Բրիտանական հետախուզության (MI6) նախկին ղեկավար (2014-2020թթ.) սըր Ալեքս Յանգերը մասնակցել է BBC Newsnight ծրագրին եւ խոսել է ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ նրա մեկնաբանություններից։
Նոր դարաշրջանում ենք
Կարծում եմ, մենք այլեւս նոր դարաշրջանում ենք, որտեղ միջազգային հարաբերությունները կորոշվեն ոչ թե կանոններով եւ բազմակողմ ինստիտուտներով, այլ ուժեղ առաջնորդներով եւ նրանց կնքած գործարքներով։ Ես հիշում եմ 1945 թվականի Յալթայի համաձայնագրերը, երբ երեք ուժեղ առաջնորդներ որոշեցին փոքր երկրների ճակատագիրը։
Կարծում եմ, այդպիսին է Թրամփի, Պուտինի, Սի Ձինփինի մտածելակերպը։ Դա Եվրոպայի մտածելակերպը չէ։
Այն, ինչ կար նախկինում, հիմնված էր միաբեւեռ աշխարհի վրա, երբ Ամերիկան ուներ միջոցներ եւ կամք՝ իրեն հաստատելու ամբողջ աշխարհում։ Այժմ Ամերիկան նշանակալիորեն ավելի փոքր խաղացող է։
Այն շարունակում է հզոր երկիր մնալ, բայց աշխարհում կանոններ սահմանելու նրա ունակությունն այլեւս նույնը չէ, ինչ նախկինում։ Մենք Եվրոպայում դեռ չենք արթնացել եւ չենք գիտակցել այս իրականությունը։
«Մուտքի տոմս» եւ «գործարք կնքելու տարօրինակ արվեստ»
Այս խոսակցությանը [Թրամփի եւ Պուտինի միջեւ] մասնակցելու համար, ըստ երեւույթին, մուտքի տոմս է անհրաժեշտ։ Եվ, ցավոք, դա մեր փափուկ ուժը կամ արժեքները չեն, այլ կոշտ ուժը։
Ես չգիտեմ, արդյո՞ք Դոնալդ Թրամփն իրոք ընդունում է ռուսական դիրքորոշումը, բայց կարծում եմ, որ ռուսները, հավանաբար, կարծում են, որ ընդունում է, իսկ դա զգալիորեն նվազեցնում է նրա ազդեցությունը։
Ես տեսել եմ, թե ինչպես է դա տեղի ունեցավ Աֆղանստանում, որտեղ ամենամեծ զիջումն արեց նախքան մենք նույնիսկ սկսեցինք։ Անկեղծ ասած, սա գործարք կնքելու տարօրինակ արվեստ է։
Թրամփն ու Պուտինը խոսում են տարբեր բաների մասին
Այս [ամերիկա-ռուսական] բանակցությունները գտնվում են շատ վաղ փուլում։ Դրանք չափազանց բարդ կլինեն։ Ռուսաստանն առաջադրել է այնքան առավելապաշտական պահանջներ, որ հնարավոր է, նույնիսկ չափն անցել է։
Թրամփի համար շատ, շատ դժվար կլինի դրա միջով անցնել այնպես, որպեսզի խուսափի բացահայտ նվաստացումից։
Խնդիրն այն է, որ Թրամփն ու Պուտինը խոսում են տարբեր բաների մասին։ Թրամփը, ինչպես բնորոշ է անշարժ գույքի ոլորտից եկած մարդու համար, կարծում է, որ խոսքը տարածքի մասին է, Ռուսաստանին հողեր հանձնելու մասին՝ խաղաղության դիմաց։
Իսկ Պուտինն ասել է, որ խոսքը ինքնիշխանության մասին է։ Պուտինը միանգամայն հստակ էր, երբ պատերազմը սկսելիս հասկացնում էր, որ Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան եւ ազատ երկրի գոյությունը անընդունելի մարտահրավեր է ռուսական անվտանգությանը։ Նա կանգն չի առնի, քանի դեռ Ուկրաինան չի դադարել պետություն լինել։
Եվ սա բոլորովին այլ խոսակցություն է։ Ի դեպ, մի բան էլ կա։ Դա Ռուսաստանի պահանջն է՝ սահմանափակել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արեւելյան Եվրոպայում եւ վերադառնալ 1997 թվականի սահմաններին։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: