Հայաստանը եւ Ադրբեջանի համաձայնագիրը «դարակազմիկ նշանակություն չունի» - Mediamax.am

236 դիտում

Հայաստանը եւ Ադրբեջանի համաձայնագիրը «դարակազմիկ նշանակություն չունի»


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի Армения и Азербайджан готовы к миру հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նիկոլայ Սիլաեւ

Մարտի 13-ին հայտարարված՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը իրական հնարավորություն է նրանց հարաբերությունների պատմության մռայլ էջը շրջելու համար: Խաղաղության համաձայնագիրը de-jure կավարտի նրանց գրեթե 40-ամյա հակամարտությունը:

Համաձայնագրի կետերից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որտեղ դեռեւս հիշատակվում է չճանաչված ԼՂՀ-ն: 2024թ. սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դա անելու Երեւանի պատրաստակամության մասին:

Ղարաբաղը վերադարձավ Ադրբեջանի վերահսկողության տակ 2023թ. սեպտեմբերին: Այդ ժամանակից ի վեր «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը այդ երկրի գլխավոր ազգային գաղափարն է, այն տեղադրում են անգամ խմելու ջրի շշերի վրա:

Առաջին Ղարաբաղյան պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը կորցրեց մի շարք տարածքներ, տեղի էր ունեցել 1992-1994 թվականներին: Դրանից հետո կողմերը հրադադարի համաձայնագիր էին կնքել:

Խաղաղության համաձայնագրում ամրագրվում է, թե ինչ պայմաններով են կողմերը կկառուցելու հարաբերությունները պատերազմի ավարտից հետո. այն տարբերվում է հրադադարի համաձայնագրից պայմանների ցանկով, որոնց հիման վրա նրանք համաձայն են խաղաղություն կնքել: Պարտադիր չէ, որ փաստաթղթում հիշատակում լինի այն մասին, որ կողմերից որեւէ մեկը մեղավոր է եւ համարվում է պարտված, իսկ մյուսը հաղթող է հռչակվում: Դրանում պարտադիր պետք է կետ լինի թշնամական գործողությունների դադարեցման մասին:

Ի՞նչ չպետք է սպասել այս պայմանագրից: Չեմ կարծում, որ դրանում կետ կլինի հայ-ադրբեջանական սահմանի ճանաչման մասին: Դրա սահմանազատումը եւ սահմանագծումը, ամենայն հավանականությամբ, կվերապահվի ապագային: Բայց պայմանագրի ամենակարեւոր կետը, որի մասին հայտնի է, Երեւանի համաձայնությունն է Բաքվի պահանջին՝ սահմանադրությունից հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները:

Ընդհանրապես, Երեւանը միշտ բավականին հակասական դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, ինչպես նաեւ իրեն չի ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ: Պաշտոնապես Երեւանի դիրքորոշումը այս տասնամյակների ընթացքում կայանում էր միայն չճանաչված ԼՂՀ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ: Բայց Ադրբեջանը հայկական օրենսդրության մեջ Ղարաբաղի հիշատակումը համարում է տարածքային հավակնություն:

Ես այս պայմանագրին դարակազմիկ նշանակություն չէի տա՝ այն ոչնչով չի տարբերվում հարյուրավոր խաղաղության պայմանագրերից, որոնք ստորագրվել են հարյուրավոր պատերազմների ավարտից հետո: Յուրաքանչյուր նման պայմանագիր ինչ-որ բանով եզակի է, եւ միեւնույն ժամանակ դրանք բոլորը նման են մեկը մյուսին: Օրինակ, եթե պատկերացնենք, որ Վրաստանը երբեւէ փաստաթուղթ կստորագրի Աբխազիայի հետ՝ դրանով ճանաչելով վերջինիս անկախությունը, դա կլինի իսկապես տարբերվող փաստաթուղթ: Բայց դա խիստ անհավանական է:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրին, ապա շատ ավելի կարեւոր է դրա կատարման երաշխիքների հարցը, քանի որ, ինչպես հայտնի է համաշխարհային պատմությունից, նման պայմանագրերը ոչ միշտ են հարգվել ստորագրողների կողմից:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին