Ջեյ Դի Վենս. Եվրոպայի գլխավոր սպառնալիքը հենց Եվրոպայի ներսում է - Mediamax.am

5063 դիտում

Ջեյ Դի Վենս. Եվրոպայի գլխավոր սպառնալիքը հենց Եվրոպայի ներսում է


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2025թ. փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժաողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը, որը հրապարակվել է The Spectator պարբերականում:

Մենք հավաքվում ենք այս համաժողովում՝ քննարկելու անվտանգության հարցերը: Եվ սովորաբար մենք նկատի ունենք մեր անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգները: Ես այստեղ տեսնում եմ բազմաթիվ նշանավոր ռազմական առաջնորդների: Բայց թեեւ Թրամփի վարչակազմը խիստ մտահոգված է եվրոպական անվտանգությամբ եւ կարծում է, որ մենք կարող ենք հասնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ողջամիտ կարգավորման, մենք նաեւ կարծում ենք, որ առաջիկա տարիներին Եվրոպայի համար կարեւոր է լրջորեն ակտիվանալ սեփական պաշտպանության ապահովման գործում: Եվրոպային սպառնացող վտանգը, որն ինձ ամենից շատ է անհանգստացնում, Ռուսաստանից, Չինաստանից կամ որեւէ այլ արտաքին սուբյեկտից չէ: Ինձ անհանգստացնում է ներքին վտանգը: Եվրոպայի նահանջն ամենահիմնարար արժեքներից՝ այն արժեքներից, որոնք կիսում են ԱՄՆ-ը:

Ինձ ցնցեց, երբ վերջերս նախկին եվրոպական հանձնակատարը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ եւ գոհունակություն հայտնեց նրանից, որ ռումինական կառավարությունը չեղյալ է հայտարարել ընտրությունները: Նա նախազգուշացրեց, որ եթե գործերը ըստ ծրագրածի չգնան, նույնը կարող է տեղի ունենալ Գերմանիայում:

Ամերիկյան ականջի համար ցնցող են այսպիսի թեթեւամիտ հայտարարությունները: Տարիներ շարունակ մեզ ասել են, որ այն ամենը, ինչ մենք ֆինանսավորում եւ աջակցում ենք, արվում է հանուն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների: Ամեն ինչ՝ Ուկրաինայի վերաբերյալ մեր քաղաքականությունից մինչեւ թվային գրաքննությունը, ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն: Բայց երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական դատարանները չեղյալ հայտարարում ընտրությունները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են չեղյալ հայտարարել հաջորդները, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյո՞ք պահպանում ենք բավականաչափ բարձր չափանիշներ: Ասում եմ՝ «մենք», որովհետեւ խորապես հավատում եմ, որ մենք մեկ թիմ ենք:

Լուսանկարը` REUTERS


Մենք չպետք է միայն խոսենք ժողովրդավարական արժեքների մասին: Մենք պետք է ապրենք դրանցով: Այս դահլիճում ներկաներից շատերդ հիշում են սառը պատերազմը: Մտածեք այդ պայքարի այն կողմի մասին, որը գրաքննության էր ենթարկում անհամաձայններին, փակում էր եկեղեցիները, չեղյալ էր հայտարարում ընտրությունները: Արդյո՞ք նրանք լավ տղերք էին: Իհարկե, ոչ:

Եվ փառք Աստծո, նրանք պարտվեցին սառը պատերազմում: Նրանք պարտվեցին, որովհետեւ չէին գնահատում եւ չէին հարգում զարմացնելու, սխալվելու, հնարելու, ստեղծագործելու ազատությունը: Պարզվեց, որ հնարավոր չէ պարտադրել նորարարություն կամ ստեղծարարություն, ինչպես եւ հնարավոր չէ ստիպել մարդկանց մտածել, զգալ կամ հավատալ այս կամ այն բանին: Եվ մենք հավատում ենք, որ այս ամենը փոխկապակցված է: Եվ, ցավոք, երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ինչ պատահեց սառը պատերազմում հաղթողներից ոմանց հետ:

Նայում եմ Բրյուսելին, որտեղ Եվրահանձնաժողովի հանձնակատարները նախազգուշացնում են քաղաքացիներին սոցիալական ցանցերն անջատելու մտադրության մասին քաղաքացիական անկարգությունների ժամանակ, եթե ինչ-որ բան «թշնամական բովանդակություն» համարվի: Կամ այս երկրում (Գերմանիայում-Մեդիամաքս), որտեղ ոստիկանությունը հարձակումներ էր իրականացնում այն քաղաքացիների դեմ, որոնց կասկածվում էին համացանցում հակաֆեմինիստական մեկնաբանություններ տեղադրելու մեջ:

Նայում եմ Շվեդիային, որտեղ երկու շաբաթ առաջ կառավարությունը դատապարտեց քրիստոնյա ակտիվիստին Ղուրանի այրմանը մասնակցելու համար, ինչը հանգեցրեց նրա ընկերոջ սպանությանը: Եվ, ինչպես չարագուշակորեն նշեց դատավորը, շվեդական օրենքները, որոնք իբր պաշտպանում են արտահայտվելու ազատությունը, իրականում ազատություն չեն տալիս անել կամ ասել ինչ ուզես՝ առանց ռիսկի վիրավորելու այդ համոզմունքները կրող խմբին:

Նայում եմ մեր թանկագին ընկերներին՝ Միացյալ Թագավորությանը, որտեղ խղճի իրավունքներից նահանջը թիրախավորել է հիմնական ազատությունները, մասնավորապես՝ կրոնապաշտ բրիտանացիների: Ավելի քան երկու տարի առաջ բրիտանական կառավարությունը մեղադրանք առաջադրեց 51-ամյա ֆիզիոթերապեւտ եւ բանակի վետերան Ադամ Սմիթ Կոններին ծանր հանցագործության մեջ՝ նա կանգնած էր աբորտի կլինիկայից 50 մետր հեռավորության վրա եւ լուռ աղոթում էր երեք րոպե՝ ոչ ոքի չխանգարելով, ոչ ոքի հետ չշփվելով, պարզապես լուռ աղոթելով իր մտքում: Երբ իրավապահները նկատել են նրան եւ պահանջել են պատմել, թե ինչի մասին էր աղոթում, Ադամն ասել է՝ իր չծնված որդու համար: Նա եւ իր նախկին ընկերուհին աբորտ էին արել շատ տարիներ առաջ: Բայց իրավապահներին դա չհուզեց: Ադամին մեղավոր ճանաչեցին բուֆերային գոտիների մասին նոր օրենքը խախտելու մեջ, որը քրեականացնում է լուռ աղոթքը եւ այլ գործողությունները, որոնք կարող են ազդել աբորտի հաստատությունից 200 մետր շառավղում գտնվող անձի որոշման վրա: Նրան պարտադրեցին հազարավոր ֆունտեր վճարել դատական ծախսերի փոխհատուցման համար:

Կցանկանայի ասել, որ դա պատահականություն էր, վատ գրված օրենքի միանգամյա, խելագար կիրառման օրինակ էր մեկ մարդու դեմ: Բայց ոչ: Հոկտեմբերին, ընդամենը մի քանի ամիս առաջ, Շոտլանդիայի կառավարությունը սկսեց նամակներ ուղարկել քաղաքացիներին, որոնց տները գտնվում են այսպես կոչված անվտանգ հասանելիության գոտիներում, նախազգուշացնելով, որ նույնիսկ մասնավոր աղոթքը իրենց սեփական տներում կարող է օրենքի խախտում հանդիսանալ:

Ես ընդունում եմ, որ երբեմն գրաքննության օգտին ամենաբարձր ձայները գալիս էին ոչ թե Եվրոպայից, այլ իմ սեփական երկրից, որտեղ նախորդ վարչակազմը սպառնում եւ ահաբեկում էր սոցիալական ցանցերի ընկերություններին՝ այսպես կոչված ապատեղեկատվությունը գրաքննելու համար: Օրինակ, այն գաղափարը, որ կորոնավիրուսը, հավանաբար, արտահոսել է Չինաստանի լաբորատորիայից: Մեր սեփական կառավարությունը խրախուսում էր մասնավոր ընկերություններին լռեցնել մարդկանց, ովքեր համարձակվում էին արտասանել այն, ինչը ակնհայտ ճշմարտություն էր:

Այսպիսով, այսօր այստեղ եմ ոչ միայն դիտարկումներով, այլ առաջարկով: Եվ եթե Բայդենի վարչակազմը, թվում է, հուսահատորեն ձգտում էր ստիպել մարդկանց լռել, Թրամփի վարչակազմը կանի ճիշտ հակառակը, եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել:

Լուսանկարը` REUTERS


Վաշինգտոնում նոր շերիֆ կա: Եվ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ մենք կարող ենք չհամաձայնել ձեր տեսակետների հետ, բայց կպայքարենք ձեր՝ դրանք հրապարակայնորեն արտահայտելու իրավունքը պաշտպանելու համար: Հասել ենք այն կետին, որ դեկտեմբերին Ռումինիան պարզապես չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքները՝ հետախուզական գործակալության անորոշ կասկածների եւ մայրցամաքային հարեւանների հսկայական ճնշման հիման վրա: Որքան հասկանում եմ, փաստարկն այն էր, որ ռուսական ապատեղեկատվությունը «վարակել» է ռումինական ընտրությունները: Բայց ես կխնդրեի իմ եվրոպացի ընկերներին նայել սրան հեռանկարի մեջ: Դուք կարող եք սխալ համարել, որ Ռուսաստանը գովազդ է գնում սոցիալական ցանցերում՝ ձեր ընտրությունների վրա ազդելու համար: Մենք, իհարկե, այդպես ենք կարծում: Դուք նույնիսկ կարող եք դատապարտել դա համաշխարհային ասպարեզում: Բայց եթե ձեր ժողովրդավարությունը կարող է կործանվել արտերկրից եկող թվային գովազդի մի քանի հարյուր հազար դոլարով, ուրեմն այն ի սկզբանե շատ ուժեղ չի եղել:

Լավ լուրն այն է, որ ես համարում եմ ձեր ժողովրդավարությունները էապես պակաս փխրուն, քան շատերը, ակնհայտորեն, կարծում են:

Ես իսկապես հավատում եմ, որ մեր քաղաքացիներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն տալը նրանց էլ ավելի ուժեղ կդարձնի: Դա մեզ վերադարձնում է Մյունխեն, որտեղ հենց այս համաժողովի կազմակերպիչները արգելել են մասնակցել թե՛ ձախ, թե՛ աջ պոպուլիստական կուսակցություններ ներկայացնող օրենսդիրներին: Նորից՝ մենք պարտավոր չենք համաձայնել ամեն ինչի հետ, ինչ ասում են մարդիկ: Բայց երբ քաղաքական առաջնորդները ներկայացնում են ընտրողների կարեւոր մասը, մենք պարտավոր ենք առնվազն երկխոսել նրանց հետ:

Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում մեզանից շատերի համար սա ավելի ու ավելի է նմանվում նրան, թե ինչպես են հին արմատավորված շահերը, թաքնվելով խորհրդային դարաշրջանի այնպիսի տգեղ բառերի հետեւում, ինչպիսին է «ապատեղեկատվությունը», պարզապես չեն սիրում այն գաղափարը, որ այլընտրանքային տեսակետ ունեցող որեւէ մեկը կարող է այլընտրանքային տեսակետ արտահայտել կամ, Աստված մի արասցե, քվեարկել այլ կերպ, կամ էլ, «ամենասարսափելին»՝ հաղթել ընտրություններում:

Սա անվտանգության համաժողով է, եւ ես վստահ եմ, որ դուք պատրաստ եք քննարկել, թե ինչպես ավելացնել պաշտպանական ծախսերը առաջիկա մի քանի տարիներին՝ համաձայն որեւէ նոր թիրախային ցուցանիշի: Եվ դա հիանալի է, որովհետեւ, ինչպես չափազանց պարզ է դարձրել նախագահ Թրամփը, նա կարծում է, որ մեր եվրոպացի ընկերները պետք է ավելի կարեւոր դեր խաղան այս մայրցամաքի ապագայում: Մենք «բեռի բաժանում» չենք ասում, բայց կարծում ենք, որ համատեղ դաշինքի կարեւոր մասն այն է, որ եվրոպացիները ակտիվանան, մինչ Ամերիկան կենտրոնանում է աշխարհի ավելի մեծ վտանգի մեջ գտնվող տարածաշրջանների վրա:

Բայց թույլ տվեք հարցնել ձեզ՝ ինչպե՞ս կարող եք մտածել բյուջետային հարցերի մասին, եթե մենք չգիտենք՝ ինչն ենք առաջին հերթին պաշտպանում: Այստեղի իմ հանդիպումներում ես շատ եմ լսել այն մասին, թե ինչից է պետք է պաշտպանվեք, եւ, իհարկե, դա կարեւոր է: Բայց ինչն է ինձ, եւ կարծում եմ՝ Եվրոպայի շատ քաղաքացիներին, անհասկանալի թվում, դա այն է, թե հատկապես ինչի համար եք դուք ձեզ պաշտպանում: Ո՞րն է այն դրական տեսլականը, որը մարմնավորում է անվտանգության այս ընդհանուր պայմանագիրը, որը մենք բոլորս այդքան կարեւոր ենք համարում:

Ես խորապես հավատում եմ, որ չի կարող լինել անվտանգություն, եթե դուք վախենում եք այն ձայներից, կարծիքներից եւ խղճից, որոնցով առաջնորդվում են ձեր ժողովուրդները: Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների է հանդիպում: Բայց ճգնաժամը, որին հանդիպում է այս մայրցամաքը եւ մենք բոլորս հիմա՝ դա մեր իսկ ստեղծած ճգնաժամն է: Եթե դուք վախից փախչում եք սեփական ընտրողներից, Ամերիկան ոչնչով չի կարող օգնել ձեզ: Ինչպես եւ դուք ոչնչով չեք կարող օգնել ամերիկյան ժողովրդին, որն ընտրել է ինձ եւ ընտրել է նախագահ Թրամփին: Ձեզ հարկավոր են ժողովրդավարական մանդատներ՝ առաջիկա տարիներին որեւէ արժեքավոր բան ձեռք բերելու համար:

Մի՞թե մենք չենք սովորել, որ թույլ մանդատները հանգեցնում են անկայուն արդյունքների: Բայց կարելի է արժեքավոր բաներ ձեռք բերել ժողովրդավարական մանդատով, որը կհայտնվի ձեր քաղաքացիների ձայներին ավելի մեծ արձագանքման շնորհիվ: Եթե դուք ուզում եք ունենալ մրցունակ տնտեսություն, մատչելի էներգիա եւ մատակարարման հուսալի շղթաներ, ձեզ հարկավոր են կառավարման մանդատներ, որովհետեւ դուք ստիպված եք լինելու բարդ ընտրություն կատարել՝ այս ամենն ունենալու համար:

Եվ, իհարկե, մենք դա լավ գիտենք: Ամերիկայում հնարավոր չէ ստանալ ժողովրդավարական մանդատ՝ գրաքննության ենթարկելով ձեր ընդդիմախոսներին կամ բանտ նետելով նրանց: Լինի դա ընդդիմության առաջնորդը, համեստ քրիստոնյա կինը, որն աղոթում է իր տանը, թե լրագրողը:

Լուսանկարը` REUTERS


Այստեղ ներկայացված երկրների առջեւ ծառացած բոլոր հրատապ խնդիրներից ես ամենահրատապն եմ համարում զանգվածային միգրացիան: Այսօր այս երկրում ապրող յուրաքանչյուր հինգերորդ մարդը եկել է արտերկրից: Սա, իհարկե, ռեկորդային ցուցանիշ է: Ի դեպ, նման թիվ է նաեւ Միացյալ Նահանգներում՝ նույնպես ռեկորդային ցուցանիշ: ԵՄ-ում ոչ ԵՄ երկրներից ներգաղթողների թիվը կրկնապատկվել է 2021-ից 2022 թվականների միջեւ: Եվ այդ ժամանակից ի վեր այն էլ ավելի է աճել:

Եվ այս իրավիճակը չի առաջացել վակուումում: Սա մի շարք գիտակցված որոշումների արդյունք է, որոնք ընդունվել են քաղաքական գործիչների կողմից ողջ մայրցամաքում եւ աշխարհի այլ երկրներում տասնամյակի ընթացքում: Երեկ մենք տեսանք այդ որոշումների պատճառած սարսափները հենց այս քաղաքում: Ես չեմ կարող կրկին չհիշել զոհերին, ում գեղեցիկ ձմեռային օրը Մյունխենում ավերվեց: Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են: Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

Սա սարսափելի պատմություն է, եւ մենք բազմիցս լսել ենք այն Եվրոպայում եւ, ցավոք, չափազանց շատ անգամ Միացյալ Նահանգներում: Ապաստան հայցողը՝ ոստիկանությանն արդեն հայտնի երիտասարդը, մեքենայով հարվածում է ամբոխին եւ քանդում է հասարակության միասնությունը: Քանի՞ անգամ պետք է հանդուրժենք այս սարսափելի ձախողումները, նախքան կփոխենք ուղղությունը եւ կուղղորդենք մեր ընդհանուր քաղաքակրթությունը նոր ուղղությամբ: Այս մայրցամաքում ոչ մի ընտրող չի քվեարկել միլիոնավոր չստուգված ներգաղթողների համար դռները բացելու օգտին: Բայց գիտե՞ք, թե ինչի օգտին են նրանք քվեարկել: Անգլիայում նրանք քվեարկեցին Բրեքսիթի օգտին: Համաձայն եք, թե ոչ, նրանք քվեարկեցին դրա օգտին: Եվ ավելի ու ավելի շատ Եվրոպայում նրանք քվեարկում են այն քաղաքական առաջնորդների օգտին, ովքեր խոստանում են վերջ դնել անվերահսկելի միգրացիային: Ի դեպ, ես համաձայն եմ այս մտահոգություններից շատերի հետ, բայց դուք պարտավոր չեք համաձայնել ինձ հետ:

Ես պարզապես կարծում եմ, որ մարդկանց համար կարեւոր են իրենց տները, իրենց երազանքները, իրենց անվտանգությունը, իրենց ու իրենց երեխաներին ապահովելու կարողությունը:

Եվ նրանք խելացի են: Կարծում եմ, սա ամենակարեւոր բաներից մեկն է, որը ես հասկացել եմ քաղաքականության մեջ լինելու կարճ ժամանակահատվածում: Ի հեճուկս այն բանի, ինչ կարող եք լսել Դավոսում, մեր բոլոր երկրների քաղաքացիները սովորաբար իրենց չեն համարում կրթված կենդանիներ կամ գլոբալ տնտեսության փոխարինելի մասնիկներ: Եվ զարմանալի չէ, որ նրանք չեն ուզում, որ առաջնորդները անողոք կերպով անտեսեն իրենց: Եվ հենց ժողովրդավարությունն է կոչված լուծելու այս մեծ հարցերը ընտրատեղամասերում:

Մարդկանց մերժելը, նրանց մտահոգությունները անտեսելը, կամ, ավելի վատ՝ լրատվամիջոցներ փակելը, ընտրությունները չեղարկելը կամ մարդկանց քաղաքական գործընթացից հեռացնելը ոչինչ չի պաշտպանում: Իրականում սա ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենահաստատուն ճանապարհն է:

Լուսանկարը` REUTERS


Արտահայտվելը եւ կարծիքներ հայտնելը ընտրություններին միջամտություն չէ: Նույնիսկ երբ մարդիկ արտահայտում են տեսակետներ ձեր երկրից դուրս, եւ նույնիսկ երբ այդ մարդիկ շատ ազդեցիկ են, հավատացեք, ես սա ասում եմ հումորով, եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարողացավ դիմանալ Գրետա Թունբերգի տասը տարվա բարոյախոսություններին, դուք մի քանի ամիս կկարողանաք դիմանալ Իլոն Մասկին:

Բայց ոչ մի ժողովրդավարություն՝ ոչ ամերիկյանը, ոչ գերմանականը, ոչ եվրոպականւ, չի գոյատեւի, եթե միլիոնավոր ընտրողների ասեն, որ նրանց մտքերն ու մտահոգությունները, ձգտումները, օգնության աղերսները անվավեր են կամ նույնիսկ քննարկման անարժան:

Ժողովրդավարությունը հիմնված է սրբազան սկզբունքի վրա, որ ժողովրդի ձայնը նշանակություն ունի: Կա՛մ դուք պաշտպանում եք այս սկզբունքը, կա՛մ ոչ: Եվրոպացիներ, ժողովուրդը ձայն ունի: Եվրոպական առաջնորդներն ունեն ընտրություն: Եվ ես խորապես հավատում եմ, որ մենք ապագայից վախենալու կարիք չունենք:

Ընդունեք այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը, նույնիսկ երբ դա զարմանալի է թվում, նույնիսկ երբ դուք համաձայն չեք: Եվ եթե դուք դա անեք, կկարողանաք նայել ապագային վստահությամբ՝ իմանալով, որ ազգը կանգնած է ձեզանից յուրաքանչյուրի հետեւում: Եվ սա է ժողովրդավարության մեծ կախարդանքը: Այն այս քարե շենքերում կամ շքեղ հյուրանոցներում չէ: Այն նույնիսկ այն հզոր հաստատություններում չէ, որ մենք միասին կառուցել ենք:

Ժողովրդավարությանը հավատալը նշանակում է հասկանալ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի իմաստություն եւ ձայն: Ինչպես մի անգամ ասել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը՝ իմ կարծիքով, ժողովրդավարության ամենանշանավոր ջատագովներից մեկը. «Մի վախեցեք»: Մենք չպետք է վախենանք մեր ժողովուրդներից, նույնիսկ երբ նրանք արտահայտում են տեսակետներ, որոնք տարբերվում են ղեկավարության կարծիքից: Հաջողություն բոլորիդ: Թող Աստված օրհնի ձեզ:

Այս նյութը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին