Թրամփը եւ Պուտինը վերադարձնում են «ջունգլիների օրենքը» - Mediamax.am

2144 դիտում

Թրամփը եւ Պուտինը վերադարձնում են «ջունգլիների օրենքը»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկսվելուց մոտ մեկ ամիս անց սկսվեցին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ 2022 թվականի Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ ամերիկացի եւ ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպեցին Էր-Ռիադում՝ քննարկելու ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլեւ Եվրոպայի ապագան... առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի։ Զարմանալի չէ, որ Կրեմլի ներկայացուցիչները չորս ժամանոց հանդիպումից բարձր տրամադրությամբ հեռացան։

Մինչեւ բանակցությունների սկսվելը, Թրամփի թիմը Վլադիմիր Պուտինի մի քանի առանցքային պահանջ կատարեց՝ առանց փոխարենը որեւէ բան ստանալու։ ԱՄՆ-ն բացառեց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում, մերժեց ամերիկյան խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը եւ ճանաչեց Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները որպես բանակցությունների ելակետ։ Ավելին, բանակցությունները տեղի ունեցան առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ եվրոպական դաշնակիցների մասնակցության, ինչը վկայում է, որ Ուկրաինայի եւ Եվրոպայի ճակատագիրը որոշվելու է Վաշինգտոնի եւ Մոսկվայի կողմից։

Փետրվարի 18-ի հանդիպումից հետո նախագահ Թրամփը պաշտպանեց Մոսկվայի կոչը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես վերջնական համաձայնագրի նախապայման, եւ մեղադրեց ուկրաինացիներին պատերազմ հրահրելու մեջ։ Կրեմլի քարոզչական մեքենան այդքան երջանիկ չէր եղել 2022 թվականի ներխուժման սկզբից ի վեր, երբ նրանք ինչ-որ ժամանակ կարծում էին, թե Կիեւը կընկնի առանց մարտերի։

Դժվար է նկարագրել, թե որքան արտասովոր էին այս շաբաթվա իրադարձությունները։ Այն փաստը, որ 21-րդ դարում ռուսները եւ ամերիկացիները քննարկում են ուկրաինական ընտրությունները եւ Եվրոպայի անվտանգությունը առանց երկու շահագրգիռ կողմերի մասնակցության, աննախադեպ է սառը պատերազմի ժամանակներից ի վեր։

Չնայած Զելենսկու եւ եվրոպական առաջնորդների բոլոր ջանքերին՝ շահելու Թրամփի բարեհաճությունը, ԱՄՆ-ն այլեւս հուսալի կամ բարեխիղճ գործընկեր չէ։ Եթե փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում դա բավականաչափ պարզ չդարձրեց, ապա ֆինանսների ԱՄՆ նախարար Սքոթ Բեսենտի փորձը Զելենսկուց կորզել Ուկրաինայի ներկա եւ ապագա օգտակար հանածոների եկամուտների 50%-ը՝ ոչ թե ԱՄՆ ապագա աջակցության փոխհատուցման համար, այլ որպես վճար Բայդենի վարչակազմի կողմից տրամադրված նախկին ռազմական օգնության համար, պետք է որ հստակեցներ դա։


Անկախ նրանից՝ նախագահ Զելենսկու երկրպագու եք, թե ոչ, պետք է համաձայնեք, որ ԱՄՆ-ի փորձը ընտրություններ պարտադրել օտար ժողովրդավարական երկրում պատերազմի ժամանակ, երբ դրանք հնարավոր չէ անցկացնել ապահով եւ հուսալի կերպով, անընդունելի է։ Անել դա ոչ թե ամերիկյան շահերը, այլ Պուտինի կայսերապաշտական օրակարգը առաջ մղելու համար, ամոթ է Միացյալ Նահանգների եւ նրա համաշխարհային դերակատարության համար։

Ուկրաինացիներն այժմ գիտակցում են աճող ռիսկը, որ Թրամփը Պուտինի հետ հրադադարի համաձայնագիր կնքի այնպիսի պայմաններով, որոնք իրենք չեն կարող ընդունել։ Սակայն նրանք դեռ գործելու հնարավորություն ունեն. ի վերջո, ոչ մի հրադադար չի գործի, եթե ուկրաինացիները հրաժարվեն դադարեցնել պայքարը եւ զենքը վայր դնեն միայն այն դեպքում, եթե ստանան իրական երաշխիքներ, որ Ռուսաստանը ապագայում չի կարողանա ավելի շատ տարածք զավթել։ Սակայն Թրամփն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու չի լինի խաղաղապահ զորքերի տեղակայման համար՝ Ուկրաինային առաջարկելով հետպատերազմյան անվտանգության (վերականգնումը չհաշված) հարցում հույսը դնել Եվրոպայի վրա։

Բայց խնդիրն այն է, որ եվրոպացիների մեծամասնությունը կհամաձայնի խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հուսալի պարտավորություններ ստանձնի ռազմական աջակցություն տրամադրելու (պարտադիր չէ զորքերով՝ լոգիստիկայով, հետախուզական տվյալներով եւ օդային աջակցությամբ) ռուսական հարձակման դեպքում, իսկ Թրամփի վարչակազմը չի ցանկանում դա առաջարկել։ Սակայն առանց ավտոմատ միացման մեխանիզմի, եվրոպական անվտանգության երաշխիքները չափազանց թույլ կլինեն՝ արդյունավետորեն զսպելու Ռուսաստանի կողմից հրադադարը վերազինման եւ ապագայում ավելի շատ ուկրաինական տարածքներ զավթելու փորձերը կանխելու համար:

Լուսանկարը` REUTERS


Կիեւը տենդագին աշխատում է եվրոպական առաջնորդների հետ՝ մշակելու ծրագիր, որը նրանք կարող են ներկայացնել Թրամփին մինչեւ վերջինիս հանդիպումը Պուտինի հետ։ Նրանք հասկանում են, որ եթե արագ չգործեն, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գործարք կկնքեն իրենց ապագայի վերաբերյալ՝ առանց իրենց մասնակցության։ Սակայն Եվրոպայի անօգնականությունը ակնհայտ դարձավ Փարիզում փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավիրած արտակարգ գագաթնաժողովում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը խոստացավ զորքեր ուղարկել Ուկրաինա, բայց միայն ԱՄՆ-ի աջակցությամբ, որը չի լինելու։ Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը մերժեց խաղաղապահների գաղափարը՝ այն «վաղաժամ» անվանելով։ Լեհաստանը հրաժարվեց զորքեր տրամադրել՝ վկայակոչելով սեփական անվտանգության կարիքները։ Բալթյան եւ հյուսիսային երկրները պատրաստ են որոշ քանակությամբ զորք տրամադրել, ինչպես եւ ֆրանսիացիները, բայց ոչ բավարար քանակությամբ եւ ոչ բավականաչափ արագ։ Վճռական գործելու Եվրոպայի անկարողությունը ընդգծում է ավելի խորը խնդիր. առանց ամերիկյան առաջնորդության մայրցամաքը պարալիզացված է։

Թրամփը հաղթեց. ի՞նչ է դա նշանակում աշխարհի համար


Շուտով Ուկրաինան կարող է ստիպված լինել ընտրություն կատարել տարածքների կորստի ընդունման՝ առանց ԱՄՆ-ի կողմից աջակցված ապագա անվտանգության երաշխիքների, եւ առանց ամերիկյան աջակցության պայքարի շարունակության միջեւ: Երկու տարբերակն էլ գործնականում երաշխավորում են Ռուսաստանի ավելի մեծ հաղթանակն ապագայում։ Հեգնանքն այն է, որ Պուտինի հաղթանակի սկզբնական տեսությունը միշտ հիմնված էր Ուկրաինայի աջակցության խարխլման եւ տրանսատլանտյան դաշինքի քայքայման վրա։ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կարող է վերջապես ապահովել հենց այն, ինչին ձգտում էր Կրեմլը։

Պուտինը ոչ միայն ձգտում է գործարքի՝ նա ցանկանում է վերանայել եվրոպական անվտանգության կարգը։ Նա ոչ միայն պարզ դարձրեց, որ չի ընդունի արեւմտյան զորքերի որեւէ ներկայություն Ուկրաինայում (նույնիսկ որպես խաղաղապահներ), այլեւ բանակցությունների սեղանին վերադարձրեց 2021 թվականի իր վերջնագրում առաջ քաշված ավելի լայն անվտանգության պահանջները, ներառյալ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը Արեւելյան Եվրոպայից եւ Վարշավյան պայմանագրի նախկին երկրներից։ Եվ Թրամփը, ով Եվրոպային տեսնում է ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խնդրարկու, թվում է պատրաստ է դա ապահովել։

Եթե Թրամփը համաձայնի դուրս բերել ամերիկյան զորքերը եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը Բալթյան երկրներից, ինչպես նա եւ նրա խորհրդականները ակնարկել էին ավելի վաղ, առաջնագծի պետությունները անպաշտպան կմնան։

Եվրոպացիները լրջորեն են վերաբերվում այս մարտահրավերին, սակայն նրանց ռազմական հնարավորությունները մասնատված են եւ թերֆինանսավորված։ Նույնիսկ եթե քաղաքականապես բաժանված Եվրոպան միանգամից մեծացնի իր կոլեկտիվ ներդրումները անվտանգության մեջ, տարիներ կպահանջվեն այնպիսի զսպում ապահովելու համար, որն ապահովում է ՆԱՏՕ-ն՝ ամերիկյան առաջնորդությամբ:

Լուսանկարը` REUTERS


Եվրոպացիները հանկարծակի հայտնաբերեցին, որ պատերազմ են վարում երկու ճակատով՝ բախվելով ինչպես ռուսական անվտանգության սպառնալիքներին, այնպես էլ ամերիկյան թշնամանքին։ Երբ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «դաժան ռազմավարական իրողությունները թույլ չեն տալիս ԱՄՆ-ին առաջին հերթին կենտրոնանալ եվրոպական անվտանգության վրա», դա նշանակում է «մեր վրա հույս մի դրեք»։ Սակայն խնդիրն ավելի լայն է, քան այն, որ ԱՄՆ-ն այլեւս հուսալի գործընկեր չէ Ռուսաստանի դեմ պայքարում կամ նույնիսկ անվտանգության երաշխավոր։ Տրանսատլանտյան դաշինքը վտանգված է, երբ ԱՄՆ փոխնախագահը ասում է, որ Եվրոպայի ամենամեծ սպառնալիքը «ներսից» է գալիս, իսկ Թրամփի վարչակազմը ակտիվորեն սպառնում է միջամտել եվրոպական ժողովրդավարությունների գործերին, խարխլել եվրոպական տնտեսությունը, թուլացնել եվրոպական միասնությունը եւ նույնիսկ (Գրենլանդիայի դեպքում) խախտել եվրոպական ինքնիշխանությունը։

80 տարի առաջ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Խորհրդային Միության առաջնորդները Յալթայում բաժանեցին հետպատերազմյան Եվրոպան ազդեցության ոլորտների: Այսօր Թրամփը եւ Պուտինը պատրաստ են անել նույնը։ Ռուսները կտեսնեն իրենց եվրոպական տարածքային հավակնությունները ամրապնդված, ամերիկացիները կապահովեն իրենց սեփական շահերը, նրանք կբաժանեն Արկտիկան՝ մնացած աշխարհին առաջարկելով ինքնուրույն հոգալ իր մասին։ Սա ոչ միայն Ուկրաինայի եւ Եվրոպայի դավաճանություն է՝ սա այն համաշխարհային կարգի կազմաքանդումն է, որն Ամերիկան կառուցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Մենք ականատես ենք լինում «ջունգլիների օրենքին» վերադարձին, G-Zero աշխարհին, որտեղ ուժն է որոշում ամեն ինչ։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին