Բաքվի ճնշման տակ Հորդանանը հրաժարվել է «Օսկար»-ի ներկայացնել Արցախի մասին պատմող ֆիլմը - Mediamax.am

763 դիտում

Բաքվի ճնշման տակ Հորդանանը հրաժարվել է «Օսկար»-ի ներկայացնել Արցախի մասին պատմող ֆիլմը


Լուսանկարը` “My Sweet Land” ֆիլմից


Ներկայացնում ենք Deadline.com պարբերականում հրապարակված Jordan Drops ‘My Sweet Land’ As Its Oscar Entry, Reportedly After Pressure From Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Իմ անուշ երկիր» վավերագրական ֆիլմի պաշտոնական հայտը՝ որպես թեկնածու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության լավագույն միջազգային օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Ըստ տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել Ադրբեջանի ճնշման հետեւանքով:

Մրցանակներ ստացած վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում էր ատամնաբույժ դառնալ Արցախի իր գյուղում՝ էթնիկ հայկական անկլավում, որը 1980-ականներից ի վեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կատաղի հակամարտության առանցքն էր:

Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում, որտեղ կարեկցանքը հակամարտությունից տեղահանված հայերի նկատմամբ համարվեց բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում:

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի կառավարությունը նամակ է հղել Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա եւ ստիպել հետ կանչել ֆիլմը:


Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի աղբյուրները հաստատում են, որ Հորդանանը հետ է կանչել «Իմ անուշ երկիր»-ը: Այդպիսով «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության այդ անվանակարգում Հորդանանը մնացել է առանց մասնակցության:

Ռեժիսոր Սարին Հայրապետյանը եւ պրոդյուսեր Ազզա Հուրանին բացառիկ հարցազրույցում խոսեցին մեզ հետ.

«Մեր թիմի համար ծանր նորություն էր, որ արգելել ու լռեցրել են մի երեխայի անձնական, հուզական պատմությունը իր տան եւ ընտանիքի հանդեպ սիրո մասին: Այս գրաքննությունը ստիպում է մեզ՝ վավերագրական ֆիլմերի հեղինակներիս, է՛լ ավելի ակտիվորեն տարածել «Իմ անուշ երկիր» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Վրեժի պատմությունը, որն այսօր արտացոլում է ամբողջ աշխարհի անթիվ երեխաների փորձը, որոնք արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմի ու հակամարտության սպառնալիքի»:

Երբ Հորդանանը հետ կանչեց ֆիլմը, Ակադեմիան խրախուսեց կինոգործիչներին ներկայացնել «Իմ անուշ երկիր»-ը որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե հետեւեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը ջանքեր է գործադրել՝ ընտրական փուլն ԱՄՆ-ում կազմակերպելու համար։
«Իմ անուշ երկիր»-ը ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան տեղի կունենա DOC NYC վավերագրական ֆիլմերի փառատոնում նոյեմբերի 16-ին եւ 17-ին, իսկ որակավորման համար անհրաժեշտ կինոթատրոնային թողարկումը տեղի կունենա «Laemmle Theatres»-ում (Լոս Անջելես) նոյեմբերի 29-ից սկսած,- պատմեցին Հայրապետյանը եւ Հուրանին: - Մենք կիսվելու ենք մեր ճշմարիտ պատմությունով՝ ի հեճուկս խոչընդոտների»:

«Որքան մենք հասկանում ենք՝ Հորդանանը հետ է կանչել ֆիլմը Ադրբեջանի բողոքից հետո, որպեսզի պահպանի Հորդանանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական կապերը,- ասում են կինոգործիչները։ - Մենք տեղեկացանք նաեւ, որ Ամմանի միջազգային կինոփառատոնում «Իմ անուշ երկրի» պրեմիերայից հետո Ադրբեջանի դեսպանատունը նույնպես բողոք էր ներկայացրել ֆիլմի հրապարակային ցուցադրության դեմ։ Այսպիսով, «Իմ անուշ երկիր» ֆիլմը, որը գովաբանում էին փառատոնից շաբաթներ առաջ, հանկարծակի արգելվեց իր հայրենի երկրներից մեկում»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին