Ներկայացնում ենք The Jewish Chronicle պարբերականում հրապարակված Armenia’s hidden Jewish cemetery tells a story of peaceful co-existence հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջանլուկա Չեչերե
Օգոստոսին Երեւանում փչում է ջերմ զեփյուռը՝ պարուրելով քաղաքը տապի եւ փոշու ծածկոցի մեջ, որը կարծես կանգնեցնում է ժամանակը: Ճանապարհը, որը տանում է լեռնային Վայոց ձոր շրջանի Եղեգիս կոչվող փոքրիկ գյուղը, գալարվում է բլուրների ու լեռների միջով, ոլորվում կտրուկ շրջադարձերի ու քարուքանդ ասֆալտի հատվածներով։
Թվում է՝ բնապատկերը քանդակված է ժայռերից, խոտածածկ լանջերից ու ծառերի մեջ ծպտված առվակներից: Հայաստանում ճամփորդելը հաճախ նշանակում է դարուփոս արահետներ հաղթահարել, եւ այս ճանապարհը բացառություն չէ:
Եղեգիսը Երեւանից մոտ 96 կիլոմետր դեպի հարավ է, շրջան, որը հայտնի է իր խորդուբորդ, բայց գեղատեսիլ բնատեսարաններով, որտեղ ամեն քար իր պատմություն է պատմում: Խաղաղ թվացող այս փոքրիկ գյուղը կրում է երկար պատմության բեռը՝ միահյուսված վաղնջական քարավանային ուղիների հետ, որոնք կապում էին Արեւելքն ու Արեւմուտքը: Արարատյան դաշտին մոտ լինելու եւ Իրանի սահմանից համեմատաբար փոքր հեռավորության շնորհիվ Եղեգիսը դարեր շարունակ եղել է մշակութային եւ առեւտրային խաչմերուկ: Բացի վաճառականներից, այստեղ հանդիպում ու միախառնվում էին կրոններ, ժողովուրդներ ու մշակույթներ՝ ստեղծելով մարդկային փորձառությունների եւ փոխանակումների խճանկար, որը ձեւավորեց այս տարածաշրջանի բնույթը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը բռնկվեց 1990-ականներին Խորհրդային Միության փլուզման ժամանակ, խոր վերքեր է թողել Եղեգիսում: Գյուղը, որը մինչ այդ ուներ զգալի ադրբեջանական բնակչությունն, դարձավ տարածաշրջանը ավերած էթնիկ բռնության խորհրդանիշ: Ադրբեջանցիները ստիպված լքեցին իրենց տները՝ հետեւում թողնելով համակեցության անցյալը, որը կարծես հավերժ կորսված է: Նորագույն պատմության այս շերտը համընկնում է հնի հետ՝ Եղեգիսին հաղորդելով միահյուսված հիշողությունների ոգի, որտեղ պատերազմի խոցերը միախառնվում են ժամանակի սպիերի հետ:
Այնուամենայնիվ, Եղեգիսը շրջապատող լուռ բլուրների մեջ կա է՛լ ավելի հեռավոր ու զարմանալի վկայություն՝ հրեական գերեզմանոց, որը պատմում է համակեցության եւ առեղծվածի մոռացված մի պատմություն: Գյուղի ծայրամասում գտնվող այս հնագույն գերեզմանոցը միջնադարյան Հայաստանում հրեական համայնքի գոյության սակավաթիվ նյութական ապացույցներից է։ Թեեւ որոշ հնագույն աղբյուրներ նշում են հրեաների ներկայությունը դեռեւս մ.թ.ա. 2-րդ դարում, այդ համայնքի հետքերը հաջորդ դարերում անհետացան:
Գերեզմանոցը դարեր շարունակ թաղված էր մնացել բուսականության տակ՝ մոռացության մատնված ճանապարհորդների եւ գիտնականների կողմից, մինչեւ պատահականորեն կրկին հայտնաբերվեց 1996 թվականին:
Այստեղ հասնելու համար այցելուները պետք է լքեն ասֆալտապատ ճանապարհը եւ հետեւեն սալաքարե արահետին, որը ոլորվում է ծառերի եւ թփերի միջեւ:
Անցնելով փոքրիկ կամուրջը Եղեգիս գետի վրայով՝ ընկղմվում ես վայրի բնության մեջ, որն ասես խորհրդանշում է ներկան ու հիշողությունը բաժանող հեռավորությունը: Զառիթափ վերելքից հետո հասնում ես գերեզմանատուն, որը ժամանակին թաղված էր քարերի եւ արմատների հողաթմբերի տակ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր այս վայրը պահպանել կորած համայնքի նման թանկագին վկայություն:
Եպիսկոպոս Մկրտչյանը եղբոր հետ միասին հայտնաբերեցին այդ վայրը, երբ ճամբար էին հիմնում Լեռնային Ղարաբաղի պատերազմի որբերի համար: Վաթսունչորս գերեզմանաքարերի բացահայտումը, որոնցից մի քանիսի վրա եբրայերեն եւ արամեերեն գրություններ են, ցնցեց պատմաբաններին եւ ակադեմիական հանրությանը: Հայաստանում միջնադարյան հրեաների մասին դարեր շարունակ ոչինչ հայտնի չէր, եւ այս գերեզմանոցը հանկարծ վեր հանեց վաղուց թաղված պատմությունը: Խորհրդանիշներով եւ արձանագրություններով զարդարված գերեզմանաքարերը թվագրում են 1266-1347 թվականներով, ինչը վկայում է առնվազն 70 տարի բարգավաճող հրեական համայնքի գոյության մասին:
Լուսանկարը` Սոնա Մանուկյան
Բազում հարցեր են դեռ բաց են մնում: Որտեղի՞ց են եկել այս հրեաները: Ինչպե՞ս են հասել Հայաստանի այս հեռավոր շրջանը: Ինչո՞ւ այդպես հանկարծակի անհետացան՝ ոչ մի հետք չթողնելով գրավոր պատմության մեջ:
Գերեզմանատունը՝ իր լուռ քարերով, չի պատասխանում այս հարցերին՝ բորբոքելով հետաքրքրությունը Եղեգիսի հրեական համայնքի այս առեղծվածի նկատմամբ:
Հետագա ուսումնասիրությունները, որոնք անցկացվել են պատմաբանների եւ հնագետների կողմից, ինչպիսիք են Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը եւ Իսրայելի հնությունների վարչության գիտնական Դավիթ Ամիթը, հետաքրքիր մանրամասներ բացահայտեցին:
Գերեզմանաքարերի արձանագրություններում անուններ ու թվականներ են, բայց դրանք չեն բացատրում հրեաների ներկայության պատճառը: Ոմանք ենթադրում են, որ համայնքը Իրանի կամ Հյուսիսային Կովկասի ավելի մեծ հրեական համայնքների մեկուսացված ճյուղ էր:
Տեսությունները շատ են, բայց Եղեգիսի գերեզմանատունը մնում է չբացահայտված հանելուկ, մի վայր, որտեղ պատմությունը կարծես կանգ է առել:
Առեղծվածից բացի գերեզմանատունը նաեւ խաղաղ համակեցության խորհրդանիշ է: Մի դարաշրջանում, երբ պատերազմներն ու հալածանքները սովորական էին, Եղեգիսի հրեաները կարծես ներդաշնակորեն ապրում էին տեղի քրիստոնյա բնակչության հետ:
Հուզիչ է պատկերացնել, որ Կովկասի այս հեռավոր անկյունում հրեաներն ու հայերը ապրում էին միասին իրենց առօրյայով, թեկուզ եւ այդ ժամանակահատվածը կարճ էր:
Գերեզմանատունը վերականգնվել է եւ այժմ շրջապատված է պարիսպով, որի դարպասին Դավթի աստղն է: Այն դարձել է ուխտատեղի պատմաբանների, հնագետների եւ հետաքրքրասեր այցելուների համար, որոնք ուզում են բացահայտել պատմության այս մոռացված հատվածը: Ժամանակից եւ տարերքից մաշված հինավուրց քարերը պատմում են համայնքի մասին, որը, չնայած մեկուսացմանն ու դժվարություններին, ցանկացել է պահպանել իր ավանդույթները: Նրանց անհետացումը հիշեցում է մարդկային կյանքի եւ քաղաքակրթությունների փխրունության մասին:
Հայաստանում հրեաների պատմությունը Եղեգիսով չի ավարտվում: Միայն 19-20-րդ դարերում եւ հատկապես Խորհրդային Միության տարիներին Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցին մի քանի հարյուր հրեաներ: Կովկասյան այս պետությունում խտրականությունը պակաս խիստ էր, եւ նրանք կարող էին ապրել հնագույն հայ ժողովրդի հետ՝ ջարդերից եւ բռնաճշնող քաղաքականությունից հեռու: Սակայն խոսքն ընդամենը մի քանի հարյուր մարդու մասին է, եւ այսօր էլ հիմնականում Երեւանում ապրող հրեական համայնքը փոքրաթիվ է:
Այս վայրի գրավչությունը այն պարուրող շրջապատող առեղծվածն է, բայց նաեւ այն, որ երկու ժողովուրդների՝ հայերի եւ հրեաների համատեղ կյանքի յուրաքանչյուր հետք ոգեշնչում եւ հուզում է: Պատճառն այն է, որ երկուսի ճակատագիրն էլ աղետալի էր՝ հատկապես 20-րդ դարում: Հայերի կոտորածը կամ ցեղասպանությունը տեղի է ունեցել ուղիղ մեկ դար առաջ: Հրեաների ցեղասպանությունը հետեւեց այդ օրինակին: Երկու ժողովուրդ, որոնք այս տարածաշրջանում, հավանաբար, սատարել են միմյանց, ի վերջո արժանացել են միեւնույն ճակատագրի: Դեպի Երեւան ճանապարհորդությունը մտածմունքների մեջ խորասուզված է անցնում: Լեռներն ավելի տպավորիչ են թվում, բնապատկերն՝ ավելի ընդարձակ:
Եղեգիսի առեղծվածը չի բացահայտվել, բայց դա է՛լ ավելի գրավիչ է դարձնում այն: Մեր ժամանակներում, երբ արագ ու որոշակի պատասխաններ ենք փնտրում, Եղեգիսը մեզ սովորեցնում է անորոշությունն ընդունելու, անցյալի ձայներին անսալու եւ պատմության գաղտնիքները պարփակող լռությունը հարգելու կարեւորությունը:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: