Արեւմուտքը պետք է օգնի Երեւանին փախչել Մոսկվայի «hետնաբակից» - Mediamax.am

1306 դիտում

Արեւմուտքը պետք է օգնի Երեւանին փախչել Մոսկվայի «hետնաբակից»


Լուսանկարը` Fort Drum & 10th Mountain Division

Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարություն


Ներկայացնում ենք War on the Rocks պարբերականում հրապարակված Լեոնիդ Ներսիսյանի եւ Սերգեյ Մելքոնյանի Escaping Russia’s backyard: Armenia’s strategic defense shift հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մելքոնյան, պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող

Լեոնիդ Ներսիսյան, APRI Armenia-ի ռազմական վերլուծաբան և հետազոտող

Այսօր Հայաստանն այլեւս չի համարվում «Ռուսաստանի հետնաբակը», ինչպես վերջին երեք տասնամյակներում էր։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման եւ 2020 թվականի Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության քաղաքականությունը փոխվում է։ Այս ռազմավարական վերադասավորումը պատմական հնարավորություն է ընձեռում Հայաստանին վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դերը, հեռանալ Մոսկվայի ազդեցության գոտուց եւ մոտենալ արեւմտյան դաշնակիցներին։

Այս տեղաշարժի լույսի ներքո Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է Հայաստանին ավելի մեծ ռազմական աջակցություն տրամադրեն՝ նպաստելով Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանը: Այդպիսով արեւմտյան տերությունները թույլ չեն տա Ռուսաստանին վերականգնել իր վերահսկողությունը եւ կվիճարկեն Ադրբեջանի միակողմանի ռազմական ճնշումը:

Նման աջակցությունը կնպաստի նաեւ Հայաստանի ռազմական բարեփոխումներին եւ կօգնի դառնալ տարածաշրջանային անվտանգության ինքնաբավ դերակատար։

Անցյալ գնումներ

Հայաստանը սկսեց ակտիվ զենք գնել 2016 թվականին՝ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմից հետո։ Այս հակամարտությունը, որի ընթացքում Բաքուն ռազմական գերազանցություն ցուցադրեց՝ ներմուծելով իսրայելական արտադրության հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ստիպեց Երեւանին պայմանագիր կնքել իր այն ժամանակվա ռազմավարական դաշնակցի՝ Մոսկվայի հետ: Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ Հայաստանը կարող էր զենք գնել ներքին գներով, իսկ բանակի համապատասխանեցումը ռուսական չափանիշներին պարզեցրեց սարքավորումների ինտեգրումը։ Ի նշան աջակցության՝ Մոսկվան տրամադրեց 200 մլն դոլարի վարկ՝ Հայաստանին հնարավորություն տալով ձեռք բերել ԲՄ-30 «Սմերչ» եւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր, «Իգլա-Ս» մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, «Ավտոբազա-Մ» էլեկտրոնային հետախուզական համակարգ եւ այլ զինամթերք։

Պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանը վերը նշված վարկային գծից դուրս Ռուսաստանից գնեց «Իսկանդեր-Է» հրթիռային համակարգեր: Մինչ 2020-ի պատերազմը Հայաստանը ձեռք էր բերել նաեւ չորս Սու-30ՍՄ կործանիչներ, թեեւ դրանք չունեին ժամանակակից ավիացիոն զինամթերք։ Պատերազմից առաջ մեկ այլ կարեւոր ձեռքբերում էին Tor-M2KM հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս գնումները պետք է լայնածավալ էսկալացիայի դեմ զսպող գործոն լինեին։

2010-2020 թվականներին, բացի ռուսական սպառազինությունից, Հայաստանը Հորդանանից ստացավ 35 «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգ եւ 40 մլն դոլարի պայմանագիր կնքեց Հնդկաստանի հետ չորս ժամանակակից «Swathi» հակահրետանային ռադարների համար, որոնք մատակարարվեցին 2021-ին: 2011-2020 թվականներին Ռուսաստանին բաժին էր ընկել Հայաստանի հիմնական սպառազինությունների ներմուծման 94 տոկոսը։

Պատերազմի հետեւանքները

2020 թվականի Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմը զգալիորեն փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հայաստանը մեծ կորուստներ կրեց, որոնց թվում, ըստ բաց Oryx բլոգի, 255 տանկ, 71 հետեւակի մարտական մեքենա, 250 քարշակային հրետանի, 29 ինքնագնաց հրետանային միավոր, 84 բազմակի հրթիռային համակարգ եւ 39 հակաօդային պաշտպանության համակարգ (ներառյալ մեկ S-300 դիվիզիոն եւ երկու Tor-M2KM համալիր), ինչպես նաեւ հարյուրավոր այլ զինատեսակներ: Չնայած լուրջ ապացույցներ կան, որ այս թվերն ուռճացված են, Հայաստանի զինված ուժերը ակնհայտորեն կարողությունների կորուստ են կրել։

Պատերազմի արդյունքում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց 1994 թվականից ի վեր վերահսկվող տարածքի 70 տոկոսը, իսկ մնացած տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Երեւանը Մոսկվային խնդրեց ռազմական հենակետեր ստեղծել հայ-ադրբեջանական նորաստեղծ սահմանին՝ խոցելի դարձնելով Երեւանը, որն այլեւս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէր: Ըստ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության՝ նոր ստատուս-քվոն նախատեսում էր, որ Հայաստանն իր տարածքով հաղորդակցություն է ապահովելու Ադրբեջանի համար։ Սա Բաքվի հաջորդ ռազմավարական նպատակն է, որին աջակցում է Թուրքիան. ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի տարածքով իր էքսկլավի հետ ուղիղ ցամաքային կապը, որը կվերահսկվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից:

Ադրբեջանը ռազմավարական դաշինք ձեւակերպեց Թուրքիայի հետ, որի հրամանատարական մակարդակով ներգրավվածությունը վճռորոշ էր 2020-ի պատերազմում։ 2021-ի հունիսին Բաքուն եւ Անկարան ստորագրեցին Շուշիի հռչակագիրը՝ պաշտպանական պայմանագիր, որը ներառում է փոխօգնության դրույթներ կողմերից մեկի վրա հարձակման դեպքում: Նրանց նպատակներից մեկն էլ Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ բացելն է։ Ադրբեջանը, օգտագործելով իր ռազմական, տնտեսական եւ քաղաքական առավելությունը, շարունակեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին, 2021-ի էսկալացիայի ժամանակ հայկական տարածքներ գրավեց, 2022-ի սեպտեմբերին երկօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ձեռք բերեց սահմանի երկայնքով ռազմավարական բարձունքներ, իսկ 2024-ին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածի «սահմանագծում եւ սահմանազատում» իրականացրեց ռազմական ճնշման ներքո։

Վերջին սրացումները բացահայտեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի անվտանգության մեխանիզմների անարդյունավետությունը։ Թեեւ 2020-ի պատերազմը կազմակերպության պատասխանատվությունից դուրս էր, հետագա հարձակումները պետք է արձագանք ստանային, քանի որ ուղղակիորեն Հայաստանի դեմ էին: Հայաստանը աստիճանաբար հեռացավ ՀԱՊԿ-ից՝ սառեցնելով իր անդամակցությունը եւ փոխարենը ընտրելով ԵՄ-ի դիտորդական առաքելությունը, որը ներկայում բաղկացած է 209 հոգուց եւ մանդատ ունի մինչեւ 2025-ի փետրվարը։

Նոր շուկաների որոնում

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համաձայնագրերի վերանայումը բխում է ոչ միայն նրանց դաշինքի նվազող ազդեցությունից, այլեւ գործող պայմանագրերով սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չմատակարարելուց: 2021-ի օգոստոսին Հայաստանն ու Ռուսաստանը Մոսկվայում զենքի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրեցին, որի արժեքը եւ պայմանները չմանրամասնվեցին։ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2023-ին բացահայտեց, որ պայմանագրի արժեքը 400 մլն դոլար էր։ Ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումներն ակտիվացան 2022-ի աշնանը՝ Հայաստանի վրա հարձակումից հետո։ Մեկ տարի անց՝ 2023-ի նոյեմբերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին վճարել է զենքի համար, բայց այդպես էլ այն չի ստացել։

Առաջարկվեցին տարբեր լուծումներ, այդ թվում՝ արդեն իսկ վճարված միջոցների օգտագործումը Հայաստանի պարտքի մի մասը դուրս գրելու համար։ Սակայն այս առաջարկները չլուծեցին հիմնական խնդիրը. Հայաստանը մնաց Ադրբեջանի ռազմական ճնշման ներքո՝ չստանալով սպառազինությունը, որի համար վճարել էր: Իրավիճակը վատթարացավ ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո եւ Հայաստանին դրդեց զենքի այլ շուկաներ փնտրել: Իրադարձությունների այս շրջադարձն ընդգծում է, որ ադրբեջանական ճնշմանը դիմակայելու համար Հայաստանն այլընտրանքային ռազմական մատակարարումներ գտնելու հրատապ կարիք ունի:

Հնդկաստան

2022 թվականից սկսած Հնդկաստանը դարձավ Հայաստան ռազմական տեխնիկայի ամենամեծ մատակարարը։ Մեր գնահատականներով, որոնք հիմնված են լրատվամիջոցների արտահոսքի վրա, պայմանագրերի ներկայիս փաթեթը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը։ Պատվերը ներառում է այնպիսի համակարգեր, ինչպիսիք են 245 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմակի արձակման հրթիռային համակարգը, 72 միավոր 155 միլիմետրանոց MARG-155 ինքնագնաց հրացանները, 155 միլիոն դոլար արժողությամբ 90 միավոր 155 միլիմետրանոց առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը, 720 մլն դոլարի Akash «երկիր-օդ» հրթիռները, 41 մլն դոլարի «Զեն» հակադրոնային համակարգերը, լիցենզավորված արտադրության «Konkurs-M» հակատանկային հրթիռները եւ այլ զինամթերք։


2024-ի ապրիլին հաղորդվեց, որ Հնդկաստանը Հայաստան է ուղարկելու իր առաջին ռազմական կցորդին։ Այս որոշումը կապված է երկու երկրների միջեւ աճող ռազմատեխնիկական համագործակցության հետ եւ նպատակ ունի առավել արդյունավետ լուծել հնարավոր տեխնիկական խնդիրները։ Բացի այդ, 2024-ին հայկական եւ հնդկական պատվիրակությունները ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը վերաբերում է վերապատրաստմանը եւ ինստիտուցիոնալ գործակցությանը։

Հատկանշական է, որ Հայաստանը գնել է 155 միլիմետրանոց հրետանի՝ ազդարարելով, որ խորհրդային 152 միլիմետր եւ 122 միլիմետր տրամաչափերից անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Ռազմավարական այս փոփոխությունը գրեթե անհնարին կդարձնի Ռուսաստանից հրետանային զենքի եւ զինամթերքի հետագա ձեռքբերումը, հատկապես հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում կրած ծանր կորուստներից հետո Հայաստանի պահեստներում սովետական զենքեր գրեթե չեն մնացել:

Երեւանի եւ Նյու Դելիի միջեւ զարգացող հարաբերությունները ռազմավարական շրջադարձ են, որոնք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը Մոսկվայից եւ ամրապնդելով նրա կապը ժողովրդավարական ուժերի հետ: Հաշվի առնելով երկու երկրների միջեւ աճող ռազմական կապերը՝ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերից է բխում ակտիվորեն աջակցել այս զարգացումներին՝ ի հակակշիռ ռուսական եւ ադրբեջանական ազդեցությանը:

Ֆրանսիա

Հայաստանի հիմնական սպառազինական պայմանագրերը Հնդկաստանի հետ են, սակայն ավելի շատ լուսաբանվում են ֆրանսիական զենքի մատակարարումները։ Դրանց թվում են Arquus-ի արտադրության 50 «Bastion» զրահամեքենաները, որոնցից 24-ը ժամանել են Հայաստան։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը ձեռք բերեց նաեւ երեք GM-200 ռադիոտեղորոշիչ կայան Thales-ից եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց փոքր հեռահարության «Mistral» հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման համար։ Բացի այդ, Հայաստանը ձեռք է բերել 36 միավոր 155 միլիմետրանոց «Caesar» ինքնագնաց համակարգեր, ինչը դարձյալ ցույց է տալիս, որ երկիրը մտադիր է ուժեղացնել իր հրետանային կարողությունները եւ անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Ֆրանսիայի աճող ներգրավվածությունը, հատկապես հայկական ուժերի վերապատրաստման եւ ռազմական ինստիտուտների բարեփոխման գործում, ցույց է տալիս Հայաստանի ռազմավարական նշանակությունը եվրոպական անվտանգության համար։ Շարունակելով խորացնել այս հարաբերությունները՝ Եվրամիությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը եւ ամրապնդել Հայաստանի անկախությունը Մոսկվայից։

Միացյալ Նահանգներ եւ այլ գործընկերներ

Առկա շփումներին զուգահեռ Հայաստանն ակտիվորեն նոր գործընկերներ է փնտրում անվտանգության ոլորտում։ Օրինակ՝ 2024-ի մարտին Հայաստանն ու Իտալիան ստորագրեցին ռազմական համագործակցության ամենամյա ծրագիրը։ Զարգանում է ռազմական ոլորտում երկխոսությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ, հետաքրքրություն կա Բուլղարիայի եւ Բելգիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Բացի այդ, 2024-ի հուլիսին Եվրամիությունն առաջին անգամ հավանություն տվեց 10 մլն եվրոյի ոչ մահաբեր զենքի ռազմական օգնությանը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում:


Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին նույնպես աճել է. 2023 եւ 2024 թվականներին հայկական հողի վրա երկու խաղաղապահ Eagle Partner զորավարժություններ են անցկացվել, ԱՄՆ-ն խորհրդատու է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ ընթացիկ բարեփոխումներին աջակցելու համար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է խաղաղապահ եւ քաղաքացիական գործողությունների վրա՝ ոչ մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներով: Երեւանը մնում է այն երկրների շարքում, որոնք ենթակա են երկակի նշանակության բաղադրիչների բազմաթիվ սահմանափակումների։

Վերջաբան

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է ընդլայնեն իրենց ռազմական աջակցության ծրագրերը եւ օգտվեն Հայաստանում ուժերի ռազմավարական վերադասավորումից։ Ավելի առաջադեմ վերապատրաստում, ռազմական տեխնիկա եւ երկակի օգտագործման տեխնոլոգիաների հասանելիություն տրամադրելով՝ արեւմտյան տերությունները կարող են կարեւոր դեր խաղալ Հայաստանի պաշտպանության գործում եւ նպաստել Հարավային Կովկասի կայուն խաղաղությանը։

2020 թվականից հետո Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծավալը կտրուկ փոփոխություն է Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հետ համեմատ։ 2022-ից ի վեր Հայաստանը գրեթե կրկնապատկել է իր պաշտպանական ծախսերը։ 2022-ին ռազմական բյուջեն կազմում էր մոտավորապես 700–800 մլն դոլար, 2024-ին այն հասել է 1,4-1,5 մլրդ դոլարի։ Նախկինում հայկական զինված ուժերի գնումների ավելի քան 90 տոկոսը բաժին էր ընկնում ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։ Այսօր մատակարարները հիմնականում Հնդկաստանն ու Ֆրանսիան են, իսկ հին պայմանագրերով ռուսական մատակարարումները հազիվ 5-10 տոկոս են կազմում:

Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարություն


Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է ընդունեն, որ ավելի անկախ եւ ռազմական առումով ավելի ունակ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հիմնաքարն է։ Արեւմուտքը կարող է հակակշռել ռուսական ազդեցությունը եւ մեղմել ադրբեջանական սպառնալիքները՝ մեծացնելով ռազմական աջակցությունը Հայաստանին եւ հասանելի դարձնելով կարեւորագույն տեխնոլոգիաները։ Սա ոչ միայն կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, այլեւ կնպաստի կայուն եւ բարգավաճ տարածաշրջանին։

Ներկայիս աշխարհաքաղաքական լանդշաֆտում Ռուսաստանն ու Ադրբեջանը կտրականապես դեմ են Հայաստանի պաշտպանական ընտրություն ունենալուն։ Ադրբեջանը ակտիվորեն հակադրվել է Ֆրանսիային եւ Հնդկաստանին, այդ թվում՝ աջակցելով անջատողական շարժումներին Ֆրանսիայի Անդրծովյան տարածքներում եւ ամրապնդելով կապերը Պակիստանի հետ։ Բաքուն նաեւ սպառնացել է Հայաստանին՝ մեղադրելով ռազմականացման մեջ։ Քանի որ 2020-ի նոյեմբերի հայտարարության 9-րդ հոդվածը Ռուսաստանի համար ներգրավված մնալու վերջին հնարավորությունն է, Երեւանը բախվում է Մոսկվայի եւ Բաքվի կրկնակի ճնշմանը։

Արեւմուտքի աճող ներգրավվածությունը Հայաստանի ռազմական բարեփոխումներին եւ գնումներին էական նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացման եւ Մոսկվայի վերահսկողությունը կանխելու համար: Հայաստանի ակտիվ վերազինումը կարող է ի վերջո հանգեցնել Բաքվի հետ ուժերի գոնե մասնակի հավասարակշռության՝ սահմանափակելով Ադրբեջանի միակողմանի ռազմական ճնշում գործադրելու հնարավորությունը։ Սա հիմք է ստեղծում երկարաժամկետ խաղաղության համար:

Ռազմական հզորությունը վերականգնելուց հետո Հայաստանը կարող է ինքնուրույն վերահսկել իր տարածքով անցնող հաղորդակցությունները։ Միացյալ Նահանգները եւ նրա արեւմտյան դաշնակիցները պետք է ավելի շատ աջակցեն Երեւանին, մասնավորապես՝ երկակի օգտագործման եւ ռազմական տեխնոլոգիաների հասանելիություն եւ խաղաղապահ գործողություններից դուրս վերապատրաստման հնարավորություններ տրամադրելով:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին