Համաշխարհային կարգի ապագան - Mediamax.am

209 դիտում

Համաշխարհային կարգի ապագան


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ջոզեֆ Ս. Նայ կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ջոզեֆ Նայ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպեց լուրջ կասկածի տակ դնել հետպատերազմյան միջազգային կարգի ապագան։ Նրա վարչակազմը ՄԱԿ-ում վերջին ելույթներում եւ քվեարկություններում անցել է Ռուսաստանի կողմը՝ ագրեսորի, որը նվաճողական պատերազմ է սկսել իր խաղաղ հարեւանի՝ Ուկրաինայի դեմ: Մաքսատուրքեր սահմանելու նրա սպառնալիքները կասկածի տակ են դնում Ամերիկայի երկարաժամկետ դաշինքները եւ համաշխարհային առեւտրային համակարգի ապագան, մինչդեռ հայտարարությունը, որ ԱՄՆ-ն դուրս է գալու Փարիզի կլիմայի համաձայնագրից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացրել է համագործակցությունը անդրազգային սպառնալիքների դեմ պայքարում:

ԱՄՆ-ի ամբողջությամբ մի կողմ քաշվելու եւ իր վրա կենտրոնանալու հեռանկարը վտանգավոր հետեւանքներ ունի աշխարհակարգի համար: Հեշտ է պատկերացնել, որ Ռուսաստանը կօգտվի ստեղծված իրավիճակից եւ ուժի կիրառմամբ կամ սպառնալով կփորձի գերիշխանություն հաստատել Եվրոպայում։ Եվրոպան ստիպված կլինի ավելի շատ միասնություն ցուցաբերել եւ ապահովել սեփական պաշտպանությունը, նույնիսկ եթե ԱՄՆ-ի վրա հույսը կպահպանի իր կարեւորությունը: Հեշտ է պատկերացնել նաեւ, թե ինչպես է Չինաստանը սկսելու ավելի ակտիվորեն ինքնահաստատվել Ասիայում։

Լուսանկարը` REUTERS


Ավելին, բոլորը կտուժեն պետությունների, ինչպես նաեւ խոշոր միջազգային կազմակերպությունների հարաբերությունների փոխկապակցվածության պատճառով։ Միջազգային կարգը հենվում է երկրների միջեւ իշխանության կայուն բաշխման, նորմերի վրա, որոնք ազդում են վարքագծի վրա եւ օրինականացնում այն։ Որոշակի միջազգային կարգը կարող է աստիճանաբար զարգանալ առանց ակնհայտ պարադիգմային փոփոխության: Բայց եթե գերիշխող ուժի ներքին քաղաքականությունը արմատապես փոխվի, իրավիճակը կարող է անկանխատեսելի դառնալ։

Բնականաբար, երկրների միջեւ հարաբերությունները ժամանակի ընթացքում փոխվում են, ուստի կարգի հարցը հարաբերական է։ Մինչեւ ժամանակակից պետական համակարգի ի հայտ գալը, կարգուկանոնը հաճախ պարտադրվում էր ուժի եւ նվաճումների միջոցով՝ տարածաշրջանային կայսրությունների ձեւ ընդունելով, օրինակ՝ չինական կամ հռոմեական: Հզոր կայսրությունների միջեւ պատերազմի եւ խաղաղության տատանումները ավելի շատ կախված էին աշխարհագրությունից, քան նորմերից եւ ինստիտուտներից: Իրենց հարեւանությամբ պայմանավորված Հռոմեական կայսրությունը եւ Պարթեւական թագավորությունը (ժամանակակից Իրանի շրջակայքում) երբեմն կռվում էին, բայց Հռոմի, Չինաստանի եւ Մեսոամերիկյան կայսրությունների միջեւ պատերազմներ չեղան։

Կայսրությունները կախված էին կոշտ եւ փափուկ ուժից: Չինաստանը միավորված էր ամուր ընդհանուր նորմերով, բարձր զարգացած քաղաքական ինստիտուտներով եւ փոխադարձ տնտեսական շահով: Հին Հռոմը նույնն էր, հատկապես հանրապետական ժամանակաշրջանում։ Հետհռոմեական Եվրոպան ուներ ինստիտուտներ եւ նորմեր՝ պապական եւ տոհմական միապետությունների տեսքով, ինչը նշանակում էր, որ որոշակի տարածքների կառավարիչները հաճախ փոխվում էին ամուսնությունների եւ ընտանեկան միությունների արդյունքում, մինչդեռ հպատակների ցանկությունները հաշվի չէին առնվում։ Պատերազմները հաճախ դրդված էին դինաստիկ նկատառումներով, թեեւ 16-րդ եւ 17-րդ դարերում պատերազմներ եղան, որոնք պայմանավորված էին կրոնական եռանդով եւ աշխարհաքաղաքական նկրտումներով՝ բողոքականության աճի, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ճեղքման եւ միջպետական մրցակցության աճի պատճառով:

18-րդ դարի վերջում ֆրանսիական հեղափոխությունը տապալեց միապետական նորմերը եւ ավանդական սահմանափակումները, որոնց վրա հենվում էր եվրոպական ուժերի հավասարակշռությունը։ Թեեւ Նապոլեոնի կայսերական նկրտումները Մոսկվայից նահանջելուց հետո անհաջողությամբ ավարտվեցին, նրա բանակը տարածքային շատ սահմաններ կոտրեց եւ նոր պետություններ ստեղծեց: Դա հանգեցրեց 1815 թվականին Վիեննայի կոնգրեսում ժամանակակից պետական համակարգ ստեղծելու առաջին գիտակցված ջանքերին:

Հետագա տասնամյակներում Վիեննայի «Եվրոպայի Համերգի» համակարգը տուժեց մի շարք ցնցումներից, հատկապես 1848 թվականին, երբ մայրցամաքում ազգային հեղափոխություններ ծավալվեցին: Այս ցնցումներից հետո Օտտո ֆոն Բիսմարկը պատերազմներ սկսեց՝ նպատակ ունենալով միավորել Գերմանիան, որը տարածաշրջանում ուժեղ կենտրոնական դիրք զբաղեցրեց, ինչը հաստատեց 1878 թվականի Բեռլինի կոնգրեսը։ Ռուսաստանի հետ դաշինքի շնորհիվ Բիսմարկը հաստատեց կայուն կարգեր, սակայն կայզերի կողմից պաշտոնանկ արվեց 1890 թվականին։

Հետո սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որին հաջորդեցին Վերսալի պայմանագիրը եւ Ազգերի լիգան, որոնց ձախողումը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմքը դրեց: Հետագա Միավորված ազգերի կազմակերպության եւ Բրետտոն Վուդսի ինստիտուտների ստեղծումը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախորդը) 20-րդ դարի ինստիտուտների կառուցման ամենակարեւոր դրվագն էր:

Քանի որ Ամերիկան գերիշխող դերակատարն էր, 1945 թվականից հետո դարաշրջանը հայտնի դարձավ որպես «Ամերիկյան դար»: 1991 թվականին Սառը պատերազմի ավարտը հանգեցրեց իշխանության միաբեւեռ բաշխմանը, որը թույլ տվեց ստեղծել կամ ամրապնդել այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, Միջազգային քրեական դատարանը եւ Փարիզի կլիմայի համաձայնագիրը:

Դեռեւս Թրամփի ի հայտ գալուց առաջ էին որոշ վերլուծաբաններ պնդում, որ ամերիկյան այս կարգը մոտենում է ավարտին: 21-րդ դարը նոր տեղաշարժ բերեց իշխանության բաշխման մեջ: Դա անվանում են Ասիայի վերելք, թեեւ, ավելի ճիշտ է, այն վերածնունդ որակել: 1800 թվականին Ասիան զբաղեցնում էր համաշխարհային տնտեսության ամենամեծ բաժինը, սակայն այն սկսեց հետ մնալ Արեւմուտքում արդյունաբերական հեղափոխությունից հետո։ Ինչպես մյուս տարածաշրջանները, Ասիան տուժեց նոր իմպերիալիզմից, որը հնարավոր դարձավ արեւմտյան ռազմական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ:

Լուսանկարը` REUTERS


Այսօր Ասիան վերադարձնում է իրեն համաշխարհային տնտեսական արտադրության առաջատար կենտրոնի կարգավիճակը։ Բայց նրա վերջին հաջողությունները հիմնականում ձեռք են բերվել ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի հաշվին։ Ամերիկան անկում չի ապրում. այն դեռեւս ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ քառորդը, ինչպես 1970-ականներին: Թեեւ Չինաստանը զգալիորեն կրճատել է Ամերիկայի առաջատարությունը, նրան չի հաջողվել առաջ անցնել ոչ տնտեսապես, ոչ ռազմական, ոչ էլ դաշնակիցների թվով:

Հարցն այն է, թե արդյոք մենք մտնում ենք ամերիկյան անկման բոլորովին նոր ժամանակաշրջան, թե՞ Թրամփի վարչակազմի հարձակումը «Ամերիկյան դարի» ինստիտուտների եւ դաշինքների վրա պարզապես հերթական ցիկլային անկումն է: Պատասխանը, հավանաբար, կիմանանք 2029 թվականից ոչ շուտ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
https://www.project-syndicate.org/     




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին