Խաղաղ համաձայնագիրն ու ԱՄՆ-Ադրբեջան-Իսրայել հնարավոր դաշինքը - Mediamax.am

1346 դիտում

Խաղաղ համաձայնագիրն ու ԱՄՆ-Ադրբեջան-Իսրայել հնարավոր դաշինքը


ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը

Լուսանկարը` AP/Alex Brandon

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Azertag

Լուսանկարը` Gilad Sade

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը

Լուսանկարը` Bonnie Cash_UPI_Bloomberg


Ներկայացնում ենք իսրայելական Haaretz պարբերականում հրապարակված Peace Deal With Armenia Could Strengthen Azerbaijan in Mideast, West – and Weaken Russia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Լիզա Ռոզովսկի

Առաջարկվող գործարքը, կարծես, հայերի կապիտուլյացիան է, դրա իրականացումը կասկածներ է հարուցում, բայց երկու երկրներն էլ կարող են առաջատար դիրքեր գրավել նոր աշխարհակարգում: Մինչդեռ Թրամփի բանագնաց Վիթկոֆը այցելել է Բաքու՝ ակնարկելով ԱՄՆ-Ադրբեջան-Իսրայել հնարավոր համագործակցության մասին, իսկ Ադրբեջանը տեսնում է իր դերը նաեւ Սիրիայի վերականգնման գործում։

Ես Հայաստան էի այցելել մեկուկես տարի առաջ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավի ագրեսիվ եւ վերջնական գրավումից մոտ երկու շաբաթ անց:

Շուրջ 100.000 հայ բնակիչներ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունից, որը ոչ մի երկիր երբեք չի ճանաչել, լքեցին իրենց տները՝ թողնելով նախնիների գերեզմանները, պայփայած հնագույն եկեղեցիները, եւ փախստական դարձան  Հայաստանում։

Ադրբեջանն այն ժամանակ ասում էր, որ հայերը կարող են մնալ եւ Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ։ Սակայն սերնդեսերունդ թշնամությունը երկու ժողովուրդների միջեւ, որն ավելի քան 100 տարի ուղեկցվում էր երկու կողմերի կողմից իրականացված կոտորածներով եւ էթնիկ զտումներով, կասկածի տեղ չթողեցին: Հայերի համար պարզ էր, որ պետք է հեռանան։

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող քաղաքներում եւ գյուղերում անցկացրած երկու օրվա ընթացքում ես հանդիպեցի ցնցված, շփոթված փախստականների, ինչպես նաեւ գյուղացիների, որոնք կարող էին տեսնել ադրբեջանական դիրքերը սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ եւ սպասում էին պատերազմի: 2023 թվականի հոկտեմբերն էր։

Լուսանկարը` Gilad Sade


Հայերի մտավախությունն առավել քան արդարացված էր. Ադրբեջանը չի թաքցրել իր մեծ աշխարհաքաղաքական ծրագիրը՝ ստեղծել Զանգեզուրի միջանցք, որը նրան կապելու է ադրբեջանական Նախիջեւանի անկլավի հետ, իսկ հետո Նախիջեւանը կապել Ադրբեջանի մեծ քրոջ՝ Թուրքիայի հետ։

Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ միջանցքը, որն Ադրբեջանին կարող է ելք տալ դեպի Սեւ ծով, կանցնի հայկական Սյունիքի մարզով, որի նկատմամբ Ադրբեջանի կառավարությունը հավակնություններ է ներկայացնում։ Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ թակարդված Հայաստանի համար Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշողությունը նրա ինքնության հիմքն է որպես պետության:

Չնայած Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին եւ Հայաստանի մտավախություններին, այսօր՝ վերջին պատերազմի ավարտից մեկուկես տարի անց, ոչ միայն ավելի մեծ պատերազմ չի բռնկվել, այլեւ երկու երկրներն ավելի քան երբեւէ մոտ են պատմական խաղաղության համաձայնագրին։

Այդուհանդերձ, եթե այս համաձայնագիրը ստորագրվի, այն հավանաբար կնմանվի հայերի կապիտուլյացիայի։ Հայաստանը համաձայնել է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ինչպես նաեւ իր հարեւանի կողմից վտանգված սահմանին երրորդ կողմի զորք (Ռուսաստանից եւ, ամենայն հավանականությամբ, նաեւ Եվրամիությունից) ներգրավելու պահանջից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին նույնիսկ ասել է, որ պատրաստ է փոխել երկրի սահմանադրությունը ըստ Ադրբեջանի պահանջի, որպեսզի այն չներառի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ անուղղակի պահանջ: Սպասվում է, որ Ադրբեջանի անձնիշխան կառավարիչ Իլհամ     
Ալիեւը շարունակելու է ոլորել Փաշինյանի թեւը, որ սահմանադրությունը փոխվի:

Ադրբեջանի այլ գործողություններն ու պահանջները սաստկացնում են նվաստացման զգացումը Հայաստանում։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դատարանի առաջ է կանգնել Արցախի Հանրապետության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ Նա ձերբակալվեց, երբ փորձում էր փախչել Լեռնային Ղարաբաղից, եւ մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման եւ անօրինական ռազմական կազմակերպություն ստեղծելու մեջ:

Ձերբակալությունից հետո սոսկալի նիհարած Վարդանյանը վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հացադուլ է սկսել՝ պնդելով, որ իրեն խոշտանգում են։
Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Azertag


Ավելին, Ադրբեջանը չի բավարարվել սահմանադրության փոփոխությունների պահանջով։ Նա ասում է, որ Հայաստանը պետք է փոխի նաեւ իր պետական խորհրդանիշը՝ հանելով Արարատ սուրբ լեռան պատկերը։

Հետեւաբար, հայերը ոչ մի լավ բան չեն սպասում խաղաղության համաձայնագրից։ Եվ շատերը չեն հավատում, որ այն երբեւէ ուժի մեջ կմտնի:

Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր վերապահումներին, երկրները երբեք այսքան մոտ չեն եղել վերջ տալու հետխորհրդային ամենաերկար եւ ամենաարյունալիների հակամարտություններից մեկին: Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն դառնալու ձեւավորվող նոր աշխարհակարգի առաջամարտիկները. կարգավիճակ, որից երկուսն էլ կարող են միայն օգուտ քաղել:

Հայաստանի հնարավոր շահը առաջարկվող խաղաղության համաձայնագրից պարզ է. այն կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից եւ կմոտեցնի երկիրը Արեւմուտքին ընդհանրապես եւ ԵՄ-ին՝ մասնավորապես։
Մերձավոր Արեւելքի տեսանկյունից ավելի կարեւոր է, որ համաձայնագիրը կարող է հետաքրքիր հնարավորություններ բացել Ադրբեջանի համար։ Թրամփի վարչակազմը ողջունեց խաղաղ համաձայնագրի հայտարարությունը։ Հաջորդ օրը Սթիվ Վիթկոֆը՝ հատուկ բանագնացը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մի քանի առաքելություններ իրականացնել, թռավ Բաքու՝ Ռուսաստան գնալու ճանապարհին, որտեղ ժամանել էր Քաթարում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցությունների հերթական փուլը միջնորդելու անհաջող փորձից հետո:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը

Լուսանկարը` Bonnie Cash_UPI_Bloomberg


Վիթկոֆի՝ Բաքու կատարած այցի նշանակությունը պարզ չէ, բայց կարող է միաժամանակ մի քանի հնարավոր նպատակներ ունենալ։ Մեկը Իսրայելի, Ամերիկայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդումն է (արդյունք, որին ձգտում են եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Նեթանյահուի կառավարությունը): Մյուսը Ադրբեջանի հատուկ դերն է ԱՄՆ-Ռուսաստան մերձեցման հարցում։ Բացի այդ, Ադրբեջանը բացահայտորեն հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայի հովանու ներքո Սիրիայի վերականգնման հարցում։

Ամեն դեպքում, պարզ է, որ Ադրբեջանը, որն այժմ իր աշխարհաքաղաքական հզորության գագաթնակետին է (մասամբ շնորհիվ կապիտալի, որը ստացել է թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի հետ բնական գազի գործարքներից), հույս ունի զգալի դեր խաղալ աշխարհում: Իսկ դրա համար Հարավային Կովկասի իր փոքրիկ անկյունում խաղաղություն է պետք:

Միակ երկիրը, որն անկասկած կորուստներ կկրի տարածաշրջանում կայուն խաղաղությունից, դա Ռուսաստանն է։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր, եւ հատկապես վերջին 15 տարիներին, Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունը հիմնել է հետխորհրդային երկրներում կայունությունը խախտելու եւ անջատողական սուբյեկտների հովանավոր դառնալու վրա:

Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, վերջնականապես դուրս կմղի Ռուսաստանը երկրների սահմանային շրջանից․ 2020 թվականին տարածքի վերահսկողությունը Մոսկվայի կողմից արդեն թուլացել էր: Հենց դա հնարավորություն տվեց Ադրբեջանին 2023 թվականին առանց խոչընդոտի ավարտելու իր գրավումը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ալիեւը վերջերս չվարանեց բացահայտորեն քննադատել Պուտինին՝ դեկտեմբերին Գրոզնիում ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար պատասխանատվություն ստանձնելու կամ պատշաճ կերպով ներողություն չխնդրելու համար։ Մեկ այլ անսովոր եւ չափազանց հրապարակային քայլով Ադրբեջանը փակեց Բաքվում «Ռուսաստանի տունը»՝ Մոսկվայի փափուկ ուժի խորհրդանիշը:

Պուտինի նկատմամբ Ալիեւի կոշտ դիրքորոշումը հատկապես ուշագրավ է այն ուղերձների լույսի ներքո, որոնք Սպիտակ տունն ուղարկում է Կրեմլին. հարգանքի եւ համակրանքի ուղերձներ, որոնք շողոքորթության են հասնում: Այս հարցում Թրամփը կարող է ինչ-որ բան սովորել հեռավոր Կովկասի իր գործընկերոջից։ Միգուցե Վիթկոֆը փոխանցի այդ ուղերձը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին