորեն բարձրացրել են խաղադրույքները:

Ավելին, Եվրոպան այժմ անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում է։ Բացի Ուկրաինայի ջախջախիչ պատերազմից, Մերձավոր Արեւելքում բռնի վերակազմավորում է տեղի ունենում, որի օրինակն է բռնապետ Բաշար ալ-Ասադի վարչակարգի փլուզումը Սիրիայում եւ Իսրայելի ռազմական արշավները Գազայում, Լիբանանում եւ այլուր: Մալիում եւ Նիգերում ռազմական կառավարում է եւ ներհամայնքային բռնություն, Սուդանը ազատ անկում է ապրում. համատարած դաժանությունները հանգեցրել են տնտեսության փլուզման, զանգվածային տեղահանությունների, աճում է հումանիտար ճգնաժամը:

Լուսանկարը` REUTERS


Այս բոլոր զարգացումները ԵՄ-ից արձագանք են պահանջում։ Ի թիվս այլ բաների, Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումը Աֆրիկայի նկատմամբ՝ դաշնակիցների հետ համակարգելով աջակցությունը, որն ուղղված է զարգացմանը, անվտանգությանը եւ հումանիտար հրամայականներին: ԵՄ-ն պետք է նաեւ ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային՝ թե՛ Ռուսաստանի դեմ երկրի դիմադրությունը պահպանելու, թե՛ արդեն ընթացող հսկա վերակառուցումն առաջ մղելու համար:

Նման ջանքերն ավելի կարեւոր եւ ավելի բարդ են, քանի որ Սպիտակ տանը Թրամփն է: Անհնար է հստակ ասել, թե ինչ է նա անելու, սակայն ոչ ոք չպետք է հույս դնի, որ ԱՄՆ աջակցելու է իր դաշնակիցներին: Ընդհակառակը, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Թրամփի խոստումը վկայում է կապիտուլյացիայի մասին Ռուսաստանի առաջ եւ ընդգծում, որ ԵՄ-ն պետք է ավելացնի օգնությունն Ուկրաինային եւ արագ ամրապնդի իր պաշտպանունակությունը:

ԵՄ-ում քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել անվտանգության համար. Լեհաստանի ԵՄ Խորհրդում հունվարի 1-ին մեկնարկած վեցամսյա նախագահության կարգախոսն է «Անվտանգությո՛ւն, Եվրո՛պա»: Բայց եթե ուզում ենք, որ սա ավելին լինի, քան սոսկ կարգախոս, ԵՄ-ն պետք է խթանի ներդրումները հետազոտությունների եւ զարգացման մեջ, հետամուտ լինի նորարարությունը խթանելու եւ անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:

Նման նախաձեռնությունները կարող են նաեւ նպաստել տնտեսական մրցունակությանը, քանի որ ԵՄ շատ երկրներում ծերացող բնակչությունը սպառում է պետական բյուջեն եւ խոչընդոտում արտադրողականության աճին: Կարեւոր է ներդրումների խթանումը առաջադեմ ոլորտներում, օրինակ՝ արհեստական բանականություն, պաշտպանություն եւ կանաչ էներգիա՝ հատկապես հաշվի առնելով, որ ներմուծման մաքսատուրքերը, որոնք սպառնում է Թրամփը, լրացուցիչ տնտեսական ճնշում կդառնան ԵՄ-ի համար:

Այն, ինչ Եվրոպան չպետք է անի, դա պրոտեկցիոնիզմն է, այդ թվում՝ Չինաստանի դեմ: ԵՄ-ն պետք է Չինաստանի նկատմամբ ռազմավարություն մշակի, որը թույլ չի տա լիակատար առճակատում եւ հավասարակշռություն կհաստատի փոխշահավետ հարաբերությունների, հիմնարար դաշինքների պահպանման եւ միջազգային կարգը ապակայունացնելու փորձերից պաշտպանվելու միջեւ:

Բայց արտաքին զարգացումները մարտահրավերի միայն մի մասն են: Ներսում Եվրոպան բախվում է ժողովրդավարության համատարած էրոզիային: Թեեւ Հունգարիան այս միտումի առաջատարն է, այն դժվար թե միակը լինի. նույնիսկ Ֆրանսիան եւ Գերմանիան՝ ԵՄ ինտեգրման ավանդական շարժիչները, կարծես կանգնած են ժողովրդավարական հետընթացի վտանգի առաջ: Թրամփի հանցակից Իլոն Մասքը բարդացնում է խնդիրը՝ աջակցեոլվ ծայրահեղ աջ կուսակցություններին, ինչպիսիք են Alternative für Deutschland (AfD):

Լուսանկարը` REUTERS


Անդամ երկրների միջեւ զգալի տարաձայնություններ կան նաեւ մի շարք հարցերի շուրջ՝ սկսած Mercosur-ի (Հարավամերիկյան ընդհանուր շուկայի) հետ առեւտրային գործարքից, որը սկզբունքորեն համաձայնեցվել էր անցյալ ամիս, վերջացրած ուկրաինական պատերազմի սպառնալիքների գնահատականով։ Մինչ Լեհաստանը անդրդվելի է, որ պատերազմը պետք է ավարտվի՝ վերադառնալով ճանաչված սահմաններին, Ֆրանսիան այժմ կոչ է անում Ուկրաինային «տարածքային հարցերի իրատեսական քննարկումներ» սկսել: Իսկ Սլովակիայի վարչապետը, որը բարեկամ է Կրեմլին, սպառնում է կրճատել իր երկրում ուկրաինացի փախստականների ֆինանսական աջակցությունը:

ԵՄ ընդլայնումը լարվածության եւս մեկ աղբյուր է: 2022-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ-ն անդամակցության բանակցություններ է սկսել Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ եւ Վրաստանին տվել թեկնածուի կարգավիճակ։ Սակայն նոր անդամներով հապճեպ համալրումը միայն կվնասի համախմբվածությանը եւ որոշումների կայացման արդյունավետությանը: Խիստ անհրաժեշտ է օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված անդամակցության հստակ, իրատեսական մեթոդաբանություն եւ սթափ գնահատում, թե արդյոք յուրաքանչյուր թեկնածու կարող է արդյունավետորեն ինտեգրվել Եվրոպայի կառուցվածքին:

Լուսանկարը` REUTERS


Մինչդեռ գործնական միջոցառումները եւ դե ֆակտո համաձայնագրերը կարող են խորացնել ԵՄ-ի կապերը ապագա անդամ երկրների հետ եւ խթանել նրանց առաջընթացը դեպի անդամակցություն: Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ-ի բջջային ռոումինգային ցանցին եւ առեւտրային համաձայնագրերին, ինչպես նաեւ նրա էլեկտրացանցերի համաժամանակացումը մայրցամաքային եվրոպական ցանցի հետ օգտակար մոդելներ են:

2025 թվականին ԵՄ-ի վերջին հրամայականը ինստիտուցիոնալ կառույցների եւ որոշումների կայացման գործընթացների բարեփոխումն է։ Այս նպատակին կծառայի գործող օրենսդրության մեջ գաղափարախոսական կանոնակարգերի վերանայումը (դրա վառ օրինակ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջին մանդատի օրոք Եվրոպական կանաչ գործարքը), եւ թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ եվրոպական կառույցներում արդյունավետությունը բարելավելու ջանքերը, որը կբարելավի կառույցների պատասխանունակությունն ու հուսալիությունը: Բրյուսելից պարզ, բաց հաղորդակցության արդյունքում քաղաքացիների ավելի մեծ ներգրավվածությունը՝ քաղաքացիների կողմից առաջարկվող նախաձեռնությունների հետ մեկտեղ, կօգնի ամրապնդել ԵՄ-ի լեգիտիմությունն ու ճկունությունը: Այս ճակատներից որեւէ մեկում առաջընթացը կպահանջի զգալի քաղաքական վճռականություն Բրյուսելի օրենսդիրներից:

Թե ինչպես է ԵՄ-ն նավարկելու ներքին եւ արտաքին մարտահրավերների այս բարդ շղթան հաջորդ տարի, կորոշի նրա ապագան՝ որպես համաշխարհային դերակատարի: Պետք է հուսալ, որ 2025 թվականին կհաղթի պրագմատիզմը, միասնությունը եւ երկարաժամկետ մտածողությունը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
https://www.project-syndicate.org/




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին