Ներկայացնում ենք Վիգեն Չըթըրյանի՝ Agos թերթում հրապարակված Massacre of the Alawis and the Future of Syria հոդվածի հայերեն թարգմանությունը:
Վիգեն Չըթըրյան
Սիրիայից ստացվող պատկերներն անտանելի են: Ձերբակալված եւ խոշտանգված քաղաքացիական անձինք, տասնյակ սպանված տղամարդկանց դիակներ՝ փողոցի անկյուններում ընկած, ռումբեր նետող ուղղաթիռներ, զինված մարդիկ, որոնք մտնում են թաղամասեր եւ կրակ բացում շենքերի վրա՝ գործելով որպես օկուպացիոն ուժ։
Պատկերներն անտանելի են, բայց կրկնվող. մենք հազարավոր նմանատիպ տեսանյութեր ենք տեսել 2011 թվականից ի վեր: Այնուամենայնիվ, կա մի տարբերություն. այժմ բռնաճնշող ուժերը նոր «ժամանակավոր կառավարության» զինվորներն են, որոնք ոչ վաղ անցյալում կոչվում էին ՀԹՇ (Հայաթ Թահրիր ալ-Շամ), իսկ մինչ այդ Ալ-Քաիդայի սիրիական ճյուղն էին եւ նրանց սուննի կրոնական դաշնակիցները: Զոհերը ալավի համայնքի անդամներն են, որին ժամանակին պատկանել է Սիրիայի նախկին բռնապետ Բաշար ալ Ասադը։
Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի տվյալներով՝է՝ 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 745 խաղաղ բնակիչ: Սա ոչ այլ ինչ է, քան սպանդ։ Աղանդավորական բռնության նոր ալիքը Սիրիայում խարխլեց զոհի եւ հանցագործի մասին պատկերացումը:
Տարբեր պատումներ փորձում են բացատրել, թե ինչն է հրահրել վերջին բռնությունը. բախումներ, որոնք բռնկվեցին մարտի առաջին շաբաթվա ընթացքում «ժամանակավոր կառավարության» անվտանգության ուժերի (որոնք տեղակայված էին ալավիների գյուղերում, օրինակ՝ Ջաբլա շրջանի Ադ-Դալիում եւ այլուր) եւ հին վարչակարգի զինված խմբավորումների միջեւ: Ասադի աջակիցները դարանակալել էին «ժամանակավոր կառավարության» ուժերին Լաթաքիայի շրջանում եւ սպանել նրանցից մի քանի տասնյակին։ Արձագանքը ալավիների մասսայական ջարդերն էին Լաթաքիայում եւ Բանիասի գյուղերում։

Լուսանկարը` REUTERS
Սակայն աղանդավորական խմբերի միջեւ լարվածությունն ու բռնությունը խառը բնակչություն ունեցող նահանգներում՝ սուննի եւ ալավի, աճում էին փետրվարի սկզբից՝ իսլամիստ ապստամբների Դամասկոս մուտքից ընդամենը երկու ամիս անց: Ներքին մարտերը արագ տարածվեցին Լաթաքիայում, Տարտուսում, Համայում եւ Հոմսում: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, երբ նախկին վարչակարգի աջակիցները դարանակալեցին եւ սպանեցին նոր իշխանությունների հետ կապ ունեցող տասնյակ սուննի մարտիկների: Սա սկիզբ դրեց ռազմական գործողության, որը վերածվեց աղանդավորների ջարդի:
Արդյո՞ք հնարավոր էր խուսափել աղանդավորական բռնությունից
Ինչո՞ւ է տեղի ունենում այս բռնությունը եւ արդյո՞ք դրանից հնարավոր էր խուսափել: Ալավի շրջաններում «ժամանակավոր կառավարական» ուժերի տեղակայումը, որոնք բաղկացած են բացառապես աղանդավորական գաղափարախոսությամբ սուննի գրոհայիններից, բռնություն էր առաջացնելու: Սակայն նոր կառավարության մարտահրավերն ավելի մեծ է։ Սիրիայի ափամերձ շրջանները, ներառյալ Լաթաքիա, Բանյաս, Հոմս քաղաքները եւ շրջակա գյուղերը, խառը աղանդավորական բնակչություն ունեցող շրջաններ են, որտեղ կողք կողքի կան սուննի, ալավի եւ քրիստոնյա թաղամասեր եւ գյուղեր: Մեկ տասնամյակ տեւած պատերազմը Սիրիան թողել է ավերակների մեջ, զոհերի թիվը գուցե հասնում է 500 հազարի, հազարավոր մարդիկ խոշտանգվել են, առեւանգվել եւ անհետացել: Խառը աղանդավորական բնակչության մեջ բոլորը գիտեն, թե ովքեր են եղել հին վարչակարգի կամակատարները, ովքեր են մարդկանց կանգնեցրել անցակետերում, խոշտանգել եւ սպանել։
Մտավորականներն ու իրավապաշտպանները կոչ էին անում արդարություն հաստատել իրավական գործընթացի օգնությամբ, սակայն նման գաղափարներն անհնարին են. ոչ մի իրավական գործընթաց չի կարող հաղթահարել նման հսկա անարդարությունը, իսկ Ասադի բռնապետությունից հետո Սիրիան հատկապես նման հնարավորություն չունի: Փոխարենը տեղի էր ունենում վրեժխնդրություն հին վարչակարգի տարրերի դեմ, իսկ հին բանակի սպաները մերժում են ընդունել նոր ուժային հարաբերությունները:
Հին վարչակարգի մնացորդներին ձերբակալելու համար այս տարածքներ «ժամանակավոր կառավարական» ուժեր ուղարկելը նման էր կրակի վրա յուղ լցնելուն: Այդ ուժերը ոչ միայն գաղափարական են, այլեւ մեկ տասնամյակ պայքարել են, իրենց կարծիքով, աղանդավորական պատերազմում։ Նրանք ոչ միայն ատելությամբ են լցված, այլեւ կարգապահության պակաս ունեն։ Նախկին բանակի սպաների ցանկացած ձերբակալություն ալավի համայնքի կողմից կդիտվի որպես համայնքի ղեկավարներին ձերբակալելու փորձ եւ աղանդավորական հաշվեհարդար:
Աղանդավորություն եւ ռեգիոնալիզմ
Նախքան ափամերձ ալավի շրջաններում բռնությունները, լարվածություն կար Դամասկոսի նոր վարչակարգի եւ Ջարամանա թաղամասի միջեւ, որը Դամասկոսի դրուզ մեծամասնություն ունեցող արվարձաններից է: Ցանկացած ձերբակալություն ինչ-ինչ պատճառներով կարող էր այնտեղ դիտվել որպես հարձակում բուն տարածաշրջանի եւ համայնքի վրա:
Սիրիան աղանդավորական խնդիր ունի, որը չի կարելի հերքել։ Այն նորություն չէ. Բաասի վարչակարգը վերեւից պարտադրեց «միասնությունը» բռնապետական պետության ուժով։ Այդ պետությունն այլեւս գոյություն չունի, պատերազմն այն պատառ-պատառ արեց։ Ամենասարսափելի սխալն այսօր այդ աղանդավորական իրողությունը ժխտելն է կամ ուժով անհնարին միասնություն պարտադրելը։
Ալավիների դեմ այս վերջին ջարդերը եւ անապահովության զգացումը կհանգեցնեն ժողովրդագրական վերադասավորումների. խառը աղանդավորական տարածքները կրկին կբաժանվեն, իսկ ալավիները կհեռանան՝ անվտանգություն փնտրելով: Նույնը կանեն հարավի դրուզները եւ հյուսիս-արեւելքի քրդերը, մինչդեռ քրիստոնյաների արտահոսքը կվերսկսվի՝ ի հակառակ նախորդ ամիսներին քրիստոնյա առաջնորդների լավատեսության: Ժամանակավոր կառավարության ուժերը կդիտվեն (եւ կգործեն) որպես օկուպացիոն ուժ ոչ սուննի մեծամասնություն ունեցող թաղամասերում:

Լուսանկարը` REUTERS
Սիրիայում հակաալավիական բռնությունը երկարաժամկետ հետեւանքներ կունենա ողջ Մերձավոր Արեւելքում: Այն զոհի նոր զգացում կառաջացնի Լիբանանի շիա համայնքներում, ինչպես նաեւ Իրաքում: Այն կազդի նաեւ Թուրքիայի ալեւիների վրա, կառաջացնի նոր վախի զգացում եւ օտարվածություն սեփական պետության ու նրա քաղաքականության նկատմամբ:
Որոշ սիրիացի ակտիվիստներ (այն քչերը, որոնք դատապարտում են աղանդավորական սպանդը, այլ ոչ թե վրեժխնդրության կոչեր անում) սիրիացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաային այժմ անվանում են «ալ-Ջուլանի»՝ Ալ-Քաիդայի ժամանակվա իր հին ռազմական մականունով: Բայց նա այժմ նոր ալ-Ասադն է՝ աղանդավորական Սիրիայի առաջնորդը, որը կարող է գործել իր պետական կառույցների միջոցով: Ալ-Շարաայի պարադոքսը՝ անկախ նրա հագած զգեստից եւ առաջ քաշած գաղափարական խոսույթից, այն է, որ միակ գործիքը նրա տրամադրության տակ, միակ բանը, որ մնացել է սիրիական պետությունից, աղանդավորական զինված խմբավորումներն են, որոնք նա ղեկավարում է, եւ ուրիշ ոչինչ: Այդ ուժերով նա չի կարող միասնություն պարտադրել Սիրիային, ավերված Սիրիային, որտեղ չորս մեծ ուժեր զինված ներկայություն ունեն երկրի տարբեր հատվածներում: Լավագույնը, որ կարելի է անել, այդ աղանդավորական ուժերին Սիրիայի ոչ սուննի շրջաններից դուրս պահելն է, ճանաչել Սիրիայի աղանդավորական, ինչպես նաեւ էթնիկ (քրդական) իրականությունը եւ բանակցել, թե ինչպես կառավարել այս բարդ իրականությունը՝ ավելի մեծ բռնությունից խուսափելով:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: