Դոնալդ Թրամփ. «Ես ոչ մեկին չեմ վստահում» - Mediamax.am

exclusive
353 դիտում

Դոնալդ Թրամփ. «Ես ոչ մեկին չեմ վստահում»



Ներկայացնում ենք Donald Trump 2024 TIME Person of the Year հոդվածի հայերեն թարգմանությունը` որոշ կրճատումներով:

Էրիկ Կորտելեսա

Գոհաբանության տոնից երեք օր առաջ Մար-ա-Լագոն խաղաղ էր: Դոնալդ Թրամփի մավրիտանական ոճի պալատը առավոտյան ամայի էր թվում, ծովափնյա կալվածքի ընդարձակ հյուրասենյակը մերթընդմերթ կտրում էր մի կրտսեր աշխատակից կամ լուռ օգնական: Ամենուր ցուցադրված էին Թրամփի տոտեմները։ Մուտքի դռան մոտ կախված էին շրջանակված ամսագրեր, որոնց շապիկին Թրամփն է: Բուխարու կողքի սեղանին ձուլածո բրոնզե արծիվ է, որը նրան նվիրել է երգիչ Լի Գրինվուդը: Տղամարդկանց զուգարանում միզարանների մոտ նրա լուսանկարն է Առնոլդ Փալմերի (լեգենդար գոլֆ խաղացողի) հետ: Գրադարանի բարում պատը զարդարում է «Կանխատեսողը» վերնագրով գեղանկարը, որը պատկերում է Թրամփին թենիսի սվիտերով, ձիգ ու երիտասարդ: Դատարկ սենյակներն ավելի շատ նման են թանգարանի, քան միլիոնատերերի ակումբի։

Կեսօրից հետո նորընտիր նախագահի մոտալուտ ժամանումը կենդանության նշաններ ի հայտ բերեց: Հազիվ տեսանելի բարձրախոսներից սկսեց հնչել Թրամփի կողմից ընտրված 2000 երգերի ընտրանին: Ժամանեցին մի քանի անցումային փուլի մենեջերներ եւ վարչակազմի ապագա պաշտոնյաներ, նստեցին բազմոցներին եւ կուչ եկան անկյուններում: Աշխատակազմի նոր ղեկավար Սյուզի Վայլսը զրուցեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Մայք Ուոլցի հետ: Ներս մտավ նորընտիր փոխնախագահ Ջ. Դ. Վենսը՝ անձնակազմի շքախմբի ուղեկցությամբ։ Օգնականը զբաղեցրեց իր տեղը պատշգամբին նայող պատուհանի մոտ եւ ցած դրեց Թրամփի անձնական բջջային հեռախոսը, որը մերթընդմերթ լուսավորվում էր սիրված լրատվամիջոցների եւ կաբինետի աշխատակիցների զանգերից ու հաղորդագրություններից: Թրամփի ժամանելը կարելի էր զգալ նախքան նրան տեսնելը, երբ ավագ օգնականների փոքր խումբը սկսեց սպասումով ոտքի կանգնել:

Աշխարհի ամենահզոր մարդը ներս մտավ անշտապ, ընկերական տրամադրությամբ: 78-ամյա Թրամփը, որի հագին իր սիրելի մուգ կապույտ կոստյումն ու կարմիր փողկապն էր, մի քիչ ավելի ծերացած տեսք ուներ, քան մոտ յոթ ամիս առաջ, երբ վերջին անգամ խոսել էր «Թայմ»-ի հետ. ավելի զուսպ, պակաս բազմաբառ, նույն խոսակցաոճով, բայց պակաս բարձրաձայն։ Երբ 65 րոպե տեւողությամբ հարցազրույցից առաջ նստեց վառ լույսի տակ՝ 30 րոպեանոց ֆոտոսեսիայի համար, նրան խնդրեցին բացատրել աջ ձեռքի կապտուկը: «Հազարավոր մարդկանց ձեռք սեղմելուց է», - ասաց նա:

Թրամփի քաղաքական վերածնունդն աննախադեպ է ամերիկյան պատմության մեջ։ Նրա պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվեց խայտառակությամբ, իսկ 2020-ի ընտրությունների արդյունքները տապալելու նրա փորձերն ավարտվեցին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումով: Կուսակցական պաշտոնյաներից շատերը խուսափում էին Թրամփից, երբ նա հայտարարեց իր թեկնածությունը 2022-ի վերջին՝ բազմաթիվ քրեական հետաքննությունների ֆոնին: Մոտ մեկ տարի անց Թրամփը մաքրեց հանրապետականների դաշտը՝ պատմության մեջ ամենաարագը հաղթելով վիճարկվող նախնական նախագահական ընտրություններում: Ընտրությունների վեց շաբաթը նա անցկացրեց Նյու Յորքի դատարանի դահլիճում եւ դարձավ առաջին նախկին նախագահը, որը դատապարտվեց հանցագործության համար, բայց դա չազդեց նրան սատարողների վրա: Հուլիսին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ մարդասպանի փամփուշտը թռավ նրա գանգից մեկ մատնաչափ հեռավորության վրա: Հաջորդ չորս ամիսներին նա հաղթեց ոչ թե մեկ, այլ երկու դեմոկրատ հակառակորդների, ջախջախեց բոլոր յոթ «չկողմնորոշված» նահանգներում եւ դարձավ առաջին հանրապետականը, որը շահեց ժողովրդի քվեն վերջին 20 տարվա ընթացքում: Թրամփը վերադասավորեց ամերիկյան քաղաքականությունը՝ վերափոխելով Հանրապետական կուսակցությանը եւ ստիպելով դեմոկրատներին խորհել, թե ինչում է նրանց սխալը:


Թրամփը բացատրություն ունի իր անհավանական հարության համար, նույնիսկ անուն ունի իր վերջին կուլմինացիայի համար: «Ես այն անվանել եմ «Ցասման 72 օր, - ասում է նա, երբ սկսվում է հարցազրույցը: - Մենք դիպանք երկրի ցավոտ նյարդին։ Երկիրը զայրացած էր»։ Դրանք միայն MAGA (Make America Great Again) շարժման հետեւորդները չէին: Թրամփն օգտագործեց մարդկանց խորքային դժգոհությունը տնտեսության, ներգաղթի եւ մշակութային խնդիրների վերաբերյալ: Թրամփի բողոքները արձագանք գտան արվարձանների մայրերի եւ թոշակառուների, լատինաամերիկացի եւ սեւամորթ տղամարդկանց, երիտասարդ ընտրողների եւ տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների սրտում: Դեմոկրատները կարծում էին, որ երկրի մեծ մասին պետք է լիբերալ ժողովրդավարության նորմերը պահպանող նախագահ, բայց Թրամփը տեսավ, որ ժողովուրդը պատրաստ է կոտրել այդ նորմերը, եւ օգտվեց աճող զգացողությունից, որ համակարգը կեղծ է:

Եթե Ամերիկան փոփոխություններ է փափագում, այժմ կտեսնի, թե ինչ կարող է անել Թրամփը: Նա առաջ քաշեց ուժեղ մարդու տեսլականը՝ առաջարկելով արտաքսել միլիոնավոր միգրանտներին, կազմաքանդել դաշնային կառավարության որոշ հատվածներ, վրեժ լուծել քաղաքական հակառակորդներից եւ տարրալուծել ինստիտուտները, որոնք միլիոնավոր մարդիկ համարում են գրաքննական եւ կոռումպացված: «Նա հասկանում է ժամանակի մշակութային ոգին, - ասում է նրա 2016-ի քարոզարշավի մենեջեր Քելյան Քոնվեյը, որը մնում է մտերիմ խորհրդատու: - Դոնալդ Թրամփը բարդ անձնավորություն է՝ պարզ գաղափարներով, մինչդեռ շատ քաղաքական գործիչներ ճիշտ հակառակն են»:

Թրամփը նաեւ խոստանում է հարձակվել արտասահմանյան գործոնների վրա, որոնց նա մեղադրում է երկրի ծանր վիճակի համար. տնտեսական փոխկախվածություն, անդրազգային հանցագործներ, ավանդական դաշնակիցներ, որոնց նա համարում է Ամերիկայի երկարաժամկետ գլոբալ բարեգործության «անտոմս ուղեւորներ»: Նա կարծում է, որ ունի հակահարված տալու գործիքներ․ պատժիչ մաքսատուրքեր, «առանց ձեռնոցների» բանակցություններ եւ ԱՄՆ-ի ռազմական, հումանիտար եւ տնտեսական աջակցությունը չեղարկելու սպառնալիքներ: Ցանկանալով գլխիվայր շրջել ԱՄՆ հետպատերազմյան դերը՝ որպես ավտորիտարիզմի դեմ պատնեշ, Թրամփը խոստանում է մեկնարկել արտաքին քաղաքականություն, որի հիմքում «Առաջին հերթին Ամերիկան» գործարքայնությունն է:

Թրամփի ճանապարհին դեռ բազում խոչընդոտներ կան: Հանրապետականները աննշան մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում: Պահպանողական Գերագույն դատարանը գուցե չօրհնի սահմանները հատող նրա քաղաքականությունը: Դաշնային բյուրոկրատիայում կայուն ինստիտուցիոնալ դիմադրությունը կարող է ձախողել Թրամփի ծրագրերը: Հասարակությունը նույնպես մնում է ցանկացած նախագահի հզոր զսպող գործոն: Թրամփն արդեն երկու անգամ ապացուցել է, որ կարող է հասնել իշխանության՝ հակակառավարական տրամադրությունների, անձի պաշտամունքի եւ պառակտող հռետորաբանության, այդ թվում՝ ռասիստական եւ այլատյացության հարձակումների ալիքի վրա: Նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է իրագործել այն արմատական տեսլականը, որի վրա հիմնել է իր նախընտրական քարոզարշավը: Նորընտիր նախագահի մերձավորներն ասում են, որ խոստումները կատարելով՝ նա դեռ կզարմացնի մարդկանց։ «Քաղաքական գործիչների մեծ մասը չեն կատարում խոստումները, - ասում է Ուայլսը, - բայց նա կկատարի»:

Այլ հարց է, թե արդյո՞ք Թրամփը կկարողանա վերացնել ամերիկացիների զայրույթի հիմնական պատճառները: Նա այժմ ստիպված կլինի պայքարել նույն խնդիրների հետ, որոնց հետ եկավ Սպիտակ տուն (գլոբալացված տնտեսություն, զանգվածային միգրացիա, Չինաստանի վերելք), որոնք տանջել են երկու կուսակցությունների իր նախորդներին եւ պաշտոնից զրկել գործող նախագահներին ամբողջ աշխարհում: Նա դեռ պետք է տեսնի, թե երկիրը որքան հեռու թույլ կտա նրան գնալ: Եթե  Թրամփը հաջողի, նա կկարողանա է վերափոխել երկիրը: Այդ ճանապարհին նա կարող է քանդել սահմանադրական նորմերն ու ինստիտուտները, որոնք ավելի քան երկուսուկես դար ականատես են եղել Ամերիկայի ժողովրդավարության մեծ փորձին:

2024-ի ամռանը Թրամփն ուներ պատմություն կերտող մարդու վստահություն։ Հունիսի վերջին Ջո Բայդենի թույլ ելույթը բանավեճի ժամանակ բացահայտ ապստամբություն առաջացրեց խուճապի մատնված դեմոկրատների շրջանում: Հուլիսի 13-ին Թրամփը փրկվեց մահափորձից՝ աջակցության եւ կարեկցանքի ալիք առաջացնելով: Շատ ամերիկացիների համար կրակոցներից հետո նրա դիմադրությունը (արյունոտված վեր է կենում՝ բռունցքը օդ բարձրացնելով եւ վանկարկելով «Պայքա՛ր») առաջին անգամ նրան ոգեշնչող կերպար դարձրեց: «Այդ պահին շատերը փոխեցին իրենց դիրքորոշումը», - ասում է Թրամփը՝ Մար-ա-Լագոյում դիետիկ կոլա ըմպելով:

Թրամփի դիրքի ամրապնդումը ստիպեց Բայդենին դուրս գալ ընտրապայքարից եւ սատարել փոխնախագահ Քամալա Հարիսին: Հաշված օրերում Հարիսը աջակցություն համախմբեց, հավաքեց հարյուր միլիոնավոր դոլարներ եւ կենդանացրեց մահացող դեմոկրատական ընտրազանգվածը: Դեմոկրատների ազգային համագումարի հաջող ավարտից հետո Թրամփի մերձավոր շրջապատում զգացողություն կար, որ նա կարող է պարտվել: «Առավելագույն անհանգստության» պահ էր, ասում է Վենսը: «Մտածում էինք՝ արդյո՞ք Քամալա Հարիսի այս մեղրամիսը կտեւի մինչեւ ընտրություններ»:

Թրամփը Դոն Դրեյփերի (ամերիկյան հեռուստասերիալի հերոս) աֆորիզմի նվիրյալ է. «Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչ է ասվում, փոխե՛ք խոսակցությունը»: Եվ նրա թիմը այդպես էլ արեց: Թրամփի որդին՝ Դոն կրտսերը, երկար ժամանակ հարաբերություններ էր զարգացրել Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ, որի անկախ քարոզարշավը 2024-ի նախագահական ընտրություններում զարմանալի աջակցություն ստացավ, հատկապես հիասթափված երիտասարդների շրջանում: Դոն կրտսերը անհանգստանում էր, որ Քենեդիի թեկնածությունը կարող է տանել առանցքային ձայները, եւ գաղտնի բանակցություններ սկսեց: Թրամփ կրտսերը եւ Ուայլսը սկսեցին պայմանախոսել Քենեդիի նախընտրական շտաբի մենեջեր՝ նրա հարս Ամարիլիս Ֆոքս Քենեդիի հետ՝ նրան քվեաթերթիկից հեռացնելու եւ Թրամփին սատարելու մասին: Ինչպես ասում է Վենսը, փաստարկը պարզ էր. «Դուք չեք հաղթելու: Այլ ազդեցություն չեք ունենա մրցավազքի վրա, քան Դոնալդ Թրամփից ձայներ տանելը: Ուրեմն ինչո՞ւ չմիանալ թիմին, մի կողմ դնել տարբերությունները եւ կենտրոնանալ մեծ խնդիրների վրա, որոնք մեզ հետաքրքրում են»:

Երբ Քենեդին համաձայնեց, Ուայլսը խորհուրդ տվեց չհայտարարել դրա մասին մինչեւ դեմոկրատների համագումարը՝ մտածելով, որ դա կդանդաղեցնի Հարիսի թափը: Ուայլսի համար սա քարոզարշավի առանցքային պահերից էր: Այն չեզոքացրեց սպառնալիքը, որ Քենեդին Թրամփից ձայներ կտանի: Բայց ավելի կարեւոր էր, որ «նա թույլ տվեց ընդլայնել մեր ընտրազանգվածը, - ասում է նա, - Քենեդին դա անելու հիմնական ձեւն էր»:

Մյուս նոր ընտրողները Իլոն Մասքի երկրպագուներն էին, որոնք սատարեցին Թրամփին Բաթլերի հարձակումից հետո: Մասքը ավելի քան 250 մլն դոլար ծախսեց Թրամփին աջակցելու համար՝ X-ը վերածելով դե ֆակտո նախընտրական մարմնի եւ միջնորդ ծառայելով տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների եւ կորպորատիվ առաջնորդների համար, որոնք խուսափում էին Թրամփից, երբ նա քաղաքական ասպարեզում էր: Այժմ Մասքը կլինի միլիարդատերերի շարքում, որոնք անմիջական մուտք ունեն Օվալաձեւ գրասենյակ՝ ստեղծելով մրցակցող շահերի բախումներ:

Հակադրությունը ուժեղացնելու համար Թրամփի քարոզարշավը սկսեց Հարիսին պատկերել որպես չափազանց ձախակողմյան: Նրանք ուշադրություն հրավիրեցին հարցաշարի վրա, որը Հարիսը լրացրել էր ACLU-ի (Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միություն) համար 2019-ին՝ նախագահի պաշտոնում իր նախորդ առաջադրման ժամանակ, ըստ որի աջակցում էր հարկատուների կողմից ֆինանսավորվող սեռափոխությանը կալանքի տակ գտնվող անփաստաթուղթ միգրանտների համար: Թրամփի խորհրդական Թեյլոր Բուդովիչը եւ գովազդի մասնագետ Փեթ Մաքքարթին հորինեցին մի արտահայտություն, որը դարձավ Թրամփի ամենաազդեցիկ նախընտրական գովազդը. «Քամալան սատարում է նրանց: Նախագահ Թրամփը սատարում է ձեզ»: Թրամփի քարոզարշավը մոտ 20 մլն դոլար ծախսեց հոկտեմբերի առաջին կեսին գովազդը մոտ 55,000 անգամ եթեր տալու համար եւ դարձրեց այն իր եզրափակիչ ուղերձի հիմնական մասը:

Երկու կողմերի ռազմավարները տարակարծիք են, թե արդյո՞ք Թրամփի թիմի ծրագիրը վճռական ազդեցություն ունեցավ լարված մրցավազքի արդյունքի վրա, թե Հարիսի առջեւ ծառացած խոչընդոտները (համաճարակի հետեւանքով առաջացած գնաճից մինչեւ Բայդենի տարիքը) պարզապես անհաղթահարելի էին աշխարհի ամենահայտնի մարդու դեմ կարճ արշավի համար։ «Մենք առերեսվեցինք վտանգավոր աստիճանի լիբերալ լինելու ծաղրանկարի հետ», - դեկտեմբերի 6-ին ասաց Հարիսի նախընտրական շտաբի ղեկավար Ջեն Օ'Մալլի Դիլոնը Հարվարդի Քաղաքական ինստիտուտի կոնֆերանսում: Այն, որ փոխնախագահը չցանկանցավ հեռու մնալ ժողովրդականություն չվայելող իր ղեկավարից, գուցե նույնքան կարեւոր եղավ, որքան Թրամփի ամեն ճիշտ արածը: «Դա մեծ բացասական երեւույթ էր, որն ամբողջ ժամանակ կախված մնաց մեր գլխին», - ասում է Հարիսի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Քվենթին Ֆալքսը:

Ընտրությունները Թրամփին տվեցին քաղաքական կապիտալ՝ լուծելու ամերիկացիների դժգոհության աղբյուրները թե՛ տանը, թե՛ արտերկրում: Հարցն այն է, թե ինչպես է նա մտադիր ծախսել այդ կապիտալը։ Իր իսկ խոսքերով՝ նա կընդլայնի նախագահական իշխանության եւ օրենքի սահմանները։

Հարցազրույցում Թրամփն ասաց, որ իր նախագահության առաջին գործերից մեկը կլինի ներում շնորհել անկարգության մասնակիցների մեծ մասին, որոնք մեղադրվում կամ դատապարտվել են Բայդենի հաղթանակի վավերացումը արգելափակելու նպատակով Կապիտոլիում ներխուժելու մեջ: «Ես կանեմ դա առաջին ժամվա ընթացքում, - ասում է նա, - գուցե առաջին ինը րոպեներում»: Թրամփը նախատեսում է նաեւ արագ չեղարկել Բայդենի գործադիր հրամաններից շատերը եւ ընդլայնել նավթի հորատումը դաշնային հողերում:

Թրամփի ամենաագրեսիվ քայլերը վերաբերվելու են ներգաղթին: Նա խոսք է տալիս խստացնել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը մի շարք գործադիր հրամանների միջոցով, իսկ օգնականներն ասում են, որ նա կդադարեցնի ԱՄՆ-ի «բռնել եւ ազատ արձակել» ծրագիրը ու կվերսկսի սահմանային պատի կառուցումը: Միեւնույն ժամանակ Թրամփն ասում է, որ կհրամայի ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին (գուցե նաեւ զինվորականներին) զանգվածային արտաքսում սկսել եւ երկրից հեռացնել ավելի քան 11 միլիոն անօրինական միգրանտներին: Թեեւ Posse Comitatus ակտը արգելում է օգտագործել զինվորներին քաղաքացիական անձանց դեմ, Թրամփն ասում է, որ պատրաստ է նրանց ներգրավել միգրանտներին հավաքագրելու եւ արտաքսելու համար:

«Զինվորականներին ակտը չի կանգնեցնի, եթե խոսքը մեր երկիր ներխուժելու մասին է», - ասում է նա: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե զինվորները հրաժարվեն կատարել այդ հրամանները, Թրամփն ասաց. «Ես կանեմ միայն այն, ինչ թույլ է տալիս օրենքը, բայց կանեմ օրենքով թույլ տրված առավելագույնը»։


Թրամփը հարցազրույցում ասաց, որ չի ծրագրում վերսկսել երեխաներին ընտանիքներից բաժանելու քաղաքականությունը՝ սահմանի անցումը կանխելու համար: Բայց նա դա չբացառեց. «Չեմ կարծում, որ ստիպված կլինենք դա անել, քանի որ կվտարենք ամբողջ ընտանիքը, - ասում է նա: - Ես կնախընտրեի նրանց միասին արտաքսել»: Թրամփի ապագա սահմանային պետը՝ Թոմ Հոմանը, ասում է, որ «ընտանիքները բաժանելու միտումնավոր քաղաքականություն չի մշակվում»: Բայց նա չբացառեց երեխաներին ծնողներից բաժանելու հավանականությունը: «Չի կարելի ասել, որ այդպիսի դեպքեր չեն լինի», - ասում է Հոմանը:

Այս ծավալի զանգվածային արտաքսման համար Թրամփի խորհրդականները ծրագրում են կառուցել ավելի շատ կալանավայրեր միգրանտների համար, որտեղ նրանց կպահեն մինչեւ հայրենիք արտաքսվելը. գործընթաց, որը կարող է տեւել շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ, մինչեւ կընթանան ընդունող կառավարությունների հետ բանակցությունները: Պարզ չէ՝ արդյո՞ք բոլոր երկրները պատրաստ կլինեն հետ ընդունել միգրանտներին: «Մենք պարզապես չենք ձերբակալելու օտարերկրացիներին եւ հեռացնելու նույն օրը, - ասում է Հոմանը, - մեզ մահճակալներ են պետք»։ Թրամփն ասում է, որ որպես լծակ կօգտագործի մուտքը ԱՄՆ շուկա՝ ստիպելու օտարերկրյա կառավարություններին համագործակցել: «Ես նրանց կուղարկեմ իրենց երկիր,- ասում է Թրամփը,- հակառակ դեպքում այդ երկրների հետ բիզնես չենք վարի»:

Սա բարձր գին կունենա: «Ամերիկյան ներգաղթի խորհուրդ» ոչ առեւտրային կազմակերպության գնահատականով՝ Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրերը կարժենան ավելի քան 300 մլրդ դոլար: Ըստ օգնականների՝ Թրամփը, հավանաբար, ֆինանսավորում կխնդրի Կոնգրեսից: «Սա թանկ է նստելու», - ասում է Հոմանը:

Ամերիկացի հարկատուները այլ կերպ էլ կզգան այս որոշման ծանրությունը: Տնտեսագետներն ասում են, որ արտաքսել ցածր աշխատավարձով աշխատողներին, որոնք խթանում են բազմաթիվ արդյունաբերություններ, կնշանակի գների աճ: «Եթե վերացնեք այն մարդկանց աշխատանքը, որոնք տներ են կառուցում, իրենց աշխատատեղերը կկորցնեն նաեւ նրանք, ովքեր զբաղվում են հաշվապահությամբ եւ վերահսկմամբ, անձնակազմով եւ ղեկավարում են ընկերությունը», - ասում է Դագլաս Ռիվլինը «Ամերիկայի ձայնը» առաջադեմ խմբից, որն աջակցում է ներգաղթի բարեփոխումներին: «Սա կլինի աղետ, որն ինքներս ենք ստեղծել»։ Սա դեռ առանց հաշվի առնելու սոցիալական եւ հոգեբանական տրավման, երբ ընկերներին ու հարեւաններին կհավաքեն ու կհեռացնեն իրենց համայնքներից: «Երբ երեկոյան լուրերով տեսնում եք «Joe's Pizza»-ի շուրջկալումը, - ավելացնում է Հիրոշի Մոտոմուրան՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներգաղթի մասնագետը – այդ ամենը շատ իրական է դառնում»:

Թե որքան արմատական կլինի Թրամփը, մասամբ կախված է Արդարադատության նախարարության համաձայնությունից, որը ղեկավարելու է Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին՝ Թրամփի առաջին իմպիչմենտի պաշտպաններից մեկը: Թրամփը խոստացել է վրեժ լուծել իր քաղաքական թշնամիներից՝ ասելով, որ Բայդենը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, Մանհեթենի շրջանի դատախազ Էլվին Բրեգը, հատուկ խորհրդական Ջեք Սմիթը եւ մյուսները հետաքննության եւ հնարավոր քրեական հետապնդման են ենթարկվելու: Թրամփը հարցազրույցում խուսափեց պատասխանելուց այն հարցին, թե արդյոք Արդարադատության նախարարությունը քրեական պատասխանատվության կենթարկի իր ներքին քաղաքական հակառակորդներին։ Ասաց միայն, որ որոշումը պետք է ընդունի Բոնդին, եթե հաստատվի իր պաշտոնում: «Նա է որոշողը», - ասաց Թրամփը: Ամեն դեպքում Թրամփի հաղթանակը նշանակում է, որ կավարտվի նրա նկատմամբ դաշնային քրեական հետապնդումը, որը նրան մեղադրում էր հանցագործությունների մեջ՝ սկսած ընտրությունների դիվերսիայից մինչեւ գաղտնի փաստաթղթերի դիտավորյալ պահում (Թրամփը հերքել է մեղադրանքները):

Դաշնային բյուրոկրատիան կազմաքանդելու համար Թրամփը ներգրավել է Մասքին եւ Վիվեկ Ռամասվամիին, որպեսզի ղեկավարեն DOGE (Կառավարության արդյունավետության վարչություն) կոչվող հանձնաժողովը, որի նպատակն է կրճատել կառավարության չափը: Մասքն ու Ռամասվամին պարտավորվել են իրականացնել դաշնային աշխատուժի, հատկապես պետծառայողների զանգվածային պաշտոնաթողություններ եւ կանոնակարգերի կրճատումներ՝ սկսած մեր խմած ջրից մինչեւ շնչած օդը: Նրանք խոստանում են ավարտել աշխատանքը Ամերիկայի անկախության 250-ամյակին՝ 2026 թվականի հուլիսի 4-ին։

Պետական կառավարման փորձագետներն ասում են, որ հանձնաժողովը վտանգում է պետության գործունակությունը: «Սա վնաս կհասցնի կառավարության կարողությանը՝ իրականացնելու Կոնգրեսի օրենքով հանձնարարած առաքելությունները, ինչպիսիք են սոցիալական եւ առողջապահական ապահովության (Medicare) կառավարումը», - ասում է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Փիթեր Շեյնը: Եթե Մասք-Ռամասվամի հանձնաժողովը վերացնի մեծ թվով պետական ծառայողների, կառավարությունը ստիպված կլինի ապավինել մասնավոր ընկերություններին: «Երաշխիք չկա,- ասում է Շեյնը,- որ կապալառուները ավելի էժան կամ ավելի իրազեկ կլինեն»:

Թեեւ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կունենա Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, նա ընդամենը մի քանի հիմնական օրենսդրական առաջարկություններ է արել՝ բացի նախկին պաշտոնավարման ժամանակ հարկերի կրճատումը երկարաձգելը եւ ներգաղթի դեմ պայքարի ֆինանսավորումը: Թրամփն ասում է, որ աջակցում է ընդդիմագործությանը, որը թույլ է տալիս Սենատի փոքրամասնությանը արգելափակել օրենսդրությունը: Եթե դա խանգարի Կոնգրեսի միջոցով օրինագծերի ընդունմանը, նա ասում է, որ գործադիր հրաման կկիրառի: «Եթե նույնիսկ չնչին խնդիրներ ունենամ,- ասում է նա,- կդիմեմ գործադիր հրամանի, որպեսզի լուծեմ դրանք»:

Սա ակնարկ էր, թե ինչպես Թրամփի տեսակետը գործադիր իշխանության մասին կձեւավորի նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը, երբ նա հանդիպի անխուսափելի խոչընդոտների: «Կայսերական նախագահության գաղափարը նոր չէ, բայց Թրամփն այն բոլորից ավելի հեռու է տանում, - ասում է Պրինսթոնի համալսարանի պատմաբան Ջուլիան Զելիզերը: - Նա թքած ունի սահմանափակումների վրա, որոնց հետ հաշվի էր նստում նույնիսկ Ռիչարդ Նիքսոնը: Դրանցից ոչ մեկը նրա համար նշանակություն չունի: Նախագահական իշխանության ծայրահեղ ագրեսիվ օգտագործման վտանգ կա»:


Չնայած Թրամփի ներքին օրակարգը կարեւոր էր, Մար-ա-Լագո այցելած ժամանակ գործերի մեծ մասը վերաբերում էին արտաքին քաղաքականությանը: Ուոլցը՝ Ազգային անվտանգության ապագա խորհրդականը, ներսուդուրս էր անում հանդիպումներից եւ զրուցում Վենսի եւ Մերձավոր Արեւելքի ապագա հատուկ բանագնաց Սթիվ Վիթկովի հետ: Ազգային անվտանգության հանդիպումներին ներկա մեր աղբյուրն ասում է, որ դրանց նպատակն է, որ Ամերիկայի հակառակորդները (ու դաշնակիցները) չգայթակղվեն օգտվել վարչակազմերի անցումային շրջանից:

Թրամփի շատ պատասխաններ երկրի խնդիրներին, այդ թվում՝ ներգաղթն ու առեւտրային քաղաքականությունը, հիմնված են հաջող դիվանագիտության վրա: «Առաջին հերթին Ամերիկան» կարող է լինել եւ՛ քարոզարշավի կարգախոս, եւ՛ ուղեցույց աստղ, սակայն անվերջանալի պատերազմներին վերջ տալու ու ԱՄՆ-ի տնտեսական առավելությունը խթանելու համար պետք է աշխատել այլոց հետ:

Թրամփի ծրագրերը սպառնում են խաթարել հարաբերությունները դաշնակիցների եւ ավանդական առեւտրային գործընկերների հետ, քանի որ նա ծրագրում է ներմուծվող բոլոր ապրանքների վրա ընդհանուր մաքսատուրքեր սահմանել: Նա արդեն 25% մաքսատուրք է հայտարարել Մեքսիկայի եւ Կանադայի համար. քայլ, որը տնտեսագետների մեծամասնության կանխատեսմամբ կհանգեցնի գների աճին: Նա ծրագրում է բարձրացնել մաքսատուրքերը նաեւ չինական ապրանքների համար, որպեսզի ստիպի արտադրողներին իրենց ապրանքն արտադրել ԱՄՆ-ում:

Քարոզարշավի ընթացքում Թրամփը սիրում էր պարծենալ, որ իր միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան 24 ժամվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կկնքեն: Անձնական զրույցում նա խոստովանեց, որ դա ավելի բարդ է, քան նա ներկայացնում էր: «Մերձավոր Արեւելքը ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, - ասաց նա: - Սպանված երիտասարդ զինվորների թիվը, որոնք ընկած են դաշտերում, ապշեցնող է։ Այն, ինչ տեղի է ունենում, խենթություն է»: Թրամփը քննադատեց Կիեւը՝ անցյալ ամիս Ռուսաստանի տարածք ամերիկյան արտադրության հրթիռներ արձակելու համար։ «Ես կտրականապես համաձայն չեմ դեպի Ռուսաստան հարյուրավոր մղոն հեռավորության վրա հրթիռներ արձակելու հետ: Ինչո՞ւ ենք դա անում: Պարզապես սրում ենք պատերազմը եւ վատթարացնում իրավիճակը»: Հարցին, թե արդյոք կլքի Ուկրաինան, Թրամփն ասաց, որ կօգտագործի ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային որպես լծակ՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում: «Ես ուզում եմ համաձայնության գալ,- ասաց,- իսկ դրա միակ ճանապարհը չլքելն է»:

Քարոզարշավի ժամանակ հեռախոսազրույցներում Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել էր, որ դադարեցնի պատերազմը Գազայում մինչեւ իր երդմնակալության արարողությունը. ժամանակացույց, որն այժմ շատ անհավանական է թվում: Իսրայելում եւ ԱՄՆ-ում շատերը կասկածում են, որ Նեթանյահուն երկարաձգում է մարտերը, որպեսզի կանխի արտահերթ ընտրությունները, որոնք կարող են հանգեցնել նրա պաշտոնանկությանը: «Նա գիտի, որ ես ուզում եմ պատերազմն ավարտվի», - ասում է Թրամփը: Այն հարցին, թե արդյոք նա վստահում է Նեթանյահուին, որը կանցնի պաշտոնավարման երկրորդ ժամկետին, Թրամփը մեկ վայրկյան դադարից հետո պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ վստահում»:

Թրամփը ցանկանում է ընդլայնել Իսրայելի եւ արաբական մի քանի պետությունների միջեւ իր միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագիրը՝ ներառելով Սաուդյան Արաբիան: Բայց Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանաձեւի մասին նա մանրամասներ չի բացահայտում: Իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա ներկայացրեց երկու պետության լուծման ամենաընդգրկուն ծրագիրը նախագահ Բիլ Քլինթոնից հետո եւ թույլ չտվեց Նեթանյահուին ընդլայնել Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանան գետի արեւմտյան ափի մոտ 30%-ի վրա: Սակայն նոյեմբերի 12-ին նա առաջադրեց Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպան Մայք Հաքաբիին, որը վերաբնակեցման նախանձախնդիր աջակից է եւ  հանդես է գալիս Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափը բռնակցելու օգտին:

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում Ասադի իշխանության հանկարծակի անկումը է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Այն իշխանության է բերում ապստամբների խմբավորում, որը ժամանակին կապված էր Ալ-Քաիդայի հետ, բայց եւս մեկ անհաջողություն է Իրանի վարչակարգի համար, որն արդեն թուլացել էր Լիբանանում եւ Գազայում: Որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ կորուստները կավելացնեն Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու հավանականությունը: Երբ 2018-ին Թրամփը դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից, Թեհրանն ավելի մոտեցավ միջուկային զենքի ստեղծմանը: Ապրիլի դրությամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գնահատել էր, որ Թեհրանն ունի բավականաչափ ուրան՝ մի քանի շաբաթվա ընթացքում ռումբ ստեղծելու համար։ Իրանն ու նրա դրածոները բազմաճակատ պատերազմ են վարել Իսրայելի դեմ եւ թիրախավորել են ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում: Նախագահական քարոզարշավի ընթացքում իրանցիները Թրամփի դեմ մահափորձ էին կազմակերպել՝ ըստ Արդարադատության նախարարության կողմից նոյեմբերին հարուցված դաշնային մեղադրանքների: Թեեւ նորընտիր նախագահը հպարտանում է, որ իր առաջին ժամկետում որեւէ նոր պատերազմ չի սկսել, նա չի բացառում հավանականությունը, որ պատերազմը կարող է անհրաժեշտ լինել երկրորդ պաշտոնավարման ընթացքում: Իրանի հետ պատերազմի հավանականության մասին հարցին Թրամփը դադարից հետո պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»:


Թրամփի կողմից նախագահական լիազորությունների ագրեսիվ օգտագործումը փորձության կենթարկի դատական համակարգը՝ սահմանադրական նորմերին սպառնացող գործողությունների դեմ պաշտպանության վերջին գիծը: Թրամփի քննադատները անհանգստանում են, որ նույնիսկ եթե բարձրագույն դատարանը հավանություն չտա նախագահի գործողություններին, Արդարադատության նախարարությունը կարող է չկատարել այդ վճիռները: Թրամփն ու նրա օգնականները պատրաստվում են դատական հայցերի գրոհի այն խմբերի կողմից, որոնք վիճարկում են ամեն ինչ՝ սկսած նրա ներգաղթի քաղաքականությունից, դաշնային բյուրոկրատիայի վրա հարձակումներից մինչեւ Կոնգրեսի կողմից յուրացված միջոցները պահելու փորձերը: «Մենք որոշ չափով կաշկանդված ենք կառավարության եւ գործընթացի իրողություններով, - ասում է Թրամփի մի պաշտոնյա, - բայց նա կփորձի մեծ գործեր անել»:

Վաշինգտոնի միասնական վերահսկողության պարագայում Թրամփի վրա ավելի մեծ ճնշում կլինի՝ կատարելու իր նախընտրական խոստումները. նվազեցնել կենսապահովման միջին արժեքը, վերակենդանացնել արտադրությունը, հաղթահարել Չինաստանի հետ Ամերիկայի առեւտրային դեֆիցիտը եւ արտերկրում խաղաղություն հաստատել: Կառավարման փորձագետ, Մերիլենդի համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցի նախկին դեկան Դոնալդ Քեթլը պնդում է, որ ամերիկացիները պատրաստ չեն այն քաոսին, որը կբերի Թրամփի երկրորդ պաշտոնավարումը՝ կրթական համակարգում փոփոխություններից մինչեւ մանկական պատվաստանյութերի վերանայում, որոնք Քենեդին սխալմամբ կապում էր աուտիզմի հետ, չնայած գիտական ապացույցները հակառակն էին ասում: «Փոփոխությունների ծավալն աննախադեպ է լինելու, իսկ կառավարության վրա ազդեցությունը՝ հսկայական», - ասում է նա: Ընտրողները կարծում են, որ կառավարությունը վատնող է եւ անվստահելի, ավելացնում է Քեթլը, բայց եթե Թրամփը կատարի բազում ծրագրեր կրճատելու իր խոստումը, «շատ արագ հակահարված կստանաք, որը կազդի շատ եւ շատ սովորական ամերիկացիների կյանքի վրա»։

Թրամփի առաջին պաշտոնավարման ավարտին ընտրողները հոգնած էին քաոսից, կուշտ էին նրա արարքներից եւ հիասթափված էին աննախադեպ համաշխարհային առողջապահական ճգնաժամի նրա կառավարումից: Նա հեռացավ պաշտոնից ցածր վարկանիշով: Նոյեմբերին Թրամփի հաղթանակը կարելի է մասամբ բացատրել կարճ հիշողությամբ։ Թրամփն իր հերթին հավատում է իր բանակցային ունակություններին։ «Կարող եք օգտագործել նույն բառերը,- ասում է նա,- բայց միգուցե ձեր աչքերի մեջ նայելը ազդի»:

Այնուամենայնիվ, ընտրված նախագահն արդեն հետաձգում է իր որոշ խոստումների իրականացումը, ինչպես, օրինակ, մթերքի գնի իջեցումը: «Դժվար է իջեցնել մի բան, որ բարձրացել է, - ասում է Թրամփը, - շատ դժվար է, հասկանո՞ւմ եք»:


Եթե նրա մոտեցումը չաշխատի, եւ Թրամփն իրեն թակարդված զգա, քննադատները վախենում են, որ նա ավելի ծայրահեղ կդառնա: Նրա մերձավոր օգնականների կարծիքով՝ նոր նախագահի անկանխատեսելի գործելաոճը նրան առավելություն կտա Ամերիկայի մրցակիցների նկատմամբ: «Մարդիկ անկեղծորեն վախենում են, որ եթե չլսեն նրան, վատ բաներ տեղի կունենան, եւ նրան անտեսելը հետեւանքներ կունենա», - ասում է Վենսը:

Կառավարման մարտահրավերներին առերեսվելով՝ Թրամփը կարծես թախծում է, որ վերջին քարոզարշավն իր հետեւում է: «Ինչ-որ առումով տխուր է, - ասում է նա ընտրություններում իր հաղթանակի մասին, երբ ստվերներն իջնում են իր առանձնատունը շրջապատող խնամված սիզամարգերի վրա, - սա այլեւս երբեք չի կրկնվի»։

Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք չորս տարվա ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին