Երկու Նապոլեոններն ու Ամերիկայի միջակ «կայսրը» - Mediamax.am

691 դիտում

Երկու Նապոլեոններն ու Ամերիկայի միջակ «կայսրը»


Նապոլեոն III-ը
Նապոլեոն III-ը
Նապոլեոն Բանապարտը
Նապոլեոն Բանապարտը
Նապոլեոն III-ը
Նապոլեոն III-ը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի քաղաքականության պրոֆեսոր Յան-Վերներ Մյուլերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Յան-Վերներ Մյուլեր

Վերջին տասնամյակում գիտնականները քննարկում են, թե ինչպես հասկանալ Դոնալդ Թրամփի վերելքն ու իշխանության գալը: Փորձել են այնպիսի պիտակներ կպցնել, ինչպիսիք են ամբոխահաճությունն ու ֆաշիզմը, տարբեր պատմական զուգահեռներ առաջարկել, որոնցից մի քանիսը բավականին տարօրինակ են («Մարտին Լյութերը 1517 թվականի Դոնալդ Թրամփն էր»): Բայց այժմ ինքը՝ Թրամփն ակնարկել է՝ սոցիալական ցանցերում գրելով, որ «նա, ով փրկում է իր երկիրը, ոչ մի օրենք չի խախտում». մեջբերում, որը վերագրում են Նապոլեոնին, թեեւ, ամենայն հավանականությամբ, Բալզակն է դրել է այդ բառերը կայսեր բերանը:

Նապոլեոնը համարվում է կեսարիզմի վառ օրինակ՝ եզրույթ, որը հորինվել է XIX դարում՝ բնորոշելու եւ օրինականացնելու անձնիշխան կառավարման որոշակի ձեւը: Արդյո՞ք դա է այն պիտակը, որը բոլորս փնտրում էինք: Թեեւ որոշ ապշեցուցիչ զուգահեռներ իրոք կան, Թրամփի վարչակարգը կեսարիզմի կարեւոր տարրեր չունի:

Բայց նախ հաշվի առնենք նմանությունները: Դեռ իշխանությունը զավթելուց առաջ Նապոլեոնը, ինչպես Թրամփը, հասկացել էր, որ քարոզչությունը կարեւոր է ժամանակակից զանգվածային քաղաքականության համար: Նա անձամբ խմբագրում էր տեղեկագրերը իր բանակի հաղթանակների մասին եւ պատվիրում էր ինքնագովազդային բրոշյուրներ, դիմանկարներ եւ թերթեր՝ «Բոնապարտի հանդեսը» եւ «Առաքինի մարդիկ» վերնագրերով: Թեեւ Կեսարի՝ հին աշխարհի կարկառուն գործչի մասին հիշատակումները շատ էին, միայն 1800 թվականին հանրությունը ստացավ մի հատոր, որը համակողմանիորեն սահմանեց «Կեսարի, Քրոմվելի, Մոնքի եւ Բոնապարտի միջեւ զուգահեռը»: Այն հեղինակել էր ներքին գործերի նախարարը՝ Նապոլեոնի եղբայր Լյուսիենը։

Նապոլեոն Բանապարտը Նապոլեոն Բանապարտը


Այս զուգահեռը անցկացնողներն ընդգծում էին, որ Կեսարը խարիզմատիկ առաջնորդ է, որը (կարեւոր է) փոխանցում է «ժողովրդի կամքը»։ Նապոլեոնի եղբորորդին՝ Լուին (որը 1848 թվականին նախագահ ընտրվեց, պահպանեց իշխանությունը 1851-ին պետական հեղաշրջման միջոցով, իսկ ավելի ուշ իրեն թագադրեց որպես Նապոլեոն III կայսր), օգտվեց դրանից եւ նորից մտցրեց տղամարդկանց համընդհանուր ընտրական իրավունքը այն բանից հետո, երբ պահպանողական վերնախավը սահմանափակեց քվեարկությունը սեփականատերերով:

Բայց նապոլեոնյան ժողովրդավարությունը միշտ էլ սահմաններ է ունեցել: Երկու Նապոլեոններն էլ ապավինում էին ոչ միայն քարոզչությանը, այլեւ ոստիկանությանը՝ գրաքննելով եւ ճնշելով ընդդիմությանը: Հանրաքվեների ժամանակ նրանց նպատակն էր ցույց տալ համատարած ժողովրդական աջակցությունը մի բանին, որը նրանք ամեն դեպքում իրականացնելու էին: Նրանք որոշեցին ազատականացնել քաղաքական համակարգը միայն այն ժամանակ, երբ զգալի քաղաքական անորոշության եւ հետընթացի հետ բախվեցին. Նապոլեոն I-ը Էլբայից վերադառնալուց հետո 100 օրվա ընթացքում, իսկ Նապոլեոն III-ը՝ իր գահակալության վերջին տարիներին:
Նապոլեոն III-ը Նապոլեոն III-ը


Նապոլեոնին անվանել են ժամանակակից «մեդիա կայսր», եւ երկու Նապոլեոններն էլ տարածում էին իրենց անհավանական վերելքի պատմությունը (Նապոլեոն III-ի 1848 թվականի անակնկալ ընտրությունը մի քանի անհաջող հեղաշրջումներից հետո սարսափելի կերպով նման է Թրամփի անհավանական վերադարձին իշխանության): Բայց նրանք ձգտում էին նաեւ տպավորիչ ձեռքբերումներ ունենալ՝ քաղաքացիներին մշտապես հիացնելու համար: Ինչպես Նապոլեոն Բոնապարտն է ասել՝ «մեր նոր կառավարությունը համախմբվելու համար պետք է զարմացնի եւ ապշեցնի մարդկանց, այլապես կխորտակվի»։

Նա ձգտում էր ցույց տալ իր մտերմությունը ժողովրդին բանակի հետ իր հարաբերություններում՝ «զինվորներին վերաբերվելով որպես հավասարների, միտումնավոր խոսելով նրանց հետ ընտանեվարի, զգացմունքային լեզվով», - գրում է պատմաբան Դեյվիդ Բելը: Բայց ռազմական փառքից բացի՝ Նապոլեոնը զարդարեց Փարիզը տպավորիչ շինություններով եւ հրամայեց իր ինժեներներին բարելավել ջրամատակարարումը եւ կոյուղու համակարգը:

Նապոլեոն III-ը նույնպես քաղաքաշինության տպավորիչ սխրանքներ գործեց: Սենայի դեպարտապենտի նրա պրեֆեկտը՝ Ժորժ-Էժեն Օսմանը, կառուցեց հայտնի գեղեցիկ բուլվարները, որոնք բավական երկար էին ապշեցուցիչ տեսարաններ առաջարկելու համար, եւ բավական լայն՝ ապստամբության դեպքում ռազմական ուժերը արագ տեղակայելու համար: Վերակառուցման սկզբնական շրջանում բանվորներն ու աղքատները սիստեմատիկ կերպով դուրս մղվեցին քաղաքի կենտրոնից:


Թրամփն էլ ունի ճարտարապետական օրակարգ. նրա պակաս հայտնի առաջին գործադիր հրամաններից մեկը՝ «Գեղեցիկ դաշնային քաղաքացիական ճարտարապետության խթանում», կոչ է անում վերադառնալ դասական ոճի շենքերին (արդյունքը, թերեւս, կլինեն ոսկեզօծ հսկա ապարանքներ՝ «փորագրված բետոնով եւ փրփապլաստե սյուներով՝ պլաստմասի մեջ փաթեթավորցած», կանխատեսում է մի քննադատ): Նմանապես, Թրամփի հռետորաբանությունը՝ Կանադայի եւ Գրենլանդիայի հաշվին ԱՄՆ-ն ընդլայնելու մասին, հիշեցնում է 19-րդ դարի իմպերիալիզմի ամենամութ օրերը, երբ փառքը նույնացվում էր տարածքի ընդլայնմանը:
Նապոլեոն III-ը Նապոլեոն III-ը


Կարեւորն այն է, որ Թրամփի միակ իրական տաղանդը շահարկելն է մեր պատրաստակամությունը՝ հավատալու իր հաջողակ գործարարի կերպարին, թեեւ նրա փաստացի բիզնես կարիերան անհաջողությունների շարան է: Այս առումով նա նման է Նապոլեոն III-ին, ըստ Կարլ Մարքսի՝ «զավեշատալի միջակությանը», որն ապրում էր վեհության ֆանտազիայով: Նրա դեպքում ֆանտազիան այնքան ժողովրդականություն վայելեց, որ հանգեցրեց քաղաքագետների լեզվով «ինքնահեղաշրջման». առաջնորդ, որն իշխանության է գալիս օրինական ճանապարհով, բայց ապօրինի միջոցներ օգտագործում՝ այն պահելու համար: Թրամփը, ձախողելով նման նախաձեռնությունը 2021-ի հունվարի 6-ին, կարող է կրկին փորձել իր երկրորդ պաշտոնավարման օրոք։

Այնուամենայնիվ, կեսարիզմի համաբանությունը, ի վերջո, թերի է: Ամենատարրականը՝ Թրամփը ձեռքբերումներ չունի: Երբ Գյոթեն գովաբանում էր Նապոլեոնի «գործերի արդյունավետությունը», նա չէր խոսում միայն մարտադաշտում հաղթանակների մասին: Նա ինքնակերտ մարդ էր, որը վերափոխեց Ֆրանսիայի պետական եւ իրավական համակարգը:

Լուսանկարը` REUTERS


Մինչ երկու Նապոլեոններն էլ կարողացան ներկայանալ որպես գործիչներ, որոնց մեծ ժողովրդական աջակցությունը վեր էր կուսակցություններից ու դասերից, Թրամփը ռազմատենչ հանրապետական է, որն առաջ է տանում հարուստների հարկերը նվազեցնելու իր կուսակցության նպատակը: Նրա դաշնակից Իլոն Մասկը ոչ միայն ԱՄՆ-ն միանձնյա դեպի ապագա չի տանում, այլ կամայականորեն սաբոտաժ է անում: Նապոլեոնները խոստացան կարգուկանոն հաստատել եւ վերջ տալ հեղափոխական ցնցումներին, մինչդեռ Թրամփն ու նրա կամակատարները ակնհայտորեն տարված այն մտքով, որ «խառնակությունը» լավ է որոշ բիզնեսների համար, եւ նպատակաուղղված քաոս են սերմանում:

Օրենքից վեր լինելու մասին Թրամփի անհեթեթ նախադասությունը չի խոսում կեսարական նկրտումների մասին: Դա ոչ ավել, ոչ պակաս՝ բռնությունը օրինականացնելու համար նախատեսված շարքային ավտորիտար հռետորաբանություն է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին