Ներկայացնում ենք «Կոմերսանտ» պարբերականի Совсем не Бюльбюль հոդվածի հայերեն թարգմանությունը:
Սերգեյ Ստրոկան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել Ռահման Մուստաֆաեւին, որը կփոխարինի Փոլադ Բյուլբյուլ օղլուին։
Ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը ավելի քան 18 տարի գլխավորած հնաբնակի իրավահաջորդը, կարծես, նրա հակապատկերն է։ Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի հայտնի մշակութային գործչի, դեսպան Մուստաֆաեւը ադրբեջանական դիվանագիտության առաջնորդների նոր սերնդին է պատկանում։ МГИМО-ն ավարտելուց հետո (ինչպես նախագահ Ալիեւը) նա աշխատել է մի շարք եվրոպական երկրներում, որոնց հետ Ադրբեջանը կամ կարեւոր տնտեսական նախագծեր ուներ, կամ հակասական հարաբերություններ։ Նա բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Արեւմուտքին՝ վերջինիս մեղադրելով Բաքվի վրա ճնշում գործադրելու եւ Հարավային Կովկասում խաղաղ կարգավորումը խաթարելու մեջ։
Ռահման Մուստաֆաեւը մեկ տարի առաջ է նշել 60-ամյակը։
Խորհրդային դիվանագետի որդի Մուստաֆաեւը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) 1985 թվականին: Դրանից երեք տարի առաջ դիվանագիտական կադրերի համամիութենական դարբնոցի դիպլոմ էր ստացել Ադրբեջանի ապագա նախագահ Իլհամ Ալիեւը։
Ռահման Մուստաֆաեւի առաջին պաշտոնական գործուղումը ԽՍՀՄ տարիներին էր՝ նա նշանակվել էր Սուդանում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։ Խորհրդային միության փլուզումից եւ անկախ ադրբեջանական պետության ստեղծումից հետո, Մուստաֆաեւը տեղափոխվել էր Բաքու, որտեղ մի քանի տարի աշխատել էր պետական գերատեսչություններում, ինչպես նաեւ տարբեր պաշտոններ էր զբաղեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ռահման Մուստաֆաեւի հետագա դիվանագիտական կարիերայի մեծ մասն անցել է Եվրոպայում՝ Հունաստան, Ալբանիա, Վատիկան, Ֆրանսիա, Նիդեռլանդներ:
Եվրոպայում նրա աշխատելու տարիներին Ադրբեջանի եւ Հին աշխարհի երկրների հարաբերություններում հաճախ ճգնաժամային իրավիճակներ էին ստեղծվում, եւ դեսպան Մուստաֆաևը ստիպված էր լինում դիվանագիտական ճակատի մարտիկ դառնալ՝ կոշտություն դրսեւորելով ազգային շահերը պաշտպանելիս:
Այսպես, 2016 թվականին նա մեղադրել էր Հունաստանի էներգետիկայի նախարար Փանոս Սկուրլետիսին Ադրբեջանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եւ հունական DESFA ընկերության սեփականաշնորհման մասին սխալ տեղեկություններ տարածելու մեջ, ինչպես նաեւ պահանջել էր ավելի բարենպաստ պայմաններ ապահովել TAP նախագծում ադրբեջանցի ներդրողների համար։
Ֆրանսիայում նրա նշանակումը համընկավ 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման գործընթացի մեկնարկի հետ, որում անընդհատ հետընթացներ էին լինում։
2022 թվականի սեպտեմբերին Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել հայկական սփյուռքի արմատական ներկայացուցիչների կողմից։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Ռահման Մուստաֆաեւը հայտարարել էր. «Պարոն Էմանյուէլ Մակրոնը խայտառակություն է Ֆրանսիայի համար, որը չի պաշտպանում դեսպանատները եւ հոգ չի տանում մեր անվտանգության մասին»։ Նա ֆրանսիական իշխանություններից պահանջել էր միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, իրավական գնահատական տալ, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, փոխհատուցել դիվանագիտական առաքելությանը պատճառված վնասը եւ այն վերցնել ոստիկանության շուրջօրյա պաշտպանության ներքո։
2022 թվականից Ռահման Մուստաֆաեւը միաժամանակ զբաղեցնում էր Նիդերլանդների Թագավորությունում եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ադրբեջանի դեսպանի պաշտոնը: Նիդեռլանդներում նոր սկանդալներ եղան, այս անգամ՝ կապված երկրի խորհրդարանի կողմից մի քանի հակաադրբեջանական բանաձեւերի ընդունման հետ։
«Արեւմտյան ժողովրդավարությունը եւ պառլամենտարիզմը արդարության եւ օբյեկտիվության հոմանիշ չեն: Խոսքը վերաբերում է առաջին հերթին Նիդեռլանդների խորհրդարանին, որն իր առջեւ նպատակ չի դնում նպաստել Հարավային Կովկասի արդար հետկոնֆլիկտային կարգավորմանը: Այն լուծում է երկակի խնդիր՝ զսպել Ադրբեջանին, որը վարում է անկախ քաղաքականություն, արագորեն կշիռ ու ազդեցություն է ստանում աշխարհում, ստեղծել անբարենպաստ արտաքին միջավայր մեր երկրի շուրջ»,- ասել էր դեսպան Մուստաֆաեւը՝ դատապարտելով Նիդերլանդներին «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապակառուցողական մոտեցման համար»։
Այսպիսով, Մոսկվա մեկնող պոլիգլոտ դիվանագետը, ով բացի իր մայրենի ադրբեջաներենից եւ ռուսերենից տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, հունարեն եւ արաբերեն լեզուներին, «Սառը պատերազմ՝ 2.0»-ի պայմաններում Ռուսաստանի ԱԳՆ իր գործընկերների հետ խոսելու է նույն լեզվով։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: