Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Israel Should Leave Jerusalem’s Armenian Quarter to the Armenians հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մայքլ Ռուբին
Երուսաղեմի Հին քաղաք առաջին անգամ այցելող հրեաների մեծ մասը՝ Յաֆֆայի դարպասից դեպի Արեւմտյան պատ ուղեւորվելիս, անցնում է Հայկական թաղամասով՝ նույնիսկ չգիտակցելով դա: Դեռահասների համար կազմակերպվող էքսկուրսիաները Հայկական թաղամասից անցնում են Հրեական թաղամաս՝ տեսնելու 16-րդ դարի Հուրվա սինագոգի տեղը, որը պայթեցվել էր հորդանանցիների կողմից 1948 թվականին Հին քաղաքը գրավելուց հետո:
Շատ քրիստոնյա ուխտավորներ շրջանցում են Հայկական թաղամասը՝ այցելելով Սուրբ Հարության տաճարը Յաֆֆայի կամ Նոր դարպասի կողմից, կամ, երբ քայլում են Վիա Դոլորոսայով Առյուծի դարպասից Մուսուլմանական թաղամասով դեպի Հիսուս Նազովրեցու խաչելության եւ գերեզմանի վայրում գտնվող եկեղեցի:
Այսօր զարգացման ծրագրերը սպառնում են տակնուվրա անել Հայկական թաղամասը, որը կազմում է Հին քաղաքի ընդամենը մեկ վեցերորդը: Ներկայիս վեճի արմատները գնում են մինչեւ հինգ տարի առաջ, երբ 2020 թվականի մարտին Հայոց պատրիարքարանը պայմանագիր ստորագրեց Երուսաղեմի քաղաքապետարանի հետ՝ հրեական թաղամասի բնակիչների համար 90 տեղանոց ավտոկայանատեղի ստեղծելու, իսկ մնացածը մասը Հայկական թաղամասի բնակիչներին հատկացնելու համար։
Հաջորդ տարի Պատրիարքարանը համաձայնեց 98 տարով վարձակալության տալ Հայկական թաղամասի հողերի 25 տոկոսը իսրայելա-էմիրաթական Xana Gardens ընկերությանը: Վարձակալված տարածքը ներառում էր «Կովերի այգին», Պատրիարքարանի մասնավոր ավտոկայանատեղին եւ այգին, Ալեքս եւ Մերի Մանուկյան սեմինարիայի դահլիճը, հինգ բնակելի տուն եւ Պատրիարքարանի շենքի մի մասը:
Լուսանկարը` Federico Balducci
Գործարքը վրդովեցրեց հայերին Երուսաղեմում եւ նրա սահմաններից դուրս: Թեեւ այն կարող է օրինական լինել իսրայելական օրենսդրության համաձայն, հայկական կողմից մի քանի ընթացակարգային խնդիրներ կային: Պատրիարքարանը վարձակալության պայմանագիրը կնքել է առանց համայնքի իմացության եւ գործել է առանց Պատրիարքարանի գործադիր մարմնի՝ Սուրբ Սինոդի հավանության։ Xana Gardens-ը կարող է ասել, որ իրենք ունեն Պատրիարքարանի ստորագրությունը, սակայն սա նման է մի գործարքի, երբ աշխատողը վաճառում է խանութը առանց սեփականատիրոջ իմացության: Պատրիարքարանի կանոնադրությունը պահանջում է 25-49 տարի ժամկետով վարձակալության պայմանագրերի խիստ հաստատում եւ արգելում է վարձակալությունը 49 տարուց ավելի ժամկետով:
2024 թվականի փետրվարին Երուսաղեմի հայ համայնքը հայց է ներկայացրել Երուսաղեմի շրջանային դատարան՝ պնդելով, որ վարձակալության պայմանագիրն անօրինական է, քանի որ գույքը կրոնական պարգեւ է, եւ Պատրիարքարանը իրավունք չուներ հավանություն տալ վաճառքին։ 2024 թվականի սեպտեմբերին Xana Gardens-ը հակընդդեմ հայց ներկայացրեց հայ համայնքի դեմ, եւ դատավարությունը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերին: Այս ընթացքում հայերի եւ իսրայելցի հրեաների միջեւ լարվածությունը բազմիցս վերաճել էր բռնության դեպքերի:
Լուսանկարը` Vesselin Kolev
Իսրայելի դատարանները պետք է չեղյալ համարեն վարձակալությունը ոչ միայն իրավական, այլեւ դիվանագիտական ու բարոյական պատճառներով։ Եթե Երուսաղեմի քաղաքապետարանն ընդունում է հողի վարձակալության եւ վաճառքի գործարքների վերաբերյալ ոչ իրավասու անձանց ստորագրությունները, ապա միայն ժամանակի հարց է, երբ անբարեխիղճ մարդիկ, ովքեր իրական իրավասություն չունեն իրենց բնակվող շենքերի վրա, կօգտվեն այս նախադեպից՝ գույքը ուրիշներին վաճառելու համար: Դիվանագիտական տեսանկյունից՝ հրեաների նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունները հաճույքով կօգտագործեն նախադեպը՝ստիպելու հրեաներին ազատել իրենց ունեցվածքը արաբական երկրներում, Թուրքիայում եւ Իրանում կամ Արեւմտյան ափի քաղաքներում, ինչպիսիք են Հեբրոնը եւ Նաբլուսը: Իռլանդացի եւ նորվեգացի հակասեմականները կարող են ուրախանալ սինագոգները եւ հրեական համայնքային կենտրոնները վաճառելու հնարավորությունից: Իսրայելի հրեաները կարող են տոնել իրենց վերահսկողության ամրապնդումը Հին քաղաքի վրա այդքան ջարդերից, օսմանյան եւ հորդանանյան էթնիկ զտումներից հետո, բայց հայերը չեն եղել այդ գործողությունների մեղավորները եւ, հետեւաբար, չպետք է վճարեն արաբների կամ թուրքերի՝ Հին քաղաքի հրեաների հանդեպ կատարվածի համար:
Քրիստոնյաները վտանգված են ողջ Մերձավոր Արեւելքում: Միայն Իսրայելում է այս համայնքը ծաղկում: Քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը ճնշում է փոքրամասնություններին ուղղակիորեն եւ միջնորդավորված, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին նպաստում է հայերի նոր ցեղասպանությանը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող իսլամիստները Սիրիայում սպառնում են Հալեպի հայ համայնքին, Իսրայելը պետք է համերաշխ լինի վտանգի մեջ գտնվող քրիստոնյաների հետ: Հրեական պետությունը պետք է բավականաչափ վստահ լինի իր լեգիտիմության, ինքնիշխանության եւ բարոյական գերազանցության մեջ, որպեսզի տոնի Հին քաղաքի բազմազանությունը, այլ ոչ թե գործողություններ ձեռնարկի, որոնք կարող են վտանգել այն: Իսրայելը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ Հայկական թաղամասը մնա հայկական՝ առանց «եթե»-ների, «եւ»-երի, «բայց»-երի:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: