Բագրատ Սրբազան. Իշխանությունը չի հասկանում, որ եկեղեցին պետք է ասի ճշմարտությունը - Mediamax.am

1118 դիտում

Բագրատ Սրբազան. Իշխանությունը չի հասկանում, որ եկեղեցին պետք է ասի ճշմարտությունը


Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Թարգմանաբար ներկայացնում ենք Providence պարբերականում հրապարակված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցը:

***

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է ակնառու առաջնորդ, քանի որ գործող կառավարության նկատմամբ դժգոհությունը աճում է:

2024 թվականի մայիսից արքեպիսկոպոս Գալստանյանը երկրում հավատարիմ հետեւորդներ եւ պաշտամունքային կարգավիճակ ձեռք բերեց, իսկ Երեւանի փողոցներում հայտնվեցին նրա որմնանկարները։ Կանադայում եւ Միացյալ Թագավորությունում կրթություն ստացած արքեպիսկոպոսը դարձել է այս փողոցային ժողովրդական շարժման գլխավոր առաջնորդը:

- Ո՞րն էր քաղաքականության մեջ ներգրավվելու Ձեր դրդապատճառը եւ ո՞րն է Ձեր տեսլականը առաջիկա ամիսների եւ տարիների համար՝ ինչպես անձամբ Ձեր, այնպես էլ Հայաստանի համար:

- Չկա քաղաքական դրդապատճառ, մեծ հաշվով չկա քաղաքականություն, քանի որ այն, ինչ սկսել ենք, մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար է. մենք սկսել ենք այս շարժումը որպես հոգեւոր, բարոյական, էթիկական ցուցադրություն՝ վերականգնելու մեր ներքին կյանքը, որն այժմ լի է թշնամանքով եւ ատելությամբ։ Հասարակությունն, ընդհանուր առմամբ, անկում է ապրում։ Որպես հոգեւոր մարդ, որպես հոգեւորական՝ դա էր իմ հիմնական մտահոգությունն ու անհանգստությունը։

Այս ողջ գործընթացը դեգրադացիա է, եւ իմ նպատակն էր բարձրաձայնել եւ ավելի հզոր կերպով ցուցադրել մեր անհամաձայնությունը այն քաղաքականության հետ, որը կառավարությունն իրականացրել է եւ մերկացնել Հայաստանում իշխանության ղեկին գտնվողների խաբեությունն ու բարոյական դիրքորոշումը։

Երկրորդը նպատակն էր պաշտպանել մարդկանց իրավունքներն ու սահմանադրությունը, որը բազմիցս խախտվել է։ Ի վերջո, այն (շարժումը) դեմ էր, այսպես կոչված, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, որն արվեց ի հակառակ Հայաստանի սահմանադրության, առանց միջազգային երաշխավորների կամ միջնորդների։ Իրականում դա Ադրբեջանի կողմից բռնի ուժով իրականացված գործընթաց էր։

Մենք ցանկանում էինք պաշտպանել մեր իրավունքների իրավական կողմը եւ Հայաստանի սահմանադրությունը։ Այսպիսով, այս ամբողջ շարժումը, ինչպես ես բազմիցս նշել եմ, ունի երկու շերտ:

Նախ, դա բարոյական, էթիկական եւ հոգեւոր շերտն է, իսկ երկրորդը՝ իրավական շերտը. այդ նպատակով ես փողոց դուրս եկա ոչ որպես քաղաքական առաջնորդ, այլ որպես մարդ, որը զգաց, որ այս միջավայրը սպառնում է մեր ազգային ինքնությանը, մեր ամբողջականությանը եւ մեր կենսագրությանը:

Ի վերջո, մենք  բազում դժվարությունների ու տառապանքների միջով ենք անցել, բազմաթիվ ընկերներ ենք կորցրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, Արցախը, ուստի մեր կյանքում ամեն ինչ տակնուվրա է եղել։ Այդ պատճառով ես շեշտում, ընդգծում եմ, որ սա քաղաքական շարժում չէ։

Արեւմուտքի համար պետք է շատ, շատ պարզ լինի, որ մեր շարժման մեջ քաղաքականություն չկա: Թեեւ լուծումները ի վերջո պետք է քաղաքական լինեն, շարժումն ինքնին քաղաքական չէ. այն միտված է բարոյական, հոգեւոր եւ ազգային ինքնության վերականգնմանը։

- Ինչպիսի՞ն պետք է լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան, եւ ի՞նչ է պետք անել դա իրականություն դարձնելու համար:

- Նախ պետք է նկատի ունենալ, որ հարաբերություններ չկան, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ չկան։ Դա պահանջների ուժային թելադրանք է, որն առաջ է քաշում Ադրբեջանը։ Հայաստանը խոնարհ եւ հավատարմորեն ընդունում է այն ամենը, ինչ գալիս է Ադրբեջանից։ Այնպես որ բանակցություններ չկան, սա պետք է ճշգրտել, անհրաժեշտ է հստակ ըմբռնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ չկան, դա ընդամենը նմանակում է։ Մենք ասում ենք, որ պետք է վերականգնել իրական բանակցային գործընթացը միջազգային միջնորդների կամ երաշխավորների հետ, մենք պետք է ներկա լինենք Հայաստանի եւ Ադրբեջանի յուրաքանչյուր խոսակցությանը։

Հայաստանն այս պահին բանակցային սեղանի շուրջ չէ, Հայաստանը բանակցային սեղանին է, Հայաստանը ձայն չունի, Հայաստանը գործոն չէ այս բոլոր խոսակցություններում, այսպես կոչված բանակցություններում, այլ ուղղակի շատ ջանասիրաբար կատարում է այն, ինչ պարտադրում է Ադրբեջանը կամ այլ տերությունները, եւ այդ պատճառով է մենք ասում ենք, որ իրական բանակցություններ՝ իրենց իրական իմաստով, պետք է սկսվեն, վերականգնվեն, եւ կան կետեր, որոնք պետք է ընդգրկվեն այդ բանակցություններում։

Նախ՝ մարդկանց վերադարձի հարցը Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ։

Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Երկրորդը կետը մարդասիրական է. Բաքվի բանտերում բազմաթիվ հայեր կան, ռազմագերիներ:

Երրորդ կետը իրական եւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունն է՝ որոշակի պայմաններով եւ կետերով, որոնք կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր կողմերի շահերին։ Այն, ինչ կատարվում է հիմա, բացարձակապես անընդունելի է. Ի վերջո, մենք ապրում ենք մի միջավայրում, որն այնքան էլ բարեկամական չէ Հայաստանի նկատմամբ՝ ադրբեջանական եւ թուրքական պահանջների ներքո։ Ամեն օր նրանք մեծ ու փոքր պահանջներ են ներկայացնում՝ ընդհուպ մինչեւ ՀՀ ներքաղաքական կյանքում ներգրավվելը կամ Հայաստանի սահմանադրության կամ սահմանադրության որոշ կետերի փոփոխությունը։ Դա չի ծառայի Հայաստանի, ինչպես նաեւ հարեւան երկրների եւ հարեւան ժողովուրդների շահերին։

Մենք առաջարկում ենք երկարատեւ խաղաղություն եւ վստահելի հարաբերություններ: Հայաստանի կառավարությունը պետք է շատ ըմբռնող եւ թափանցիկ լինի միջազգային հարաբերություններում, ինչն այժմ այդպես չէ ։

- Մեջբերելու եմ Ձեր խոսքերը Քոնքորդիա համալսարանի Ձեր մագիստրոսական թեզից. «Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում շրջադարձային կետ էր առողջապահության ոլորտում»։ Հետեւաբար, կցանկանայի հարցնել՝ ինչպե՞ս եք տեսնում եկեղեցու եւ պետության հարաբերությունները։

- Հայկական դեպքը ինչ-որ առումով եզակի է եկեղեցու եւ պետության հարաբերությունների առումով, քանի որ Հայաստանում քրիստոնեության ընդունումը սկսվեց եկեղեցու եւ պետության սերտ համագործակցությամբ, փոխադարձ խորը ըմբռնմամբ ու փոխհարաբերությամբ, թեեւ եկեղեցին չձեւավորվեց դասական ձեւով: Քրիստոնեությունն ընդունվեց պետության թագավորի ներգրավմամբ եւ կաթողիկոսի, ասենք՝ եկեղեցու հետ համագործակցությամբ, որը այն ժամանակ դեռ չէր ձեւավորվել, ուղղակի սկսվել է որպես հոգեւոր շարժում, հետո դարձել (ինչպես նկարագրել է 5-րդ դարի մեր պատմիչներից մեկը) մեր մաշկի գույնը:

Մի ասացվածք կա, որ 4-րդ դարում Հայաստանը դարձավ քրիստոնյա, իսկ մեկ դար անց Հայաստանում քրիստոնեությունը դարձավ Հայաստան. այն դարձավ մեր ինքնության անբաժանելի մասը, հետեւաբար եկեղեցի-պետություն հարաբերության հայկական ընկալումը յուրահատուկ է։

Այնպես չեղավ, ինչպես Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, կամ Ֆրանսիական հեղափոխությունից առաջ․ընդհանուր առմամբ քրսիտոնեությունը, ինչպես բազմիցս նշել եմ, դարձավ մեր ինքնության անբաժանելի, անքակտելի մասը։ Եկեղեցու եւ պետության հարաբերությունները դարերի ընթացքում այնքան էլ խաղաղ չեն եղել։ Բազմաթիվ թյուրիմացություններ են եղել, բազմաթիվ հակասություններ, բայց երկար ժամանակ եկեղեցին առաջնորդել է ոչ միայն հոգեւոր կամ կրոնական, այլ նաեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցերում, եւ հիմնականում ստանձնել է պետության դերը։ Այսօր՝ Հայաստանի անկախացումից հետո, սահմանադրությունը ճանաչում դա եւ հատկապես նշում, որ եկեղեցին անչափ կարեւոր դեր է խաղացել մշակութային եւ ազգային ինքնությունը վառ պահելու գործում, դարձել դրա փարոսն ու պաշտպանը։ Մեր սահմանադրության մեջ դա արձանագրված է, ուստի պետությունը ճանաչում է դարերի ընթացքում եկեղեցու կարեւոր դերը։

Գալով եկեղեցու եւ պետության ժամանակակից հարաբերություններին՝ մենք ասում ենք, որ եկեղեցին չունի քաղաքական շահ, դրդապատճառ կամ հավակնություն, բայց եկեղեցին խոսում է ճշմարտության մասին՝ նշելով այն բոլոր ձախողումները, որ կառավարությունը (ոչ թե պետությունը) կատարում է հենց հիմա եւ որը բացարձակապես հակասում է մեր ժողովրդի ազգային, մշակութային եւ հոգեւոր, ինչպես նաեւ քաղաքական ու սոցիալական շահերին: Եկեղեցին պետք է խոսի այդ մասին, քանի որ այն մեր ազգի բարոյական, էթիկական հենասյունն է՝ անկախ նրանից, թե որքան մեծ բռնաճնշում, հարձակում կա եկեղեցու վրա։

Իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ եկեղեցին՝ առանց քաղաքականության մեջ ներգրավվելու կամ քաղաքական հավակնություն ունենալու, պետք է ասի ճշմարտությունը եւ չթաքցնի այն, դա իր էության մի մասն է․ ի վերջո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պահանջն էր ճանաչել ճշմարտությունը, որը կազատի մեզ, կազատագրի։ Մենք ընդամենը խոսում ենք ճշմարտության, անընդունելի պահվածքի, ձախողված քաղաքականության, մասին, որը բացարձակապես հակասում է մեր պետության եւ մեր ժողովրդի շահերին։

- Խնդրում եմ անդրադառնաք Արեւմուտքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ որքանո՞վ է այդ հարցը կարեւոր հայ ժողովրդի համար:

- Ցեղասպանության ճանաչումն այն խնդիրներից է, որն Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են հանել Հայաստանի ազգային օրակարգից։

Դա այն կետերից մեկն է, որն արձանագրված է ոչ միայն սահմանադրության մեջ, այլեւ Հայաստանի անկախության հռչակագրում։ Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կենտրոնացած են այդ հարցի վրա, քանի որ գիտեն, որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերը փորձում են համախմբվել, դա մեզ համար դարձել է գաղափարական խնդիր։ Ոչ միայն արդարության վերականգնման եւ հատուցման հարց, այլեւ գաղափարական խնդիր. սա երբեք, երբեք չպետք է կրկնվի:
Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Իմ ասածը դա է՝ երբեք, այլեւս երբեք։ Մենք անցել ենք տառապանքների, ցեղասպանության, աղետների միջով, այն բոլոր ողբերգությունների միջով, որոնք կարող էին պատուհասել ազգին, այդ ամենի միջով մենք անցել ենք: Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն արեւմտյան երկրների, այլեւ ամբողջ աշխարհի կողմից. դա միայն հայերի համար չէ, դա մարդկային արդարությունը վերականգնելու համար է, ոճիրը մարդկության դեմ էր, ինչպես բազմիցս նշվել է միջազգային հանրության կողմից եւ ինչպես վերջին անգամ նշել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. սա ոճիր է ոչ միայն կոնկրետ ազգի, այլ մարդկության դեմ։

Առանց Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչման միջազգային հանրությունը բացում է դռները իրավունքների ոտնահարման եւ ցեղասպանությունների առջեւ։ Ճանաչումը ոչ միայն հայերի, այլեւ ողջ մարդկային ցեղի համար է։ Երբ դա հերքվում է… դա պետք է պատշաճ հետեւանքներ ունենա այլ ազգերի, մարդկության համար․ այն շատ կարեւոր է ճանաչել, բայց Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է ծառայի այս երկրների, ազգերի կամ պետությունների քաղաքական երկրորդական շահերին։ Մենք միամիտ չենք. հասկանում ենք, որ արդարությունը բացարձակ արժեք չէ աշխարհում։ Մենք դա գիտենք, բայց երկակի ստանդարտներն անընդունելի են։

- Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ինչպե՞ս կարող է Հայաստանը հաշտեցնել անդամակցությունն ԵՄ-ին ու բարեկամությունը Ռուսաստանի հետ։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմադրել Ռուսաստանի չարամիտ մտադրություններին տարածաշրջանում:

- Առաջին հերթին, Հայաստանը պետք է բոլոր միջազգային դերակատարների հետ ունենա «կողմ», ոչ թե «դեմ» հարաբերություններ, քանի որ Հայաստանը չի կարող գոյատեւել աշխարհաքաղաքական հակամարտությունների միջավայրում: Մինչեւ 2018 թվականը Հայաստանի իշխանությունը ամեն ջանք գործադրում էր Ռուսաստանի, Եվրամիության եւ արեւմտյան տերությունների հետ հարաբերություններում ճիշտ հավասարակշռություն ունենալու համար։ Քաղաքական հարաբերությունները չափազանց հավասարակշռված էին. Հայաստանը մնում էր Ռուսաստանի դաշնակից, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու պայմանավորվածություն կար, թեեւ Հայաստանը անդամ չէր, կար CEPA փաթեթը, որը վերաբերում էր ԵՄ-ի հետ տնտեսական զարգացմանը։ Հավասարակշռված, ինչպես մենք ասում էինք՝ «կոմպլեմենտար հարաբերություններ» էին:

Հայաստանը պետք է վերադառնա դրան՝ ԵՄ-ի CEPA-ի փաթեթով հատուկ հարաբերությանը, որն առաջ քաշվեց 2016-ին կամ 17-ին։ Դա շատ ինտենսիվ համաձայնագիր էր, ուստի Հայաստանը պետք է վերադառնա իր ավանդական դիրքորոշմանը։

Շատ, շատ, շատ կարեւոր է (նշում եմ երեք անգամ), որ այս միջազգային հարաբերությունների առանցքում Հայաստանն ունենա սեփական օրակարգը։

Մենք ունենք հարեւան Իրանը՝ չափազանց բարեկամական երկիր, որի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց մյուս կողմից գիտենք, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ կան արեւմտյան երկրների կամ արեւմտյան տերությունների կողմից: Գիտենք, որ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները լավ չեն։ Իրանը հայերիս համար շատ կարեւոր եւ բարեկամական, հարեւան երկիր է։
Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Այնպես որ, Հայաստանն այս բոլոր հարաբերություններում պետք է ունենա իր ազգային օրակարգը՝ չծառայելով այս կամ այն աշխարհաքաղաքական շահերին։

- Դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է ունենալ սեփական շահերը, որպես Եվրամիության անդամ:

- Ես կարծում եմ, որ Հայաստանը դեռ երկար, երկար ժամանակ չի լինելու Եվրամիության անդամ. կա Ուկրաինայի դեպքը, կա Վրաստանի դեպքը։ Անչափ վտանգավոր է դառնալ նոր Վրաստան կամ նոր Ուկրաինա։ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրամիության եւ բոլոր դերակատարների, բոլոր ուժերի հետ։ Հայաստանը չի կարող ունենալ միակողմանի, հակաքաղաքական կողմնորոշում։

- Երբ ամռանը Երեւանում էի, մեքենայով անցա նախագահ Բայդենի նկարով եւ շնորհակալական ուղերձով վահանակի կողքով, ուստի կուզենայի հարցնել. Թրամփ, Հարիս, Բայդեն՝ Հայաստանի բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ:

- Չգիտեմ, իրոք չգիտեմ։ Ես քաղաքական վերլուծական միտք չունեմ, չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել։

Ես միայն կարող եմ ենթադրել, որ պետք է լինի այն, ինչ լավ է Ամերիկայի համար: Ամերիկան հզոր տերություն է, ունի իր սեփական քաղաքական ծրագրերն ու քաղաքականությունը, ինչպես նշել էի ավելի վաղ: Մեր առաքելությունն է լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ՝ անկախ նրանից, թե ով է նախագահը, որովհետեւ Ամերիկայի [ներքին] քաղաքականության մեջ նախագահը շատ կարեւոր դեր ունի, բայց ամբողջ մեխանիզմը, համակարգը գործում է, ուստի, իմ կարծիքով, որեւէ էական փոփոխություն չի լինի։

Միգուցե ներքին փոփոխություններ լինեն՝ տնտեսական, միգուցե կլինի փոփոխություն, որը շատ առողջարար է աշխարհի համար, քանի որ ամերիկյան տնտեսությունն ազդում է աշխարհի վրա, ազդում է աշխարհի տնտեսական միտումների վրա: Բայց արտաքին քաղաքականության մեջ՝ արտաքին հարաբերություններում, չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինի, համենայն դեպս որեւէ լուրջ փոփոխություն։

Եվ վերջում մի նկատառում, որը, կարծում եմ, շատ կարեւոր է, ես գրել եմ դրա մասին իմ էսսեներից մեկում։ Կա հիմնական արժեք՝ ամերիկյան մեսիականությունը՝ փրկել աշխարհը, փրկել այսպես կոչված ժողովրդավարությունը։ Բայց ո՞ր ժողովրդավարությունը, ինչպիսի՞ ժողովրդավարություն, ինչպիսի՞ դեմոկրատիա. երբեմն դեմոկրատիա է հաստատվում ուժով, օրինակ՝ Իրաքի, Մերձավոր Արեւելքի դեպքում, եւ այդպիսով կա համակարգի հիմնական արժեքը՝ ամերիկյան մեսիականությունը, ձգտումը փոխել աշխարհը ըստ իրենց ընկալումների եւ ըմբռնումների:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին