Ներկայացնում ենք Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, Աթենքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յանիս Վարուֆակիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յանիս Վարուֆակիս
Արեւմուտքը պատերազմական վիճակում է։ Գերմանիայի կառավարությունը մշակում է հավելված, որը կօգնի գտնել մոտակա բունկերը: Շվեդիան 32 էջանոց բրոշյուր է տպագրել՝ «Ճգնաժամի կամ պատերազմի դեպքում» վերնագրով։ Հարգված թերթերը հրապարակում են պատերազմական խաղերի սցենարներ, որտեղ Ռուսաստանը, Չինաստանի աջակցությամբ, ներխուժում է Նորվեգիայի արկտիկական կղզիներ:
Եվրամիությունում բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Եվրոպայում ներդրումների մշտական ցածր մակարդակի խնդիրը լուծելու բանալին զենքի արդյունաբերությունն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առօրեական ձեւով խոսում է Գրենլանդիան եւ Պանամայի ջրանցքը գրավելու մասին։ Ի լրումն այս ամենի՝ ամպեր են կուտակվում Թայվանի, Ֆիլիպինների եւ Հարավչինական ծովի գլխին:
Թրամփն ու նրա քաղաքական հակառակորդները գրեթե ոչ մի բանում համաձայն չեն։ Բայց նրանք համամիտ են, որ Ամերիկան հայտնվել է Հարվարդի համալսարանի Գրեմ Էլիսոնի ասած «Թուկիդիդյան ծուղակում»․ հեգեմոնի ճակատագիր, որը բախվում է աճող ուժին՝ Չինաստանին: Միեւնույն ժամանակ Արեւմուտքը կարող է ընկնել Էդիպուսի ծուղակը. սրել ճգնաժամը այն կանխելու համար նախատեսված գործողություններով՝ ճիշտ այնպես, ինչպես Էդիպուսը սպանեց Լայուսին՝ իր հորը, այն պատճառով, որ վերջինս կոշտ միջոցներ ձեռնարկեց՝ խափանելու դելփյան մարգարեությունը, ըստ որի իրեն սպանելու է որդին: Այս ծուղակներից ցանկացածը կարող է աղետալի պատերազմի հանգեցնել:

Լուսանկարը` REUTERS
Մինչդեռ մեզ ավելի ու ավելի գերիշխում է ամպային կապիտալը՝ կապիտալի նոր ձեւը, որը բաղկացած է ալգորիթմներով աշխատող ցանցային մեքենաներից, որոնց մենք սովորեցնում ենք այնքան լավ ճանաչել մեզ, որ փոխեն մեր ցանկությունները եւ դրանք վաճառեն մեզ իրական շուկայից դուրս: Ի տարբերություն դիզելային շարժիչների եւ արդյունաբերական ռոբոտների, որոնք արտադրական միջոցներ են, ամպային կապիտալն արտադրում է մեր վարքագիծը փոփոխելու հսկա կարողություն՝ աննախադեպ իշխանություն շնորհելով իր սեփականատերերին՝ մեր տեխնոֆեոդալ տերերին: Սա հաստատում է Թուկիդիդեսի եւ Էդիպոսի ծուղակները չորս տարբեր ձեւերով:
Նախ, ամպային կապիտալը, հատկապես արհեստական բանականության հետ համակցված, նվազեցնում է զանգվածային (թեեւ նպատակային) ոչնչացման զենքի օգտագործման շեմը: Շատ ավելի էժան է քաղաքային տարածքներ ուղարկել փոքրիկ անօդաչու թռչող սարքերի պարս, որոնք ունեն դեմքը ճանաչելու ԱԲ համակարգ՝ կանխորոշված թիրախները առանձին-առանձին խոցելու համար, քան ծանր ռմբակոծիչներ: Նախագահներին ու վարչապետներին էլ ավելի հեշտ կլինի նման հրաման տալու բարոյական համոզմունք ունենալ: Ահա թե ինչու Palantir-ի նման ամպային, մեծ ներդրումներ պահանջող ընկերության կապիտալիզացիան գերազանցել է Lockheed Martin-ի նման հսկայի կապիտալիզացիան:

Լուսանկարը` REUTERS
Երկրորդը, առավելագույն եկամուտներ ապահովելու համար մեր սոցիալական մեդիան սնուցող ամպային կապիտալը օպտիմիզացված է ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու համար․ նպատակ, որին ամենից հեշտ է հասնել՝ ստիպելով մեզ գրգռվել, զայրանալ եւ միմյանց վիրավորել: Հասարակական քննարկումների թունավորումը, որը բխում է այս բիզնես մոդելից, քայքայում է ժողովրդավարական ինստիտուտները, որոնք մինչ այժմ կարողանում էին զսպել մեր ռազմատենչ քաղաքական գործիչներին ու գեներալներին:
Երրորդը, ամպային կապիտալը թուլացրել է Եվրոպան այն աստիճան, որ այն այլեւս չի կարող խաղալ այն չափավորող դերը, որն ուներ Սառը պատերազմի ժամանակ: Դա պայմանավորված է նրանով, որ ամպային կապիտալի մեծ մասը կենտրոնացած է Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում: Ամպային կապիտալի բարձր համակենտրոնացումը դարձել է տնտեսական եւ քաղաքական հզորության նախապայման, այդ պատճառով Եվրոպան այլեւս հարաբերականորեն անկարեւոր է:
Չորրորդը, Չինաստանում ամպային կապիտալը իրական մարտահրավեր է ստեղծել միջազգային վճարային համակարգի ամերիկյան մենաշնորհին, որը պատմականորեն ԱՄՆ կառավարությանը թույլ է տվել պատժել ցանկացած երկիր կամ անձ: Սա շատ ավելի նշանակալից է, քան ԱՄՆ-ի ներսում թշնամությունը, որն առաջացրել է DeepSeek չինական ԱԲ ընկերությունը, որի վերջին առաջարկը ԱՄՆ ֆոնդային շուկաներում 1 տրիլիոն դոլարի կորուստի պատճառ էր դարձել:

Լուսանկարը` REUTERS
Չինաստանի գլխավոր մարտահրավերը բխում է ԱՄՆ-ի նկատմամբ խորը անհամաչափությունից, որը կապ չունի տեխնոլոգիայի հետ. Ուոլ Սթրիթը համարում է Սիլիկոնային հովիտը իր ֆինանսական եկամուտների պոտենցիալ յուրացնող եւ այդ պայքարում կարող է հույս դնել Դաշնային պահուստի աջակցության վրա: Ի հակառակ դրան՝ Չինաստանի ֆինանսական հատվածը, կենտրոնական բանկը եւ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները աշխատում են միահամուռ, ինչի արդյունքում ձեւավորվել է անխափան, անվճար օգտագործման թվային վճարային համակարգ, որի նմանը Արեւմուտքը չունի:
Ներկայում չինական վճարային համակարգը հիշեցնում է նոր բազմաշերտ ավտոմայրուղի, որը երկրից դուրս քչերն են օգտագործում, բայց այն լուրջ երկարաժամկետ վտանգ է դոլարով արտահայտված վճարային համակարգի համաշխարհային մենաշնորհի համար եւ Չինաստանի կառավարությանն ու նրա դաշնակիցներին ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնելու տարբերակներ է տալիս: Անվերջանալի բացասական շրջափուլում Չինաստանի այս նոր վստահությունը խթանում է «կոշտ դիրքորոշում ունենալու» Ամերիկայի ձգտումը:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: