Հայաստանի վերակողմնորոշումը, պատմական զուգահեռներն ու Պուտինի հնարավոր վրեժը - Mediamax.am

1131 դիտում

Հայաստանի վերակողմնորոշումը, պատմական զուգահեռներն ու Պուտինի հնարավոր վրեժը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Armenia’s Reorientation Not Unique, Yet Critics Refuse to Recognize It հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Թերևս, Հայաստանի հանդեպ ատելությունն է կուրացնում նրանց կամ, ավելի հավանական է, Ադրբեջանին գոհացնելու ցանկությունը՝ դեսպանատան, կառավարության կամ պետական նավթային ընկերության հետ սերտ կապերով զուգորդված: Մտավոր տեսանկյունից, սակայն, այն գաղափարը, որ երկրները, վարչակարգերն ու նույնիսկ առաջնորդները փոխում են կողմնորոշումը կամ դաշինքները, ո՛չ նոր է, ո՛չ էլ զարմանալի: Դա, ի վերջո, դիվանագիտության նպատակն է։

Ամեն մի վերակողմնորոշում չէ, որ լավ է Միացյալ Նահանգների համար: Չին կոմունիստների հեղափոխությունից մեկ տասնամյակ առաջ, որի արդյունքում նրանք Չինաստանում վերահսկողություն հաստատեցին, Մաո Ցզեդունն ուսումնասիրեց ամերիկյան պատմությունը, փառաբանեց Ջորջ Վաշինգթոնին եւ համարեց, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարող են համագործակցել Ճապոնիային հաղթելու համար: Նա շրջվեց Վաշինգթոնի դեմ եւ միացավ չինացի կոմունիստներին, երբ Ճապոնիայի նկատմամբ ամերիկյան իրական քաղաքականությունը տեսնելով՝ եզրակացրեց, որ չի կարող վստահել Միացյալ Նահանգներին: Այնուամենայնիվ, Մաոյի կողմից Չինաստանի Ժողովրդական հանրապետության հիմնադրումից ավելի քան երկու տասնամյակ անց, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը օգտվեց Խորհրդային Միության նկատմամբ Վաշինգտոնի եւ Պեկինի կասկածներից եւ դրդեց մերձեցման, որը ստիպեց ԱՄՆ-ին ճանաչել կոմունիստական Չինաստանը:

Չինաստանը դիվանագիտության եւ համաշխարհային իրադարձությունների միակ օրինակը չէ, որ հանգեցրեց հանկարծակի վերակողմնորոշման: Նյու Յորքում կայացած Հայաստանի կիրառական քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի ֆորումում Ատլանտյան խորհրդի անդամ Ջոն Հերբսթը Հայաստանի վերակողմնորոշումը համեմատեց կես դար առաջվա Օգադենի հետ: Համեմատությունը խորաթափանց էր։

1974 թվականի սեպտեմբերի 12-ին Դերգը՝ մարքսիստ զինվորական սպաների խումբը, գահընկեց արեց կայսր Հայլե Սելասիեին՝ Եթովպիան ավելի քան 700 տարի ղեկավարած դինաստիայի ղեկավարին։ Նրանք «կարմիր ահաբեկչություն» սկսեցին եւ ԱՄՆ հովանավորությունը փոխարինեցին Խորհրդային Միության աջակցությամբ: Խորհրդային առաջնորդները, որոնք մինչ այդ Սոմալիին համարում էին տարածաշրջանում իրենց գլխավոր դաշնակիցը, հույս ունեին, որ Եթովպիան ու Սոմալին կարող են կոմունիստական համադաշնություն ստեղծել: Բայց այդպես չեղավ: 1977 թվականի հուլիսին Սոմալիի դիկտատոր Սիադ Բառեն Մոսկվայի կամքին հակառակ ներխուժեց Եթովպիայի սոմալիաբնակ Օգադեն շրջան: Երբ սովետները հրաժարվեցին աջակցել նրան, նա փոխեց Սոմալիի դիրքորոշումը Սառը պատերազմում: Մոսկվա պետական այցից, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի կողքին կոմունիստական հեղափոխություն քարոզելուց ընդամենը մի քանի տարի անց Բառեն նստած էր Օվալաձեւ գրասենյակում Ռոնալդ Ռեյգանի հետ:

Բերբերայի օդանավակայանը, որը խորհրդային ինժեներները կառուցել էին 1970-ականների կեսերին՝ Խորհրդային Միության ամենածանր ռմբակոծիչներն ընդունելու համար, մեկ գիշերվա մեջ դարձավ Ամերիկայի ներկայության գոհարը Աֆրիկայում:

Սոմալին երբեք լավ դաշնակից չի եղել. ցեղասպան բռնապետությունները երբեք այդպիսիք չեն լինում։ Նմանապես, եթե հետադարձ հայացք նետենք, Թայվանը քավության նոխազ դարձնելը խելամիտ որոշում չէր: Քիսինջերի ջանքերը Մերձավոր Արեւելքում, սակայն, ավելի դրական էին: Եգիպտոսը ամենահզոր եւ ամենաբնակեցված արաբական պետությունն էր եւ վերահսկում էր Սուեզի ջրանցքը: Երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը եկավ Սպիտակ տուն, Եգիպտոսը սովետների ամուր դաշնակիցն էր: Երբ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը ազգայնացրեց Սուեզի ջրանցքը, նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերը աջակցեց Եգիպտոսի արաբ ազգայնական վարչակարգին ընդդեմ Իսրայելի, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության՝ իրական քաղաքականության՝ «ռեալ պոլիտիկ» պատճառներով. Մերձավոր Արեւելքում արաբներն ավելի շատ էին, քան հրեաները:

Իսրայելը լիզեց իր վերքերը եւ նահանջեց, բայց Էյզենհաուերի խաղադրույքը գրեթե ոչնչացրեց ՆԱՏՕ-ն՝ նախքան դրա գոյությունը: Ոչ էլ Վաշինգտոնը արաբ ընկերներ ձեռք բերեց երկու տարի անց՝ լիբանանյան ճգնաժամի ժամանակ: Նասերը շարունակեց ուղարկել եգիպտացիներին Խորհրդային Միություն սովորելու եւ խորհրդային զենք գնել: 1971-ի մայիսի 27-ին Նասերի իրավահաջորդ Անվար Սադաթը եւ Գերագույն խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգորնին Խորհրդա-եգիպտական բարեկամության եւ համագործակցության պայմանագիր ստորագրեցին: Այն երկար կյանք չունեցավ։ Եգիպտոսը չեղյալ հայտարարեց պայմանագիրը 1976-ին եւ վտարեց սովետական խորհրդականներին՝ ի վերջո նրանց փոխարեն ընդունելով ամերիկացիներին: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Եգիպտոսը խորհրդային դաշնակցից վերածվեց ամերիկյան քաղաքականության հենասյունի:

Հայաստանի վերակողմնորոշումը նույնպես եզակի չէ, եւ այն չի սկսվել 2018 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Ավելի վաղ էլ Հայաստանը փորձում էր հավասարակշռություն գտնել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: 2008-ին Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի զորավարժությունները, թեեւ Գյումրիում դեռ ռուսական զորքեր կային: 2014-ի հունվարին հայ խաղաղապահները ԱՄՆ բանակի հետ վարժանքներ անցկացրին Գերմանիայում, որպեսզի նախապատրաստվեն Կոսովոյի (KFOR) առաքելությանը։ 2011-ին Հայաստանը եռապատկեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում (ISAF) իր զորախումբը՝ դրա անդամների թիվը հասցնելով 130-ի։ Սա նշանակում էր, որ Հայաստանի ներդրումը մեկ շնչի հաշվով չորս անգամ գերազանցում էր Թուրքիայինը եւ տաս անգամ՝ Ֆրանսիայինը։

Լուսանկարը` Kremlin.ru


Եթե հայերն ավելի հաճախ են նայում դեպի Արեւմուտք, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրենից բացի ոչ ոքի չի կարող մեղադրել՝ հաշվի առնելով նրա բազմակի դավաճանությունը, որը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուն: Վաշինգտոնը կարող է գոհանալ Հայաստանի վերակողմնորոշումից, հատկապես երբ Փաշինյանը 2022-ի նոյեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովում նսեմացրեց Պուտինին՝ հրաժարվելով ստորագրել եզրափակիչ հռչակագիրը, եւ երբ չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում։

Հայերն իրավունք ունեն քննարկել՝ արդյոք այս շրջադարձը չափազանց կտրուկ չէ՞՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից երաշխիքների բացակայությունը եւ հավանականությունը, որ Պուտինը վրեժխնդիր կլինի Հայաստանից, եթե Ուկրաինայում հաղթանակ տանի: Վերլուծաբանները ճիշտ են նաեւ, որ Ադրբեջանի շրջադարձը դեպի Ռուսաստան եւ Իրան տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Հայաստանը թեքվեց դեպի Արեւմուտք: Այնուամենայնիվ, փաստերին հակասող ու անազնիվ է մանտրան, որը կրկնում են Վաշինգտոնի որոշ շրջանակներ, այն է՝ որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում է: Սա խոսում է կա՛մ պատմությունից եւ համաշխարհային գործերից խոր անտեղյակություն, կա՛մ այլ պատճառներ ունեցող անազնվության մասին:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին