Թրամփյան քաոսը գալիս է Մերձավոր Արեւելք. ամենից շատ կշահի Էրդողանը - Mediamax.am

exclusive
1364 դիտում

Թրամփյան քաոսը գալիս է Մերձավոր Արեւելք. ամենից շատ կշահի Էրդողանը


Դոնալդ Թրամփը եջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 թվականին
Դոնալդ Թրամփը եջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք New America եւ Brookings Institution վերլուծական կենտրոնների նախկին գիտաշխատող Բարաք Բարֆիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Բարաք Բարֆի

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը վհատեցրեց բազում համաշխարհային առաջնորդների: Եվրոպական առաջնորդները վախենում են, որ նա կահաբեկի իրենց տարբեր հարցերում՝ առեւտրից մինչեւ պաշտպանական ծախսեր, իսկ Լատինական Ամերիկայի ղեկավարները սարսափում են, որ նա կպատժի իրենց ներգաղթյալների հոսքի համար: Մերձավոր Արեւելքում, սակայն, արձագանքը միանշանակ չէ։ Որոշ առաջնորդներ հիասթափված են, մյուսները՝ ոգեւորված: Բայց նրանք, որոնք հիմա տոնում են, գուցե պակաս քմահաճ առաջնորդի ցանկություն հայտնեն, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը:

Ավտորիտար ղեկավարները, ինչպիսիք են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենաշատն են շահելու Թրամփի երկրորդ ժամկետից։ Թրամփը գովաբանել է երկուսին էլ՝ Էլ-Սիսիին հիշատակելով որպես իր «սիրելի բռնապետը», եւ ինքն իրեն անվանելով Էրդողանի «մեծ երկրպագու»: Թրամփը երեւի զերծ կմնա մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների հարցում նրանց վրա ճնշում գործադրելուց, ինչպես դա արել էին ԱՄՆ նախկին վարչակազմերը։ Այս առաջնորդները գոհ կլինեն արտաքին քաղաքականության մեջ չխառնվելու Թրամփի մոտեցումից եւ մանրամասների հանդեպ հետաքրքրության բացակայությունից: Եվ քանի որ Ամերիկան Եգիպտոսի հետ առեւտրային հաշվեկշռի ավելցուկ ունի, իսկ Թուրքիայի հետ՝ փոքր դեֆիցիտ, այս երկրները չեն արժանանա Թրամփի վարչակազմի զայրույթին առեւտրային հարցերում՝ ի տարբերություն Գերմանիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի:

Ծոցի շեյխությունները նույնպես կշահեն Թրամփի նախագահությունից: Ի տարբերություն Էլ-Սիսիի եւ Էրդողանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները ուզում են, որ ԱՄՆ-ի կոշտ արտաքին քաղաքականությունը թուլացնի Իրանի ազդեցությունը։ Թրամփի ռազմական հռետորաբանության վերածնունդը եւ Իրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավը հատկապես կուրախացնեն Բահրեյնի սուննի միապետությունը, քանի որ դա, ամենայն հավանականությամբ, կշեղի մոլլաների ուշադրությունը փոքր կղզու շիա մեծամասնությանը գրգռելուց: Ծոցի երկրները նույնպես պատրաստ են օգտվելու Թրամփի գործարքային բնույթից եւ նրա հակվածությունից ցուցամոլության, այլ ոչ թե էության հանդեպ. նրանք կարող են զինամթերքի միլիարդավոր դոլարների գործարքներ հայտարարել՝ առանց դրանք իրագործելու մտադրության:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները կտուժեն: Հանրապետականները խիստ քննադատելու են Քաթարը՝ Համասին եւ այլ իսլամիստական խմբավորումներին աջակցելու համար: Իսկ ամերիկացի բանագնացները կդադարեն երթեւեկել Երուսաղեմի եւ Բեյրութի միջեւ, որպեսզի վերջ դնեն Լիբանանի ռմբակոծմանը:

Սակայն Թրամփի նախագահության ամենախոշոր պարտվողը կարող է լինել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD): Այն Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղն է, որը 1984 թվականից ի վեր պարբերական ապստամբություններով պայքարում է Թուրքիայի կառավարության դեմ:

Թրամփի հակակրանքը ամերիկյան զորքերի տեղակայման հանդեպ, ինչպես նաեւ Էրդողանի հանդեպ համակրանքը, կարող է հանգեցնել նրան, որ նա դուրս կբերի Սիրիայում տեղակայված մոտ 900 զինվորականներին: Իբր Իսլամական պետության վերածնունդը կանխելու համար տեղակայված այս զորքը պաշտպանում է PYD-ն Սիրիայից եւ Թուրքիայից: Առանց ԱՄՆ աջակցության PYD-ն, վախենալով թուրքական հարձակումից, հավանաբար կխնդրի ռուսական կամ սիրիական ուժերին վերատեղակայվել սահմանին: Այդ պատճառով Սիրիան կարող է անուղղակիորեն շահել Թրամփի վարչակազմից:

Բայց Թրամփի վերադարձը Սպիտակ տուն պետք է ամենաշատը անհանգստացնի Ամերիկայի հակառակորդներին՝ Իրանին եւ նրա դրածոներին՝ Համասին եւ Հեզբոլլահին:

Լուսանկարը` REUTERS


Թրամփը, ամենայն հավանականությամբ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին «քարտ-բլանշ» կտա՝ վերացնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված մի քանի սահմանափակումները՝ լայնածավալ պատերազմը կանխելու անհաջող ջանքերից հետո: Վերջին բացահայտումը Թրամփին սպանելու իրանական դավադրության մասին, անշուշտ, կհարուցի նրա զայրույթը եւ նույնիսկ կազդի նրա պատասխանի վրա: Դժվար է պատկերացնել, որ Թրամփը դեմ լինի իրանական նավթի եւ միջուկային ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակումներին, կանհանգստանա Գազայում քաղաքացիական զոհերի կամ Հորդանան գետի Արեւմտյան ափում իսրայելցի վերաբնակիչների կողմից աճող բռնության վերաբերյալ:

Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Նեթանյահուն պարզապես ցանկանում էր, որ նա հանգիստ թողնի Իսրայելը. ամեն ինչ հարթ կընթանա, եթե նա չքարոզի պաղեստինյան պետությունը եւ չքննադատի Հորդանան գետի արեւմտյան ափի բնակավայրերի ընդլայնումը: Սակայն Իսրայելն այժմ լուրջ ամերիկյան աջակցության կարիքն ունի՝ Նեթանյահուի վարած համարձակ քաղաքականության պատճառով:

Լուսանկարը` REUTERS


Թրամփն, անկասկած, ուրախ կլինի Իրանի դեմ պատերազմը հանձնել Իսրայելին։ Բայց եթե մոլլաները պատասխանեն՝ թիրախավորելով ամերիկյան շահերը, Թրամփը կարող է մեղադրել Նեթանյահուին, որ իրեն ներքաշեց հակամարտության մեջ, որից նա խոստացել էր խուսափել նախընտրական արշավի ժամանակ: Իսկ երբ Նեթանյահուն հրաժարվի իր խոստումներից, ինչպես արեց Բայդենի դեպքում, Թրամփը նույնքան կզայրանա, եթե ոչ ավելի:

Իսկ Թրամփը ծանոթ է այդպիսի վարքին։ Երբ Նեթանյահուն 2020-ին Սպիտակ տանը միջոցառման ժամանակ հայտարարեց, որ մտադիր է բռնակցել բնակավայրերը, ապշած Թրամփը ասաց՝ «Ինչ ամոթ է» եւ մտածեց իր քաղաքական մրցակցին աջակցելու մասին: Բայդենը հանդուրժում էր Նեթանյահուի կեղծավորությունը, քանի որ գիտեր, որ իրանական առանցքի թուլացումը բխում է Ամերիկայի շահերից։ Թրամփը, որը սեւեռված է ծնրադրության վրա, կարող է այդքան էլ հասկացող չլինել:

Թրամփի վերադարձը գլխիվայր կշրջի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում: Տարածաշրջանը, որը դիմացել է պատերազմներին, հեղափոխություններին եւ ջիհադիստական ապստամբություններին, կդիմանա Սպիտակ տան կռվասերին: Մնում է պարզել, թե արդյոք Ամերիկայի դաշնակիցներն ու հակառակորդները հավասարապես կշահեն ու կպարտվեն դրանից:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին