Կովկասում Ռուսաստանի մանեւրելու տարածքը էապես նեղացել է - Mediamax.am

803 դիտում

Կովկասում Ռուսաստանի մանեւրելու տարածքը էապես նեղացել է


Լուսանկարը` Anadolu Agency/Getty Images

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք «Վալդայ» ակումբի կայքում հրապարակված քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի Современная геополитическая ситуация на Южном Кавказе հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մարկեդոնով

Կովկասը կտրուկ փոխվում է։ Դեռ հինգ տարի առաջ այն կարելի էր անվանել ոչ միայն Ռուսաստանի հատուկ շահերի, այլեւ առաջնահերթ ազդեցության ոլորտ։ Այսօր այս բացառիկ ազդեցությունը կասկածի տակ են դնում ինչպես արտաքին խաղացողները, այնպես էլ հենց տարածաշրջանի երկրները։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, բայց նրա մանեւրելու տարածքը էապես նեղացել է:

2020-ից 2025 թվականն ընկած ժամանակահատվածում աշխարհաքաղաքական փոփոխությունները Հարավային Կովկասում այնքան շատ էին, որ թույլ են տալիս խոսել տարածաշրջանային կարգի որակական վերափոխումների մասին։

Տարածաշրջանի ուժերի նոր հավասարակշռություն

Այս կարճ ժամանակահատվածում երկու անգամ փոխվեց ռազմաքաղաքական ստատուս քվոն։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն արմատապես խախտեց ուժերի հավասարակշռությունը, որը պահպանվում էր 26 տարի։ Այս իրադարձության նշանակությունն ավելի մեծ է, քան էթնոքաղաքական հակամարտության շրջանակը։ Բանն այն չէ միայն, որ Ադրբեջանը վրեժխնդիր եղավ անցյալի պարտությունների համար եւ վերականգնեց վերահսկողությունը կորցրած տարածքների մեծ մասի նկատմամբ։ Տեղի ունեցավ Կովկասում Թուրքիայի դերի զգալի ամրապնդում։ Առաջին անգամ մի պետություն, որը պատմականորեն կապված չէր ԽՍՀՄ-ի հետ, նպաստեց հետխորհրդային աշխարհաքաղաքական իրողությունների արմատական վերափոխմանը:

Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության անմիջական հետեւանքը ոչ միայն տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի ամրապնդումն էր, այլեւ մի կողմից Թուրքիայի եւ մյուս կողմից Ուկրաինայի ու Կենտրոնական Ասիայի պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության աճը եւ Թյուրքական պետությունների կազմակերպության ակտիվացումը։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչը յոթ ամիս անց հանգեցրեց ռուս խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերմանը։ Ռուսաստանի՝ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման բացառիկ միջնորդի ազդեցության ավանդական ձեւերը դադարեցին գործել։ Դրան հակառակ՝ ուժեղացավ Թուրքիայի ազդեցությունը հակամարտության երկու կողմերի վրա (առաջին դեպքում՝ ռազմաքաղաքական փոխգործակցության ուժեղացում, իսկ երկրորդում՝ նախապայմաններով դիվանագիտական ճնշում՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով):

Լուսանկարը` REUTERS


Թուրքիայի հզորացումը լրջորեն անհանգստացրեց Իրանին, որը մի կողմից փորձում էր ընդլայնել իր դիվանագիտական ներկայությունը Հայաստանում (2022-ի հոկտեմբերին Կապանում հյուպատոսություն բացումը), մյուս կողմից՝ հստակ ուրվագծում էր «կարմիր գծերը» եւ Զանգեզուրի միջանցքի բացումը ներկայացնում որպես սպառնալիք իր ազգային շահերին։

2020-ին շատ դիտորդներ կարծում էին, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ազդեցությունը կովկասյան գործընթացների վրա կթուլանա։ Բայց այդ ենթադրությունները չարդարացան։ Ուկրաինայում «Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Արեւմուտքը փաստացի սառեցրեց համագործակցությունը Ռուսաստանի հետ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին անգործունակ դարձավ։ Եթե նախկինում Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ տարաձայնությունները վերաբերում էին Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ տալու հեռանկարներին, ապա 2022-ից հետո հերթական մարտադաշտ (բարեբախտաբար՝ միայն դիվանագիտական) դարձավ հայ-ադրբեջանական կարգավորումը։

Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան. արտաքին քաղաքական «ուղենիշների փոփոխություն».

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դինամիկայի արագացումը հանգեցրեց նրան, որ Եվրասիայի այս հատվածում ուժերի հավասարակշռությունը նկարագրելու բոլոր հաստատված վերլուծական սխեմաներն ու բացատրական նախանմուշներն այլեւս իրականության հետ կապ չունեն: Մինչեւ 2020-ը Հայաստանը համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը Հարավային Կովկասում։ Սակայն 2025-ի հունվարին Երեւանը Վաշինգտոնի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության խարտիա։ Դրան զուգահեռ խորհրդարանն ու կառավարությունը սկսեցին քննարկել եվրաինտեգրման մասին հանրաքվեի կոնկրետ քայլերը։ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն քննադատում է ՀԱՊԿ-ին, այլեւ այս կառույցը որակում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։ Այս մշտական քննադատության ֆոնին կրճատվում է ռուսական ռազմական ներկայությունը հանրապետությունում. սահմանապահները դուրս բերվեցին «Զվարթնոց» օդանավակայանից եւ հայ-իրանական սահմանի անցակետից։ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը, որն արդեն իսկ նշվել է որպես արտաքին քաղաքականության կարեւոր նպատակ, հարցականի տակ է դնում նաեւ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Եթե եվրաինտեգրումը ընթանա արագացված տեմպերով, ապա օրակարգում կլինի Եվրասիական տնտեսական միությունից Երեւանի դուրս գալու հարցը։

Լուսանկարը` REUTERS


Ընդհակառակը՝ Վրաստանը, որը համարվում էր Կովկասում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերի հիմնական ուղղորդողը, բարդացրել է իր արտաքին քաղաքական օրակարգը։ Երբ Եվրախորհրդարանը հանդես եկավ բանաձեւով, որով փաստացի չճանաչեց երկրի խորհրդարանական ընտրությունները, պաշտոնական Թբիլիսին հայտարարեց եվրաինտեգրման բանակցությունների «սառեցման» մասին։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան, որը ստորագրվել էր դեռեւս 2009-ի հունվարին, կասեցվեց Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Արեւմտյան գործընկերները քննադատում են Վրաստանին օտարերկրյա գործակալների վերաբերյալ ռուսական օրենսդրությունը պատճենելու եւ «ավանդական արժեքներին» աջակցելու համար, մինչդեռ Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը եւ վերսկսում է ուղիղ չվերթները։ 2023-ի սեպտեմբերին Վրաստանը չեղյալ հայտարարեց մուտքի վիզաները Չինաստանի քաղաքացիների համար, իսկ 2024-ի փետրվարին չինական կողմը հնարավորություն ընձեռեց Վրաստանի քաղաքացիներին երեսուն օր մնալ իրենց երկրում առանց վիզայի։ Վրաց-չինական հարաբերությունները պաշտոնական մակարդակով ռազմավարական կոչվեցին։ Սակայն դիվերսիֆիկացումը վրացական ձեւով չի նշանակում, որ Թբիլիսին հրաժարվում է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումից։ Երկրի ղեկավարությունը պատրաստակամություն է ցուցադրում վերականգնելու խաթարված հարաբերությունները։

Ադրբեջանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Հարավային Կովկասի ներկապնակում՝ զգուշորեն հավասարակշռություն պահելով տարբեր ուժային կենտրոնների միջեւ, պահպանելով կառուցողական հարաբերություններ Արեւմուտքի, Թուրքիայի, Իսրայելի, Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Ռուս-հայկական հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին եւ 2020 եւ 2023 թվականներին Բաքվի եւ Երեւանի ռազմական առճակատումներում Մոսկվայի փաստացի չեզոքության պատճառով թվում էր, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը դատապարտված են մերձեցման։ Այս վարկածի օգտին էր աշխատում Դաշնակցային համագործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ստորագրումը 2022-ի փետրվարի 22-ին (Ռուսաստանի Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու հաջորդ օրը եւ «Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից երկու օր առաջ): Բայց գործնականում «աշխարհաքաղաքական փոխհատուցում» չստացվեց։

Լուսանկարը` REUTERS


Ակտաուի երկնքում տեղի ունեցած ողբերգությունը («Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը), որի համար պաշտոնական Բաքուն մեղադրեց Ռուսաստանին, ցույց տվեց երկկողմ հարաբերությունների անորոշությունը եւ ռազմավարական գործընկերության փխրունությունը։ Ակնհայտ է, որ այս իրադարձությունն ինքնին ոչ թե բացահայտեց, այլ պարզապես ավելի հստակ ուրվագծեց երկու պետությունների մոտեցումներում առկա տարբերությունները (սկսած ուկրաինական հարցից մինչեւ Մերձավոր Արեւելք)։

Արժե ուշադրություն դարձնել նաեւ Բաքու-Անկարա ռազմավարական կապի ընդլայնմանը։ Այն նոր մակարդակի հասցրեց 2021-ի Շուշիի հռչակագիրը, երբ կողմերը փոխադարձ լուրջ պարտավորություններ ստանձնեցին պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Այս ամենը հանգեցրեց Կասպից ծովում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դերի ամրապնդմանը եւ այնպիսի ինտեգրացիոն նախագծի ակտիվ խթանմանը, ինչպիսին է Թյուրքական պետությունների կազմակերպությունը։

Ռուսաստանի ռիսկերն ու հնարավորությունները

Այսպիսով, Կովկասը մեր աչքի առջեւ կտրուկ փոխվում է։ Դեռ հինգ տարի առաջ այն կարելի էր անվանել ոչ միայն Ռուսաստանի հատուկ շահերի, այլեւ առաջնահերթ ազդեցության ոլորտ։ Այդ իրավիճակը չսասանեց ո՛չ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի «հնգօրյա պատերազմը» 2008-ի օգոստոսին՝ չնայած ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն աննախադեպ աջակցություն ցույց տվեցին Վրաստանին, ո՛չ էլ 2016-ի ապրիլյան «քառօրյա պատերազմը» Ղարաբաղում, որից հետո ռուսական բացառիկ միջնորդությունը ճանաչեցին ինչպես Արեւմուտքը, այնպես էլ Թուրքիան եւ Իրանը։ Եվ նույնիսկ 2020-ի իրադարձությունները, որոնցից հետո Ռուսաստանից խաղաղապահ զորախումբը տեղակայվեց ղարաբաղյան հողում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում շատերն ընկալեցին որպես Մոսկվայի դիրքերի ամրապնդում: Տրամաբանությունը հետեւյալն էր. մինչեւ 2020-ի նոյեմբերը Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայություն չկար, իսկ դրանից հետո հայտնվեց։

Այսօր այս բացառիկ ազդեցությունը կասկածի տակ են դնում ինչպես արտաքին խաղացողները, այնպես էլ հենց տարածաշրջանի երկրները։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Սակայն մանեւրելու տարածքը էապես նեղացել է: Այնուամենայնիվ, տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական տեսքը նոր ռիսկերի հետ մեկտեղ նոր հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի համար։

Դրան նպաստում է, առաջին հերթին, տարածաշրջանային ինտեգրման բացակայությունը, արտաքին խաղացողների ակտիվացումը՝ առանց «ինչպես պետք է զարգացնենք Կովկասը» միասնական մոտեցման։ Երկրորդը Ռուսաստանի զգալի տնտեսական ներկայությունն է Հարավային Կովկասի երկրներում՝ չնայած ճգնաժամերին Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր կովկասյան պետությունների գործընկերների առաջատար եռյակում է։ Երրորդը անվտանգության եւ ինքնիշխանության նկատառումներն են։ Գլխավորը իրավիճակը խելամտորեն կառավարելն է՝ հրաժարվելով իներցիոն սցենարներից («ուրիշ տեղ չունեն գնալու» սխեման այլեւս չի գործում) եւ, ընդհակառակը, խթանելով խաղաղ եւ կայուն հարեւանության սեփական տարբերակը, որը հիմնված է պրագմատիզմի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական պատրանքների վրա։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին